Եթե ծեծում է, ուրեմն  սիրու՞մ է

Բռնությունը վրաց ընտանիքում՝ որպես արգելված թեմա

Edita-photo-01Էդիտա ԲԱԴԱՍՅԱՆ
Լրագրող
Թբիլիսի

Բոլորիս մանկությունից ծանոթ է. «Ծեծում է, որեմն՝ սիրում է» արտահայտությունը։ Ու թեև ես այն շատ եմ լսել, երբեք չէի կարող հասկանալ դրա իմաստը. ո՞րն է բռնի սիրո՝ բռնարար հարաբերությունների էությունը։ Ինչպե՞ս կարող է քեզ սիրող մարդը քեզ սառնասրտորեն սպանել։

Կովկասում, մասնավորապես Վրաստանում, տղամարդը նույնացվում է քաջարի մարտիկի, ով պատրաստ է պաշտպանել իր ընտանիքն ամեն տեսակ արհավիրքներից։ Երբ Վրաստանում կանանց կենացն են խմում, տղամարդիկ ի նշան խորը հարգանքի ոտքի են կանգնում։ Այս ամենը հնչում և շատ գեղեցիկ է նայվում։ Իսկ իրականում Վրաստանում շատ կանայք ստիպված են պաշտպանվել իրենց իսկ ամուսիններից։ Ընդ որում, պաշտպանվելու որոշում ընդունելը նույնքան դժվար է, որքան խոստովանելը, որ դու դարձել ես ընտանեկան բռնության զոհը։

Էլ ավելի դժվար է դրա մասին հրապարակայնորեն արտահայտվելը։ Դրա համար կան բազմաթիվ պատճառներ։ Հասարակությունը սկզբում կարող է կարեկցանքի որոշակի դրսևորում ցուցաբերել, բայց համարյա միաժամանակ շատերը կսկսեն մեղարդել կնոջը, իբր, ինքն է անձամբ մեղավոր՝ սադրելով տղամարդուն։ Ուստի՝ նրան «հասնում» է։ Որպես կանոն՝ այդպիսի խոսքերրը «համեմվում» են այն պնդումով, թե կինը պարտավոր է հանդուրժել, չէ՞ որ մեր ավանդույթը հենց այդպիսին է։ Ավելի դժվար է դրա մասին հրապարակավ խոսել։ Իսկ ամենագլխավոր փաստարկը, որն ինքս առավել հաճախ առիթ եմ ունեցել լսելու, ընդհանրապես բարոյալքում է. մենք ավանդապահ երկիր ենք, իսկ կանայք մեզ մոտ չափից ավելի շատ են գլուխ բարձրացրել. այն աստիճան, որ այդ պատճառով տղամարդկանց մոտ բարդույթներ են առաջացել։

Խառը տարիներին՝ 90-ականների սկբներին, պատերազմների և այլ պատճառների բերմամբ վրացական տնտեսությունը համարյա ամբողջովին փլուզվել էր՝ արձանագրելով նախկինում ունեցած զարգացման ցուցանիշների համեմատ 70 տոկոսի անկում։ Այդ ժամանակ հենց կանայք են երկիրը քաղցից փրկել։ Խոսքս այն կանանց մասին է, ովքեր հարկադրված մեկնել են այլ երկրներ և ցայսօր այնտեղ են գտնվում՝ ամսեամիս իրենց ընտանիքներին դրամական փոխանցումներ կատարելով։ Կանանց ՀԿ-ների հետ հանդիպումներից մեկի ժամանակ Վրաստանի Ազգային բանկի նախագահ Գիորգի Քադաղիձեն հայտնել է, որ այսօր էլ արտասահմանում աշխատող կանանց կողմից կատարվող դրամական փոխանցումները տարեկան կազմում են մինչև 800 միլիոն դոլար, ինչը համեմատելի է գունավոր մետաղների, ընկույզի, գինու և հանքային ջրի արտահանումից ստացվող գումարներին։ Սակայն, ի հեճուկս այս ամենի, կանայք շարունակում են մնալ խոցելի շերտ։ Նրանք կարողացել են փրկել երկիրը, իսկ ամենօրյա կենցաղային բռնությունից ցայսօր պաշտպանվել չեն կարողացել՝ պնդում է նա։

