Հաշմանդամ խաղաղությունը եւ Տիգրանի՝ ֆերմա ունենալու երազանքը

Տիգրան Մկրտչյանը ծնվել է 1994թ․ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում ղարաբաղա-ադրբեջանական պատերազմում հրադադարի հաստատումից հետո, սակայն ստիպված է ողջ կյանքում կրել պատերազմի հետեւանքները։

«Ուղղանկյունաձեւ երկաթի փոքրիկ կտոր էր, դանակով փորփրեցի՝ պայթեց»,- իր հետ կատարվածը մեկ նախադասությամբ է պատմում նա։

Մկրտչյան եղբայրները միասին էին, երբ եղավ պայթյունը. Տիգրանը կորցրեց ձախ աչքը եւ ձեռքը, իսկ փոքր եղբայրը՝ Շահենը, բեկորային վնասվածքներ ստացավ գլխին։

«Ինքը չէր կարող իմանալ, թե դա ինչ է, միայն կռված մարդը կհասկանար, որ երկաթի այդ կտորը հակատանկային նռնակ է»,- ասում է Տիգրանի հայրը՝ Սմբատ Մկրտչյանը։

2005թ․ նոյեմբերի 29-ը ճակատագական օր դարձավ Մկրտչյանների ընտանիքի համար։ Տիգրանն այդ ժամանակ սովորում էր 5-րդ դասարանում: «Դպրոցի տնօրենը Տիգրանին արգելեց ուսումը շարունակել համադասարացիների հետ՝ առաջարկելով նրան անհատական ուսուցում՝ տանը կամ դպրոցում, բացատրելով, թե մնացած երեխաների ուշադրության կենտրոնում կլինի»,- պատմում է Տիգրանի մայրը՝ Լեյլան։

«4 տարի առավոտից երեկո ես դիմավորում եւ ճանապարհում էի ուսուցչուհիներին, խանութի լավագույն քաղցրավենիքներն էի հյուրասիրում, միայն թե տղաս իրեն լավ զգար, ուսում ստանար»,- պատմում է նա։

Մայրը ստիպված է եղել տարիներ շարունակ բազում դռներ ծեծել,
պատահել է՝ որոշ պաշտոնյաների սենյակներում քմծիծաղով են ընդունել նրան․«Մտա աշխատասենյակ, ասացի՝ ես Տիգրան Մկրտչյանի մայրն եմ, ասացի ինչ է անհրաժեշտ, սկսեցին ծիծաղել, հանեցի որդուս նկարը, դրեցի սեղանին ու հարցրի, այսպիսի երեխա ունեցող մոր վրա կարելի՞ է ծիծաղել»,- հիշելով գլխով անցածը արտասուքների միջից պատմում է նա, նորից հանելով Տիգրանի նկարը. նա անգիտակից պառկած է՝ դեպքից մի քանի օր անց։

Իրենց հասանելիք օգնությունն արդեն մի քանի տարի է, ինչ ստանում են, ամեն ամիս որդուն հասցնում են Երեւան՝ փոխելու աչքի պրոթեզը, ձեռքի պրոթեզին այդպես էլ չսովորեց Տիգրանը։

Լեյլան տոպրակից հանում է պլաստմասե ձեռքը՝ նշելով, որ ինչպես առաջին անգամ ստացել են, այդպես էլ դրված է տան մի անկյունում՝ մանկական չափերով․ «չգիտեմ, որակից էր, թե ինչից, բայց այդպես էլ չհամաձայնվեց դնել, անհարմար էր»։

Տիգրանը մեկն է նրանցից, ովքեր տուժել են պատերազմից մնացած զինամթերքի պայթյունի հետեւանքով։

Ինչպես մեզ տեղեկացրին «The HALO Trust» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության ղարաբաղյան գրասենյակից՝ Արցախում 1995 թվականից մինչ օրս տեղի է ունեցել 281 դժբախտ պատահար (188 ականներից, 93 չպայթած զինամթերքից), որոնց պատճառով տուժել է 366 մարդ:

Մկրտչյանների 6 հոգանոց ընտանիքն ապրում է թոշակի անցած նախկին զինվորականի՝ Սմբատ Մկրտչյանի 85 հազար դրամ թոշակով եւ Տիգրանի ստացած նպաստով։
Այդուհանդերձ, մի ձեռքով Տիգրանն աշխատում է՝ որտեղ պատահի, նույնիսկ աղյուս է տեղափոխում։

Առանձնակի հոգատարությամբ է Լեյլան վերաբերվում որդուն, մայրական բնազդով մինչ օրս նրան պաշտպանելու ջանքերն ակնհայտ են։

Խանդաղատանքով է խոսում Տիգրանի մասին, նշում, որ աշխատասեր է, չի խուսափում ոչ մի աշխատանքից։

«Ուզում էի կովեր վերցնել, իմ սեփական անասնաֆերման ունենալ, բայց դրա համար նախնական գումար կամ գոնե մի քանի կով է անհրաժեշտ»,- ասում է Տիգրանը։

Մինչ օրս էլ մտածում է սեփական ֆերմա ունենալու մասին, հնարավորության դեպքում ձեռնամուխ կլինի այդ գործին։

Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը 2012 թվականից իրականացնում է ծրագիր՝ նպատակ ունենալով սոցիալական եւ տնտեսական աջակցություն ցուցաբերել նմանատիպ ընտանիքներին։

2012-14 թվականներին առաքելությունն օգնել է 155 ընտանիքի, մասնակի վերանորոգել 9 բնակարան, ծրագիրը շարունակվում է։

Մկրտչյանների ընտանիքը ծրագրից դեռեւս չի օգտվել, սակայն ԿԽՄԿ աշխատակիցների զանգից հետո սպասում են նրանց այցին։

Տիգրանը, ով ցանկացած հարցի պատասխանում է մեկ կամ երկու բառով, միայն ֆերմային առնչվող հարցերին է սիրով պատասխանում՝ կապույտ աչքերում հույսի շող փայլեցնելով։

Ցանկությունների մասին խոսելիս քչախոս Տիգրանը ցույց է տալիս աջ ձեռքն ու ասում․ «Ի՞նչ կուզեի…Որ էս ձեռքս էլ մյուսի նման լիներ, ինչը, գուցե, թույլ կտար ավելի հեշտ հասնել նպատակներիս»։

 

 

Share

Comments are closed.