Ո՞վ կլինի ժառանգորդը

Karen HarutyunyanԿարեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ           
civilnet.am գլխավոր խմբագիր
Երևան

«Ես, իրոք, կարող եմ կանխատեսել, թե ով կարող է լինել Հայաստանի ապագա առաջնորդը, բայց վախենամ՝ եթե հայտարարեմ,  ապա այդ մարդը դժոխային օրեր կունենա մինչև առաջնորդ դառնալը:  Երկրորդը՝ վախենամ,  որ այդ մարդը հիմա ճիշտ չգնահատի իմ կանխատեսումը: Բայց ես գիտեմ՝ ով կարող է լինել և,  իմ խորին համոզմամբ,  յուրաքանչյուր բարձր ղեկավարի առաջին պարտականությունն է՝ տեսնել, թե ով է իրեն փոխարինելու,  բայց պարտադիր չէ դրա մասին հայտարարություններ անել»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամում, 1-ը հոկտեմբերի, 2015թ., Վաշինգտոն:

Դեկտեմբերի 6-ին հանրաքվեի կդրվի Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը, որով երկիրը կառավարման կիսանախագահական համակարգից անցում է կատարում խորհրդարանական համակարգի: Հայաստանի ընտրական ավանդույթները հաշվի առնելով՝ գրեթե բացառվում է, որ հանրաքվեն անցկացվի ազատ, արդար և թափանցիկ՝ արտահայտելով ժողովրդի իրական կամքը:

Սահմանադրական փոփոխությունների թեման, որ ամենաարդիականն էր նախորդ առնվազն մեկ տարվա ընթացքում, տարեվերջին դուրս կմղվի հանրային օրակարգից: Իսկ օրակարգի գլխավոր հարցը կդառնա, թե ով է լինելու պետության հաջորդ ղեկավարը, այսինքն՝ վարչապետը:

Սահմանադրական փոփոխությունների գործընթացի փաստացի մեկնարկից՝ 2013-ի սեպտեմբերի 4-ից ի վեր, գլխավոր հարցն այն էր, թե ինչ շարժառիթներ են ընկած Սահմանադրությունն արմատապես փոխելու նախաձեռնության հիմքում: Քաղաքական-կուսակցական գործիչներից մեկը (որի կուսակցությունը սատարում է սահմանադրական փոփոխությունները) ասել է, թե «Սերժ Սարգսյանը վախենում է հաջորդ Սերժ Սարգսյանից»: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը չի ցանկանում, որ Հայաստանի հաջորդ ղեկավարը լինի այնպիսի մեկը, որը մոռանա, թե ով, ինչպես և ինչ գնով է իրեն իշխանության բերել: Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին հարկավոր է այնպիսի ժառանգորդ, որը լինի վերահսկելի և հաշվետու իրեն:

Բնական է, որ ժողովրդավարական գործընթացների, ներկուսակցական թափանցիկ մրցակցության միջոցով (ինչպիսին ամերիկյան փրայմերիզն է) առաջնորդի ընտրության մասին խոսք չկա: Ժառանգորդի հարցը որոշվելու է կաբինետներում՝ ապաքաղաքական գործընթացների միջոցով:

Սերժ Սարգսյանի դեպքում կարելի է պնդել, որ նա երկու սպառնալիքն էլ նկատի ունեցել է սահմանադրական փոփոխությունները նախաձեռնելիս:

Ուրիշների փորձից

Ավտորիտար և կիսաավտորիտար առաջնորդները և էլիտաները ժառանգորդներ որոշելիս երկու տեսակի վտանգ են տեսնում՝ իրենց իշխանության և վարչակարգի անկման և իրենց հաջորդի կողմից դավաճանության վտանգը: Հետևապես, այն վարչակարգերում, որտեղ ավտորիտար առաջնորդը վերահսկում է ղեկավար նշանակելու/ընտրելու գործընթացը, հակված է թույլ անհատների առաջադրել գործադիր պաշտոններում, որպեսզի կանխի իր՝ իշխանական ռեսուրսներից օգտվելու հնարավորությունը, ինչը հնարավոր չէ ինքնուրույն ղեկավարի պարագայում:

Թուրքմենստանում, օրինակ, այդ երկրի ավտորիտար նախագահ Սափարմուրատ Նիյազովը՝  Թուրքմենբաշին, քաղաքական որևէ կշիռ չունեցող Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, որն իր ատամնաբույժն էր, նշանակեց առողջապահության նախարար և նրան շնորհեց երկրում փաստացի երկրորդ դեմքի կարգավիճակը: Նիյազովի մահից հետո՝ 2006-ին, նախագահ դարձավ Բերդիմուհամեդովը: Եվ չնայած Բերդիմուհամեդովն իր ստացած ամբողջ ժառանգության համար պարտական էր «թուրքմենների հորը», միևնույն է, նա իր կառավարման հենց սկզբից սկսեց վերացնել Նիյազովի անհատի պաշտամունքը՝ ապամոնտաժելով նրա արձաններն ու կրթական ծրագրերից հանելով Նիյազովի հեղինակած «Ռուհնամա» գիրքը, որը պարտադիր էր:

Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի նախագահության երկրորդ ժամկետի ավարտին որպես նրա անցումային ժառանգորդ դիտարկվում էր երկու անուն՝ պաշտպանության նախարար, անվտանգության ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Իվանովի և առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդևի: Պուտինը որպես իր անցումային ժառանգորդ ընտրեց դեռ Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանում իր ենթակա աշխատած և բնավորությամբ հեզ ու մեղմ Մեդվեդևին: Մեդվեդեևի նախագահության չորս տարիներին՝ 2008-2012թթ., Ռուսաստանում փաստացի ղեկավարը մնաց Պուտինը, որը նախագահության էստաֆետը վերցրեց 2012-ին՝ փոփոխված սահմանադրությամբ և մինչև 2024-ը իշխելու իրական հնարավորությամբ: Անգամ միևնույն կուսակցության և քաղաքական թիմի ներսում Պուտինը նախապատվությունը տվեց վերահսկելի ու հնազանդ Մեդվեդևին, ոչ թե իր նմանին՝ Իվանովին:

Ինքը՝ Պուտինը, իշխանությունը ժառանգելով Ելցինից, հաշվեհարդար տեսավ ելցինյան ժամանակաշրջանի դերակատարների, այդ թվում՝ իրեն իշխանության բերած գլխավոր անձանցից մեկի՝ Բորիս Բերեզովսկու հետ:

Հայաստանյան իրողություններ

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Սահմանադրության փոփոխությունից հետո չի հավակնելու ո՛չ վարչապետի, ո՛չ նախագահի, ո՛չ էլ Ազգային ժողովի նախագահի պաշտոններին: Սահմանադրական փոփոխությունների քննադատները պնդում են, որ Սարգսյանը փորձելու է իշխանությունը պահել իշխող կուսակցության ղեկավարի դիրքում՝ ինչպես Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության ղեկավարները, որոնք փաստացի որևէ պաշտոն չզբաղեցնելով՝ իրականացնում էին երկրի ղեկավարումը:

Հայաստանի իրականությունում նման փորձը կարող է տապալվել:

Նախ, Խորհրդային Միությունում ղեկավարներին առաջադրում էր կուսակցական էլիտան՝ ելնելով համակարգը պահպանելու տրամաբանությունից: Երբ անհատը որևէ կերպ հակադրվում էր էլիտային, նրան հեռացնում էին իշխանությունից (Նիկիտա Խրուշչովի օրինակը): Կամ էլ էլիտան իշխանության էր բերում զառամյալների, որոնք ի վիճակի չէին լինում զբաղվել երկրի իրական ղեկավարմամբ (երիտասարդ և ինքնուրույն գործիչ Միխայիլ Գորբաչովին իշխանության բերելու փորձը ճակատագրական եղավ Խորհրդային Միության համար): Հայաստանում ոչ թե էլիտան է փորձում պահել իր իշխանությունը որևէ անհատի միջոցով, այլ անհատն է փորձում պահել իր իշխանությունը (քրեաօլիգարխիկ) էլիտայի վրա:

Երկրորդ, ֆորմալ իշխանություն չունեցող որևէ անհատի դժվար կլինի իշխանական փաստացի լծակները երկար ժամանակ պահել իր ձեռքում:

Թե՛ գործարար էլիտան, թե՛ քաղաքական և հասարակական ուժերը կփորձեն իրենց հարցերը լուծել «առաջին ձեռքից»՝ վարչապետի միջոցով, նրան ակամա հակադրելով իշխող կուսակցության ղեկավարին: Թեև իշխող կուսակցությունը՝ ի դեմս իր ղեկավարի, կկարողանա որոշումներ կայացնել և այն ներկայացնել իր կառավարության կատարմանը, այնուամենայնիվ բավական դժվար կլինի գործադիր իշխանության ղեկավարի նկատմամբ ունենալ մշտական և անվերապահ վերահսկողություն: Վերջիվերջո, քաղաքական և տնտեսական լծակներն անմիջականորեն լինելու են վարչապետի ձեռքում, նրան (ոչ թե նրա կուսակցության ղեկավարին) են հաշվետու լինելու իրավապահ մարմիններն ու ուժայինները: Այս լծակներին տիրապետելով՝ գործադիրի ղեկավարը հակված է իշխանությունը իր շուրջը կոնսոլիդացնելուն:

Սերժ Սարգսյանը թերևս քաջ գիտակցում է վերոնշյալ իրողություններն ու հենց այդ պատճառով էլ կփորձի հնարավորինս երկար պահել ժառանգորդի անվան շուրջ ինտրիգը:

Դեկտեմբերի 6-ի հանրաքվեից հետո (քիչ հավանական է, որ այն կտապալվի, ինչպես 2003-ին) դեռ երկար ժամանակ ժառանգորդի անուն չի հնչի: Իշխանության ներսում կշարունակվեն հավատարմության երդումները Սերժ Սարգսյանին: Կշարունակվի նաև ժառանգորդի տեղի համար ներիշխանական ու ներկլանային պայքարը:

Հայաստանի հաջորդ ղեկավարը կարող է դառնալ անցումային ֆիգուր: Սարգսյանը սահմանադրական և բարոյական որևէ պատնեշ չունի եթե ոչ իր նախագահության երկրորդ ժամկետից անմիջապես հետո, ապա որոշ ժամանակ անց՝ անցումային թույլ վարչապետ ունենալուց հետո, հավակնել գործադիրի ղեկավարի պաշտոնին: Պուտինի դեպքում դա նախագահության մեկ ժամկետ էր՝ չորս տարի: Կառավարման խորհրդարանական համակարգը հնարավորություն է տալիս այդքան երկար չսպասել:

Հ.Գ.

Թեև Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին, սակայն կարելի է թվարկել բազմաթիվ խոստումներ, որոնք նա դրժել է: Սա կարող է դառնալ դրժված հերթական խոստումը: Հակառակ պարագայում շատ մեծ է իր իսկ փոփոխած Սահմանադրությանը զոհ գնալու ռիսկը:

Share

Comments are closed.