Վրաստանում գոյություն ունի լայնորեն տարածված կարծրատիպ, ըստ որի ընտանեկան բռնության զոհ հիմնականում դառնում են հեռավոր շրջաններում ապրող ցածր կրթական ցենզ ունեցող կանայք։ Բայց մի տարի առաջ Թիֆլիսում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունները ստիպել են խնդիրը դիտարկել այլ տեսանկյունից։ Կանանց սպանությունների ալիքը (քրեական վիճակագրության համաձայն՝ 2014թ. ընթացքում սպանվել է 34 կին) հասարակությանը ստիպել է ավելի սթափորեն գնահատել առկա իրականությունը։ Ակնհայտ է դարձել, որ դա կարող է ամեն մեկի հետ պատահել՝ անկախ բնակության վայրից, կրթության մակարդակից կամ սոցիալական կարգավիճակից։ Համալսարանի դասախոս Մակա Ծիվծիվաձեին նախկին ամուսինը գնդակահարել է հենց ուսումնական հաստատության միջանցքում։ Արդարադատության պալատի աշխատակցուհի Սոֆո Զուրաբիանիին նախկին ամուսինը գնդակահարել է իր տան հարևանությամբ գտնվող ավտոբուսի կանգառում։

Թվում էր, թե ամեն ինչ միանգամայն ակնհայտ է. կա զոհ, կա մարդասպան, և պարզ է, թե ում պետք է կարեկցել։ Սակայն, անգամ այդ դեպքերում հայտնվել են մարդիկ, որոնք փորձում էին արդարացնել այդ սպանությունները։ Հանցագործների հետ ինձ համար անըմբռնելի համերաշխությունը հիշյալ մարդկանց դարձնում է տեղի ունեցած ողբերգությունների և հանցագործությունների խորհրդանշական հանցակիցը։ Այս «հռետորաբանությունները» աճում են մեզ բոլորիս հայտնի իրավիճակներից, երբ հարևաններն անընդհատ լսում են կողքի բնակարանից հնչող հայհոյանքը, գոռոցն ու սպառնալիքները, բայց ճիշտ չեն համարում անգամ ոստիկանական պարեկին կանչել։ Իսկ «երկաթե» փաստարկն այն է, թե նրանք ընտանիք են, միմյանց կհասկանան, նրանց գործերին չարժե խառնվել, ուրիշ ընտանիքը, ինչպես ասում են, մութ անտառ է։

Եվս մի սոսկալի երևույթն է, երբ զոհի ընտանիքը գիտի, որ ամուսինը դաժանորեն ծեծում է իրենց դստերը, բայց չի շտապում պաշտպանել նրան, քանի որ չի կամենում նրան հետ տուն բերել (խորհրդանշապես և փաստացի դա կարող է հանգեցնել ընտանեկան զույգի ամուսնալուծությանը)։ Դա բացատրվում է անխուսափելի ամոթի զգացմամբ, թե ի՞նչ են ասելու այլ մարդիկ. համարվում է, որ ավելի լավ է, որ կինը ևս մի քիչ դիմանա։

