Ղարաբաղյան կարգավորումը 2015 թվականին

MM for mediaՄասիս ՄԱՅԻԼՅԱՆ
Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ
Ստեփանակերտ

2015 թվականն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր երեք կողմերի համար հագեցված էր զանգվածային միջոցառումների և համազգային քվեարկությունների անցկացման տեսանկյունից։ Ողջ տարվա ընթացքում և հատկապես ապրիլին Հայաստանի Հանրապետությունում և Արցախում անցկացվել են Օսմանյան Թուրքիայում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված լայնածավալ ոգեկոչման արարողությունները, մայիսին տեղի են ունեցել ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները [1], հունիսին Բաքվում կազմակերպվել են առաջին Եվրոպական օլիմպիական խաղերը, նոյեմբերին Ադրբեջանում կայացել են խորհրդարանական ընտրությունները, իսկ դեկտեմբերին Հայաստանում անցկացվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։
Տարածաշրջանի համար լուրջ մարտահրավեր են եղել Մերձավոր Արևելքի իրադարձությունները։ Այդ տարածաշրջանում ռազմական դիմակայության շարունակությունը և Սիրիայում ներքին երկխոսության բացակայությունը Մերձավոր Արևելքում և հարակից երկրներում հարատև անորոշության պատճառ են դարձել։

Ի հեճուկս երեք երկրներում կարևոր միջոցառումների հագեցածության և ընդհանուր արտաքին մարտահրավերների՝ ադրբեջանական կողմը շարունակում էր սրել իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում։

Միջազգային միջնորդական ջանքեր

2015թ. ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում էին իրենց առօրյա աշխատանքը։ Միջնորդների հայտարարություններն ու կոչերը հիմնականում վերաբերում էին հրադադարի պահպանման անհրաժեշտությանը, քանի որ սահմաններում իրավիճակը բավականին մտահոգիչ էր։ ԼՂՀ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ քննարկումների այլ թեմաներն էին՝ ռիսկերի նվազեցման միջոցների և երեք երկրների սահմաններին տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակումը, մարդասիրական հարցերը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո անհայտ կորած անձանց մասին տվյալների փոխանակումը, վստահության միջոցառումները և մինչ 2015թ. վերջը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստումը։

Միջազգային միջնորդներն այցելում էին հակամարտության գոտի և մասնակցում հրադադարի ռեժիմի մշտադիտարկումներին։

Կրակովում (հունվարի 27-ին) Ադրբեջանի և Մյունխենում (փետրվարի 6-ին)[2]՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ համանախագահները մտահոգություն են հայտնել սահմաններում լարվածության սրման և մարդկանց զոհվելու կապակցությամբ։

Կրակովում կայացած բանակցությունների արդյունքներով Մինսկի խումբը դիմել է հակամարտության կողմերին. «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին պահպանել հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ստանձնած պարտավորությունները։ Մենք Հայաստանին ևս կոչ ենք անում քայլեր ձեռնարկել լարվածության նվազեցման ուղղությամբ։ Բոլոր կողմերը պետք է պահպանեն կրակի դադարեցման մասին համաձայնագրի պայմանները։ Բռնության աճը խարխլում է խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը»։

Միջնորդներն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել են խաղաղ գործընթացի շրջանակներում հետագա քայլերը, այդ թվում և «ամուր կարգավորմանը հանգեցնելուն և ողջ տարածաշրջանի զարգացմնան վրա դրական ազդեցություն գործելուն ունակ համապարփակ բանակցությունները։[3]

Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր միկրոբլոգում գրառել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունում են Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հավատարմությունը լարվածության նվազեցման ուղղությամբ։[4]

