Բժիշկ դառնալու երազանքը, ինքնաեռն ու կանաչու փնջերը

Կիման փայտի ծղանները տեղավորում է հինավուրց ինքնաեռի կրակարանում: Հպարտությամբ ցույց է տալիս կողի դրոշմը` «արտադրվել է 1882 թվականին»:

Հենց այդ դրոշմի համբավն է տարածվել, որ նույնիսկ անծանոթ մարդիկ Մարգարյանների դուռն են գալիս ինքնաեռը գնելու:

«Լավ էլ գին են տալիս: Բայց սա վաճառվող ապրանք չէ: Ընտանիքի մի մասնիկն է: Խորհրդանիշը»:

Ինքնաեռը տատինն է, ասում էր՝ ինքը նվեր է ստացել իր ծնողներից: Երբ 1980-ականների վերջին հայտնի իրադարձությունների պատճառով տեղափոխվում էին Բաքվից` տատը այն փոխանցեց հարսին՝ Կիմայի մորը: Այդպես այն ընտանիքի հետ հասավ Ասկերանի շրջանի Շոշ գյուղ ու դարձավ ընտանիքի ամառային երեկոների անբաժան մասնիկը:

Փոքրիկ երկհարկանի տունը, խնամված տնամերձով, Մարգարյանների հայրական օջախն է: 1988 թվականին են վերադարձել գյուղ: Ընտանիքի մայրը՝ Էլմիրա Մարգարյանը, պատմում է՝ իրար խառնելով հայերենն ու ռուսերենը: Պարզվում է՝ հայուհին ծնվել ու մեծացել է Բաքվում: Այդ քաղաքի հետ է կապված ամենամեծ չիրականացած երազանքը: Բժշկուհի էր ուզում դառնալ: Բայց պարզվեց՝ վախ ունի արյան տեսքից: Ու այդպես էլ արհեստավոր դարձավ: Մանածագործ էր: Գուցե այդպես էլ մոռանար պատանեկան երազանքի մասին, եթե Բաքվի, թվում էր, հանգիստ ու ապահով կյանքը սրընթաց ձեւով չփոխվեր:

Ամուսնու հայրական գյուղ հասան անփորձանք: Այնպես որ, փախստական կնոջ հիշողության մեջ հայրենի քաղաքն իր հմայքը չի կորցրել: Բայց ասում է, որ չի կարոտում: Լավ հիշողություններ կան, բայց վերադառնալու մասին չի մտածում՝ «Եթե նույնիսկ դրա հնարավորությունը ստեղծվի»:

Շոշում ամեն ինչ այլ է: Քաղաքաբնակ Էլմիրան գյուղական կյանքին
արդեն հարմարվել է: Առաջին տարիներին նույնիսկ թռչնաբուծական ֆերմայում է աշխատել: Հիմա ամուսիններով թոշակառու են:

«Թոշակներս միասին 70 հազար դրամ է: Ես սրտի հիվանդություն ունեմ, մշտապես դեղեր եմ խմում, բայց կան այնպիսիները, որ թանկ են: Ես էլ չեմ օգտագործում: Չենք հասցնում գնել»,- ասում է այնպես, կարծես խոսքը ոչ թե կենսական օրգանի, այլ տնամերձում աշխատելուց ստացած քերծվածքի մասին է:

Փոքրիկ տնամերձն ու տնից քիչ հեռու գտնվող բանջարանոցը 6-հոգանոց ընտանիքի եկամտի մի մասն է ապահովում: Կես դար առաջ բժշկի մասնագիտության մասին երազող աղջնակը չէր էլ պատկերացնում, որ ծերության օրերին այդքան հաճույքով հողի հետ է աշխատելու:

Ասում է՝ միայն թոշակով հիմա չես կարող ապրել։ Կանաչեղենը Ստեփանակերտի շուկա է տանում: Ամեն գնալուց մոտ 5-6 հազար դրամ եկամուտ է ունենում: «Ամեն ագամ էլ մի քանի փունջ բաժանում եմ ժողովրդին, էժան եմ վաճառում: Մի քանի դրամ այս կողմ այն կողմ՝ եղանակ չի փոխում, դրանով ոչ հարուստ ես, ոչ էլ աղքատ: Ինչպես ամուսինս է ասում՝ «մի ձեռքով տուր, մյուսով վերցրու», ես ապրում եմ իմ քրտինքով, դժգոհելու բան չունեմ»- ասում է Էլմիրան, ով այդպես փորձում է ձեռք հասցնել թիթեղագործ ամուսնուն եւ որդուն, թեթեւացնել ընտանիքի հոգսը:

Հոգսերը շատ են: Ժամանակներն են այդպիսին: Բայց դրանց առատությունը երկրորդ անգամ տուն ու տեղ ստեղծող կնոջը թեւաթափ չեն անում: Օտարության մասին չի մտածում: Մտածում է երիտասարդների մասին: Ի՞նչ անել, որ նրանց աչքն էլ դրսի վրա չլինի: Փառք աստծո, իրենց Շոշում այդ խնդիրը չկա:

«Մեր գյուղից այլ քաղաքներ, երկրներ մեկնող գրեթե չկա. ջահելները նախընտրում են մնալ գյուղում, գյուղը աճում է օրեցօր: Բայց դե, որ գյուղում աշխատատեղեր ստեղծվեն՝ մեր ջահելները ավելի կկապվեն գյուղի հետ»:

Իր ընտանիքը կյանքի բոլոր դժվարությունները հաղթահարում է Սիրո շնորհիվ: 65-ամյա կինը գորովանքով է խոսում ամուսնու մասին. «47 տարի է, ինչ միասին ենք ապրում, երջանիկ ենք, հաշտ ու համերաշխ: Այսքան ժամանակ իմ Յուրան ինձ «ցուրտ խոսք» ասած չկա: Մինչեւ հիմա էլ ասում է «յարուշ», «անթառամ»: Ինձ շատ է սիրում, որ հիվանդանում եմ՝ գալիս է մոտս նստում ու երեխայի պես լաց է լինում»։

«Չեմ մոռանա մինչեւ մահ: Յուրան դեռ 40 տարեկան չկար, հիվանդացավ: Բժիշկն ասաց, որ եթե կես ժամ ուշ հասցնեինք հիվանդանոց, ապա ամուսնուս կյանքը փրկել հնարավոր չէր լինի: Երկու շաբաթ անգիտակից վիճակում էր, երբ ուշքի եկավ, տեսավ, որ ես պառկած եմ իր կողքին: Սկսեց լացել: Յուրան ասում է, որ ես իրեն երկրորդ կյանք եմ պարգեւել: Հիմա էլ ասում է՝ եթե քեզ հետ որեւէ բան պատահի, հետդ էն աշխարհ եմ գալու: Ես էլ ասում եմ՝ ամուսին ջան, ինձ կներես, բայց ես քո հետեւից եկողը չեմ»։

Չի նեղանում: Ասում է՝ դա քո անձնական գործն է, պատմում է կինը ու շարունակում: «Ամուսինս բնավորությամբ մի քիչ չար մարդ է, բայց ես սիրում եմ նրան»,- աչքերում 18-ամյա աղջնակի չարաճճություն ու հասուն կնոջ հպարտությունը խառնվում են իրար: «Բայց Յուրան ինձ ավելի շատ է սիրում, քան ես իրեն»:

Կեսրոջ զրույցին մերթընդմերթ հարսն է միանում՝ հաստատելով տան
ավագների ջերմ հարաբերությունները, որ, անշուշտ, տան ընդհանուր մթնոլորտն են ջերմացնում, օրինակ հանդիսանում երիտասարդների համար: Հարս ու կեսուր փոխադարձ հարգանքի եւ դրա շնորհիվ ընտանիքում տիրող համերաշխության մասին են պատմում: Այդ տեսանկյունից են նայում իրենց շուրջը տեղի ունեցող իրադարձություններին: Անցած դառնությունների ու ներկա դժվարությունների մասին Էլմիրան խոսել չի սիրում: Ասում է, որ իր սրտի ու տան դուռը միշտ բաց է: Դրանից նաեւ Մարգարյանների տուն ոտք դնողների սիրտն է լիանում:

«Ես ոչ մեկին առանց հացի ճամփա չեմ դնում, այս օջախը մտնողը պիտի մի կտոր հաց կտրի անպայման»:

Մեր զրույցի ընթացքում ընտանեկան ջերմության խորհրդանիշ պղնձակոփ ինքնաեռը տաք գոլորշի արձակելով արդեն բազմել էր իր պատվավոր տեղը: Բուրամնավետ թեյի սեղանի շուրջ Էլմիրան խոստովանում է. Տիրոջ զորությանը հավատում է, տանը նույնիսկ Նրան նվիրված անկյուն ունեն: Աղոթում է գյուղի, երիտասարդների, իր զավակների համար: Երազում, որ Շոշո՛ւմ իրականություն դառնա իր նվիրական երազանքը: 65-ամյա կինը, ով 5 թոռ ունի, ծոռների մասին է երազում: Շեշտում է՝ աղջկա:

Share

Comments are closed.