«Չեմ ուզում, որ դադարենք համեմատել մեզ լավագույնների հետ»

Рубен Варданян Фото: PAN Photo

« Չի ստացվի հասնել երազանքին, եթե մի նախաձեռնություն-աղյուսը իր հետ չքաշի-տանի մյուսներին »

 Գործարար,բարերար, IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը Հայաստանում իրականացվող հավակնոտ ու մեծ ներդրումներ պահանջող իր տարբեր նախաձեռնություններով կարծես փորձում է հայաստանցիներին վերադարձնել լայն հեռանկարներով ու երկարատեւ ծրագրերով ապրելու հմայքն ու առավելությունները:

IdeA հիմնադրամի տարբեր նախագծերը՝ Դիլիջանի միջազգային դպրոցը` UWC Dilijan College-ը, Տաթեւի ճոպանուղու կառուցումով սկիզբ առնող վերածննդի ծրագիրը, «100 lives» մեծածավալ նախագիծը, որը ներառում է նաեւ բազմալեզու մուլտիմեդիա կայքը եւ այլ մեծ ու փոքր նախագծերը, ըստ Ռուբեն Վարդանյանի, սկիզբ են առել երազանքից:

«Պարզ երազանք է. ուզում եմ, որ Հայաստանում մարդիկ հաճույքով ապրեն, զարգանան, ստեղծագործեն»,- ասում է նա՝ վստահ լինելով, որ նույն ուղղությամբ նայող ու նույն իղձով համակված ազգից ավելի հզոր ներուժ չկա:

Ռուբեն Վարդանյանը նկատում է, որ հայերը միշտ ձգտել են հետեւել լավագույն օրինակներին (կրթության, արվեստի, բիզնեսի, հաղորդակցության եւ այլ ոլորտներում), իսկ հիմա բավականին ներփակված ու նեղ սպասելիքներով են ապրում:

Լավագույնին ձգտելն ու լավագույնին հավասարվելը այն մղումն է, որը, անկախ հանգամանքներից ու սոցիալական խնդիրներից, իմացություն է ենթադրում: Պարզ ասած՝ եթե տիրապետում ես ինֆորմացիայի ու նպատակ-երազանք ունես, չես կարող թույլ տալ քեզ անփույթ գործել:

Ռուբեն Վարդանյանը գտնում է, որ այդ նույն մոտեցումը աշխատում է ոչ միայն բիզնեսի ոլորտում, այլեւ լրագրության մեջ, որտեղ նույնպես օրինակելի մոդելներ են անհրաժեշտ:

Այդ մոդելները յուրաքանչյուր լրատվամիջոց եւ լրագրող սահմանում է ինքն իր համար՝ փորձելով տեղայնացված միջավայրից ավելի հեռու տեսնել ու համապատասխանեցնել սեփական աշխատանքը միջազգային ստանդարտներին:

Ձեր հիմնադրամի բոլոր նախագծերը սկիզբ են առնում լոկալ վայրերում, Հայաստանի մայրաքաղաքից հեռու: Օրինակ` Դիլիջանի դպրոցը: Դա սկզբունքայի՞ն դիրքորոշում է:

Իհարկե, համեմատած Երեւանի հետ` Դիլիջանը փոքր քաղաք է, բայց կարծում եմ` միջազգային դպրոցի գոյությունն այդ քաղաքի համար մեծ իրադարձություն է:

Առաջնային նպատակը Դիլիջան քաղաքի վերածնունդն է` որպես մշակութային-կրթական, նաեւ առողջապահական կենտրոնի: Մեր նպատակն է ստեղծել Հայաստանում յուրահատուկ խարսխային կետեր՝ Տաթեւ-Գորիս, Ստեփանակերտ-Շուշի, Դիլիջան- Գյումրի: Հույս ունենք, որ այդպիսի խարսխային կետերով կարելի է խթանել ամբողջ Հայաստանի զարգացումը:

