Ինքնասածին աղջիկը, կով կթելն ու գյուղապետի կյանքը

«Ես երբեք չեմ սիրել «տղամարդ կին» արտահայտությունը։ Ես կին եմ, դու՝ տղամարդ, էլ տղամարդ կնիկը ո՞րն ա, դու քո տղամարդկությունը ցույց տուր, իսկ ինձ ասա՝ ուժեղ կին»։
Լենա Իշխանյանը Ղարաբաղի Շուշիի շրջանի գյուղապետներից միակն է, որ կին է։ Արդեն 8 տարի է, ինչ ղեկավարում է Եղծահող համայնքը։

Արցախյան պատերազմի տարիներին գյուղի բնակիչները տեղահանվել էին, գյուղը՝ մասնակի ավերվել։ 1992-ի մայիսին այն ազատագրվեց եւ եղծահողցիները վերադարձան իրենց օջախները։

Մինչեւ բռնագաղթը գյուղն ունեցել է միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկետ։ Լենան Եղծահող է տեղափոխվել 1995թ։ «Այն ժամանակ, երբ արցախցի շատ աղջիկներ մի ճար էին գտնում այլ տեղ ամուսնանալու, Արցախից դուրս գալու համար, ես Էջմիածնից տեղափոխվեցի այստեղ»։
Ամուսնացավ ղարաբաղյան պատերազմում 2-րդ կարգի հաշմանդամ դարձած Նորայրի հետ։ Նա պատերազմում կորցրել է ոտնաթաթը․ «Ասացի, որ նա նաեւ ինձ համար է հաշմանդամ դարձել ու արժանի է ինձանից շատ ավելի լավ աղջկա»։ Ամուսնացավ, այնինչ ծնողները զարմացած էին՝ ինչպե՞ս կարող է իրենց տան 10-րդ երեխան՝ կրտսեր աղջիկը, որ միշտ ինքնասածին էր, համառ ու կյանքում կով չէր տեսել, ամուսնանալ ու գալ Ղարաբաղի մի գյուղ ու սկսել կյանքը նոր էջից։

Պետությունը, ինչպես Լենան է ասում, 4 պատ հատկացրեց, իսկ այսօր գյուղապետի բնակարանը ոչնչով չի զիջում քաղաքի լավագույն տանն ապրողի պայմաններին։ «Խոսում են՝ գյուղ տեղ է… ի սեր Աստծո, որ գյուղում ենք ապրում, մեզ չի՞ կարելի կոճակը սեղմել ու մտնել բաղնիք։ Կյանքիս երրորդ փուլն եմ ապրում, 20 տարի է այստեղ եմ»։
Գյուղապետն իր օրինակով գյուղացիներին հասկացրեց, որ ունեցած միջոցները կարելի է ներդնել բարեկեցիկ ապրելու համար․ «Հիմա մեր գյուղում մեր տնից շատ ավելի լավ տներ կան»,- հպարտությամբ նշում է նա՝ կեսկատակ-կեսլուրջ ավելացնելով․ «Անցած շաբաթ մեկը մեռավ, 10 հազար դոլար հանեցին բարձի տակից։ Իրենց համար ավելի լավ է նստեն չոր թախտին։ Ասա ո՞ւր ես տանում, չէի՞ր կարող լավ ապրել դրանով»։

140 բնակիչ ունեցող գյուղի համայնքապետը 8 տարի առաջ հեղաշրջեց շրջանի գյուղապետների անվանացուցակը՝ առաջին անգամ իգական սեռի ներկայացուցիչ գյուղապետի պաշտոնում։
«Իսկ որտե՞ղ էիք աշխատում մինչ այդ»։ «Մեր գոմում, ամենայն լրջությամբ պատասխանում է գյուղապետը եւ շարունակում,- մեր խոզերի կերն էի տալիս, եկան, առաջարկեցին թեկնածությունս դնեմ։ Եւ, փաստորեն, վստահեցին, դրա համար մինչ օրս այս պաշտոնին եմ»։

