Հայկական ԶԼՄ-ների կողմից հասարակական օրակարգի ձևավորման նրբությունները

Davit StepanyanԴավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան

Վերջին տասնամյակը Հայաստանում նշանավորվել է կոնտենտի (բովանդակության) եւ քաղաքակիրթ երկրներում օրակարգ կոչվող երեւույթի բուն էության ամբողջական ու նպատակաուղղված նենգափոխմամբ: Ցավով ստիպված ենք փաստել, որ Հայաստանի իշխանությունների այս նախաձեռնության գլխավոր գործիքը հայրենի ԶԼՄ-ներն են:

Դարձյալ ցավով պետք է նշել, որ հանրային օրակարգը միտումնավորապես նենգափոխելու, իսկ իրերն իրենց անունով կոչելու դեպքում՝ հայ հասարակության մի ստվար զանգվածի բթացնելու գործընթացում հայկական ԶԼՄ-ների օգտագործումը բավականին հաջող է ընթանում։ Տվյալ գործընթացը համակարգվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անմիջական ղեկավարության ներքո գործող միասնական կենտրոնից։ Վերջինս աներոջ մոտ սկսել է որպես օգնական աշխատել Սարգսյանի՝ դեռևս Հայաստանի վարչապետ եղած ժամանակ, իսկ 2008թ. Սարգսյանի՝ ՀՀ նախագահ դառնալուց հետո Միքայել Մինասյանը զբաղեցրել է ՀՀ Նախագահի Աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2013թ.՝ շատերի համար անսպասելիորեն նշանակվել Վատիկանում Հայաստանի դեսպան։

Տեղին է նաև հիշեցնել, որ, ի հեճուկս Հայաստանի և Վատիկանի միջև 1992 թվականից ի վեր հաստատված դիվանագիտական հարաբերությունների, Մինասյանի՝ հիշյալ պաշտոնում նշանակվելուց առաջ Վատիկանում Հայաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր համատեղության կարգով Իտալիայում Հայաստանի շահերը ներկայացնող Վիգեն Չիթչյանը։ Ակնհայտ է, Հայաստանի կառավարությունը Վատիկանում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու վերաբերյալ որոշումը կայացրել է հենց Մինասյանին համապատասխան կարգավիճակով օժտելու համար։Հարկ է նշել, որ վերջինս Վատիկանից շարունակել է մինչ այդ կայացած սովորությամբ համակարգել Հայաստանի լրատվական դաշտը։ Նրան հաջողվել է լայն և բավականին արդյունավետ աշխատանք կատարել Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության 100-ամյակի սգո տարելիցին նվիրված՝ 2015թ.ապրիլի 24-ի միջոցառումները կազմակերպելու ուղղությամբ։

Այնուամենայնիվ, այսօր էլ «գորշ կարդինալ» դիտվող Միքայել Մինասյանի գլխավոր առաքելություններից է PR-ի կազմակերպումը։ Վայելելով նախագահի շրջապատի և անձամբ Սերժ Սարգսյանի հովանավորությունը և օգտագործելով սեփական դրամական միջոցները՝ Մինասյանը ձեռք է բերել մի շարք խոշոր հեռուստաալիքներ, որոնց կազմակերպած հարցումները վկայում են իշխանության իբր աննախադեպ վարկանիշի մասին։ Վերջին տարիներին Հայաստանում սնկի պես ի հայտ են գալիս համարյա զրոյական ինքնաբավություն ունեցող նորանոր տեղեկատվական՝ գերազանցապես էլեկտրոնային ԶԼՄ-ներ։ Այս բոլոր ԶԼՄ-ները հիմնականում ֆինանսավորվում են Հանրապետական կուսակցության և տեղական օլիգարխիայի կողմից։ Հենց այդ պատճառով էլ աշխատակիցների աշխատավարձի հիմնական մասը ծրարների մեջ է տրվում՝ համապատասխանաբար անդրադառնալով հրապարակումների որակի վրա։

Ուշագրավ է, որ հայաստանյան հասարակությանը և ողջ հայությանը մտահոգող խնդիրների լուսաբանումը, Հայաստանի կամ Արցախի շահերից բխող քարոզչությունը հայկական ԶԼՄ-ների գործունեության մեջ հազվագյուտ բացառություններով  շատ համեստ տեղ է գրավում։ Դրա փոխարեն հեռուստառադիոեթերը, տպագիր և էլեկտրոնային մամուլի էջերը ողողված են հայ և համաշխարհային աստղերի ու կինեմատոգրաֆի ընթացիկ կյանքի բարդ ելևէջներով։  Դրանցում միանգամայն գերիշխող է սպանությունների, ինքնասպանությունների, կողոպուտի, գողությունների, բռնաբարությունների, կրոնական աղանդների, միասեռականների և տրանսվեստիտների մասին լուսանկարներով ու տեսահոլովակներով առատորեն համեմված տեղեկատվությունը։ Մյուս կողմից, դրանցում համարյա լիովին բացակայում են լուրջ վերլուծական միտքը, փաստարկված ու կշռադատված մեկնաբանությունները, որոնք հետևողականորեն դուրս են մղվում բացահայտ «դեղնությամբ»՝ զգալի վնաս հասցնելով աներկբա ամրապնդման կարիք ունեցող Հայաստանի և Արցախի դիրքերին ու վարկանիշին։

