«Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք» կամ տաբուներից ձերբազատվելու ժամանակը

Arthurn AvtandilyanԱրթուր ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆ
Միջազգայնագետ
Երևան

Հայկական իրականության մեջ ցանկացած երևույթ ունի իր արտաքին, մակերեսի վրա գտնվող և առավել թաքնված ու իրական դրսևորումները, և դա արդարացիորեն վերաբերում է նաև Հայաստան[1]-Սփյուռք[2] հարաբերություններին: Մի կողմից՝ աշխարհասփյուռ հայություն, «Մեկ ազգ, մեկ մշակույթ», Հայկական լոբբի, 200 միլիարդ դոլարն անցնող հայկական համաշխարհային կարողություն և ի վերջո, Սփյուռքի նախարարություն ու համահայկական թելեթոն, մյուս կողմից՝ խաբված սփյուռքահայ գործարար, շահագործվող բարեգործ, «Ով առաքելական չէ, նա հայ չէ» բանաձև ու ներկայից չափազանց հետ ընկած պատկերացումներ հայկական երկու պետությունների առօրյայի ու հայաստաբնակների հոգսերի մասին: Արդյունքում՝ փոխադարձ մեղադրանքներ, չհասկացվածության ու չգնահատվածության զգացողություն և խորացող օտարացում:

Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառներից է այն, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները երկուստեք գլխավորապես ընկալվել են որպես մի բան, որ կարծես թե ժառանգվում է արյամբ կամ գեներով, ու որտեղ քննական հայացք նետելը ոչ միայն անտեղի է, այլ նաև անգամ՝ անհարմար ու ամոթալի: Երկար ժամանակ «մովետոն» էր համարվում մտածելն իսկ, որ ցեղասպանություն վերապրած հայության երկու հատվածների միջև հարաբերություններում կարող են լինել պարզ շահեր և նյութական գերակայություններ, և արդեն լիովին սրբապղծություն էր ենթադրելը, որ որոշակի փուլերում դրանք կարող են միմյանց  չհամընկնել:

Քննական դիտարկման արգելքի հետևանքով առաջացած դատարկությունը լցվեց միմյանց մասին միֆոլոգիական պատկերացումներով: Այսպես, հայաստանցու համար ամբողջացավ սփյուռքահայի՝ գրեթե բացառապես հարուստ բարեգործի կերպարը, որն ապրում է անհոգ ու պրոբլեմներից զուրկ կյանքով, իսկ սփյուռքահայը Հայաստան ասելիս պատկերացնում էր կամ իր հայրենակիցներով բնակեցված մի տարածք, որի միակ առաքելությունը «էրգիրի» ազատագրման ճանապարհին բաստիոն լինելն էր, կամ հակառակը՝ մի «ավետյաց երկիր», որտեղ ամեն ինչ իդեալական է, ինչը նույնչափ հեռու էր իրականությունից, որքան և առաջինը:

Իրականության հետ չաղերսվող այս պատկերների հիման վրա էլ ձևավորվեց ակնկալվող պարտականությունների նույնքան վիճահարույց համակարգը. սփյուռքահայը պարտավոր է մշտապես նյութական օգնություն տրամադրել իր հայաստանաբնակ հայրենակիցներին (որտեղից և առաջացավ «կթու կովի» վիրավորական բնորոշումը), իսկ հայաստանցու առանցքային պարտականությունն է՝ արտաքին քաղաքական բոլոր գործողություններում անխախտորեն գերակա պահել սփյուռքյան հայդատական օրակարգը՝ անկախ երկրի պետական շահերից (հիշենք, որ վերջին տասնամյակում Սփյուռքի առաջին մեծ ընդվզման առիթը հայաստանյան  նախաձեռնության դեմ 2009թ. հայ-թուրքական արձանագրություններն էին):

Փոխադարձ պարտականությունների այդչափ նեղ ընկալումը կենսունակ չէր լինի առանց ինքնահարկադրանքի կամավոր մեխանիզմների՝ տաբուների: Սփյուռքահայը համարեց, որ Հայաստանի քաղաքական համակարգը, հասարակական-քաղաքական հարաբերությունների տեսակը, ժողովրդավարության մակարդակը, ընդհանրապես՝ այն ամենը, ինչ առնչվում է ՀՀ ներքին կյանքին և հատկապես նրա քաղաքական հատվածին, անքննելի են և տաբուացված՝ ցանկացած հանրային քննարկման համար: Ժամանակի և տարածության հեռավորությունից դիտարկելով իրավիճակը՝ կարելի է ենթադրել, որ սկզբնապես սփյուռքահայությունն այդ կերպ ցանկանում էր կամովին սահմանափակել սեփական գործուն ներկայությունը Հայաստանում` լավ չպատկերացնելով տեղական իրավիճակը և չցանկանալով «ջուր լցնել» Արարատյան երկրի հարևան(ներ)ի ջրաղացին:

Մինչև վերջերս արևմտյան սփյուռքահայը մասնակցում էր ներհայաստանյան կյանքին գերազանցապես հետևյալ միջոցներով.