Լենան իրեն ուժեղ եւ նպատակասլաց կին է համարում, նշում է, որ խոչընդոտներն ու արգելքներն իր համար չեն․ «Մենակ մեռած մարդուն չեմ կարողանա արթնացնել,- ասում է ու ծիծաղում, – մնացած ամեն ինչ, ինչ մտքիս դրել եմ՝ պետք է իրականացնեմ»։

Լենայի իրականացված երազանքներից մեկն էլ սեփական ավտոմեքենան է։ Կարմիր պլպլան մեքենան կանգնած է տան բակում եւ դրա մասին պատմում է մեծ ոգեւորությամբ։ «Ես միշտ երազել եմ իմը ունենալ, իմ սեփականը՝ ոչ թե իմ ամուսնունը, եւ հիմա ունեմ»։
Հեռախոսն անընդհատ զանգում է․ բերքահավաքի շրջան է, բոլորին ինչ-որ խորհուրդ կամ տեխնիկա է անհրաժեշտ։
Ընդհատ խոսակցությունների ընթացքում նշում է, որ պետք է անպայման հյուրասիրի․ «Կեսօր է, էդպես ո՞նց կլինի»։ Հարեւանի աղջիկը օգնում է նրան, ափսեներն է շարում, հաց կտրում։ Երեւի հարեւանի աղջկա ներկայությունն էլ ստիպեց խոսել իր տխրելու վերջին առիթից. աղջկա անսպասելի փախուստ-ամուսնությունը համարում է թուլություն։ «Հա ինքը թույլ գտնվեց, չպայքարեց իր նպատակների համար»։

Լենան եւ Նորայրը երկու երեխա ունեն, տղան 12-րդ դասարան է փոխադրվել, աղջիկն արդեն ամուսնացել է: Համերաշխ ընտանիք ունենալու իր բանաձեւն ունի տանտիկինը՝ «Տանը կին եղիր, դրսում՝ գյուղապետ, ամուսնուդ մոտ, թեկուզ փոքր ինչ թույլ, ներող ու հասկացող»։

Այդպես էլ անում է. դրսի խնդիրները տան մուտքի ետեւում է թողնում, երբ տանն է՝ կին է, մայր, տանտիրուհի, այսպես արդեն 20 տարի։ Այդ տարիների ընթացքում քիչ չէ հանդիպել խնդիրների, ասֆալտից գյուղի քարուքանդներ, գոմ, կով, խոզեր։
Հիշում է՝ առաջին անգամ փորձեց կով կթել․ «Անզորությունից սկսեցի լացել, հետո հարեւանը բացատրեց , որ կուրծքը պետք է լվանալ, սկզբում հորթին կերակրել…չէր ստացվում՝ ինչ անում էի, մի անգամ էլ փորձեցի, չգիտեի իրական էր, թե ոչ, բայց ինձ թվաց, թե կաթ եկավ։ Արտասուքներս հոսում էին, չգիտեի՝ ինձ թվա՞ց, թե՞ ոչ…»։ Այդ օրվանից սկսեց սեփական ձեռքերով պատրաստել կաթնամթերքը՝ մածուն, կարագ, պանիր։

Լենան նշում է, որ մինչ այսօր իր ընտանիքի անդամները չեն հասկանում, թե ի՞նչպես կարողացավ այստեղ մնալ 20 տարի։ «Երբ քո քրտինքով տանդ անգամ մի աղյուս ես դնում, հավատա՝ քեզ էլ հնարավոր չէ այդ տարածքից պոկել»,- պնդում է նա։
Գյուղապետը չգիտի՝ երրորդ անգամ կդնի՞ թեկնածությունը, թե՞ ոչ, բայց հաստատ գիտի՝ գյուղում աշխատանքը շատ է, գյուղացին բողոքելու տեղ չունի․ «Ջուրը կա, հողը կա, մաքուր օդը կա, մեղվաբուծությամբ ու անասնապահությամբ զբաղվիր, դա է գյուղացու հարստությունը»։ Իսկ իր աշխատատեղը կա ու կա՝ «Ի սեր Աստծո, մեր անասունները կպահեմ, աշխատատեղ ես միշտ ունեմ»։

Share

Comments are closed.