Փետրվարի 7-ին Մյունխենում կայացել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ԵԱՀԿ Գործող նախագահ Իվիցա Դաչիչի (Ivica Dacic) հետ՝ ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի (Andrzej Kasprzyk) և ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի ներկայությամբ։ Հանդիպման մասնակիցները հայտարարել են. «Մենք բոլորս համաձայն ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի շփման գծի երկայնքով տիրող ռազմական իրավիճակը վատթարանում է. այն սպառնալիք է տարածաշրջանային կայունության համար և վտանգի է ենթարկում խաղաղ քաղաքացիների կյանքը… Հակամարտությունը չունի ռազմական լուծում. կողմերը պետք է դադարեցնեն ուժի կիրառումը։ Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել ներթափանցումները, դադարեցնել բնակավայրերի և խաղաղ բնակիչների գնդակոծումը, դադարեցնել պատժամիջոցների սպառնալիքը և ասիմետրիկ ուժի կիրառումը, ձեռնարկել հավելյալ միջոցառումներ՝ լարվածության նվազեցման և հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ։ Մենք անընդունելի ենք համարում ԵԱՀԿ մշտադիտարկումների ժամանակ անվտանգության երաշխիքները ողջ ծավալով չպահպանելը»։[5]

Հակամարտության գոտում բռնության աճի կապակցությամբ մտահոգություն են հայտնել ԱՄՆ Պետդեպարտամենտի[6]և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը զորակցություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ ջանքերին։[7]

Դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցելու համար Բելգրադում հավաքված ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել ԼՂ հակամարտության վերաբերյալ Համատեղ հայտարարությամբ։[8]Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները նախկինի պես միասնական են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ձգտման մեջ։ Վերջին շրջանի լարվածության աճի կապակցությամբ նախարարները կողմերին կոչ են արել հավատարմություն վերահաստատել հակամարտության խաղաղ կարգավորմանը և հերքել սխալ պատկերացումներն այն մասին, թե նրանք անլուրջ են վերաբերվում բանակցակցությունների միջոցով կարգավորմանը հասնելուն։ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պատվիրակությունների ղեկավարները դատապարտել են ականանետների և այլ ծանր զինատեսակների օգտագործումը։ Նախարարներն ընդգծել են. «Գոյություն չունի ԼՂ հակամարտությունը կարգավորելու ռազմական ճանապարհ. անմեղ խաղաղ քաղաքացիների զոհվելն ու վիրավորվելն արդարացում չունի։ Մենք ամենավճռական կերպով կողմերին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել լարվածության նվազեցման և մարդկանց կյանքի պահպանման ուղղությամբ։ Մենք կողմերին կոչ ենք անում ընդունել համանախագահների առաջարկած միջոցառումները՝ լարվածությունը նվազեցնելու համար, մասնավորապես, միջադեպերի հետաքննության անցկացման ԵԱՀԿ մեխանիզմը»։

Ողջունելով կողմերի արձանագրած առաջընթացը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո անհայտ կորած անձանց մասին տեղեկատվության փոխանակման մեջ, նախարար Սերգեյ Լավրովը, Ջոն Քերին և Առլեմ Դեզիրը նշել են, որ անհրաժեշտ է նաև զարգացնել հայ-ադրբեջանակն երկխոսությունը՝ հարևան ժողովուրդների միջև փոխադարձ վստահությունն ամրապնդելու նպատակով։

Հայտարարության վերջում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները Մինսկի խմբին զորակցություն են հայտնել. «Վերջին տարվա ընթացքում մենք ականատես ենք եղել Մինսկի խմբի ձևաչափի դեմ հաճախակիացած սուր դսևորումների։ Մենք ընդգծում ենք, որ Մինսկի խումբը մնում է կողմերի ընդունած միակ ձևաչափը և վայելում է ԵԱՀԿ մասնակից բոլոր պետությունների լիակատար վստահությունը։ Բանակցային գործընթացում առաջադիմության բացակայության համար համանախագահների վրա մեղքը բարդելու բոլոր փորձերն ընդամենը քողարկում են դեպի խաղաղություն տանող ճանապարհին առկա գլխավոր խոչընդոտը՝ հակամարտության կարգավորմանը բանակցությունների միջոցով հասնելու Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական կամքի բացակայությունը»։

2014 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին իրենց երկրների ղեկավարության աջակցությամբ հաջողվել է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երեք հանդիպում։ Ի հեճուկս խոստումների և վաղօրոք հայտարարվածի՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հարթակում նախագահների ակնկալված հանդիպումը չի կայացել։ Սեպտեմբերի 26-ին Նյու-Յորքում հանդիպել են ՀՀ և ԱՀ արտաքին գործերի նախարարները։[9]