ա) Բարեգործական նախագծեր՝ իրականացվող ինչպես պետական մակարդակով (Հայաստան համահայկական հիմնադրամ և այլն), այնպես էլ անձնական նախաձեռնությամբ (հովանավորչություն, մշակութային հուշարձանների վերականգնում և այլն): Այս նախագծերի հիմնական առանձնահատկությունը դոնորների կողմից կատարված աշխատանքների վերահսկողության գրեթե բացարձակ բացակայությունն է: Ի դեպ, ՀՀ ղեկավարության ներքին հրահանգով արդեն իսկ սահմանափակվում է սփյուռքահայ բարեգործների ազատությունը՝ իրենց ընտրած ծրագրերը ֆինանսավորելու համար. խորհուրդ է տրվում գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամ, քանի որ «մենք ավելի լավ գիտենք՝ որտեղ ավելի շատ օգնության կարիք ունեն»:

բ) Փոքրաթիվ բիզնես նախագծեր, որոնք սակավաթիվ բացառություններով կամ նահանջում են՝ հանդիպելով Հայաստանի հարկային և բյուրոկրատական քաղաքականության տեղական առանձնահատկություններին՝ պետական մակարդակի բարձրացած կոռուպցիային և ռեկետին, կամ սերտաճում են տիրող համակարգի հետ՝ նրան դարձնելով «համասեփականատեր» (ինչպես օրինակ՝ Սերոբ Տեր-Պողոսյանը): Վերջիններս, ցավոք, անտեսում են հենց արևմտյան հասարակություններում ձևավորված փորձն առ այն, որ հանցագործ կառույցների (օրինակ՝ մաֆիայի) հետ գործարքը որևէ անվտանգության երաշխիք իրականում չի տրամադրում կնքողին, այլ նրան պարզապես հանձնում է հանցագործի ողորմածությանը:

Տևական ժամանակ պահպանված այս իրավիճակը Հայաստանի ղեկավարության «բյուրեղյա» երազանքն էր, քանզի հնարավորություն էր տալիս պարբերաբար ստանալ գումարներ՝ առանց դրանց ծախսերի վերաբերյալ հոդաբաշխ հաշվետվության և Հայաստանի ապագային առնչվող կարևորագույն ռազմավարական հարցադրումների: Ցավոք, իրադրությունը շահեկան էր նաև մյուս կողմի համար՝ մի կողմից տպավորություն էր ստեղծվում, որ Սփյուռքը ներգրավված է հայաստանյան խնդիրների մեջ և դրանով կատարում է իր «ազգային պարտքը», մյուս կողմից՝ այդ կերպ Սփյուռքը վճարում էր փաստացիորեն պատասխանատվություն չստանձնելու հնարավորության համար:

Երկու կողմերն, ըստ էության, կնքեցին համակեցության պայմանագիր «միմյանց ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ», ինչը Հայաստանի ռեժիմին թույլ տվեց օգտագործել սփյուռքյան ֆինանսական և քարոզչական ռեսուրսները, իսկ Սփյուռքահայությանը՝ համարել, որ  հայդատական օրակարգում Հայաստանի տրամադրած աջակցությունը առավել էական է, քան կեղծված ընտրությունները, մենաշնորհված տնտեսությունը, կոռումպացված պետական համակարգը և որպես արդյունք՝ պետական շինարարության շարունակական ձախողումը: Այս պայմանագիրը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների տաբուների ինստիտուցիոնալացումն էր:

Ներկայումս, սակայն, իրավիճակը փոփոխության նշաններ է ցույց տալիս: Դրան նպաստեցին, մասնավորապես, 2009թ. հայ-թուրքական արձանագրությունները, երբ Հայաստանը միակողմանիորեն խախտեց Հայկական հարցում սփյուռքյան ընկալմամբ առաջնորդվելու չգրված տաբուն: Սփյուռքյան վրդովմունքի ալիքի վրա ձևավորված վերաիմաստավորումը հանգեցրեց հետևյալին. ներհայկական պահանջատիրությունն անհնարին է առանց փոխադարձ վերահսկողության մեխանիզմների ստեղծման, իսկ դա հնարավոր է իրականացնել բացառապես ուղղակի անհատական մասնակցությամբ՝ տաբուազերծելով պատկերացումները Հայաստանի ներքին կյանքի սակրալության մասին և հասարակական-քաղաքական կյանքի և տնտեսական հարաբերությունների մասին սեփական պատկերացումները «ներմուծելով» ներհայաստանյան հասարակական օրակարգ: Այդպես 2004թ. ապրիլը չնկատած և 2008թ. մարտին խիստ սահմանափակ ուշադրություն դարձրած Սփյուռքը  2013թ. Երևանի ավագանու ընտրություններին անսպասելիորեն մասնակցեց մոտ 200 հոգիանոց դիտորդական «դեսանտով», իսկ հայաստանյան իրականության այս ու այն բացասական կողմերի վերաբերյալ դիրքորոշումները սկսեցին ստանալ հետևողական ու համակարգված բնույթ (ընդհուպ մինչև նախկինում անխախտելի տաբուի անտեսում. արտասահման մեկնած ՀՀ նախագահին անհարմար հարցադրումներ անելը):

Չնայած ապամիֆականացումն ու տաբուազերծումը Սփյուռքի համայնքային օրգանիզմի համար բավականաչափ ցավոտ գործընթացներ են, Սփյուռքը պետք է վերջնականապես թոթափի այն մտայնությունը, թե որեւէ պարագայում չպետք է վիճարկել ներքաղաքական զարգացումները Հայաստանում եւ իշխանությունների գործողությունները` դրսի «թշնամիներին» իբր չուրախացնելու եւ Հայաստանը չթուլացնելու պատճառաբանությամբ: Կոռումպացված համակարգը, անարդյունավետ քաղաքական դաշտը, հանրային հաշվետվություն պահանջելուց ձեռնպահ հասարակությունը և թերզարգացած ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մեծագույն մարտահրավերներն են, որոնց տաբուացումը սպառնում է ընդհանրապես հայ ազգի քաղաքական ապագային:

 

[1] «Հայաստան» ասելով՝ տեքստում նկատի են առնվում ՀՀ-ն և ԼՂՀ-ն:

[2] «Սփյուռք» եզրն օգտագործվում է նեղ իմաստով՝ նկատի ունենալով Արևմուտքում ցեղասպանության հետևանքով ձևավորված հայկական գաղթօջախները:

Share

Comments are closed.