Ժամանակակից վրաց գրող և հրապարակախոս Նինո Թարխանիշվիլին համաձայն է, որ հասարակությունում այս գաղափարը ժողովրդականություն չի վայելում, ուստի Վրաստանում կանանց մահվան մեղավոր են դիտվում հենց իրենք՝ կանայք։ Ցավոք սրտի, ավագ տարիքի կանայք և նրանց հայրիշխանական վարքագիծը հիշյալ ողբերգությունների գլխավոր հանցակիցներից են, իսկ ավելի ճիշտ՝ մայր պատճառը։ Նինոն զոհերի մայրերին նվիրված մի փոքրիկ ակնարկ է հեղինակել, որում նա քննադատում է նրանց՝ անգործության և համերաշխության բացակայության համար. «Մայրերը հաճախ առաջնորդվում են տղամարդկանց բնորոշ միևնույն կարծրատիպերով. Մենք՝ կանայք, թույլ սեռ ենք, իսկ տղամարդն ընտանիքի գլուխն է. ոչ ոք կնոջ կարծիքը չի հարցնում, իսկ կինը պարտավոր է ենթարկվել ամուսնուն, քանի որ դա մեր ճակատագիրն է։ Ըստ տրամաբանության, այս կարծրատիպերը պետք է քանդվեն հենց կանանց ձեռքով։ Մայրերը պետք է պաշտպանեն իրենց դստրերին, եթե նրանք նվաստացվում են ամուսինների կողմից։ Ես ունեմ միակ դուստր և ինքս չեմ կարող պատկերացնել, որ նրանից երես կթեքեմ կամ խորհուրդ կտամ ընդունել մի կեցվածք, որը կարող է նրա կյանքին սպառնալ։ Անցած տարի, երբ, ցավոք, կնասպանությունը դարձել էր գերարդիական մարտահրավեր, հաճախ հեռուստացույցով լսում էի, որ սպանված կանանց մայրերը գիտեին, որ իրենց դուստրերը բռնության էին ենթարկվում, բայց չէին կարող պատկերացնել, որ գործը կհասնի սպանության։ Հենց այդ հաղորդումները դիտելուց հետո որոշեցի գրել այս ակնարկը։ Սոցիալական ցանցում այն հրապարակելուց հետո արժանացել եմ տրամագծորեն հակառակ գնահատականների. գրածս հիմա էլ դեռ ակտիվորեն քննարկվում է։ Կանանց մի մասը երախտագետ են ինձ իմ կատարած գրական աշխատանքի համար, իսկ մյուս մասը կարծում է, որ ես իրավունք չունեի խորացնել սպանված կանանց մայրերի հոգեկան տառապանքները։ Ինքս էլ գիտեմ, որ դա շատ դաժան և հոգեցունց ճշմարտություն է, բայց երբեմն հենց դա կարող է օգնել դժվարագույն կացությունից ելք գտնել։ Եթե իմ գրական ակնարկի ընթերցումից հետո գեթ մի կին սկսի մտորել և փոխել իր այն տեսակետը, թե կինը պարտավոր է հլու-հնազանդ կերպով հանդուրժել իր դեմ կատարվող բռնությունը, քանի որ դա իր ճակատագիրն է, ապա ես վստահաբար կհամարեմ, որ իմ հեղինակած ակնարկն ապարդյուն չի եղել», – ասում է Նինոն։

Իր հերթին, «Բռնության դեմ պաշտպանություն» ազգային ցանցի համակարգող Էլիսո Ամիրեջիբին, ով երկար տարիներ աշխատում է ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության և նրանց փաստաբանական աջակցության ցուցաբերման ոլորտում, հիշում է, որ երբ 1998թ. Իրենց ՀԿ-ն նախաձեռնել է ընտանեկան բռնության թեմայի քննարկում, այն սկզբնապես Վրաստանում որպես լուրջ հիմնախնդիր չէր ընկալվում։ Ի տարբերություն այն ժամանակահատվածի՝ ներկայումս խնդիրը լայնորեն թափանցել է հրապարակային բանավեճի հարթակներ։ Փորձագետի կարծիքով, Վրաստանում գերիշխում է հայրիշխանական գաղափարախոսությունը, որը համակարգորեն ներազդում է ողջ հասարակության վրա։ Հենց դա է խնդրի շուրջ ընթացող բանավեճի վրա ազդող գլխավոր գործոնը։