Բանակցություններին նախորդել է Ադրբեջանի սանձազերծած լարվածության հերթական սրումը։[10]Ջեյմս Ուորլիքի հաղորդմամբ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հրադադարի ռեժիմի նոր խախտման կապակցությամբ կապ են հաստատել Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ և կոչ արել վերջ դնել հարձակումներին և բռնությանը։ Դարձյալ հավասարության նշան է դրվել մի իրավիճակում, երբ հստակորեն հայտնի կողմի բացահայտ նախահարձակության հետևանքով զոհվել է ԼՂՀ ՊԲ չորս զինծառայող և ՀՀ երեք խաղաղ բնակիչ։

2015թ. դեկտեմբերի 9-ին, ԼՂՀ անկախության 24-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների Հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը չպետք է խուսափի Ադրբեջանի նկատմամբ մեղադրանքներից՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ գոտում զոհերի հանգեցնող մարտեր հրահրելու համար։[11]

2015 թվականին համանախագահները շարունակել են, սակավ բացառություններով, հանդես գալ անհասցե հայտարարություններով։ Ստեղծվել է մի յուրօրինակ արատավոր շրջանակ. համանախագահները չունեն հրադադարի ռեժիմը վերահսկելու և միջադեպերը հետաքննելու արդյունավետ մեխանիզմ, այդ իսկ պատճառով համանախագահներն ու ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակը չեն կարող ուղղակի կերպով մատնանշել մեղավորներին։ Հայաստանը և ԼՂՀ-ն համաձայն են քննարկել հետաքննության մեխանիզմի մանրամասները, բայց գործընթացին խոչընդոտում է Ադրբեջանը, ինչն արտացոլվել է 2015թ. սեպտեմբերի 26-ին միջազգային միջնորդների հայտարարությունում։[12]Անվերահսկելի իրավիճակը ձեռնտու է ադրբեջանական կողմին, որը շարունակում է իր ռազմական դիվանագիտությունը՝ չկրելով լիակատար պատասխանատվություն հրադադարի պայմաններում կրակի դադարեցման ռեժիմը խախտելու և մարդկանց, այդ թվում՝ խախաղ բնակիչներին սպանելու համար։

Գործը հասել է նրան, որ ԵԱՀԿ միջազգային միջնորդներն անձամբ ադրբեջանական գնդակոծության տակ են ընկել հրադադարի ռեժիմի մշտադիտարկման և ԼՂՀ-ի ու Ադրբեջանի պետական սահմանի հատման ժամանակ։[13]Սակայն կոնկրետ մեղավորը կրկին չի մատնանշվել։ Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ամերիկացի համանախագահն իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է կատարել. «Երբ մենք անցնում էինք շփման գիծը՝ միմյանց հաջորդած կրակոցները հարկադրել են ԵԱՀԿ ՄԽ դիտորդներին ապաստան որոնել։ Դա անընդունելի է»։ Տարածաշրջան կատարած այցի արդյունքներով համանախագահները նշել են, որ այդ միջադեպն ընդգծում է ԵԱՀԿ-ին՝ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմով օժտելու անհրաժեշտությունը։[14]

Ակնհայտ է, որ միջազգային վերահսկողության բացակայության, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պահպանման և միջազգային խաղաղարար առաքելությունների անդամների անվտանգության երաշխիքների ստանձնած պարտավորությունների չկատարման պայմաններում առնվազն պետք է դադարեցնել միջնորդների՝ արցախա-ադրբեջանական չկարգավորված սահմանն անցնելու պրակտիկան։ ԼՂՀ-ն չպետք է միջազգային պատասխանատվություն ստանձնի ադրբեջանական կողմի հանցավոր վարքագծի համար։

