Ավազ Հասանով. Դեպի Ռուսաստան շրջադարձի գաղափարն Ադրբեջանում քչերին է գրավում

Հումանիտար հետազոտությունների միության (Բաքու) տնօրեն Ավազ Հասանովն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունների հեռանկարների մասին, մեկնաբանում Արևմուտքի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հետ Բաքվի հարաբերությունների հեռանկարները:

-Արդյո՞ք արևմտյան կազմակերպությունների կողմից ֆինանսավորվողադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբպետական քաղաքականության էլ ավելի խստացում եք սպասում:  

-Այն ամենը, ինչ հնարավոր էր անել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ցանցի փլուզման համար, արդեն արվել է: Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը, Հարավային Կովկասում իր գործընկերների համեմատ, երեք տարի հետ է մնում: Քաղաքացիական հասարակության այլընտրանքային մտածող միջավայրը կաթվածահար է, գտնվում է երկրի սահմաններից դուրս, բանտարկված է և չի կարող գործել՝ անբավարար ֆինանսավորման պատճառով: Արևմտյան ֆինանսական օգնություն գործնականում ոչ ոք չի կարող ստանալ, քանի որ դրամաշնորհների ստացման համար ընթացակարգ մինչ այժմ չի ընդունվել, իսկ դոնորները սառեցրել են Ադրբեջանում իրենց գործունեությունը:

Իշխանությունները խոստանում են աստիճանաբար կարգավորել արևմտյան դրամաշնորհների ստացման օրենսդրությունը: Թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար, հայտնի չէ, ինչպես հայտնի չէ, թե ընդհանրապես կկարողանան Ադրբեջան վերադառնալ ամերիկյան դոնորները, որոնց անունները հիշատակվում  են ՙգունավոր հեղափոխություններում՚: Դա շատ մեծ հարց է:

Ձեր կարծիքով, խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ինչպե՞ս  կանդրադառնան ԱՄՆ և Եվրամիության երկրների հետ Ադրբեջանի հարաբերությունների վրա:

-Ադրբեջանում ընտրություններն ընթացել են բազմաթիվ թերություններով, որոնք հազիվ թե դուր գան ԱՄՆ-ում և Եվրոպայում գործող միջազգային ինստիտուտներին՝ հատկապես հաշվի առնելով, որ բոլոր այդ կառույցներն ընտրությունների անցկացման որոշակի չափանիշներ ունեն այն երկրներում, որոնց հետ համագործակցում են: Այդ պատճառով Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների նկատմամբ նրանց վերաբերմունքն ակնհայտորեն միանշանակ չէ: Բայց չէի ասի, թե ընտրությունները մեծ նշանակություն ունեն երկրի հետ հարաբերություններ կառուցելիս: Առավել ևս, որ վերջին ընտրություններից հետո մենք լսեցինք որոշ կարևոր ինստիտուտների բավականին թույլ քննադատությունը՝ Պետդեպարտամենտի, Եվրամիության, Եվրախորհրդի և այլն: Եվ միայն որոշ միջազգային կազմակերպություններ՝ ի դեմս Մարդու իրավունքների տների ցանցի, քննադատեցին ընտրությունների արդյունքները՝ ՙանօրինական՚ համարելով դրանք: Կարծում եմ՝ աշխարհաքաղաքական լարված իրավիճակը տարածաշրջանում երկրորդ պլան է մղում Ադրբեջանում ընտրությունների արդյունքները: ԱՄՆ և Եվրոպայի երկրների համար շատ կարևոր է, որպեսզի Ադրբեջանը, որպես օղակ Հարավային Կովկասում, Ռուսաստանի թակարդում չհայտնվի, և կատարի իր նոր դերը՝ օգնելով Իրանի տնտեսությանն ինտեգրվել եվրոպական շուկային:

Արևմուտքի հետ հարաբերությունների սրացումն արդեն հանգեցրել է Բաքվի արտաքին քաղաքականությունում դեպի Հյուսիս շրջադարձի: Ինչպե՞ս  եք պատկերացնում նման միտումների հեռանկարները:

-Մոսկվայում ուշադրությամբ հետևում են Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին: Ավելին, երբեմն ռուս քաղաքական գործիչները և վերլուծաբաններն ավելի հաճախ են հայտնվում մեր զանգվածային լրատվամիջոցներում, քան մեր սեփական գործիչները: Ռուսաստանցի քաղաքական գործիչները նույնիսկ չեն թաքցնում իրենց ուրախությունը՝ կապված Արևմուտքի հետ Ադրբեջանի օրեցօր վատթարացող հարաբերությունների հետ, և ամեն գնով նպաստում են դրան: Միաժամանակ նրանք լոյալություն են դրսևորում Ադրբեջանում ներքաղաքական գործընթացների առնչությամբ:

Այնուամենայնիվ, Ռուսաստանի ղեկավարության կողմից, Արևմուտքի հետ ինտեգրման փոխարեն, Բաքվին առաջարկվող նախագիծը՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը, այնքան էլ չի համապատասխանում Ադրբեջանի շահերին և մտավախություն է հարուցում շատերի մոտ: Կարծում եմ՝ այսօր դեպի Ռուսաստան շրջադարձի գաղափարն Ադրբեջանում քչերին է գրավում: Այնուամենայնիվ, ավելի շատ նախապատվություն է տրվում երկրի չեզոքությանը: Թե որքանով դա կհաջողվի պաշտոնական Բաքվին, ժամանակը ցույց կտա:

Ի՞նչ իրական նպատակ է հետապնդում ՙօկուպացումից ադրբեջանական տարածքներն ազատագրելու՚ վերաբերյալ Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի հայտարարությունը:  

-Սահմանին լարվածության պայմաններում Թուրքիան շատ հետաքրքիր քայլեր կատարեց: Մասնավորապես, Ադրբեջանի հետ ՌՕՈւ համատեղ զորավարժությունները շատ վերլուծաբանների կողմից գնահատվեցին՝ որպես ռազմական համագործակցության խորացում: Մեծանում է հույսը, որ Թուրքիան կարող է ռազմական աջակցություն ցույց տալ Ադրբեջանին, եթե Բաքուն ստիպված լինի ռազմական ճանապարհով հասնել ղարաբաղյան հակամարտության լուծմանը: Թուրքիան միշտ ղարաբաղյան խնդրի լուծման հարցում Ադրբեջանին քաղաքական աջակցություն ցույց տալու պատրաստակամություն է հայտնում, սակայն ռազմական աջակցության վերաբերյալ ցանկացած կարծիք շատ զգույշ է հայտնվում: Այս առումով Ադրբեջանին աջակցության վերաբերյալ Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի վերջերս արած հայտարարությունն ավելի շատ քաղաքական բնույթ է կրում, քան նշանակում է, որ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանի կողմում կռվել հարևան երկրի հետ:

Արդյո՞ք Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները կարող են ինչ-որ կերպ ազդել Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների վրա:

-Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարող են Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների վրա ազդել միայն Թուրքիայում կառավարության փոխվելու դեպքում: Այժմ Սահմանադրությունում փոփոխությունների հասնելու համար Ռեջեփ Էրդողանի համար շատ կարևոր է կայուն գործընկերներ ունենալ իր շուրջը: Եվ առայժմ այդ դերին շատ լավ համապատասխանում են Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ:Այդ պատճառով, հաղթելով ընտրություններում՝ Էրդողանի կուսակցությունը շահագրգռված է Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների խորացմամբ: Այսպիսով, հաշվի առնելով Ադրբեջանի նշանակությունը Թուրքիայի համար՝ մեծ է հավանականությունը, որը Դավութօղլուի կառավարությունը կպահպանի նախկին քաղաքական գիծն Ադրբեջանի հետ հարաբերություններում:

Ինչպե՞ս եք պատկերացնում իրանա-ադրբեջանականփոխհարաբերությունների հեռանկարները՝ հաշվի առնելով Իրանի միջուկային խնդիրը կարգավորող համաձայնագրերի ստորագրումից հետո Թեհրանի դերի ու հնարավորությունների մեծացումը: 

-Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման դեպքում Թեհրանը տնտեսական և քաղաքական ոլորտներում մանևրի համար լայն դաշտ կունենա: Տնտեսական կապեր կհաստատվեն արևմտյան երկրների հետ, կմեծանա վերջիններիս միջև ապրանքաշրջանառությունը և որպես արդյունք՝ Իրանի և Ադրբեջանի առևտրային հարաբերություններին զարգացման լրացուցիչ խթան կհաղորդվի:

Իրանն իր հերթին լրացուցիչ բոնուսներ կստանա ՙԻսլամական պետության՚ դեմ պայքարում, ինչը կնպաստի հարևան Սիրիայում ահաբեկչության նկատմամբ վերահսկողության խստացմանը: Դա նշանակում է, որ Ադրբեջանը՝ որպես շիիթական երկիր, ի դեմս Իրանի դաշնակից է գտնում ԻՊ դեմ պայքարում: Իսկ հաշվի առնելով Իրանի վերադարձն ակտիվ գլոբալ քաղաքականություն՝ նման դաշնակցությունը բավականին առավելություններ կբերի Ադրբեջանին:

Դավիթ Ստեփանյան
Arminfo

Share

Comments are closed.