Խթանել  «ՄԱԿ-ի կայուն զարգացում 2030»    օրակարգը

ՄԱԿ-ի յոթանասուներորդ տարեդարձի կապակցությամբ 2015թ. սեպտեմբերի 25-27-ը Նյու Յորքում՝ կազմակերպության գլխավոր շտաբում, հավաքվել էին  մի շարք  պետությունների  և կառավարությունների  ղեկավարներ և բարձրագույն ներկայացուցիչներ՝  ընդունելու  «Կայուն զարգացման համաշխարհային նպատակները»: Համաշխարհային առաջնորդներն ընդունեցին պատմական որոշում՝ համապարփակ, երկարաժամկետ և մարդակենտրոն  կանոնակարգ՝ հիմնված համամոլորակային և  փոփոխվող նպատակների և թիրախների վրա:

Peacefmonline.com-ի հետ զրույցում “Food For All Ghana” կազմակերպության  հիմնադիր պարոն Էլիջահ Ամոո Ադդոն  բացահայտեց, որ իր թիմը սերտորեն համագործակցել է «ՄԱԿ-ի կայուն զարգացում 2030»  օրակարգի ստեղծման  և լիարժեք  իրականացման համար:

Դրանով հանդերձ, նա կոչ արեց Գանայի և Արևմտյան Աֆիկայի  գլխավոր լրատվամիջոցներին ակտիվ   փոխգործակցության մեջ մտնել Աֆրիկայի կազմակերպությունների հետ՝ հասնելու համաշխարհային առաջնորդների կողմից սահմանված  նպատակների իրագործմանը:

«Մենք պարտավորվել ենք   մինչ  2030թ. անխոնջ աշխատել օրակարգի կյանքի կոչման համար,- ասել է նա։ – Գիտակցում ենք, որ աղքատության  բոլոր տեսակների և չափումների, այդ թվում ծայրահեղ աղքատության  վերացումը ամենամեծ համաշխարհային մարտահրավերն է, և այն կայուն զարգացման անփոխարինելի պահանջն է: Մենք պարտավորվել ենք  հավասարակշռված և   ինտեգրված կերպով հասնել կայուն զարգացմանն իր երեք չափումներով՝ տնտեսական, սոցիալական և միջավայրային: Կհիմնվենք նաև «Հազարամյակի մարտահրավերի նպատակների  վրա» և կփորձենք ավարտին հասցնել նրանց սկսած գործը»:

Նա հավատացած է,  որ «Գանայի լրատվամիջոցները պետք է կառուցողական դերակատարություն ունենան՝ հասնելու օրակարգում սահմանված  նպատակներին: Կառավարությունը պետք է  համագործակցի քաղաքացիական  հասարակության, լրատվամիջոցների, ՀԿ սեկտորի հետ` հասնելու որոշակի նպատակների»:

«Մենք՝ որպես սնունդ   վերականգնող  ընկերություն, ձգտում ենք խոցելի հասարակության համար սնուցման կայուն մեխանիզմներ ապահովել,   մտադիր ենք սննդի բանկեր ստեղծել  Արևմտյան Աֆրիկայի տարածքում:  Հետևաբար, կոչ ենք անում հասարակական և մասնավոր հատվածներին` ձգտելու և հասնելու կայուն  զարգացման նպատակներին»,- կոչ է արել պարոն Էլիջահ Ամոո Ադդոն:

«ԱՄՆ-ում  գրեթե   374 սննդի բանկ կա, իսկ  Եվրոպայում՝ ավելի քան  500, սակայն Արևմտյան Աֆրիկայում չկա սննդի գեթ մեկ բանկ և  սննդի 65 տոկոսը վատնում ենք սննդի մատակարարման շղթաում»,- հավելել է նա:

Կայուն զարգացման նպատակները հետևյալն են՝

Նպատակ 1. Ամենուրեք վերացնել աղքատությունը՝ իր բոլոր ձևերով ու դրսևորումներով

Նպատակ 2. Վերացնել սովը, հասնել պարենային ապահովության ու բարելավված սնուցման, խթանել գյուղատնտեսության կայուն զարգացումը

Նպատակ 3. Ապահովել առողջ կյանք և խթանել բարեկեցություն բոլորի համար՝ անկախ տարիքից

Նպատակ 4. Ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ

Նպատակ 5. Հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին

Նպատակ 6. Ապահովել բոլորի համար ջրի ու սանիտարական պայմանների հասանելիություն

Նպատակ 7. Ապահովել բոլորի համար մատչելի, հուսալի, կայուն և ժամանակակից էներգիայի հասանելիություն

Նպատակ 8. Խթանել համապարփակ ու կայուն տնտեսական աճ, զբաղվածություն ու արժանապատիվ աշխատանք բոլորի համար

Նպատակ 9. Ստեղծել դիմակայուն ենթակառուցվածքներ, աջակցել կայուն արդյունաբերության զարգացմանը և խթանել նորարարությունը

Նպատակ 10. Կրճատել անհավասարությունը երկրների ներսում և դրանց միջև

Նպատակ 11. Քաղաքները դարձնել ներառական, դիմակայուն, անվտանգ և կայուն

Նպատակ 12. Ապահովել սպառման և արտադրության կայուն մոդելներ

Նպատակ 13. Ձեռնարկել անհապաղ գործողություններ՝ պայքարելու կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների դեմ

Նպատակ 14. Ապահովել օվկիանոսների, ծովերի ու ջրային պաշարների պահպանությունը և կայուն օգտագործումը

Նպատակ 15. Ապահովել անտառների կայուն կառավարումը, պայքարել անապատացման դեմ, դադարեցնել և շրջադարձել հողերի վատթարացումը, կասեցնել կենսաբազմազանության կորուստը

Նպատակ 16.   Կայուն զարգացման համար խթանել խաղաղ և ներառական հասարկությունը, բոլորի համար արդարությունը դարձնել հասանելի և բոլոր մակարդակներում կառուցել արդյունավետ, պատասխանատու և ներառական հաստատություններ

Նպատակ 17.          Հանուն կայուն զարգացման`  հզորացնել իրագործման գործիքները և իրականություն դարձնել համաշխարհային համագործակցությունը։

Peacefmonline.com

 

Share

Comments are closed.