Լեւոն պապը, առանց հույների հունական գյուղն ու խնձորենիները

Տասնամյակներ առաջ Լեւոն պապը հենց հունական երգերով գրավեց իր սիրեցյալի՝ ազգությամբ հույն Օլյա Ակրիտովայի սիրտը․«Սկզբից չէր համաձայնվում, որ հետս պսակվի, ասացի՝ լավ, ես քեզ համար այնպիսի երգ կհորինեմ, որ վազելով կգաս»,- պատմում է ծերունին՝ չթաքցնելով ժպիտը։

92-ամյա Լեւոն Աթաբեկյանն ապրում է Մարտակերտի շրջանի Մեհմանա գյուղում։ «Տատս, մայրս, կինս, բոլորը հույն էին, եւ ապրում էին մի քանի հույնի հիմնադրած այս գյուղում»։

Ինչպես պատմում է գյուղի պատմությունն իմացող վերջին նահապետներից մեկը՝ գյուղը հիմնվել է նախքան խորհրդային շրջանը, երբ 4 հույն հանքահաններ տեղափոխվել էին Ղարաբաղ՝ Մարտակերտի շրջանի գաղտնի հանքավայր։

Հույների հիմնած գյուղը շրջակայքի ամենահարուստ գյուղն էր՝ մրգատու ծառերով, որոնց մեջ գերակշռում էր խնձորենին։ Այսօր էլ խնձորենիները քիչ չեն Մեհմանայում։

Ծնվելով Մեհմանայում՝ հաճախել է տեղի հունական դպրոց, որը 5-ամյա էր, հետո Կուսապատ՝ հայկական դպրոց։ Հունական ոչ միայն երգն ու խոսքը, այլեւ ճաշատեսակները անպակաս էին իրենց տնից։ Ծերունին հիշում է՝ տատը հունական ապուր էր պատրաստում։ «Էն ժամանակ բոլորը հաշտ-համերաշխ էին ապրում՝ ոչ մի տարբերություն չէին դնում հայերի եւ հույների մեջ, մենք էլ՝ հայի եւ հույնի խաչասերում ընտանիք էինք, մայրս հույն էր եւ 10 զավակ ուներ, «мать героиня» էր մայրս»,- չթաքցնելով հպարտությունը պատմում է 92-ամյա Լեւոնը։

Երկու ազգի զավակը երկու պատերազմի միջով է անցել․ նախ՝ Մեծ հայրենական պատերազմը (ինչպես ինքն է ասում՝ հասել է Գերմանիա) եւ ապա ղարաբաղյանը, որը պատճառ դարձավ գյուղի քայքայմանը։

«Պատերազմի տարիներին բոլոր հույները դուրս եկան, ընտանիքներով հեռացան Հունաստան, մի մասն էլ՝ Ռուսաստան»,- պատմում է նա։ Հենց այդ օրերին կնոջ կողմից ցուցաբերված նվիրվածությունը չի մոռանում․«Երբ արդեն բոլորը գնում էին՝ կինս գրկել էր եղբայրներին ու լացում էր, ասացի․ «Օլյա, ուզո՞ւմ ես՝ դու էլ գնա, ես էլ տեսնեմ էս պատերազմն ինչով է վերջանում, ողջ մնամ՝ ես էլ կգամ, չէ՝ չէ, եկավ, փաթաթվեց ինձ ու ասաց․ «Քեզ թողնեմ ու՞ր գնամ»։

Օլյան սակայն տարիներ անց լքեց ամուսնուն․ «2005 թվականն էր, գնաց էն բալկոնից Հունաստան խոսեց հարազատների հետ, եկավ լացելով, թե գոնե ձայները լսեցի: Պառկեց մեջքիս ետեւում, կանչեցի, բայց․․․ էտ անտեր ինֆարկտն էլ կամ ուրախությունից է լինում, կամ տխրությունից»։

Կնոջ մահից հետո արդեն 10-րդ տարին է մենակ ապրում, մշտական զրուցակիցը գյուղում մնացած միակ հույնը՝ Նիկոլայն է, ով հաճախ է զրուցելու գալիս ընկերոջ հետ։

Աղջիկը Մարտակերտում է ամուսնացել, որդին 2006 թվականին մահացավ՝ իրենց պատկանող հողատարածքը մաքրելու ժամանակ, ականի պայթյունից։

92-ամյա ծերունին ապրում է իր կառուցած 3-րդ տանը։ Երկհարկանի տունը գյուղի սովորական տներից էր, ասում է նա, չնայած նրան, որ 52 տարի կոլտնտեսության նախագահն էր։ «Սրանից լավ տներ էլ կային, մեր գյուղն ամենահարուստն էր շրջակայքում»։

Նախկին հարուստ գյուղը պատերազմի տարիներին դատարկվեց։ Այսօր գյուղի 5 բնակելի տներն իրարից հեռու են, իսկ թե՛ բնակելի, թե՛ լքված տների այգիներում ճկվում են մրգատու ծառերը։ Գյուղի հատկանշական հոտը կարելի է համարել ամառային խնձորի բույրը։ Ինչպես ասում է կիսահույն Լեւոնը՝ խնձոր սկսել են գյուղում աճեցնել վաղուց, բոլորի այգիներում էլ կա։

Իր այգում էլ կան տարբեր տեսակի խնձորներ․ «Ա՛յ, տեսնում ես, բոլորն իմ ձեռքերով եմ մշակել»,- ասում է կոլտնտեսության նախկին նախագահը՝ ձեռքը զարկելով ծնկին․«բայց հիմա չեմ կարողանում, ծնկներս թուլացել են, բժիշկներն ասում են՝ ծնկների խաղում հեղուկ է լինում, իմը չորացել է»։

Երկհարկանի տանը ծերունին առաջին հարկում է ապրում, երկրորդ հարկ բարձրանալ արդեն չի կարողանում։ Անցնելիք ճանապարհը տնից մինչեւ բակ է․ ձեռնափայտերի օգնությամբ, դանդաղ հասնում է բակ, դարպասի մոտ նստում ու սպասում հատուկենտ անցորդներին։

Պատերազմի դրոշմը վրան դարպասը հիմա այլ հմայք ունի։ Թոռնիկներն ու ծոռնիկներն ամեն ամառ գալիս են, մանկական իրենց ձեռքերով կրակոցներից ծակծկված դարպասի վրա թողնում հեքիաթային պատկերներ ու գրառումներ․ «Բարի գալուստ Աթաբեկյան 1»՝ այս գրառումն էր մնացել այս ամռանից։

Ամեն տարի պապը ձմռան ամիսներին մեկնում է Երեւան՝ հարսի ու թոռների մոտ, 4 ցրտաշունչ ամիս մնում այնտեղ, մայիսին նորից վերադառնում։ «Իսկ ինչու՞ ես վերադառնում» հարցիս զարմացած ինձ է նայում ու պատասխանում․ «Բա ի՞նչ անեմ, էսքանը ես եմ կառուցել, էս ծառերը ես եմ տնկել, էս տունը իմ քրտինքով եմ կառուցել»։

Դանդաղ քայլերով նորից բացում է տնից այգի տանող կախարդական դուռը․ արեւը խաղում է խաղողի ողկույզների հետ, աշնան սկզբին ծլարձակող խոտերի մեջ թափված են խնձորները։ Պապը նստում է խաղողի վազի տակ, նայում թափված խնձորներին, հոգոց հանելով ասում․ «Օլյայի հետ էինք հավաքում խնձորները, հիմա անտեր են մնացել․․․»։

Share

Comments are closed.