Եզդիները Մերձավոր Արևելքի ճգնաժամից հետո. արևի սպասմամբ

Ագիթ ՄԻՐԶՈԵՎ
«Analytical Center for Interethnic Cooperation and Consultations» (ACICC) կազմակերպության գործադիր տնօրեն
Թբիլիսի


Տարբեր աղբյուրների համաձայն՝ տվյալ պահին աշխարհում կա շուրջ մեկ միլիոն եզդի։ Ամենախոշոր սփյուռքն Իրաքում էր՝ ավելի քան 500 հազար հոգի։ Ողջ պատմության ընթացքում այս ժողովուրդը կրոնական պատկանելության պատճառով հալածանքների է ենթարկվում։ Օրինակ, Օսմանյան կայսրությունը տարբեր տվյալներով 72 անգամ իրականացրել է եզդիների ջարդեր և ցեղասպանություն՝ ստիպելով նրանց մահմեդականություն ընդունել:Կարելի է օրինակներ բերել նաև նորագույն պատմությունից. 2007թ. օգոստոսի 14-ին Եզդիստան կոչվող տարածքի Շանգալ և Սինջար գյուղերն ամբողջովին ավերվել են կրոնամոլ ծայրահեղականների կողմից։

Ի հեճուկս այս ամենի՝ ողջ աշխարհով մեկ սփռված այս ժողովրդին հաջողվել է պահպանել իր ինքնությունն ու մշակույթը, իսկ եզդիների գլխավոր կրոնական խորհրդանիշն՝ արևը, թեև պարբերաբար ամպերով էր ծածկվում, այնուամենայնիվ, մայր չի մտել…

Եվրոպական ճգնաժամը

«Իսլամական պետությունը» Մերձավոր Արևելքում շարունակում է եղեռնագործություններ կատարել, մինչդեռ եվրոպական առաջնորդներն անգործության են մատնված, իսկ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն Բաշար Ասադի ճակատագիր են վճռում։ Միաժամանակ, ԵՄ-ն բախվել է Երկորդ Աշխարհամարտից հետո տեղահանված անձանց հոսքերի հետ կապված վատթարագույն ճգնաժամի։  Այսպես, վերլուծաբանների կարծիքով, 2015թ. ընթացքում Եվրամիության տարածք է ժամանել շուրջ 340 հազար ներգաղթյալ (իսկ ընդհանուր առմամբ՝ ոչ պաշտոնական տվյալներով փախստականների թիվն արդեն 15 միլիոնի է հասնում)։

Ընդ որում, եվրոպական առաջնորդները միանգամայն անտարբեր էին դեռևս անցած տարվա ամռանը, երբ ԻՊ խմբավորումները սկսել էին գրոհել Իրաքի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիսային շրջանների վրա։

Ահաբեկիչների գործած գազանությունների՝ դաժանագույն սպանությունների, բռնաբարությունների, կտտանքների և երեխաների առևանգումների մասին շատ է խոսվել։ Աղջիկներին ստրկության են վաճառում, իսկ տղաներից ապագա ահաբեկիչներ պատրաստում… Ահաբեկիչների կողմից սպանվել են հազարավոր «անհավատներ»՝ շիաներ, քրիստոնյաներ և եզդիներ։ Հարյուր հազարավոր մարդիկ զրկվել են տներից և երկրից փախուստի դիմել։

Փախստականների հոսքերը շարունակում են աճել՝ արագորեն գերազանցելով ԵՄ հաստատած քվոթաները… Ու թեև միլիոնավոր մարդկանց տեղավորելու խնդիրը Եվրոպայի համար արդեն իսկ առաջնային է դարձել, այլևայլ տեղերում նոր-նոր սկսել են ձայներ հնչել, թե, ի վերջո, արժե զբաղվել այս խնդիրները հարուցող մեղավորներով ևս։

