«Արցախյան ջիհադի» հրավերը անվտանգության նոր մարտահրավեր է ստեղծում տարածաշրջանում  

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

Հայաստանի Հանրապետության տարածքից ընդամենը 700 կիլոմետր հեռավորության վրա աշխարհն առերեսվում է  21-րդ դարի անվտանգության գլխավոր սպառանլիքներից մեկի` «Իսլամական պետության» արյունոտ  և բարբարոս գործունեության հետ: Հնագույն քաղաքակրթության գոհարներն ընկնում են մեկը մյուսի ետևից, միլիոնավոր մարդկային  ճակատագրեր են խեղվում` դառնալով իսլամի ծայրահեղ չափաբաժնի գլխավոր զոհերը: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը,  որը հիմնվել է 2006 թվականին Իրաքում` որպես «Ալ Քաիդայի» ուղղություններից մեկը, այսօր աստիճանաբար ձեռք է բերում պետությանը բնորոշ հատկանիշներ` տարածք, բնակչություն, վերահսկողության մեխանիզմներ, որոնցից կարևոր են բանակը և կայուն բյուջեն: Արդյունքում, 2014 թվականի հունիսի 29-ին Իրաքի Մոսուլ քաղաքում Աբու Բաքր ալ Բաղդադիի գլխավորած ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքի արևմուտքում գրաված տարածքներում հռչակվեց խալիֆայություն:

Հռչակման ամսաթիվը պատահական չէ, քանի որ մահմեդական աշխարհում այդ օրն սկսվում է Ռամադան սուրբ ամիսը: «Խալիֆայություն» բառը նշանակում է խալիֆի ղեկավարության ներքո գտնվող իշխանություն: Խալիֆայություն առաջին անգամ ստեղծվել է Մուհամեդ մարգարեի մահվանից հետո` յոթերորդ դարում: Իսկ «խալիֆ» բառն արաբերենից նշանակում է հետևորդ, այսինքն` Մուհամեդի հետևորդ: Խալիֆը հանդիսանում է իսլամական պետությունների գլխավոր հոգևոր և քաղաքական առաջնորդը: Նա հանդիսանում է ամբողջ աշխարհի մահմեդականների հոգևոր առաջնորդը: Նրան հաճախ անվանում են նաև Ամիր ալ-մումինին կամ հավատացյալների տիրակալ:

Իսկ ի՞նչ է քարոզում նորօրյա այս տիրակալը: Նա իր կոչերում հաճախ է նշում, որ իսլամը խաղաղության կրոն չէ, և իրենք չեն հանգստանա՝ մինչև երկրագնդի վրայից չվերացնեն կամ դարձի չբերեն անհավատներին: Բաղդադին ջիհադի կոչ է անում բոլոր մահմեդականներին և առաջարկում է ամբողջ մարդկությունը բաժանել երկու հատվածի` մոջահեդներ և հակառակորդներ` անհավատներ:

Խալիֆայության հիմնական սկզբունքներից էր հետևյալը՝ հիմնվել և ընդլայնվել: Խալիֆայությունը հիմնվեց Իրաքում և Սիրիայում գրավված տարածքների հաշվին և միտում ունի ընդլայնվելու և գրավելու ու ազդեցության գոտիներ ստեղծելու այլ տարածքներում ևս: Այսօր համամարդկային այս սպառնալիքի ազդեցության ներքո է գտնվում Իրաքի, Սիրիայի տարածքների համապատասխանաբար 40 և 50 տոկոսը, որտեղ ընդհանուր առմամբ շուրջ 5 միլիոն մարդ է ապրում: Բացի այս ամենից՝ Իսլամական պետությունը աշխարհի տարբեր մահմեդական երկրներում ունի նաև 35 վիլայեթ: Իսկ վերջերս հայտարարեց Հյուսիսային Կովկասում ազդեցության գոտի կամ վիլայեթ ստեղծելու մասին` մատնանշելով, որ  հերթը հասնելու է նաև Ադրբեջանին:

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն, անդրադառնալով «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մուտքին Կովկաս, նշել է. «Իսլամական պետությունը երկու հիմնական նպատակներ ունի Կովկասում: Առաջինը` Հյուսիսային Կովկասում, որտեղ անկայունություններ հրահրելով, քայլեր է ձեռնարկում` ճնշում գործադրելու ՌԴ-ի վրա` փոխելու Սիրիայի և Իրաքի նկատմամբ վերաբերմունքը: Իսկ երկրորդ նպատակը շիադավան Ադրբեջանն է, որի մասին «Իսլամական պետությունը» մեկ անգամ չէ , որ հայտարարել է»:

ԻՊ-ին հարողները վահաբիզմի հետևորդներ են և հակադրվում են իսլամի շիական ուղղությանը, ուստի պատահական չէ, որ ի տարբերություն նախորդ ծայրահեղական կազմակերպությունների, որոնք պայքար էին մղում «Մեծ շեյթանի» դեմ, այս կազմակերպությունն իր պայքարն ուղղում է նաև միևնույն հավատակից, սակայն տարբեր դավանանքի պատկանող ուղղությունների դեմ` որակելով նրանց «Փոքր շեյթան»: Ադրբեջանի բնակչության շուրջ 80 տոկոսը Իսլամի շիա ուղղության հետևորդներ են, իսկ 20-ը` սունի: Գնալով Ադրբեջանում լուրջ վտանգ է ներկայացնում սունիզմի  ծայրահեղական ուղղությունների տարածումը, որոնք էլ դառնում են դեպի Սիրիա մեկնող և «Իսլամական պետության»  շարքերում կռվող մոջահեդների հիմնական սնուցման օջախները:

Իրանի Արդեբիլ նահանգի այաթոլա Սեիդ Հասան Ամելին Ադրբեջանում գործող ծայրահեղական կազմակերպությունների մասին հերթական զեկույցում անհնագստություն է հայտնել, որ այդ պետությունում առկա Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման ներկայությունը լուրջ սպառնալիք է իրանյան նահանգի համար:

Այսօր ստույգ տվյալներ չկան Իրաքի և Սիրիայի տարածքում կռվող Ադրբեջանի քաղաքացիների վերաբերյալ: Այս թիվը տատանվում է 100-1000-ի սահմաններում: Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները փորձում են ամեն կերպ թաքցնել կամ  նվազագույնի հասցնել  ահաբեկչության սպասարկու իրենց քաղաքացիների քանակը, սակայն ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկի հայտնած տվյալների համաձայն, միայն Սիրիայում արդեն իսկ զոհվել է 200 ադրբեջանցի:  Ընդ որում` հարկ է փաստել, որ Ադրբեջանի քաղաքացիներն ընգրկված են և մարտեր են մղում ոչ միայն Մերձավոր Արևելքում գործող ահաբեկչական կառույցների կազմում, այլ նաև մասնակցում են Պակիստանում, Աֆղանստանում ընթացող ռազմական գործողություններին: «Սրբազան պատերազմներին» մասնակցելու շարժառիթը ամենևին էլ կրոնական պարտքը չէ, այլ այն հսկայական գումարները, որոնք ստանում են ահաբեկիչ-զինյալները:

Ադրբեջանի  քաղաքացիների համար ահաբեկիչներին միանալու մի շարք դրդապատճառներ կան, որոնց թվում հարկ ենք համարում նշել երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, երիտասարդության շրջանում գործազրկության բարձր և կրթության չափազանց ցածր մակարդակը, ինչպես նաև ալիևյան վարչակազմի կողմից մոտալուտ պատերազմի և հաղթանակի չիրականացված խոստումը:  Պատահական չէ, որ, օրինակ,  Բաքվից  ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքը, որը հիմնականում բնակեցված է փախստականներով և սոցիալապես ծանր վիճակում գտնվող քաղաքացիներով,  դարձել է ահաբեկչության սնող հիմնական օջախներից:

Բայց կա նաև մեդալի մյուս երեսը:  Չնայած տարածված կարծիքին, որ ահաբեկիչների շարքերը համալրած ադրբեջանցիները կռվում են հանուն փողի, Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն մեկ անգամ չէ, որ դժգոհել է` նշելով, որ իսլամական ծայրահեղականությունը տարածում է գտնում նաև մեծահարուստ ադրբեջանցիների որդիների շարքերում: Դրանք  մի քանի դեպքեր են, սակայն անհանգստություն են առաջացնում Ադրբեջանի հոգևոր ղեկավարության շրջանում:

Հատկանշանական է, որ ադրբեջանցիները հանուն փողի կռվում են ինչպես «Իսլամական պետության» շարքերում, այնպես էլ Ասադին սատարող վարձկանների թվում: «Իսլամական պետության» հովանավորության տակ գտնվողները Սիրիա են ներթափանցում Թուրքիայի, իսկ Ասադի աջակիցները` Իրանի տարածքով: Եվ  ստացվում է այնպես, որ հանուն փողի Ադրբեջանի մի շարք քաղաքացիներ մարտնչում են  հակամետ ճակատներում, ինչու՞ չէ՝ նաև միմյանց դեմ:

Մոտ կամ հեռու ապագայում պատերազմը Մերձավոր Արևելքում կվերջանա, և մոջահեդները տուն կվերադառնան, որն իսկական քաոսի կվերածի մեր հարևան պետությունը:  Փորձենք անդրադառնալ այն մարտահրավերներին, որոնք պայմանավորված կլինեն ծայրահեղականների վերադարձով։ Այդ մարտահրավերները սպառնալու են ոչ միայն Ադրբեջանին, այլև ողջ տարածաշրջանին:

Վերադառնալուն պես իսլամիստ-ծայրահեղականների թիրախը կլինեն գործող իշխանությունները, որոնց կփորձեն բերել «ճշմարիտ» դավանանքի: Իրատեսական ենք համարում իսլամական ընդդիմության ձևավորումը, որը կարող է լրացնել Ադրբեջանում  ընդդիմության վակուումը: Ադրբեջանում «իսլամական ընդդիմության» վտանգն իրական է համարում նաև Կրոնական կառույցների գծով պետկոմիտեի նախագահի նախկին տեղակալ, փորձագետ Էլչին Ասկերովը: «Չնայած ներկա դրությամբ այդ վտանգը դեռևս փոքր է, բայց ասել, թե այն բացակայում է, ճիշտ չէ: Ջիհադի համար Մերձավոր Արևելք գնացողները մի օր կվերադառնան: Նրանք պոտենցիալ վտանգի աղբյուր են Ադրբեջանում: Չի բացառվում, որ նրանք կակտիվանան քաղաքական ուղղությամբ ևս»,- կարծում է նա:

Հաշվի առնելով այս վտանգը` Ադրբեջանի կրոնական և քաղաքական ղեկավարությունը փորձում է ջիհադիստների հնարավոր  թիրախային վեկտորն ուղղել Արցախյան հակամարտության ուղղությամբ:  Մեկ անգամ չէ, որ  Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալահշուքյուր Փաշաձադեն Ադրբեջանի քաղաքացիներին կոչ է արել  չմեկնել օտար ափեր, այլ  ջիհադն իրականացնել Արցախի տարածքում: Սա Արցախյան հակամարտությանը կրոնական երանգավորում տալու ակնհայտ փորձ է, որ կարող է  բացասական հետևանքներ ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ հենց նույն Ադրբեջանի համար:

Արցախյան հակամարտությունն ի սկզբանե չի ունեցել կրոնական ուղղվածություն, քանի որ Խորհրդային Միության աթեիզմի երկարատև ժամանակաշրջանում կրոնի ազդեցության մասին կարելի է խոսել մեծ վերապահումով:  Սկսած 1992 թվականից, Հեյդար Ալիևի ջանքերով, փորձ արվեց հիմնախնդրին հաղորդել կրոնական  բնույթ` ակնկալելով իսլամական աշխարհի ներկայացուցիչների քաղաքական, ռազմական, տնտեսական աջակցությունը: Նման քարոզչությունը պարարտ հող գտավ մի շարք իսլամադավան երկրների շրջանում: Օրինակ, Պակիստանը Արցախյան հակամարտության պատճառով ցայսօր  դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել ՀՀ-ի հետ:

Հոր քաղաքականությունը շարունակում է նաև որդի Ալիևը, ինչն է կարող է դառնալ սեփական  իշխանությունը կորցնելու պատճառներից մեկը: Արցախյան հակամարտություն ներկայացնելով որպես կրոնական հակամարտություն, Ադրբեջանը պատերազմի պոտենցիալ գոտի է ստեղծում ջիհադիստների համար, որոնց հրապարակած քարտեզում մեր տարածաշրջանը ևս ընգրկված է խալիֆայության մեջ: Մերձավոր Արևելքում որոշակի խնդիրներ լուծելուց հետո «Իսլամական պետության» գրոհայինները, Թուրքիայի տարածքը հատելով, կարող են հայտնվել Նախիջևանում, իսկ այնտեղից էլ ծավալվել դեպի Արցախ և դեպի Արևելք: Բնականաբար, մեծ վտանգ կա, որ  ֆունդամենտալիստները կարող են հարձակվել նաև Հայաստանի վրա, սակայն, դիտարկելով նրանց գործողությունների տրամաբանությունը, կարծում ենք, որ ռազմական գործողությունների առաջնային թիրախ կարող է հանդիսանալ Ադրբեջանը, որը ռեսուրսապահովվածությամբ կբավարարի ֆունդամենտալիստների ախորժակը:

Որքան էլ «Իսլամական պետության» ներկայցուցիչները հռչակում են   ջիհադի մասին, այնուամենայնիվ՝  նրանք պատերազմում են հատկապես այն վայրերում, որտեղ կան ածխաջրածնային հարուստ ռեսուրսներ և գումարային ինքնաբավության հնարավորություն: Բացի այդ, նրանց գաղափարախոսության մեջ առանացքային դեր ունի «փոքր շեյթանի» կամ շիաների դեմ պայքարը,  ուստի Ադրբեջանի այս քաղաքականության սուրն առաջնային վտանգ է ներկայացնում հենց իր համար: Սա նշանակում է նաև, որ Ադրբեջանի իշխանությունների անհեռատեսությունը վտանգի տակ է դնում նաև ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը: Իսլամիստ ծայրահեղականների մուտքը տարածաշրջան կարող է աղետալի հետևանքներ ունենալ ոչ միայն հարավկովկասյան հանրապետությունների, այլ նաև Իրանի համար, որը ևս ֆունդամենտալիստների հեռահար թիրախում է գտնվում:

Գիտակցելով ստեղծված իրավիճակի լրջությունը` կարևոր է, որ այս ոլորտում Հայաստանն ու Իրանը խորացնեն համագործակցությունը: Արցախյան պատերազմի տարիներին Իրանը կարևորագույն դերակատարություն ունեցավ Իսլամական Համաժողով կազմակերպության շրջանակներում արցախյան հակամարտությանը  կրոնական երանգավորում տալուց խուսափելու հարցում: Հարկ է, որ Հայաստանը, օգտագործելով Իրանի հետ  ավանդական բարեկամական կապերը և իսլամական աշխարհում ունեցած նրա կշիռը, հենց մահմեդական երկրներում բարձրացնի իրազեկությունը և սանձազերծի հակամարտությանը կրոնական բնույթ տալու Ադրբեջանի ջանքերը: Եթե Իսլամական պետությունը հասնի մեր տարածաշրջան, ապա այդ պարագայում արդեն առկա հակամարտությունները երկրորդական բնույթ կկրեն, և տարածաշրջանի երկրների ստիպված կլինեն միասնաբար պայքարել կործանարար չարիքի դեմ:

Հաշվի առնելով վերահաս վտանգի առկայությունը` կարևոր է նաև խնդիրն ընգրկել հայ-ադրբեջանական բարձրաստիճան բանակցությունների օրակարգ  և փորձել կանխարգելիչ սցենարներ մշակել: Ահաբեկչությանը դիմագրավելոււ վտանգը կարող է դառնալ այն ազդակը, որից էլ,  հնարավոր է, սկսվի հայ-ադրբեջանական համագործակցությունը:

Share

Comments are closed.