Վրաստան. Ռուսաստանի և Սիրիայի միջև

Իրակլի ՃԻԽԼԱՁԵ
Լրագրող
Թբիլիսի

Համաշխարհային ահաբեկչության լրջագույն բաղադրիչներից է այսպես կոչված «Իսլամական պետությունը», որը, բնականաբար, վտանգավոր է համաշխարհային ողջ հանրության համար։  Այս վտանգն այլևայլ տարածաշրջանների դեպքում տարբեր չափով է արտահայտված։

Վրաստանի պարագայում ԻՊ-ի հարուցած ուղիղ վտանգներն ու սպառնալիքներն, ըստ իս, որոշակիորեն չափազանցված են։ ԻՊ-ի դեմ պատերազմող Թուրքիան երկրի հարավում դեռևս հաջողությամբ լուծում է իր առջև ծառացած ռազմական խնդիրները։ Սիրիայից շարունակվող փախստականների հոսքը նույնպես հազիվ թե ի վիճակի է ապակայունացնել իրավիճակը։ Այսպիսով, ներկա փուլում Վրաստանի դեմ ԻՊ-ի ոչ մի «ուղիղ» հարված պարզապես չի կարող իրականանալ։

Հարևան Ադրբեջանում իսլամիստները բավական ուժեղ հարված են ստացել և գրեթե բոլոր կրոնական շարժումներն իշխանության հսկողության տակ են։ Մնացածները մղվել են ընդհատակ։

ԻՊ-ի դիրքերն ավելի ամուր են Հյուսիսային Կովկասում, ուստի հենց հյուսիսային ուղղությունը կարող է «թույլ օղակ» դառնալ Վրաստանին սպառնացող ռիսկերի տեսանկյունից։ Հյուսիսային Կովկասում ընթանում է պետության չհայտարարված պատերազմը իսլամական ծայրահեղական խմբավորումների դեմ։ Մոսկվան իր զինուժն ուղարկում է Սիրիա՝ Բաշար Ասադի վարչակարգը պաշտպանելու համար։ Բացառված չէ, որ ռուսական զենքը կրակելու է ոչ միայն ԻՊ ջոկատների, այլև Ասադին ընդդիմադիր այլ խմբավորումների ու քուրդ ապստամբների դեմ։ Ի վերջո, ռուսական զենքը կարող է «պատահմամբ» հայտնվել նաև ԻՊ ձեռքերում…

Հիմա դժվար է հասկանալ Ասադին ռազմական օգնություն ցուցաբերելու որոշում կայացրած Մոսկվայի բոլոր իրական նպատակներն ու մտադրությունները։ Սիրիայում քաղաքացիական պատերազմին ռուսական զորքերի փաստացի միջամտությունը կարող է դիտվել նաև որպես Արևմուտքի հետ առևտրի նոր հնարավորություններ որոնելու փորձ։ Մոսկվան մինչ այդ հրաժարվել է ԻՊ-ի դեմ դաշինքի մաս կազմել, իսկ այժմ Արևմուտքին առաջարկում է միանալ Սիրիայի հետ իր ստեղծած «դաշինքին»։

Բայց հենց այս դաշինքի ստեղծումը կարող է պարունակել Վրաստանին առնչվող անուղղակի սպառնալիքներ ու ռիսկեր։ Նախ՝ համարձակվեմ ենթադրել, որ Սիրիայում Ռուսաստանի մասնակցությամբ ռազմական գործողությունները նպաստելու են այդ երկորւմ ռազմական դիմակայության չափերի նոր աճին։ Հետևաբար՝ մեծանալու են փախստականների հոսքերը։

Երկրորդ՝ Մոսկվայի ջանքերը Սիրիայում հակամարտությունը հանգուցալուծելու ուղղությամբ ամենայն հավանականությամբ հանգեցնելու են ԻՊ-ի գործակալների որոնումներին նաև Սիրիայի տարածքից դուրս։ Հնարավոր է, որ «հանկարծակիորեն» տեղեկություններ հայտնվեն, ասենք, Վրաստանի Պանկիսիի կիրճում ինչ-որ ահաբեկիչների ռազմակայանների գոյության մասին…

Այսպիսի տեղեկություններին արձագանքելու Մոսկվայի զինանոցը վաղուց մշակված է՝ դիվանագիտական բողոքի նոտաներից ու առևտրային էմբարգոյից սկսած մինչև թիրախային ռմբակոծություններ և «խաղաղություն պարտադրելու» գործողություններ։

Իհարկե, չէի կամենա հավատալ իրադարձությունների զարգացման վերոնշյալ սցենարին, բայց, թվում է, թե Մոսկվան այսօր պատրաստ է վա-բանկ գնալ։ Ուկրաինական իրադարձություններից, Ղրիմի զավթումից և Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից հետո Մոսկվային՝ միջազգային հանրության վրա ազդելու՝ հակամարտային գոտիներում և, հատկապես, հետխորհրդային տարածքում իր ուժն ու ազդեցությունը ցուցադրելու հիրավի սակավ միջոցներ են մնացել։