Մեծ տհաճությամբ հարկ է խոստովանել, որ «դեղնությունը» ներկայումս համաշխարհային միտում է, սակայն Հայաստանում որևէ արժեքից զուրկ՝ հաճախ անբովանդակ տեղեկատվության արտանետումն օրինաչափ երևույթ է դարձել։ Հայրենի ԶԼՄ-ները ողողած՝ հայկական ծագում ունեցող ամերիկյան աշխարհիկ «էգ առյուծ» Քիմ Քարդաշյանի սիրեկանների և անատոմիական յուրահատկությունների մասին պատմող հիմարագույն վերնագրերի ֆոնին իրական լրահոսն ամբողջովին արժեզրկվում է։ Ասածիս մեջ համոզվելու համար բավական է հպանցիկ հայացք նետել հայկական ԶԼՄ-ների 90 տոկոսի լրահոսին և էջերին՝ մեր հայտնի հայրենակցուհու՝ սույն թվականի մարտ ամսին Հայաստանում գտնվելու օրերին։

Անվիճելի է, որ նույն այդ պաշտոնյա-օլիգարխներին պատկանող ԶԼՄ-ների կողմից բովանդակազուրկ տեղեկատվության հետևողական արտանետումներն ունեն նպատակային բնույթ։ Տվյալ տեղեկատվական քաղաքականությունը գիտակցաբար իրականացվում է իրենց բացառապես նեղ խմբակային շահերը սպասարկելու համար։ Այս գիծն արհեստավարժորեն է առաջ տարվում՝ նոր իրողությունների և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների հմուտ շահագործմամբ։ Այնուամենայնիվ, Հայաստանին և հայությանը դրանից ոչ մի օգուտ չկա, քանի որ այդ «տեղեկատվական» հոսքն իրական հանրային օրակարգի և հայ ժողովրդի բուն խնդիրների հետ նվազագույն իսկ աղերս չունի։

Վերոնշյալի համապատկերում հարկ է նկատել հայկական լրատվական դաշտին բնորոշ ևս մի առանձնահատկություն՝ հանրային տրամախոսությունը (դիսկուրս) հնարավորինս այլափոխելու ջանքերը։ Այստեղ տեղին է հիշատակել իշխանությանը սպասարկող «փիառի» հայ վարպետների ևս մի հայտնագործություն կամ հաջողված փոխառում՝ ի դեմս գրպանային վերլուծաբանների և փորձագետների ծովացյալ զանգվածի։ Համարյա ամեն ամիս տեղեկատվական դաշտում ի հայտ է գալիս բանակում երբևէ չծառայած «ռազմական փորձագետ», որևէ փորձառություն չունեցող «հոգեբան», քաղաքական վերլուծությամբ երբևէ չզբաղված և համապատասխան կրթություն չունեցող «վերլուծաբան»։ Հայտնվում են PR-ին կատարելապես անգիտակ մասնագետներ կամ Ադրբեջանի մասին փոքր իսկ պատկերացում չունեցող «ադրբեջանագետներ»։ Այս բոլոր՝ պարբերաբար մամլո ասուլիսներով հանդես եկող և համապատասխան տեղերում իրենց թելադրված և անգիր արած բառակապակցությունները խելացի և հեղինակավոր դեմքի արտահայտությամբ կրկնող մարդիկ ոչ միայն Հայաստանում հասարակական կարծիք են ձևավորում, այլև, որն ավելի ցավալի է, դրսում Հայաստանի մասին համապատասխան պատկերացում են ստեղծում։ Ամենահետաքրքիրն էլ այն է, որ մամլո ասուլիսներում հնչած սույն «փորձագետների» տեսակետները լուսաբանում են նույն տերերին պատկանող ԶԼՄ-ների լրագրողները։

Կասկածից վեր է, որ Հայաստանում կան համապատասխան կառույցներում աշխատանքային պատշաճ փորձառություն ունեցող իրական վերլուծաբաններ և փորձագետներ։ Այս փորձագետների մի մասի գործունեությունը կրում է արևմտյան դիվանագիտական ներկայացուցչությունների և կազմակերպությունների, իսկ մյուս մասի գործունեությունը՝ ռուսական ազդեցության կնիքը։ Պատահում են նաև Միքայել Մինասյանի թիմի օգտին աշխատող լուրջ փորձագետներ։ Ի հեճուկս այս ամենի՝ Հայաստանում դեռևս կան ազնիվ, մտածող և իրավիճակն ըմբռնող վերլուծաբաններ և փորձագետներ, բայց նրանք զրկված են հեռուստաեթերից, նրանց մամլո ասուլիսներին ներկա են լինում մի քանի անկախ լրագրողներ։ Այդ իսկ պատճառով՝ մինասյանական թիմի ջանքերի արդյունքում այդ մարդիկ հանրությանը մեծամասամբ անծանոթ են մնում։