Մեկ ամիս առաջ եզդիները և իրաքյան սփյուռքի մյուս ներկայացուցիչները Գերմանիայում և Ֆրանսիայում՝ Հանովերում և Փարիզում դուրս են եկել զանգվածային ցույցերի։ Ցուցարարները Եվրամիությունից պահանջել են ծայրահեղականների դեմ վճռական գործողություններ ձեռնարկել՝ ահաբեկիչներին տարակարծիք մարդկանց ցեղասպանությունը կանխելու նպատակով։

«Մենք այստեղ ենք քաղաքական գործիչներին հստակ ուղերձ փոխանցելու համար. ժամանակն է գործել՝ հյուսիսային Իրաքում ոչ միայն եզդիների, այլև քրիստոնյաների, արամեացիների, ասորիների և այլ դավանանքների ու ահաբեկիչների մարդատյաց գաղափարները մերժող մարդկանց ցեղասպանությունը կանխելու համար։ Քաղաքական գործիչները պարտավոր են գործել», -հայտարարել են ցուցարարները։

Ի դեպ, իրաքյան եզդիներն օգնության կարիք ունեին շատ ավելի առաջ, քան այն պահը, երբ հարյուր հազարավոր մարդիկ հեղեղեցին եվրոպական սահմանները։

Եզդիները Վրաստանում

Մերձավոր Արևելքում ծավալված ողբերգությանը մտահոգությամբ հետևում են նաև Վրաստանում, որտեղ ապրում են ավելի քան 40 հազար եզդիներ։ 2014թ. հուլիսից Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի են ունենում Իրաքում եզդիների ցեղասպանության դեմ խոշոր միջոցառումներ։ Ընդ որում, դրանց մասնակցում են ոչ միայն տեղի եզդի համայնքի, այլև այլ էթնիկական և կրոնական խմբերի ներկայացուցիչները։ Միջոցառումների ժամանակ պարբերաբար հնչում են Մերձավոր Արևելքում ցեղասպանությունը դադարեցնելու կոչեր՝ ուղղված միջազգային հանրությանը։

Դեռևս օգոստոսին տեղի ՄԱԿ ներկայացուցչությանը հանձնվել է կազմակերպության Գլխավոր քարտուղարին հասցեագրված նամակ՝ Իրաքում ողբերգական իրադարձություններին արձագանքելու պահանջով։

Հարկ է նշել, որ դա այն բացառիկ դեպքերից էր, երբ եվրոպական երկրների բոլոր առաջնորդները բարձրաձայն ու միանշանակ խոսեցին եզդիների ցեղասպանության մասին։

Ինչ վերաբերում է Վրաստանի եզդիական համայնքին, ապա այն չբավարարվեց խոսքերով՝ Վրաստանը եզդի աառջին փախստականներին ընդունեց արդեն օգոստոսի 10-ին։

Կառավարությունը նույնպես անուշադրության չմատնեց փախստականներին. տվեց ապաստան փնտրող մարդկանց կարգավիճակ և համապատասխան ֆինանսական օգնություն։ Ինչպես իրենք՝ շահառուներն են նշում՝ խոսքը ոչ մեծ գումարի մասին է, որը հազիվ է հերիքում սնվելու համար, բայց նրանց համար գնահատելի է վերաբերմունքն ինքնին։

Ինչ վերաբերում է հիմնական ծախսերին (բնակություն, սնունդ, հագուստ) , ապա դրանք իր վրա է վերցրել Վրաստանի եզդիական համայնքը՝ Ռուսաստանի իրենց մեկենասների ֆինանսական օժանդակությամբ։

Վրաստանում ծնված և ներկայումս Ռուսաստանում ապրող գործարարներ Զեբլիխան Մուցոևն ու Ամիրխան Մորին 120 հազար դոլար են հատկացրել Վրաստանում Եզդիների տանը։ Եվս 10 հազար դոլարով օգնել է «Բաց հասարակություն – Վրաստան» հիմնադրամը։