Հրադադարի ռեժիմի վերահսկման թեման կենտրոնականն էր հայ-ադրբեջանական գագաթաժողովում։ Դեկտեմբերի 19-ին Բեռնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ 2015 թվականի միակ հանդիպումը, թեև տարվա ընթացքում եղել են շփվելու նաև այլ հնարավորություններ։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ամփոփիչ հայտարարության մեջ ասվում է, որ նախագահները պաշտպանում են համանախագահներին՝ սահմանին բռնության նվազեցմանն ուղղված շարունակական աշխատանքներում, ինչպես նաև հետաքննական մեխանիզմների ներդրման գործում: Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը միշտ էլ սատարել են այս գաղափարը։ Թե որքանով են փոխվել ադրբեջանական կողմի մոտեցումները՝ կպարզվի մոտ ապագայում։

2015 թվականին ադրբեջանական կողմը շարունակում էր ձեռնարկել բանակցային գործընթացը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից դուրս բերելու և, մասնավորապես, ԵԽԽՎ հովանու ներքո տեղափոխելու փորձերը։  Համանախագահները քննադատել են հիշյալ փորձերը և նշել. «Հակամարտության կարգավորման համար հնչում են բանակցային նոր ձևաչափեր և աշխատանքային խմբեր ստեղծելու առաջարկություններ։ Կարծում ենք, որ Մինսկի խումբն ունի միջնորդական առաքելության բացառիկ փորձառություն։ Մինսկի խմբի ձևաչափն ընդունելի է բոլոր կողմերի համար և վայելում է ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունների լիակատար վստահությունը։ Հաշվի առնելով բանակցությունների նրբանկատությունը՝ ձևաչափը փոխելու փորձերը կամ մեխանիզմների զուգահեռ ստեղծումը կարող են խախտել բանակցությունների գործընթացը և խոչընդոտել կարգավորման առաջընթացին»։

Հոդվածի ամբողջական տարբերակը զետեղված է հետևյալ հղմամբ

 

[1]  М.Маилян, «Выборы в условиях перемирия: Парламентские выборы в Нагорно-Карабахской Республике в 2015г.», Институт Кавказа, http://c-i.am/wp-content/uploads/policy-brief-05_2015_ru.pdf

[2]  Press Statement by the Minsk Group Co-Chairs, http://www.osce.org/mg/139351

[3] Press Release by the Minsk Group Co-Chairs, http://www.osce.org/mg/136876

[4] МГ ОБСЕ приветствует приверженность Налбандяна к уменьшению напряженности, http://news.am/rus/news/251385.html

[5] Statement by OSCE Chairperson-in-Office and Co-Chairs of the OSCE Minsk Group on latest developments in the Nagorno-Karabakh peace process, http://www.osce.org/cio/139411

[6] Госдеп обеспокоен в связи с инцидентами в зоне карабахского конфликта, http://news.am/rus/news/246953.html

[7] ПА ОБСЕ, и НАТО поддерживают усилия Минской группы по решению карабахской проблемы, http://www.panarmenian.net/rus/news/187561/

[8] Совместное заявление глав делегаций стран – сопредседателей Минской группы ОБСЕ, Белград, 3 декабря 2015 года, http://www.osce.org/mg/206036

[9] Press Statement by the Co-Chairs of the OSCE Minsk Group, http://www.osce.org/mg/185746

[10] Погибли четверо военнослужащих Армии обороны, есть раненые, http://rus.azatutyun.am/archive/New/20150925/3282/3282.html?id=27271315

В связи с приграничными инцидентами омбудсмен Армении обратился к международному сообществу, http://rus.azatutyun.am/archive/New/20150925/3282/3282.html?id=27269890

[11] Эд Ройс и Адам Шиф призвали Правительство США не закрывать глаза на агрессивные действия Баку, http://news.am/rus/news/301611.html

[12]  Press Release by the Co-Chairs of the OSCE Minsk Group, http://www.osce.org/mg/199471

[13]   Сопредседатели МГ ОБСЕ вынужденно надели бронежилеты: ВС Азербайджана нарушили режим перемирия в ходе мониторинга, http://www.panorama.am/ru/news/2015/10/27/osce-co-chairs/1469579

[14]  Press Release by the Co-Chairs of the OSCE Minsk Group, http://www.osce.org/mg/195146

Share

Comments are closed.