Այսպիսով, հայկական ԶԼՄ-ները բավականին հաջող կերպով կատարում են իրենց վրա դրված՝ իշխանություններին անհրաժեշտ հանրային տրամախոսության (դիսկուրսի) ձևավորման առաքելությունը։ Նրանց աշխատանքի շնորհիվ հայ հասարակությունը հետզհետե զանգվածաբար ապաքաղաքականացված է դառնում և հիմնականում կուլ է տալիս գաղափարներ չձևավորող «համեղ» լուրերով համեմված համապատասխան տեղեկատվական արտանետումները։ Տեղեկատվության սույն արտանետումները կատարվում են գրագետ՝ չափավոր քանակությամբ։ Միաժամանակ, դրանք առատորեն տարրալուծվում են բացարձակապես անարժեք «դեղին» տեղեկատվության մեջ։ Որպես հետևանք՝ հայ իրավաբաններն՝ իրավաբանությանը, պաշտոնյաներն՝ օրենքի գերակայությանը, պատգամավորներն՝ ընտրազանգվածի առջև պատասխանատվությանն, իսկ ձեռներեցները՝ մասնավոր սեփականության անձեռնմխելիությանը չեն հավատում։

Ուշագրավ է, որ տեղեկատվության նկատմամբ պետական վերահսկողության անվանական բացակայության ֆոնին պետությունը պաշտոնապես տնօրինում է միայն երկու ԶԼՄ-ների՝ Հանրային հեռուստաալիք և «Արմենպրես» տեղեկատվական գործակալություն։ Այդ երկուսը բացահայտ և անթաքույց սպասարկում են բացառապես իշխանության շահերը՝ տարածելով ներքին օգտագործման համար նախատեսված քարոզչությունը։ Հանրային հեռուստաալիքի գլխավոր խաղաքարտը՝ հակաադրբեջանական և հակաթուրքական քարոզչությունն է։ Սակայն, այն տարածվում է բացառապես հայ հասարակության և արբանյակային հեռարձակման միջոցով Սփյուռքի վրա՝ կադրից դուրս թողնելով գլխավոր՝ արտաքին օգտատերերին, ում համար բավական լավ են աշխատում նաև ադրբեջանցի գործընկերները։ Օրըստօրե խոսելով հայոց ցեղասպանության և Արցախի միանգամայն ակնառու անկախության ճանաչման հեռանկարների մասին՝ իշխանամետ «փիառի» վարպետները միաժամանակ հմտորեն շրջանցում են Հայաստանի ներքին խնդիրների ահռելի կույտը։

Մինչդեռ հանրապետությունում անցկացված համարյա բոլոր սոցհարցումների արդյունքները վկայում են, որ հայ հասարակությանն առաջնահերթորեն մտահոգում են հենց սոցիալական հիմնախնդիրները, այլ ոչ թե հայ ազատամարտիկների արյամբ վաղուց լուծված Արցախյան հարցը կամ լուծումից շատ հեռու գտնվող ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը։  Ինչ խոսք, այս խնդիրներն անպայման պետք է գտնվեն երկու հայկական պետությունների արտաքին-քաղաքական գերատեսչությունների ուշադրության կենտրոնում։ Բայց դրանց միջոցով Հայաստանի և Արցախի ներքին խնդիրների նենգափոխումը՝ հասարակությանը հուզող օրակարգի անտեսմամբ միանգամայն աննպատակահարմար է։ Սակայն, հայկական հեռուստաալիքները հազվագյուտ բացառություններով  ցուցադրում են ինչ ասես, բայց ոչ քանդված ճանապարհները, անպիտանացած ոռոգման ցանցերը, ընկնող և չգործող վերելակները, մտահոգիչ սոցիալական իրավիճակը սահմանագոտում և մարզային բնակավայրերում, կոռուպցիայի խրախճանքը, պետական պաշտոնյաների և օլիգարխների անհարգալից վարքագիծը և յուրաքանչյուր հայի մտահոգող այլ նմանատիպ երևույթներ։

Այնուամենայնիվ, վերոհիշյալ տեղեկատվական քաղաքականությունը վարելու արդյունքում Հայաստանը խոսքի ազատության բնագավառում հետևողականորեն զբաղեցնում է առաջին տեղեր։ Օրինակ, մամուլի ազատության գնահատումներում, որ պարբերաբար հրապարակվում է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից, Հայաստանը, որպես կանոն, առաջ է անցնում անգամ Կովկասում ժողովրդավարության պատվար համարվող Վրաստանից։  Այս երևույթն ունի տրամաբանական բացատրություն. միանգամայն դժվար է պատկերացնել, որ ադրբեջանական, իրանական, թուրքական, ռուսական կամ վրացական ԶԼՄ-ներում կարող է հրապարակվել պետության ղեկավարի, դեմքի հիմար արտահայտությամբ, էշի վրա նստած պատկերով կոլաժը։ Դա թույլատրված է միայն Հայաստանում և թույլատրված է գիտակցաբար՝ մեր երկրում մամուլի ազատության շուրջ տարակուսող անձանց խոսքի ազատության մակարդակը ցուցադրելու համար։

Share

Comments are closed.