Հիմնադրամը աջակցել ու ֆինանսավորել է նաեւ այս տարվա Ստամբուլի արվեստի բիենալեում հայկական մասնակցությունը, իսկ նախկինում Վենետիկի բիենալեում, որտեղ «Արմենիթի» խորագիրն ունեցող Հայաստանի ազգային տաղավարը գլխավոր մրցանակի արժանացավ: Եթե ճակատային ձեւակերպենք հարցը, ինչու՞ եք դա արել:

Այդ որոշումն ավելի շուտ կապված էր Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցի հետ: Մենք կարծում ենք, որ հատկապես այս տարի անհրաժեշտ է խոսել ոչ միայն մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգության մասին, այլեւ հիշել ու հիշեցնել, թե, որպես ազգ, որքան շատ բան ենք տվել աշխարհին: Եվ դեռ կարող ենք տալ:

«Մեր խնդիրն էլ հենց այն է, որ մենք դադարել ենք ինքներս մեզ համեմատել լավագույնների հետ:Միգուցե սխալվում եմ, բայց նույն իրավիճակն է նաեւ լրագրության դաշտում, որը հիմնականում տեղային հարցերով է սահմանափակվում»

Այդ իմաստով շատ կարեւոր էր աջակցել ժամանակակից արվեստագետներին (ընդ որում՝ թե՛ հայերին, թե՛ ոչ հայերին), որոնք իրենց ստեղծագործություններում անդրադառնում են Օսմանյան կայսրությունում հայերի ներկայությանը, զբաղեցրած տեղին ու ներդրումներին:

Այս տարին շատ կարեւոր էր գիտակցելու համար, թե ովքեր ենք մենք, ինչ է մեզ հետ կատարվել ու ինչպիսի ճանապարհներ ենք ընտրում:

Ստամբուլի բիենալեի խորագիրը «Աղի ջուր» է, այսինքն՝ այն իրականությունն ու երազանքները, որոնք կապված են ծովի հետ: Կարծես թե մենք սիրում ենք երազել (օրինակ՝ «ծովից ծով Հայաստանի» մասին) ու հաճախ մոռանում ավելի հողեղեն ու իրատեսական նպատակների մասին: Արդյո՞ք երազանքները չեն խանգարում ապրել ներկայով:

Վստահ կարող եմ ասել, որ երազանքները միայն օգնում են: Մանավանդ հավակնոտ երազանքները, երբ երազողը ոչ թե դեպի հետ, այլ դեպի առաջ է նայում: Ես, օրինակ, չեմ տեսնում այն երազանքը, որով համակված ողջ ազգը առաջ է նայում: Նկատի չունեմ անցյալի ու «ծովից ծով Հայաստանի» կարոտաբաղձությունը (Տիգան Մեծ ենք ունեցել, առաջին քրիստոնյաներն ենք), ավելի շատ ուզում եմ դեպի ապագան ուղղված սպասելիքներ ու նպատակներ տեսնել:

Մենք կարծես մեր բոլոր հաջողությունները կապում ենք ոչ թե ապագայի, այլ անցյալի հետ: Իսկ դա նշանակում է, որ մենք երազանք չունենք: Ինչը շատ վտանգավոր եմ համարում: Ի վերջո, եթե իրականում երազեինք ծովից ծով Հայաստանի մասին, պիտի գործեինք, չէ՞, առնվազն փոքր քայլեր ձեռնարկեինք երազանքին հասնելու համար: Իսկ մենք չենք անում, քանի որ երազանք չունենք:

Ես, օրինակ, երազում եմ Հայաստանը բարգավաճող երկիր տեսնել, եւ իմ բոլոր նախաձեռնություններն այդ երազանքին հասնելու քայլեր են, երազանքը կայացնող աղյուսներ: Թե՛ Դիլիջանի միջազգային դպրոցը, թե՛ Տաթեւի ճոպանուղին ինքնանպատակ չեն, անձամբ ես էլ ճոպանուղու ֆանատիկոս չեմ: Պարզապես ուզում եմ, որ Հայաստանը դառնա այն երկիրը, որտեղ մարդիկ հաճույքով կապրեն, կզարգանան ու կստեղծագործեն:

Պատմության բերումով մեր ազգը սովոր է ինքն իրեն պահպանել, դիմադրել հանգամանքներին՝ գոյատեւելու համար: Շատ բան ենք սպասում աշխարհից (որ մեզ հասկանան, խղճան, դատապարտեն մեղավորներին), բայց ինքներս կարծես չենք փորձում հավասարվել աշխարհի լավագույն օրինակներին:

Իհարկե, չեմ սպասում, որ բիենալեից հետո կփոխվի Թուրքիայի վերաբերմունքը, բայց հիմա թուրքական հասարակությունում բարդ գործընթացներ են տեղի ունենում, եւ շատերը փորձում են վերաիմաստավորել կատարվածն ու իրենց կողմից գործածը:

Հույս ունեմ, որ բիենալեն էլ կդառնա այն փոքր աղյուսը, որը կօգնի Հայաստանին: Պարզապես խնդիրն այն է, որ բոլոր աղյուսները պետք է միմյանց հետ կապված ու համակցված լինեն: Չի ստացվի հասնել երազանքին, եթե մի նախաձեռնություն-աղյուսը իր հետ չքաշի-տանի մյուսներին:

Համենայնդեպս, ես այլ կերպ աշխատել չեմ կարող:

Եվ երբ Դիլիջանի դպրոցի շենքը լավագույն եվրոպական ճարտարապետական կառույց է համարվում, իսկ դպրոցն ինքն ամենախոշորն է տարածաշրջանում, Հայաստանը միջազգային դաշտում դիրքավորվում է որպես կրթության կենտրոն: Օրինակ է դառնում: Միգուցե շատ հավակնոտ օրինակ, բայց ինչու՞ ոչ:

Հայաստանում դպրոցական կրթությունը շատ խեղճացած վիճակում է: Դուք ծանո՞թ եք սովորական հանրակրթական դպրոցների ուսուցման մոդելին, ծրագրերին, դասագրքերին: Դրանց համեմատ՝ Դիլիջանի դպրոցը մի գեղեցիկ ու ինքնուրույն կղզու տպավորություն է թողնում:

Դպրոցների վիճակին ես, իհարկե, ծանոթ եմ, թող չթվա, որ կտրված եմ Հայաստանի խնդիրներից:

Բայց ձեզ մոտ սխալ տպավորություն է, Դիլիջանի դպրոցը բնավ էլ կղզի չէ: Դա ավելի շուտ այն մոդելն է, որն իր բարձր ստանդարտներով կարող է օրինակ լինել մնացած դպրոցների համար:

Ընդհանրապես փոփոխություններ կատարելու երկու տարբերակ կա: Կարելի է միանգամից փոխել հազարավոր հայաստանյան դպրոցներ, ինչը հսկայական ռեսուրսներ է պահանջում եւ, բացի դրանից, պետական վերաբերմունք եւ կամք:

Իսկ կարելի է մեկ օրինակելի մոդել ստեղծել, որը չափանիշներ կսահմանի:

«Եթե չփորձենք դուրս գալ մեր այս ներփակված վիճակից ու տեղային շրջանակներից, մեր երկրում ոչինչ չի փոխվի»

Ցանկացած ոլորտում էլ միջազգային ընդունված ստանդարտներ կան: Եվ Դիլիջանի դպրոցը, հենց այդ բարձր ստանդարտների վրա հիմնվելով, ուսուցման նոր մեթոդիկա է առաջարկում: Դիլիջանի դպրոցում իրականացվելու են շատ ծրագրեր, որոնք թույլ կտան ակտիվ համագործակցել այլ հանրակրթական դպրոցների հետ:

Միայն պետք է հասկանալ, որ երկու տարին դպրոցի կայացման համար այն ժամկետը չէ, երբ փոփոխություններն ակնհայտ են դառնում: Մենք խոսում ենք առնվազն 20 տարվա ճանապարհի մասին: Միգուցե նաեւ 30: Ընդհանրապես կրթության ոլորտում ցանկացած լուրջ փոփոխություն դանդաղ է իրականցվում:

Իսկ կարելի՞ է ենթադրել, որ ձեր ուշադրությունը կուղղվի նաեւ այլ սոցիալապես պատասխանատու ոլորտներին: Օրինակ՝ մեդիային:

Մեդիան շատ մեծ դեր է խաղում, ձեւավորում ու փոխում է մարդկանց գիտակցությունը, բայց այս փուլում, որպես մեդիա նախագիծ, մենք կսահմանափակվենք 100lives.com կայքով, որը կարծում եմ՝ իր կառուցվածքով, վեց լեզվով ներկայացվող բովանդակությամբ (ինչը առաջին փորձն է հայաստանյան մեդիա դաշտում) արտացոլում է մեր սպասելիքները:

Հայաստանը աշխարհին է ներկայանում իր պատմություններով ու միաժամանակ ցույց տալիս իր կապը աշխարհի հետ:

Ինչպիսի՞ն է լինելու կայքը ապագայում: Պատմությունների հավաքագրումը շարունակվելու՞ է, թե՞ նոր գաղափարներ են ի հայտ գալու:

Ի հայտ են գալու ավելի հետաքրքիր պատմություններ:

«100 Lives» նախաձեռնության մյուս կարեւոր բաղադրիչը «Ավրորա» մարդասիրական մրցանակն է: Մրցանակը շնորհվելու է այն մարդկանց, որոնք հենց այսօր էլ փրկում են աշխարհը Սուդանում, Ռուանդայում, Սիրիայում: Դա երախտապարտ լինելու, աշխարհի առջեւ բաց լինելու հնարավորություն է, որը հայերիս համար շատ թանկ է: Մենք կարող ենք մարդասիրական արժեքների մայրաքաղաք դառնալ:

Խնդիրն այն է, որ շատերը Հայաստանում պարփակված ու կենտրոնացած են միայն իրենց վրա: Կարծում եմ՝ պետք է ոչ միայն ինքներս մեզ փոխենք, այլեւ այն ընկալումը, որը ստեղծվել է աշխարհում մեր մասին: Իրականում մենք բացակայում ենք համաշխարհային քարտեզից:

Եվ եթե ուզում ենք, որ մեզ լսեն, մեր մասին իմանան, սփյուռքահայերը ցանկանան վերադառնալ Հայաստան, իսկ հայաստանցիներն էլ պատրաստ չլինեն արտագաղթել ու աշխարհի տարբեր երկներում զուգարաններ մաքրել, միայն թե սեփական երկրում չաշխատեն, պիտի ստեղծվի այն երկիրը, որտեղ իրականում ստանդարտներ են գործում:

Անգամ եթե փոքր բիզնես է հիմնվում, այն պիտի ձգտի բարձր ստանդարտների, ցանկանա լինել լավագույնը: Հակառակ դեպքում բոլոր բարի մտադրությունները կմնան տեղային՝ ներուժ չունենալով փոխել երկրի վիճակը:

Բոլոր ոլորտներում էլ պետք է տեսնել լավագույն օրինակները, գոնե իմանալ, որ դրանք կան: Օրինակ՝ չես կարող լավ ռեստորան բացել, որտեղ ամբողջացված կլինեն որակյալ ճաշատեսակները, մատուցման բարձր մշակույթը կամ էլ, առնվազն, գրագետ ու առանց տառասխալների կազմված ճաշացանկը, եթե օրինակներ չունես:

Ես հավատում եմ փոքր բիզնեսին, բայց այն փոքր բիզնեսը, որը չի կարող ու չի ուզում աշխարհից սովորել, դատապարտված է տապալման:

Իմ կարծիքով՝ մեր խնդիրն էլ հենց այն է, որ մենք դադարել ենք ինքներս մեզ համեմատել լավագույնների հետ: Միգուցե սխալվում եմ, բայց նույն իրավիճակն է նաեւ լրագրության դաշտում, որը հիմնականում տեղային հարցերով է սահմանափակվում:

Իհարկե, ես Հայաստանում չեմ ապրում եւ միգուցե լավ չեմ պատկերացնում գոյատեւման հարցեր լուծող հայաստանցիների բոլոր հոգսերը: Բայց, միեւնույն է, վստահ եմ, որ եթե չփորձենք դուրս գալ մեր այս ներփակված վիճակից ու տեղային շրջանակներից, մեր երկրում ոչինչ չի փոխվի:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի

MEDIA.am

 

Share

Comments are closed.