Կեղծ օրակարգերի մահաբեր տագնապը

Երեկ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ոժերի շփման գծում ադրբեջանական արկակոծման հետևանքով հայկական հենակետում ունեցել ենք չորս զոհ: Ադրբեջանը փաստորեն շարունակել է հրադադարի սանձարձակ խախտումները, որոնք սեպտեմբերի 24-ին էլ Տավուշի մարզում հանգեցրել էին երեք խաղաղ բնակչի մահվան: Փաստորեն, վերջին երկու օրերին հայկական կողմը ունեցել է յոթը զոհ: Սա իսկապես արտառոց իրադրության վկայությունն է:

Տավուշի մարզի ողբերգական փաստը ցցուն կերպով դրսևորեց այն, որ Հայաստանի ներքին կյանքը և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով բացարձակապես չի համապատասխանում արտաքին մարտահրավերներին և անվտանգության սպառնալիքներին: Եթե մենք դիտարկենք Հայաստանի և՛ քաղաքական, և՛ տնտեսական օրակարգերը, ապա ակնհայտ է դառնում, որ դրանք ըստ էության ոչ մի կապ չունեն արտաքին մարտահրավերների ու սպառնալիքների հետ:

Այսինքն՝ այդ օրակարգերը կտրված են ոչ միայն հասարակությունից, այլ նաև պետության արտաքին մարտահրավերներից: Եվ այստեղ ցավալին այն է, որ կտրված օրակարգերի նախաձեռնությունները գալիս են ոչ միայն իշխանություններից, որոնք ներկայիս իրավիճակում դրսևորում են ուղղակի աներևակայելի ոչ ադեկվատություն, վտանգավոր ոչ ադեկվատություն, այլ նաև իշխանության քննադատությամբ հանդես եկող հիմնական քաղաքական ուժերից, որոնք կամ հանդես են բերում, այսպես ասած, սեփական կտրված օրակարգերը, կամ էլ տրվում են իշխանությունների ներկայացրած կտրված օրակարգերին: Սրա վառ վկայությունը սահմանադրական փոփոխությունների գործընթացն է:

Երեք զոհերի ողբերգական պարագան հնչեղություն տվեց սահմանադրական փոփոխությունների նպատակահարմարության վերաբերյալ հարցին, սակայն սրանով հանդերձ, միաժամանակ գալիս է հարցը՝ կապված այս փոփոխությունների դեմ պայքարի հետ: Այդ պայքարն, ըստ էության, ինքնին խիստ անհամարժեք է Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերներին՝ երևի թե ոչ պակաս, քան փոփոխությունների նախաձեռնությունն ինքնին: Խնդիրն այն է, որ և՛ «ոչ»-ը, և՛ «այո»-ն, ըստ էության, ինքնին որևէ կապ չունեն այսօր Հայաստանին սպառնացող վտանգների հետ: Եվ հաղթի «այո»-ն, թե «ոչ»-ը, ըստ էության սա որևէ կերպ իր ազդեցությունը չի ունենալու այն ամենի վրա, ինչն այսօր կատարվում է սահմաններում, որն էլ իր հերթին, բնականաբար, տարածաշրջանում և աշխարհում կատարվողի դրսևորումների ձևերից, վտանգավոր տարբերակներից մեկն է, ու անկասկած ոչ միակը:

Այսպիսով, Հայաստանի անվտանգությունը ներկայումս պահանջում է քաղաքական հրատապ և ադեկվատ օրակարգեր, որոնց գոյությունը երբեք չի կարող խանգարել «ոչ»-ին կամ «այո»-ին, փոխարենը դրանց բացակայությունը իմաստազրկում է և՛ «ոչ»-ը, և՛ «այո»-ն՝ անկախ դրանց հանդեպ մեր բոլորիս վերաբերմունքից, քանի որ և՛ առանձին-առանձին, և՛ նույնիսկ միասին դրանք անհամեմատ ավելի թեթև են՝ ի տարբերություն այն ամենի, ինչ կա մարտահրավերների և վտանգների նժարում: Ըստ որում՝ այստեղ, իհարկե, բացարձակապես խոսք չի գնում համախմբման, միասնության և այլնի մասին, այն կեղծ ու արհեստական, կրկին ոչինչ չասող կոչերի, որ սովորաբար անում են իշխանություններն ու նրանց մերձ շրջանակները:

Բանն այն է, որ սրանք նույնքան կեղծ կոչեր են, որքան բերված օրակարգերը: Նմանօրինակ մարտահրավերները դիմագրավում են ոչ թե միասնության կեղծ ու արհեստական կարգախոսներով, այլ աշխատանքով՝ ամեն մեկն իր տեղում կատարելով այն աշխատանքը, որի համար պատասխանատու է Սահմանադրությամբ և օրենքով: Եթե որևէ միասնություն կարող է լինել նման իրավիճակներում, ապա բացառապես Սահմանադրության և օրենքների ամեն մի տառի ու բառի շուրջ, որոնց առաջին հերթին պետք է ականջալուր լինեն իշխանությունները:

2015-09-26

Հեղինակ՝ Մուսա Միքայելյան

1in.am

Share

Comments are closed.