«Եթե ԻՊ-ին ոչ ոք չկանգնեցնի, ապա նա, ի վերջո, կհարվածի Վրաստանին», – անցած տարվա հոկտեմբերին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի նախկին տեղակալ Մեթյու Բրայզան, կարծելով, թե Վրաստանը պարտավոր է աջակցել միջազգային հանրությանը ԻՊ-ին ջախջախելու հարցում։

«…ԻՊ-ի դեմ պայքարից և Իրաքում ու Սիրիայում նրա պարտությունից ստացվելիք օգուտը գերակշռում է հնարավոր ռիսկերին։ Եթե ԻՊ-ին ոչ ոք չկանգնեցնի, ապա նա, ի վերջո, կհարվածի նաև Վրաստանին՝ անկախ այն բանից, թե Վրաստանը իսլամիստների ընդդիմադիրներին վարժանքի կայաններ տրամադրե՞լ է, թե՞ ոչ։ Պարզ ասած՝ Սիրիայում և Իրաքում ԻՊ-ն պետք է կործանվի. յուրաքանչյուր քաղաքակիրթ պետություն պետք է հնարավոր ամեն բան անի այս նպատակին հասնելու համար։ Ես չեմ մարգարեանում, որ ԻՊ-ն կհարձակվի Վրաստանի դեմ։ Ես նկատի ունեմ երկու տարբեր բան. Վրաստանը կարող է և պարտավոր է աջակցել միջազգային հանրությանն ԻՊ-ին ջախջախելու հարցում։ Այս դեպքում մեզանից յուրաքանչյուրն անվտանգ կլինի։ Եթե Վրաստանն ու իր միջազգային դաշնակիցները չկարողանան ջախջախել Իսլամական պետությունը, ապա վերջինս կշարունակի գործել խալիֆայության համաշխարհային ընդարձակման ուղղությամբ, որը չի շրջանցի նաև Վրաստանը։ Այսպիսով, ընտրությունը հստակ է. կա՛մ համատեղ աշխատանք և հաղթանակ, կա՛մ համատեղ պատասխանատվության անտեսում և ձախողում»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը «Պիրվելի» գործակալությանը տված հարցազրույցում։

Հունիսի կեսերին վրաց ուժայինները Պանկիսիի կիրճում հատուկ գործողություն են իրականացրել, որի ընթացքում ձերբակալվել են տեղի բնակիչներին Սիրիա և Իրաք փոխադրումը համակարգող մի շարք անձինք։ Ի դեպ, որոշ ռուսաստանյան ԶԼՄ-ներ արձագանքել են կատարվածին, պնդելով, որ ԻՊ գրոհայինները դաժանաբար վրեժխնդիր կլինեն Վրաստանից՝ իրենց կողմնակիցներին ձերբակալելու համար։

Ընդսմին, ԻՊ կողմից սպառնալիքներն առայժմ հնչել են հենց Ռուսաստանի հասցեին։ Պանկիսիից սերող՝ «Շեկ» մականունով հայտնի Ումար աշ-Շիշանին (Թարխան Բատիրաշվիլի) անցած տարվա հոկտեմբերին հայտարարել է, թե պատրաստ է պատերազմել Ռուսաստանի դեմ, եթե նա սպառնա Վրաստանին։ Աշ-Շիշանին Սիրիայում և Իրաքում պատերազմում է 2013 թվականից և այժմ ղեկավարում է Իսլամական պետության հյուսիսային հատվածը։ Այնուամենայնիվ, նրա սպառնալիքներին գոնե այս փուլում կարելի է լուրջ չվերաբերվել։

Իսկ Վրաստանն անցել է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունների նոր մակարդակի. ամառվա վերջում Թբիլիսիում բացվել է ՆԱՏՕ-ի ուսումնավարժական կենտրոնը։ Վրաստանի ղեկավարությունը, ժամանակավորապես մոռանալով ներքին տարաձայնությունների մասին, ողջ կազմով ներկա է գտնվել հիշյալ կենտրոնի բացմանը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգերը հայտարարել է. «Այս Կենտրոնը որևէ մեկի դեմ ուղղված չէ։ Այն կարևոր է լինելու միջազգային և տարածաշրջանային անվտանգության խորացման համար։ Այն բարելավելու է վրաց զինվորականների հմտությունները։ Սա մեր ընդհանուր ճանապարհն է։ Մենք ամեն ինչ ըստ ծրագրավորածի ենք անում և օգնում Վրաստանին դառնալու ՆԱՏՕ-ի անդամ»։

Ի տարբերություն ՆԱՏՕ-ի անդամ երկրների և Վրաստանի՝ Ռուսաստանում կենտրոնի բացման մասին լուրը շատ ջղաձիգ է ընդունվել։ Մոսկվան կենտրոնի բացումը գնահատել է որպես Դաշինքի սադրանք և ողջ տարածաշրջանը լրջորեն ապակայունացնող գործոն։ Տարօրինակ է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ԻՊ-ի դեմ դաշինք կազմելու առաջարկությամբ հանդես եկած Մոսկվան այսչափ դեմ է Մերձավոր Արևելքում իր պոտենցիալ դաշնակիցների տարածքում ուսումնավարժական կենտրոնի բացմանը։

