Ընտանեկան բռնությունը, սոցիալական փոփոխությունները (mutation) և գենդերային դերաբաշխումը (assignation) Հարավային Կովկասում. Հայաստան և Ադրբեջան

artatputyun Sofa (2)Այս հոդվածը վերաբերում է հարավկովկասյան երկու երկրներում` Ադրբեջանում և Հայաստանում ընտանեկան վարքագծի ձևափոխություններին (transformation) և հասարակական փոփոխություններին (մուտացիաներին, mutations): Նախ՝ այն ուսումնասիրում է այս հասարակություններում ընտանեկան կառույցների, հավատարմության համակարգերի և հեղինակության հարաբերությունների պատմությունը: Հոդվածի հետաքրքրության առանցքում են նաև գենդերի հայեցակարգն (la notion de genre) ու Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո Ռուսաստանում և հետխորհրդային երկրներում ի հայտ եկած ընտանեկան բռնությունը: Երկրորդ՝ սույն հոդվածը, հիմնվելով ժողովրդագրական և առողջապահական սոցհարցումների և հարցազրույցների վրա, ցույց է տալիս այս երկու երկրներում 1990-ական թվականներին ի հայտ եկած նորմատիվ ակտերի էվոլյուցիան, ինչպես նաև ընդգծում է քաղաքացիական հասարակության, միությունների և ՀԿ-ների (ինչպես, օրինակ, «Կանանց իրավունքների կենտրոն» կազմակերպությունը Հայաստանում և Վրաստանում, և որը սակայն դժվարությամբ է աշխատում Ադրբեջանում, ինչպես նաև Կանանց ռեսուրսային կենտրոնը Հայաստանում և Կանանց պետական կոմիտեն Բաքվում) դերը : Ավելին, պետական կառույցների կողմից ֆինանսավորման պակասը, ավելի ստույգ՝ դրանց բացակայությունը, ստիպում է միություններին թեքվել դեպի միջազգային դերակատարներ (ՄԱԿ-ի գործակալություններ, միջազգային ՀԿ-ներ և այլն), այնինչ միջազգային հիմնադրամների հատկացումներով մշակված զարգացման քաղաքականության հետ առնչվող նորմատիվ ակտերը միշտ չէ, որ համապատասխանում են տեղական իրողություններին և հոգեկերտվածքներին (mentalités):

Այս հոդվածը նմանապես վեր է հանում որոշումների ընդունման, ինչպես նաև նորմատիվ բազայի վերջին զարգացումները։ Դրանք բավականին թույլ են ինչպես այս երկու երկրներում, այնպես էլ հետխորհրդային երկրների մեծ մասում: Հարավային Կովկասում և մասնավորապես հետազոտված այս երկու երկրում ընտանեկան բռնությունը իշխանությունների և հատկապես ոստիկանության կողմից սովորաբար որակվում է որպես մասնավոր կյանքի ոլորտից եկող խնդիր, որն իրենց իրավասության ներքո չէ: Այստեղ նույնպես, ինչպիսինն էլ լինեն ավանդույթները, մշակութային պատկանելությունը, հանրային ոլորտում օրինակարգ (լեգիտիմ) բռնության մենաշնորհը պատկանում է պետության գլխին (ինչպես խորհրդային շրջանում` Կուսակցությանը կամ նրա ղեկավարին էր պատկանում), ընտանիքի գլխին (գլխավորին) վերապահելով հեղինակությունը մասնավոր կյանքի ոլորտից եկող հարցերում:

Հայաստանում, ինչպես նաև Ադրբեջանում, ընտանեկան բռնություններից տուժող կանայք շատ քիչ միջոցներ ունեն իրենց իրավունքները ճանաչել տալու համար: Խորհրդային շրջանից ժառանգած վարքագիծը համատեղված է դժվար սոցիալ-տնտեսական համապատկերով, ավելին՝ այս հասարակությունների որոշ ձևերով «վերաավանդականացումն» ու «վերանահապետականացումը» զգալիորեն խնդրահարույց են դարձնում դիմումները: Հայաստանում օրենսդրությունն առաջ գնաց միայն վերջերս, 20-ամյա Զարուհի Պետրոսյանի սպանությունից հետո (2010թ.), որին մահացու ծեծել էին սկեսուրն ու ամուսինը (10 տարվա ազատազրկում ամուսնու համար): Բազմաթիվ երթեր և ընտանեկան բռնությունը դատապարտող արշավներ կազմակերպվեցին` մասնակիցների մեծ թվով:

Վիճակագրական առումով ընտանեկան բռնության գնահատականը Հարավային Կովկասի երկրներում հաստատուն չէ և տարբեր հարցումներում (ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն
հանձնակատարի գրասենյակ
 , «Միջազգային ներում» իրավապաշտպան կազմակերպության, հետազոտական անկախ ինստիտուտներ) տարբեր արդյունքներ են գրանցված, այնուամենայնիվ՝ երեք երկրներում էլ տոկոսը տատանվում է 10-ից 30-ի միջև: Գնահատականները փոխվում են կապված նաև սեռական բռնությունների, ֆիզիկական, բայց ոչ սեռական բռնությունների, հոգեբանական բռնությունների վերաբերյալ հարցերի հետ: Այս ամենից բացի՝ այս հոդվածում քննվող ժողովրդագրական և առողջապահական սոցհհարցումները տալիս են հստակ պատկերացումներ ընտանեկան բռնությունների զոհ դարձած կանանց վերաբերյալ հասարակության կարծիքի և հենց զոհերի վերաբերմունքն իրենց ամուսնու գործողությունների նկատմամբ (նրանց գործողությունների արդարացում): Օրինակ, համաձայն մեկ այլ` հայաստանյան «Հասարակություն առանց բռնության» ՀԿ ուսումնասիրության՝ բնակչության 43,7 տոկոսը համարում է, որ ծեծված կինն է, որ վստահաբար իր ամուսնուն ներքաշել է այդ քայլին դիմելու:

Վերջապես, այս հոդվածը ցույց է տալիս, որ տղամարդկանց դաստիարակելու ցանկությունը մեծ է, բայց դա խոչնդոտվում է նրանց կողմից դիմադրությամբ և վստահաբար նրանց մոտ առկա տագնապով, որը վերածվում է ընտանիքում, ինչպես նաև հասարակության մեջ սեփական հեղինակությունը կորցնելու վախով, հեղինակություն, որ արդեն բավականաչափ տուժել է ԽՍՀՄ կործանմամբ պայմանավորված ցնցմամբ և դրան հետևած և ամբողջ հասարակության վրա ազդած սոցիալ-տնտեսական հետևանքների պատճառով: Այս խորհրդանշական (սիմվոլիկ) ամլացումը (emasculation) գոյություն ուներ դեռևս խորհրդային տարիներին, որը տեղի էր ունենում խորհրդային կնոջ կերպարի առնականացմամբ (խորհրդային կինը հավասար էր տղամարդուն, ինչը բխում էր հասարակության բնույթից): Քննարկման թեմա է դարձել առնականության ճգնաժամի հասկացությունը, որը հստակորեն կապված է ԽՍՀՄ անկման և այն տնտեսության կործանման հետ, որի վրա հենված էր խորհրդային հասարակությունը:

Մենք ականատեսն ենք նաև դերերի խոր վերադասավորման: Տղամարդկանց մեջ առանձնանում են նրանք, ում հաջողվել է հարստություն կուտակել 1990-ականների սկզբի վայրի կապիտալիզմի պայմաններում: «Նորահարուստներին», ինչպես նրանց անվանում են հաճախ, սոցիոլոգները բնութագրում են որպես էլիտաներ, որոնք դիմում են Ռեվին Կոննելի (Raewyn Connell) խոսքերով ասած «անդրազգային բիզնեսի առնականության» (transnational business masculinity) պրակտիկային: Այս կատեգորիայի հետ մեկտեղ գոյություն ունի անշքացած տղամարդկանց մի մեծ զանգված, որը տուժել, կարելի է ասել՝ տրավմայի է ենթարկվել սոցիալական հյուսվածքների մասնատումից, աշխատանքի և ապահովության ցանցի կորստից, սոցիալական ստատուսի անկումից, և որը նրանց հասցնում է երբեմն ծայրահեղ լուսանցքայնացման: Այս գլոբալ դատարկությունն է, որ օգնում է առնականության փլուզմանը:

Այս փլուզմանը զուգահեռ տեղի է ունենում համերաշխության, փոխադարձության և մեծահոգության դեպքերի կրճատում, որակներ, որ հատուկ են նախկին ԽՍՀՄ հարավային երկրներին: Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ Խորհրդային Միության փլուզումից հետո ընտանիքը գլխավոր դերն է խաղացել ընտանեկան և համայնքային տնտեսության մեջ, սոցիալական և տնտեսական գոյատևման մեջ` ներկայանալով որպես ապահովության միակ ցանց: Միևնույն ժամանակ, ընտանեկան հարաբերությունների խորն անկայունությունը, նույն ընտանեկան տնտեսությունների մեջ կշռի, դերակատարության, կարգավիճակի հետ կապված հարաբերությունները մեծապես խանգարում են այս հարացույցին (պարադիգմա): Կովկասյան այս հասարակություններում ամբողջական շերտերի աղքատացումն ու խոցելիությունը գործոններ են, որոնք նպաստում են ընտանեկան բռնությունների սրմանը: Սոցիալական տառապանքը և մեկուսացումը տղամարդկանց մոտ ստեղծում են սեփական անկարողության զգացում: Ավանդական գերիշխող առնականության ակնկալիքները, ինչպես նաև այս նորմերի ճնշումը տղամարդկանց ստիպում են փնտրել դիմակայելու միջոցներ, պայքարելու համար խորն անկարողության զգացման դեմ: Տղամարդկային հեգեմոնիայի բռնի այլ ձևերի մեջ ի շարս այլոց դրսևորվում է նաև ընտանեկան բռնությունը (ալկոհոլիզմի, թմրամոլության, փողոցային բռնության ձևերի հետ մեկտեղ):

Այսպիսով, ընտանեկան բռնությունը կարելի է վերլուծել առնականության անկման տեսանկյունից: Ալկոհոլիզմին և տղամարդու կողմից կնոջ կամ զուգընկերուհու նկատմամբ իրականացրած ֆիզիկական բռնության միջև կապին վերաբերվող ժողովրդագրական և առողջապահական սոցհարցումների (լինեն դրանք Հայաստանում թե Ադրբեջանում) հատկանշական գիծն այն է, որ դրանք հաստատվում են նաև տարբեր ինստիտուցիոնալ դերակատարների և զոհերի շրջանում տեղական առաքելությունների անցկացրած հանդիպումներով: Հայաստանում հարցվողների 33 տոկոսը ֆիզիկական բռնությունը նույնացնում են ալկոհոլի հետ (ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հարցախույզը), այս ցուցանիշը 44 տոկոս է Ադրբեջանում (ժողովրդագրական և առողջապահական սոցհարցումներ, 2006թ.)։ Սա հստակ վկայում է ալկոհոլի և ֆիզիկական բռնության միջև եղած կապի մասին, որն էլ հարկավոր է առնչել և ներկայումս գործազրկության թակարդն ընկած արական սեռի բնակչության լայն շերտերի մոտ աղքատության, ընկճվածության և սոցիալական օտարվածության հետ, իսկ ԽՍՀՄ փլուզումից առաջ ծնված սերունդների պարագայում դիտարկել սոցիալական կարգավիճակի անկման համատեքստում:

 

Սոֆի ՕՄԱՆ (Sophie Hohmann),  Փարիզ
Ռուսական, կովկասյան և արևելաեվրոպական երկրների ուսումնասիրության կենտրոն (Գիտական հետազոտությունների ազգային կենտրոն/Հասարակական գիտությունների բարձրագույն ուսմանց դպրոց, Փարիզ) / Le Centre d’études des mondes russe, caucasien et centre-européen (Cercec), CNRS/EHESS

 

 

Share

Comments are closed.