Ներկայումս Վրաստանում ապրում է Իրաքից տեղահանված 47 փախստական։ Չնայած պետության և մասնավոր անձանց օգնությանը՝ նրանք որոշակի դժվարությունների են հանդիպում։ Մասնավորապես, նկատի ունենք լեզվական խնդիրը, ինչպես նաև դրան առնչվող այլ խնդիրներ՝ մանկապարտազի ու դպրոցի խնդիրը…Մյուս կողմից էլ՝ այս մարդիկ մտադիր չեն երկար մնալ այստեղ։ Նրանք իրենց ապագան կապում են Եվրոպայի հետ։ Նրան այնտեղ են ձգտում։

Եվրոպական տարաձայնություններ

Եվրոպական առաջնորդներն արդեն սկսում են որոշակիորեն մտահոգվել… Սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որում քննարկվել են փախստականների ներհոսքի հետ կապված խնդիրները, թեև հստակ լուծումներ չեն առաջարկվել։ 125 հազար փախստականի ապագան դեռ հարցականի տակ է։ Որոշում է ընդունվել միայն ներգաղթյալների մի մասի տեղավորման շուրջ։ Սլովակիան, Չեխիան, Հունգարիան և Լեհաստանը հայտարարել են, որ հետևողականորեն դիմադրելու են պետությունների միջև փախստականներին պարտադրաբար բաշխելու մեխանիզմների հաստատմանը։

ՄԱԿ-ի փախստականների գործերով գլխավոր հանձնակատարի վարչությունը հիասթափված է բրյուսելյան հանդիպման այսպիսի ելքով. «ՄԱԿ ՓԳԳՀՎ-ն խորապես հիասթափված է, որ  թեև անդամ-երկրների մեծամասնությունը համաձայն էր 120 հազար մարդ ներառող ավելի լայն փոխադրմանը, վերջնական համաձայնությանը հնարավոր չի եղել հասնել»,- հայտարարել է ՄԱԿ ՓԳԳՀՎ պաշտոնական ներկայացուցիչ Մելիսա Ֆլեմինգը։

Ընդ որում, նա նշել է, որ Սիրիային հարակից երկրներից փախստականներին աջակցություն ցուցաբերելու ծրագիրը ֆինանսավորվել է ընդամենը 37%-ով։ Միաժամանակ, ՄԱԿ ՓԳԳՀՎ-ն «Ոգևորված է մի շարք երկրների մասնակցության չափն ավելացնելու վերաբերյալ խոստումներով»,- նշել է պաշտոնական ներկայացուցիչը։

Խոստումների վերաբերյալ խոսելիս նշենք, որ բոլորովին վերջերս Անգելա Մերկելը հրապարակավ հայտարարել է, որ Գերմանիան ի վիճակի է ընդունել մոտ մեկ միլիոն փախստական։

Թե որքանով է այս խոստումը մոտ իրականությանը՝ ցույց կտա ժամանակը։

Այսուհանդերձ, փորձագետները նշում են, որ ի հեճուկս եվրոպացիների մեջ առկա տարակարծության՝ Մերձավոր Արևելքում ահագնացած ողբերգությունը կարող է ողջ եզդի ժողովրդի պատմության մեջ շրջադարձային նշանակություն ունենալ։ Որոշ իմաստով փակ էթնիկական խումբ հանդիսացող եզդիները երկար տարիներ դուրս էին միջազգային հանրության ուշադրությունից։ Իսկ այժմ՝ Իրաքում և Սիրիայում արյունալի իրադարձությունների բերմամբ նրանց մասին սկսել է խոսել ողջ աշխարհը։ Բոլորը, թեև առայժմ միայն խոսքերով, նշում են, որ անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել սեփական մշակույթն ու կրոնը պահպանելու համար այսչափ տառապանքներ կրած ժողովրդին։

Ո՞վ գիտի, թերևս շուտով ամպերը կցրվեն, իսկ եզդիների արևը կփայլի ավելի քան երբևէ վառ։

Share

Comments are closed.