Կարնեգիի մոսկովյան Կենտրոնի  գիտխորհրդի անդամ Ալեքսեյ Մալաշենկոյի տվյալներով՝ ԻՊ շարքերում կռվում են 2 000-ից մինչև 7 000 ռուսաստանցի զինյալ, Վրաստանից՝ շուրջ 400 հոգի։ «Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցող գործընթացները Հարավային Կովկասի համար իրական սպառնալիք չեն ներկայացնում։ Դրանք կարող են արձագանք ունենալ Հյուսիսային Կովկասում, բայց՝ ո՛չ Վրաստանում կամ Ադրբեջանում», – ասում է նա «Ինտերպրեսնյուզ» գործակալությանը տված հարցազրույցում։

Մալաշենկոյի հետ համաձայն է նաև «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Զվիադ Մճեդլիշվիլին. «Այսօր անմիջապես ԻՊ կողմից հազիվ թե հնարավոր է սպառնալիքների սպասել։ Վրաստանը ո՛չ տարածապես և ո՛չ էլ քաղաքականապես ԻՊ առաջնորդների շահերի ոլորտում չէ։ Կա ևս մի պատճառ՝ ԻՊ ռազմաճակատներից համեմատական հեռավորություն ապահովող Վրաստանի աշխարհագրական դիրքը։ Իսկ եթե մեկը հարցնի ահաբեկչական գործողությունների սպառնալիքի՞ մասին։ Իհարկե, ահաբեկչությունից ապահովագրված չէ աշխարհի և ոչ մի երկիր։ Բայց ահաբեկչական սպառնալիքի հավանականությունը ցածր է, որովհետև ԻՊ գրոհայիններն այսօր Վրաստանով զբաղվելու դույզն իսկ ժամանակ չունեն։ Բացի դրանից, յուրաքանչյուր ահաբեկչություն ունի ահաբեկելու և սեփական ուժը ցուցադրելու նպատակ։ Ներկայումս ԻՊ-ն չունի վրաց հասարակությանն ահաբեկելու կամ նրան ինչ-որ մի բան ցուցադրելու անհրաժեշտություն»։

Ամենայն հավանականությամբ, պատերազմել ցանկացողները հնարավորություն ու ճանապարհներ կգտնեն Վրաստանից Սիրիա և Իրաք մեկնելու համար։ Կարելի է ենթադրել, որ ԻՊ գաղափարներով տարված ռուսաստանցիներն էլ հնարավորւթյուն ունեն Վրաստանի տարանցմամբ հասնել «սրբազան պատերազմի» թատերաբեմ։ Նրանց մի մասը թերևս կձերբակալվի, բայց մյուսներն իրենց նպատակակետին կհասնեն։ Այսօր դժվար է ասել, թե այս մարդիկ որքանով են նպաստելու Վրաստանում իրավիճակի ապակայունացմանը, քանի որ վերջին մի քանի տարիների ընթացքում մեզ մոտ լուրջ միջադեպեր չեն գրանցվել։ Այնուամենայնիվ, մարդուժ հավաքագրող ԻՊ քարոզիչների համար Վրաստանը սոսկ փոքր թվով ջիհադականներ մատակարորղ տարանցիկ երկիր է՝ ոչ ավելին։

Սիրիայից փախստականների ներհոսքի սպառնալիք ընդհանրապես չի նկատվում։ Եթե Թուրքիան նրանց իր տարածքից դուրս է մղում, ապա՝ միայն Արևմուտքի ուղղությամբ։ Անկարան շահագրգռված չէ Վրաստանում իրավիճակի ապակայունացմամբ։ Փախստականներն էլ նախընտրում են կուշտ Եվրոպան, այլ ոչ թե անկայուն Կովկասն ու Ռուսաստանը։ Ընդ որում, այս իմաստով Ռուսաստանն անուղղակիորեն աջակցում է Վրաստանին՝ հրաժարվելով ընդունել Վրաստանի տարածքը տարանցիկ գոտի համարող սիրիացի փախստականներին։

Տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանն իսկապես սկսում է Արևմուտքի հետ դիմակայության նոր փուլ և իր առջև դրված նպատակներին հասնելու՝ ռուսների ունակությունից է կախված ոչ միայն Վրաստանի, այլև ողջ Հարավային Կովկասի հետագա իրավիիճակը։ Ուկրաինային «ֆաշիստական» պետություն ներկայացնելու և «Կրիմնաշ» կարգախոսը հոլովելու փորձը Ռուսաստանին ոչ մի օգուտ չի բերել, եթե հաշվի չառնենք Վլադիմիր Պուտինի թռիչք արձանագրած վարկանիշը։ Երկրորդ փորձը Սիրիան է։ Եթե այդ երկիրը Մոսկվայի համար երկրորդ Աֆղանստան չդառնա, ապա հաջորդիվ գալու է Հարավային Կովկասի հերթը։

Share

Comments are closed.