2015-ը վերանայման տարի էր ԵՄ-ի հարևանության քաղաքականությունում

AnnaԱննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

Շուրջ 11 տարի է անցել «Եվրոպական հարևանության քաղաքականության» և 6 տարի՝ «Արևելյան գործընկերության» ծրագրի մեկնարկից հետո:  Հարևանների հետ հարաբերություններում 2015-ին  ԵՄ-ն որդեգրեց վերափոխման մարտավարությունը, որը հիմք նախապատրաստեց հետագա առավել արդյունավետ համագործակցության համար: Այս տարվա համար առանցքային էին երկու իրադարձություն, որոնք էլ մատնանշեցին ԵՄ-ի և հարևանների քաղաքական երկխոսության հետագա  տեսլականը:Առաջինն «Արևելյան գործընկերության» շրջանակներում կայացած Ռիգայի գագաթաժողովն էր, իսկ երկրորդը` հուլիսի 9-ին Եվրոպական խորհրդարանում ընդունված բանաձևի հիման վրա նոյեմբերի 18-ին ընդունված Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայված քաղաքականության փաստաթուղթը:

Մայիսի 21-22-ը Ռիգայում կայացավ «Արևելյան գործընկերության» երկրների համաժողովը, որն ուկրաինական իրադարձությունների արդյունքում ձևավորած աշխարհաքաղաքական նոր իրավիճակի պայմաններում առաջին հանդիպումն էր: Համաժողովը չի կարելի բնութագրել շրջադարձային, սակայն այն նոր մեկնարկ էր ԵՄ-ի և մասնակից վեց երկրների միջև, քանի որ ավելի հստակեցվեց համագործակցության ձևաչափն առանձին երկրների հետ:

2009-ին «Արևելյան գործընկերության » ծրագրի գործարկման ժամանակ բոլոր վեց երկրները, կարծես թե, գտնվում էին համահավասար հարթությունում և առաջարկվող գործիքակազմը գրեթե նույնն էր, սակայն  համատեղ աշխատանքի  վեց տարիները երկրներից յուրաքանչյուրի համար հստակեցրեցին առաջնահերթություննեը և համագործակցության ցանկալի սահմանը: Ըստ այդմ էլ ձևավորվեց երկրների  մի քանի խումբ. առաջինի մեջ մտնում են Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան, որոնց աշխարհաքաղաքական ընտրանքը կանգնել է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման` ընդհուպ ԵՄ-ին անդամակցելու վրա (նրանց  հաճախ անվանում են ինտեգրացիոն եռյակ):

«Արևելյան գործընկերության անդամ մյուս երեք երկրներին դժվար է  միասնական խմբի մեջ ընդգրկելը:  Հայաստանն առաջարկում էր «Արևելյան գործընկերության  «3-1-2» պայմանական բանաձը, որտեղ  1-ի դերում հանդես էր գալիս Հայաստանը, որը, չնայած «Եվրասիական տնտեսական միությանն» անդամակցելուն, տակավին ցանկանում էր խորացնել հարաբերությունները նաև ԵՄ-ի հետ, իսկ Բելառուսն ու Ադրբեջանը, որոնք առանձնապես խանդավառություն չէին ցուցաբերում «Արևելյան գործընկերության» շրջանակներում,  կատարում էին 2-ի դերակատարությունը: Սակայն ԵՄ-ն այնքան էլ հակված չէր  նման մոտեցման: Առաջարկվեց նաև «3-2-1» բանաձևը, ըստ որի երկուսի մեջ էին մտնում Հայաստանն ու Բելառուսը, որոնց հետ համագործակցության ժամանակ ԵՄ-ն ստիպված է հաշվի առնել այն հանգամանքը, որ երկրները «Եվրասիական տնտեսական միության» անդամ են,  սակայն այս տարբերակն էլ,  ընդունելություն չգտավ: Երկար բանակցություններից, խորհրդատվություններից հետո ԵՄ-ն հարևանության քաղաքականության վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնեց տարվա վերջին:

Նոյեմբերի 18-ին ընդունվեց «Եվրոպական հարևանության քաղաքականության» վերնայված քաղաքականությունը, որի հիմքում ընկավ  տարբերակման սկզբունքը: Աշխարհաքաղաքական զարգացումները ԵՄ-ին ստիպեցին հասկանալ, որ ոչ «Արևելյան գործընկերության», ոչ էլ «Եվրոպական հարևանության»  շրջանակներում չեն կարող բոլոր երկրների նկատմամբ միասնական դիրքորոշում որդեգրել:   Ի դեմս երկու  ծրագրերի կա միասնական հարթակ, սակայն գործընկեր երկրներից յուրաքանչյուրին այսուհետ կցուցաբերվի անհատական մոտեցում: ԵՄ-ն հաշվի  է առնելու յուրաքանչյուր երկրի շահը և հարաբերությունները կխորացնի հենց այն ոլորտներում, որտեղ իսկապես անվտանգ և ապահով է աշխատելը:

Հաջորդ կարևոր սկզբունքը, որն ամրագրված էր փաստաթղթում, կայունության ապահովումն էր: Ե՛վ «Եվրոպական հարևանության քաղաքականությունը», և՛ «Արևելյան գործընկերությունը»  ծրագրեր էին, որոնք եվրոպական մեծ ընդլայնումից առաջ և հետո փորձում էին կանխատեսելի դարձնել ԵՄ-ի հարևաններին: Այսպես, 2003թ. դեկտեմբերի 12-ին ԵՄ-ն ընդունեց «Եվրոպական անվտանգության ռազմավարությունը», որում տեղ էին գտել այն հիմնական մարտահրավերները, որոնք սպառնում են ԵՄ-ի անդամ-երկրների և ընդհանրապես մարդկության անվտանգությանը` ուղենշելով դրանց դեմ պայքարելու ռազմավարությունը:  Առանցքային այդ փաստաթղթի  ընդունումից հետո 2004-ի հունիսին Ադրբեջանը, Ալժիրը, Բելառուսը, Եգիպտոսը, Թունիսը, Իսրայելը, Լիբանանը, Լիբիան, Հայաստանը, Հորդանանը, Մարոկկոն, Մոլդովան, Պաղեստինը, Վրաստանը և Ուկրաինան ներառվեցին ԵՀՔ ծրագրի մեջ, որի նպատակն էր ուրվագծել ներկայիս ԵՄ սահմաններն ու  նպաստել ԵՄ անվտանգության երաշխիքների ձևավորմանը` հարևաններին առավել տրամաբանական ու կանխատեսելի դարձնելով:

Ունենալով զարգացած և կայուն հարևաններ` ԵՄ-ն իրեն շրջապատում է պաշտպանական գոտիով` սահմաններով, որոնք միգուցե առաջինն իրենց վրա կկրեն ԵՄ-ին սպառնացող վտանգները: Նոր հարևան երկրները, ի խրախուսումն քաղաքական ու տնտեսական բարեփոխումների, ստանում են ԵՄ-ի հետ համագործակցելու արտոնյալ պայմաններ: Այդ երկրներին առաջարկվում են ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման նոր հեռանկարներ` ըստ երկրների անհատական առաջընթացի: Ծրագրի իրականացման ընթացքում 2008թ-ին Եվրոպական հանձնաժողովը մշակեց «Եվրոպայի էներգետիկ անվտանգության և համերաշխության գործողության պլանը», դրանով որպես մատակարար և տարանցիկ երկրներ նախատեսվում էր ընդգրկել Ադրբեջանին, Վրաստանին, Թուրքիային, Եգիպտոսին, Իրաքին, Թուրքմենստանին, Ղազախստանին: Այս փաստաթղթի ընդունումից հետո հաջորդ քայլը եղավ տարածաշրջանի երկրների հետ նոր, ավելի խորը մակարդակի ծրագրի մեկնարկի ազդարարումը:  2009թ. մայիսի 7-ին Պրահայում ստորագրվեց միացյալ հռչակագիր` մի կողմից ԵՄ-ի, մյուս կողմից` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի միջև: Սրանով սկիզբ դրվեց «Արևելյան գործընկերությանը»: Ծրագիրը նպատակ ուներ առավել խորը հիմքերի վրա դնել ԵՄ-ի համագործակցությունը հիշյալ երկրների հետ ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ մեխանիզմների օգնությամբ, որը թույլ կտա շարունակվող բարեփոխումներին զուգընթաց ապահովել ԵՄ-ի հետ տնտեսական և քաղաքական ինտեգրման բարձր ցուցանիշ:

Այսպիսով, տեսնում ենք, որ երկու ծրագրերն էլ միտված էին ԵՄ-ի շուրջը կայունության գոտի ստեղծելուն, սակայն ստացվեց հակառակը, տարածաշրջանում հրահրվեցին նոր  հակամարտություններ:

Խնդիրը նրանում էր, որ ի սկզբանե ԵՄ-ում երկու հակադիր մոտեցումներ էին ձևավորվել «Արևելյան գործընկերության»  նկատմամբ: Ճամբարներից մեկը, մի շարք ռուսաֆոբ երկրների գլխավորությամբ, ծրագրին փորձում էին հակառուսականություն հաղորդել և ԱԼԳ երկների հեռակա նպատակներից էին համարում ԵՄ-ին անդամակցությունը: Իսկ երկրների մյուս խումբը, Գերմանիայի գլխավորությամբ, փորձում էր խուսափել հակառուսական սուր շեշտադրումներից և հայտարարում, որ «Արևելյան գործընկերությունը»  ԵՄ-ին անդամակցության շեմը չէ և ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ 2004-ի ԵՄ-ի մեծ անդամակցությունից հետո ընդլայնված սահմաններն ավելի անվտանգ դարձնելու նախագիծ է:  Քանի որ առաջին ճամբարի մոտեցումները   եվրոպական հարևանության գոտին դարձրեցին անկայուն, ընդունված նոր մոտեցման մեջ ավելի գերակշիռ էին երկրորդ ճամբարում տիրող  հայացքները:

ԱԼԳ  երկրների շարքում տարին, թերևս, առավել հիշարժան էր  Հայաստանի համար: Ռիգայի գագաթաժողովի ժամանակ հայտարարվեց Հայաստան-ԵՄ հետագա գործակցության շարունակման մասին, որի տրամաբանական շարունակությունը դարձավ  դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը, որով ազդարարվեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը։ Վիլնյուսյան գագաթաժողովից հետո առաջին հայացքից փակուղի մտած հարաբերությունները վերաիմաստավորվեցին և հստակեցվեցին համագործակցության հիմնական  չորս ոլորտները, որոնց շարքում են վիզայի ռեժիմի դյուրացման խնդիրները, Հայաստանի բաց երկնքի քաղաքականությունն ու դրա ընձեռած հնարավորությունները, «Հորիզոն 2020» ծրագրում հայկական կողմին ներգրավելու հեռանկարը և, իհարկե, այն ոլորտների հստակեցումը, որոնց շուրջ հետագայում պետք է կողմերը պայմանագիր ստորագրեն:

2015-ն այնքան էլ չարդարացրեց Վրաստանի և Ուկրաինայի սպասելիքները: Ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Վրաստանի իշխանությունները հույս ունեին ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժիմի մասին համաձայնագիր կնքել մայիսին կայացած Ռիգայի գագաթաժողովի ժամանակ, սակայն Եվրահանձնաժողովի՝ մայիսի 15-ին հրապարակած առաջին զեկույցի համաձայն այս երկրներից ոչ մեկն ամբողջությամբ չէր կատարել դրա համար նախատեսված Գործողությունների պլանը: Երկրորդ զեկույցը նախատեսված էր դեկտեմբերի 15-ին, սակայն հետաձգվեց, որը ևս մեկ անգամ ամրապնդեց կասկածները, որ 2016-ի սկզբին ևս այս երկու երկրները չեն ստանա այդքան ցանկալի արտոնագիրը: Վրաստանը գուցե որոշակի շանսեր ունի, սակայն  Ուկրաինայի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմը դժվար գործի, քանի որ ԵՄ ոչ բոլոր երկրները կցանկանան առանց վիզային ռեժիմ ունենալ մի երկրի հետ, որի տարածքում կա հակամարտություն և որը չի վերահսկում իր սահմանի մի զգալի հատվածը:

Բելառուսն ու Ադրբեջանը մեծ ակնկալիքներ չունեին Ռիգայի գագաթաժողովից և նույնիսկ չէին ներկայացել նախագահների մակարդակով: Բելառուսի համար, փաստացի, մնում է տնտեսական շրջանակի առաջնահերթությունը. այսինքն՝ ցանկացած հարց, կապված տնտեսական համագործակցության, ներդրումների, առևտրի հետ, իսկ մնացած հարցերը տեղ  չունեն ԵՄ-Բելառուս հարաբերությունների օրակարգում:

Նույնը կարելի է ասել նաև Ադրբեջանի մասին, որն առանձնահատուկ մոտեցում էր պահանջում  ԵՄ-ից` շեշտը դնելով տնտեսական բաղադրիչի վրա:  Ռիգայի գագաթաժողովից Ադրբեջանը ձեռնունայն վերադարձավ, իսկ ողջ տարվա ընթացքում բավականին լարված էին ԵՄ-ի հետ հարաբերությունները, քանի որ վերջինս ժողովրդավարական երկրներին հարիր պահանջներ էր ներկայացնում ադրբեջանական իշխանություններին:

Մոլդովան միակ երկիրն է, որի քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզային ռեժիմի ուղևորվել շենգենյան գոտի: Վաղուց ստորագրվել և գործում է նաև Ասոցացման համաձայնագիրը: Ներկայումս հարաբերություններում նոր տեսլականներ են պետք, սակայն ԵՄ-ն դեռևս դժգոհ է այդ երկրում տիրող օլիգարխիկ  համակարգից և չի պատրաստվում ավելին առաջարկել պաշտոնական Քիշնևին:

Այսպիսով, եթե ամփոփենք 2015 թվականը, ապա  այն ԵՄ-ի և հարևանների  հարաբերություններում  վերափոխումների տարի էր: Այս տարվա ընթացքում հող նախապատրաստվեց հետագա առավել արդյունավետ համագործակցության համար, որը կլինի ավելի իրատեսական և   հաշվի կառնի անդամ երկրներից յուրաքանչյուրի առաջնահերթությունները: 2015 թվականը նախորդ տարիների սխալներն ուղղելու  ժամանակահատված էր, փորձ՝ միտված կանխելու  վերահաս ճգնաժամերը:

Share

Comments are closed.