«Այն մարդիկ, որոնք մեր հայրիշխանական հասարակությունում ունեն այլևայլ արտոնություններ, իշխանություն ունեն ազդելու նաև այլ մարդկանց վրա, ընդ որում՝ այդպիսի իշխանությունը հասարակության մեջ հաճախ ընկալվում է որպես օրինավոր (լեգիտիմ)։ Այդ ուժին չտիրապետող անձինք, օրինակ, կանայք կամ այլ խոցելի խմբեր, հաճախ փորձում են համապատասխանել այդ համակարգին՝ սատարելով տիրապետող հայրիշխանական մշակույթի գերիշխող գաղափարներին։ Խնդիրը բաց ռեժիմով քննարկելուն խոչընդոտում է անսասան հայրիշխանական գաղափարախոսության համակարգը, որը ստեղծում և ամրապնդում է անարդար սոցիալական կառուցվածքը։ Հաղթահարել այն համարյա անհնարին է, քանի դեռ չի կատարվել բոլոր հասարակական մակարդակներն ու շերտերը ներթափանցող քննադատական վերլուծությունը։ Ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է գենդերային անիրավահավասարության ավելի ընդգրկուն խնդրով։ Այս հարաբերությունները ցույց են տալիս, թե որքանով է օրինականացված բռնությունը մեր հասարակությունում»,- ասում է Ամիրեջիբին։

2001 թվականից այս բնագավառում ակտիվորեն գործող «Սուխումի» հիմնադրամի ներկայացուցիչ Լալի Շենգելայան տեղեկացնում է, որ 2006թ. Վրաստանում ընդունվել է «Ընտանեկան բռնության արմատախլման, ընտանիքում բռնության զոհերի պաշտպանության և աջակցության ցուցաբերման մասին» օրենքը.  «Մշակվել է որոշակի ռազմավարություն. Վրաստանի նախագահի հրամանագրով 2015թ. հռչակվել է կանանց տարի։  Բայց իրականում ընտանեկան բռնության զոհերը շարունակում են իրենց դժբախտության առջև մեն մենակ մնալ»,- իր մտահոգություններն է կիսում Շենգելայան։ Պատասխանելով այն հարցին, թե պետությունն ի՞նչ պետք է անի ընտանեկան բռնության զոհերին աջակցելու համար՝ Շենգելայան խոսում է օրենսդրության կատարելագործման՝ որպես ամենակարևոր առաջնահերթության մասին։

«Բարդ խոչընդոտները կապված են այն բանի հետ, որ պետական ֆինանսավորում ու համապատասխան ծրագրեր պարզապես գոյություն չունեն։ Չկան բավարար չափով իրավաբանական և հոգեբանական անվճար աջակցություն ցուցաբերող վերականգնողական կենտրոններ (հատկապես հարկ է ուժեղացնել հոգեբանի ինստիտուտը դպրոցներում)։ Տեղական իշխանությունները պետք է ավելի ակտիվորեն ներգրավվեն բռնությունը կանխարգելելու և նրա զոհերին աջակցություն ցուցաբերելու գործընթացի մեջ։ Իսկ դրա համար խնդրին հետամուտ հիմնադրամները պետք է ֆինանսավորվեն բյուջեից։  Դրամական միջոցները անհրաժեշտ են, օրինակ, ժամանակավոր բնակարան վարձակալելու համար, որպեսզի բռնության զոհը կարողանա մեկուսանալ բռնարարից։ Պետք է բացել կանացի վերականգնողական կենտրոններ. խորհուրդ է տրվում իրականացնել երիտասարդության իրազեկում ընտանեկան բռնության թեմայով։ Պետությունը կարող է ակտիվորեն համագործակցել ոչ կառավարական հատվածի հետ՝ օգտագործելով նրա ծառայությունները։ Անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել հանրային գիտակցությունը վերափոխելու ուղղությամբ և դրա մեջ ակտիվորեն ներգրավել ԶԼՄ-ներին։ Բռնությունը հասարակությունում, ընդհանուր առմամբ, ծանրագույն խնդիր է, և պետությունը ողջ հասարակության հետ համագործակցելու միջոցով պարտավոր է պաշտպանել բռնության զոհերին և միջոցներ հատկացնել բռնության կանխարգելմանը միտված ծրագրերին», – պնդում է Լալին։

 

 

Share

Comments are closed.