«Ես այն եմ եղել, ինչ-որ եղել եմ». Մինգեչաուրից մինչեւ Ստեփանակերտ

Հայ բանաստեղծ Համո Սահյանի խոսքերով այս երգը Ջուլիետա Առստամյանը երգում էր դեռեւս 6-րդ դասարանից, Մինգեչաուրում, որտեղ անց է կացրել իր կյանքի 26 տարիները։ Ծննդավայրում է նվագել սովորել՝ դաշնամուր, կիթառ։ 6-ամյա աղջնակը չէր էլ կարող պատկերացնել, որ առաջին անգամ նվեր ստացած կիթառը կդառնա իր կյանքի ուղեկիցը, իր ուրախությունն ու տխրությունը կիսողը։

Պատմում է, որ քրոջ ծննդյանն օրն էր, երբ նրան կիթառ նվիրեցին, բայց քույրն այդպես էլ չնվագեց. այն բաժին հասավ 6-ամյա Ջուլիային, ով այդօրվանից էլ սկսեց «շփվել իր կյանքի ուղեկցի հետ»։

Այժմ կենսախինդ Ջուլիային նայելիս չես էլ մտածի, որ նրան ճակատագիրը մեծ հարվածներ է հասցրել։ 26 տարեկան էր, երբ 1988-ին ընտանիքով ստիպված եղան թողնել Մինգեչաուրը, որտեղ ապրելն արդեն անհնար էր դարձել։ Նա պատմում է, որ մեկ ամիս անց, երբ վերադարձան, որպեսզի ունեցվածքը տեղափոխեն, այդքան հարազատ ծծնդավայրը լրիվ օտարացել էր։ Տանը սակայն մնացել էր այն ամենը, ինչ թաքցրել էին գնալուց առաջ՝ կիթառն ու դիմանկարը, որ կախված էր պատից։

Ունեցվածքից որոշ բաներ վերցրեցին ու մեկնեցին Ղարաբաղ.
փաստաթղթերի ու շորերի հետ այդ դիմանկարն էր ու նաեւ երաժշտական գործիքները՝ կիթառը, դաշնամուրը եւ հոր քամանչան։ Եկան սկզբից Հաթերք, այնուհետեւ Ստեփանակերտ։ Այստեղ էլ դժվարությունները քիչ չէին, հիշում է Ջուլիան ու շարունակում, որ մի կերպ հանրակացարաններից մեկում մի սենյակ գտավ, որտեղ ապրեց մինչեւ Շուշի տեղափոխվելը։

Ստեփանակերտում Ջուլիան ծանոթացավ ապագա ամուսնու հետ, սակայն մի քանի տարի անց ստիպված եղավ ընդմիշտ հրաժեշտ տալ նրան՝ ինչպես ինքն է ասում՝ Սերյոգային։ Զոհվեց Սրխավենդի մատույցներում տեղի ունեցած մարտերի ժամանակ։ Պատերազմի տարիներին դստեր հետ միայնակ մնացած Ջուլիան պետք է ուժ հավաքեր եւ մեծացներ աղջկան։ Այդպես էլ եղավ, միայնակ մեծացրեց դստերը. Խոստովանում է՝ մեծ դժվարությամբ, բայց հաղթահարեց՝ ի շնորհիվ Քերոբի, ում Սերյոգայի զոհվելուց տարիներ անց հանդիպեց, ու որոշեցին միասին անցկացնել իրենց կյանքը։ Մինչեւ հիմա Ջուլիայի համար զարմանալի է թվում այն, որ Քերոբին էլ հանդիպեց հենց Սրխավենդում։ Վերջն ու սկիզբը կարծես միահյուսվում էին հենց այնտեղ, հիշում է Ջուլիան։

Ճակատագրի հարվածները մոռանալ չէր լինում՝ տխուր եւ ուրախ պահերին Ջուլիայի միակ լուռ ընկերը կիթառն էր, ինչից այսօր էլ բաժանվել չի ուզում։ «Կիթառը չլիներ, չգիտեմ ինչպես կհաղթահարեի այն փորձությունները, հատկապես, երբ եկա Ղարաբաղ»:

Ջուլիան այսօր ձգտում է շատ չհիշել անցյալի դառնությունները, փոխարենն աշխատում է երեխաների հետ, փորձում նրանց մեջ սերմանել հեղինակային երգի ոգին, կիթառի ելեւեջները՝ դրանք տեղափոխելով յուրաքանչյուրի ընտանիք, շրջապատ։ Այս հույսով էլ օրվա մեծ մասն աշխատավայրում է անցկացնում. Շուշիի «Նարեկացի» կենտրոնում բավականին մեծ թվով պատանիներ ու աղջիկներ են հավաքվել, որոնց համար կիթառը նույնպես կյանքի մի մասն է դարձել։ Այստեղ նրանք ուսուցչուհու հետ հաճույքով պարապում են, տարբեր միջոցառումներ կազմակերպում, պարզապես երգում ու կիսվում ապրումներով։

Պատմում է, որ բարեկամները մեկ-մեկ նեղանում են, որ իր ապրումների մասին իմանում են իր երգերից։ «Չկա բան, որ չեմ կիսել, գաղտնիքներ չունեմ նրանից, կան շատ բաներ, որ իմ մտերիմներն իմացել են իմ երգերից: Չեմ խոսել նրանց հետ այդ մասին, բայց երգի միջոցով կարող են հասկանալ, ինչ ապրումներ եմ ունեցել»։

Կիթառի հետ մենակության զգացումը վերանում է դեռեւս պատերազմի մասին հիշեցնող Շուշիում. «Ինչքան էլ երեխաներ ունենք, ամուսին, ընկերուհիներ, միեւնույն է՝ ժամանակ առ ժամանակ մենք մեզ բացարձակապես մենակ ենք զգում, իսկ կիթառի հետ նման բան չկա, նա կիսում է մենակությունդ»։

Այդպես, իր մենությունը կիսելով, նա տարիներ շարունակ ստեղծագործում է՝ երգեր գրում։ Առաջին անգամ դեռ Մինգեչաուրում էր փորձել՝ նվեր ստացած կիթառի միջոցով երաժշտություն էր «Պատանեկություն» թերթում զետեղված մի բանաստեղծության խոսքերով։ Այդտեղից էլ ամեն ինչ սկսեց։

Ջուլիան մեկ նպատակ ունի՝ երգը վերադարձնել տուն, ընտանիք, որպեսզի մարդիկ ուրախ պահերին սեղանի շուրջ երգեն, եթե տխրեն էլ՝ երգով կիսեն իրենց տխրությունը, ինչպես իրենց ընտանիքում է, որտեղ ամեն մի խնջույքից հետո հաստատ նեղ շրջապատով ժամերով նվագում են, երգում՝ մոմերի լույսի տակ…. նաեւ այն երգը, որ երգում էր դեռեւս Մինգեչաուրում՝ «Ես այն եմ եղել, ինչ-որ եղել եմ»։

Այդպես էլ մնացել է՝ իր սկզբունքներին հավատարիմ, իր կիթառի հետ։ Բայց այն դեռ իրենը չէ, ասում է Ջուլիան ու շարունակում՝ «դեռեւս կգնեմ այն կիթառը, որը իմը կլինի, իմ ճաշակով ու ինձ համահունչ»։

Share

Comments are closed.