Տան պատերից դուրս

ԼԳԲՏ այլընտրանքային դիսկուրսի ձևավորման խոչընդոտներ

 

Lusine SaghumyanԼուսինե ՍԱՂՈՒՄՅԱՆ
Անկախ հետազոտող
Երևան

Հայաստանը աչքի չի ընկնում ԼԳԲՏ անձանց` հասարակության մեջ ընդունված լինելու բարձր մակարդակով: Ավելին, հետազոտությունները (Կովկասյան Բարոմետր, Համաշխարհային արժեքների հարցում) ցույց են տալիս, որ հասարակության խիստ մեծամասնությունը (95-97%) անհանդուրժող դիրքորոշում է արտահայտում ԼԳԲՏ նկատմամբ: Նմանատիպ վերաբերմունքը պայմանավորված է մի շարք գործոններով: Խորհրդային միության տարիներին և անկախության առաջին տարիներին, մինչև Հայաստանի՝ Եվրոպական Խորհրդին անդամակցությունը (2003 թ.), Հայաստանում նույնասեռ տղամարդկանց սեռական կապը քրեորեն հետապնդելի արարք էր համարվում: Այս հանգամանքը ոչ միայն բացառում էր ԼԳԲՏ անձանց տեսանելիությունը հասարակության մեջ, այլև խոչընդոտում ԼԳԲՏ հանրային դիսկուրսի ձևավորմանը:Միայն անկախության ձեռքբերումից հետո, հաշվի առնելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները և երկրի կողմից որդեգրած ժողովրդավարացման քաղաքականությունը, փոքրամասնությունների համար ևս հնարավորություն ստեղծվեց՝ բարձրաձայնելու իրենց գոյության մասին, խոսելու խնդիրներից:

Այնուամենայնիվ, գործոնները չեն սահմանափակվում միայն իրավական արգելքներով: Քրիստոնեությունը, լինելով Հայաստանում գերիշխող կրոնական ուղղություն, մեծապես նպաստել է ԼԳԲՏ շուրջ բացասական կարծիքի ձևավորմանը: Երկրում կրոնի հիմնական ներկայացուցիչ Հայ Առաքելական Եկեղեցին բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը՝ դեմ արտահայտվելով ԼԳԲՏ-ին՝  պիտակելով այն մեղք:

Մեկ այլ գործոն է նաև օրեցօր աճող ազգայնականությունը, որը կառուցվում է ԼԳԲՏ բացառման հիման վրա` նպաստելով Հայաստանում այդ խմբի նկատմամբ բացասական ընկալման խորացմանը:

ԼԳԲՏ թեման միայն վերջին տարիներին է դարձել լայնորեն քննարկման առարկա. դեռևս մի քանի տարի առաջ հազվադեպ էին հանդիպում հարթակներ, որտեղ թեման շոշափվում էր, առավել ևս՝ քննարկվում: Հայտնի ասացվածքի համաձայն` արգելված պտուղը քաղցր է. թեման, լինելով տարիներ շարունակ արգելված, այնուամենայնիվ, հետաքրքրության կիզակետում էր, ինչպես սեռականությանը վերաբերող ցանկացած թեմա, սակայն թեման հրապարակայնորեն քննարկման չէր արժանանում:

Վերջին տարիներին, սակայն, նկատվում է ԼԳԲՏ թեմայի շուրջ դիսկուրսի ձևավորում. դա պայմանավորված է մի շարք գործոններով: Նախևառաջ, նույնասեռ տղամարդկանց սեռական ակտի ապաքրեականացումը հնարավորություն ստեղծեց թեման ազատորեն քննարկելու: Սակավաթիվ, բայց հայտնվեցին մարդիկ, ովքեր խոսեցին իրենց սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության մասին:

Հարկ է նշել նաև տրանսվիստիտ սեքս-աշխատողների (մարմնավաճառ)` հանրային տարածքում հայտնվելու փաստը, որը ևս դիսկուրսի ձևավորման խթան հանդիսացավ:

Հաջորդ ազդեցիկ գործոնը վերջին տարիներին համացանցի լայն տարածումն է երկրում, որի արդյունքում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը սոցիալական ցանցերում խթանեց նաև հանրային քննարկումների ծավալումը և տեղեկատվության ավելի արագ և նպատակաուղղված տարածումը:

Այնուամենայնիվ, ԼԳԲՏ շուրջ հանրային դիսկուրսը հիմնականում կրում է բացասական նրբերանգ: Գերիշխում է ԼԳԲՏ բացառման կամ օտարման դիսկուրսը, որը հիմնականում արտահայտվում է ազգայնական գաղափարախոսության միջոցով:

Ազգայնական դիսկուրսը բացառում է ԼԳԲՏ մարդկանց և նրանց համախոհներին` նրանց կաղափարելով ազգի թշնամու կերպարի մեջ: Այս դիսկուրսը ոչ միայն բացառում է ԼԳԲՏ անձանց հնարավոր ներդրումը ազգի վերարտադրողականության գործում, այլև ԼԳԲՏ-ին կաղապարում է թշնամու կերպարի մեջ՝ հավասարեցնելով արտաքին թշնամու հետ՝ մեղադրելով նրանց ազգի մեծագույն սրբության` ընտանիքի քայքայման, հետևաբար նաև ազգի ոչնչացման մեջ:

«Հայը չի կարող գեյ լինել» արտահայտությունը իր մեջ ամբողջությամբ ամփոփում է այն օտարումը, որին ենթարկվում են ԼԳԲՏ անձիք Հայաստանում: Ազգայնականությունը շեշտադրում է ազգի մաքրությունը` բացառելով ԼԳԲՏ գոյությունը ազգի ներսում` համարելով այն պիղծ, այլասերվածություն:

Երբեմն այս թեմայի շուրջ քննարկումները արհեստականորեն ուրճացվում են` հասարակական ուշադրությունը շեղելով կենսական նշանակության թեմաներից, որոնց շուրջ հասարակությունը համախմբվելու փորձեր է իրականացնում: ԼԳԲՏ թեման հասարակությունը մանիպուլիացիայի ենթարկելու երկու հաջողակ թեմաներից մեկն է` Ղարաբաղյան կոնֆլիկտի հնարավոր սրացումներին համընթաց: Այս երկու թեմաների առաջ բերումն է, որ մարդկանց “սթափեցնում է” և ուշադրությունը շեղում հնարավոր ըմբոստ զարգացումներից:

Ազգայնական գաղափարախոսության գերիշխումը Հայաստանում խոչընդոտում է նաև ԼԳԲՏ շուրջ այլընտրանքային դիսկուրսի ձևավորմանը:

ԼԳԲՏ թեմայով դրական, կամ նույնիսկ չեզոք արտահայտվելը իր մեջ բազմազան ռիսկեր է պարունակում` սկսած նրանից, որ անձը կարող է ինքը պիտակվել նույնասեռական, վերջացրած ատելության հիմքով սպառնալիքներով և ոտնձգություններով: ԼԳԲՏ թեմայի շուրջ ոչ բացասական կարծիքը ոչ միայն չի խրախուսվում, այլև խիստ դիմադրության է արժանանում: Հետևաբար, ԼԳԲՏ թեմայով հասարակության մեջ ոչ բացասական արտահայտվելը խիզախություն է պահանջվում. նախևաջառ, անհատը պետք է պատրաստ լինի դիմակայելու համընդհանուր հոմոֆոբիային, որը ոչ միայն ուղղված է ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ, այլև բոլոր նրանց դեմ, ովքեր սոլիդարություն են հայտնում ԼԳԲՏ-ին կամ խոսում են մարդու իրավունքների և համընդհանուր (universal) իրավահավասարության կոնտեքստում: Վերջին տարիներին արված մի քանի տարբեր հետազոտություններ վկայում են, որ ԼԳԲՏ նկատմամբ համատարած բացասական տրամադրվածությունը անփոփոխ է: Ըստ այդ հետազոտությունների` Հայաստանում յուրաքանչյուր 10-ից առնվազն 9-ը ԼԳԲՏ նկատմամբ բացասական տրամադրվածություն ունի: Հետևաբար, պատահական չէ ԼԳԲՏ թեմային առնչվող յուրաքանչյուրի նույնապես պիտակավորումը:

Համատարած հոմոֆոբիայի պայմաններում, անիրատեսական է նաև ակնկալել ԼԳԲՏ անձանց կողմից իրենց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության մասին բարձրաձայնելը: Նույնիսկ ամենամոտ հարազատների կողմից մերժված լինելու վախը ԼԳԲՏ անձնանց ստիպում է լռել և ապրել երկակի կյանքով` մի կողմից հաճոյանալով հասարակությանը, մյուս կողմից հետևելով սեփական ցանկություններին:

«Ինչ անում են, թող իրենց տան պատերից ներս անեն». ևս մեկ տարածված դիրքորոշում, որը ցույց է տալիս, որ ԼԳԲՏ միայն թաքնված, ծածուկ տեսակն է հանդուրժվում: Թեմայի հանրայնացումը չի խրախուսվում:

ԼԳԲՏ թեմայով մասնագիտական դիսկուրսում տեղաշարժը ևս սակավ շոշափելի է: Մասնագետները, ովքեր չեն ցանկանում պիտակվել որպես ԼԳԲՏ պաշտպան կամ խմբի ներկայացուցիչ, գերադասում են լռել կամ շրջանցել թեման: Հետևաբար մասնագիտական դիսկուրսը ձևավորում են առավելապես նույնասեռականությունը հիվանդություն համարող և դրա դեմ պայքարող մասնագետները, ովքեր իրենց կարծիքները հիմնավորում են առավելապես ժամանակավրեպ գրականությանը հղումներ կատարելով:

ԼԳԲՏ այլընտրանքային դիսկուրսի ձևավորման առաքելությունը ստանձնել են ԼԳԲՏ և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները և ակտիվիստները: Սակայն նրանք էլ մշտապես վտանգված են զգում` հաշվի առնելով իրենց հասցեին հնչող ատելության կոչերն ու սպառնալիքները: Չնայած այն փաստին, որ նրանց կողմից ԼԳԲՏ դիսկուրսը կառուցվում է հավասարության և իրավունքերի համընդհանուր պաշտպանվածության արժեքների հիման վրա, նրանք մեղադրվում են ԼԳԲՏ պրոպագանդայի մեջ:

ԼԳԲՏ պրոպագանդայի ընկալումը միանշանակ չէ. հանդիպում են կարծիքներ, ըստ որոնց ԼԳԲՏ պրոպագանդա կարելի է համարել նույնիսկ ԼԳԲՏ սոսկ գոյությունը,  և կան կարծիքներ, ըստ որոնց, ԼԳԲՏ պրոպագանդան թեմայի հանրայնացումն է, ԼԳԲՏ մարդկանց հանրային տարածքներում հայտնվելը կամ խմբին հատուկ սիմվոլիկայի հանրայնացումը:

Պատահական չէ, որ Հայաստանում տարածված է այն միֆը, որ ԼԳԲՏ թիվը կարող է ավելանալ, եթե նրանք ավելի տեսանելի լինեն հասարակության մեջ:

Այդ իսկ պատճառով, սվիններով է ընդունվում ԼԳԲՏ մասին ցանկացած դրական կամ չեզոք կարծիք: Վախը, որ ԼԳԲՏ թիվը հնարավոր է ավելանա, սարսափեցնում է մարդկանց` խթանելով ԼԳԲՏ նկատմամբ բացասական տրամադրվածությունը:

Նման իրավիճակում դժվար է պատկերացնել թեմայի շուրջ առողջ բանավեճ:

Չնայած ԼԳԲՏ-ն որևէ արտոնություն չի պահանջում սեփական իրավունքների պաշտպանության համար պայքարելով, այլ ևս մեկ անգամ բարձրաձայնում է իրավահավասարության գաղափարը, նրանք պիտակվում են որպես արևմտյան կործանիչ արժեքների կրողներ, իսկ նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները մեղադրվում են արևմտյան պատվեր կատարելու մեջ՝ պատրաստ կործանել սեփական երկիրը սեփական շահը բավարարելու համար:

Չնայած այն բանին, որ ԼԳԲՏ թեմայի արծարծումը հայ հասարակության մեջ առավելապես բացասական արտահայտում ունի, այնուամենայնիվ, թեման այլևս տաբուացված չէ: Թեմայի շուրջ դրական կամ չեզոք դիսկուրսի ձևավորումն է խոչընդոտների հանդիպում` բացառելով այլընտրանքային մոտեցումները: Թերևս հարկ է նշել, որ յուրաքանչյուր թեմայի` տաբուացված լինելուց անցումը քննարկվող թեմայի առաջին քայլն է հետագա լայնածավալ և բազմաբովանդակ քննարկումների ծավալման համար, որտեղ յուրաքանչյուրը իրավունք կունենա արտահայտելու իր տեսակետը առանց պախարակման առարկա դառնալու վախից:

Թեման ամբողջությամբ չքննարկվող լինելուց տրանսֆորմացվում է քննարկվող թեմայի: Չնայած քննարկումների բացասական կոնտեքստին, ատելություն պարունակող կոչերին և արտահայտություններին, հասարակությունը այլևս չի ժխտում ԼԳԲՏ գոյությունը Հայաստանում, ավելին, բարձրաձայնում է թեման և դարձնում քննարկման առարկա:

ԼԳԲՏ թեմայով հանրային բազմակողմանի քննարկումներ ազատորեն ծավալելը դեռևս խնդիր է, սակայն տան ամուր պատերը արդեն իսկ թուլացել են:

Share

Comments are closed.