Ազգայնական գաղափարախոսությունները՝ որպես տարածաշրջանում քաղաքական գործիք

Shushan-photo
Շուշան ԽԱԹԼԱՄԱՋՅԱՆ

Վերլուծաբան, Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտ
Երևան

Մարդաբանական կոնստրուկտիվիզմի դրույթները, մասնավորապես՝ ժամանակակից աշխարհում ազգայնականության մասին Բենեդիկտ Անդերսոնի տեսությունը մեծ ներդրումներ էին 20-րդ դարի գիտության մեջ. 21-րդ դարը նույնպես օգտվում է այդ ժառանգությունից։ Ազգի՝ «երևակայական քաղաքական հանրույթ» լինելու մասին գաղափարը որոշակի արձագանքների և կամայական մեկնաբանությունների է արժանանում գաղափարաբանների և քաղաքական գործիչների կողմից, թեև այդ մարդկանց մեծ մասը Անդերսոնի երկերը չի ընթերցել։Այնուամենայնիվ, Անդերսոնի մտքերի հեռավոր արձագանքները նրանց մտածությունների ելակետ է դառնում նոր նացիոնալ-շովինիզմի՝ որպես անպաշտոն պետական գաղափարախոսության որոնումներում։ Ասում ենք անպաշտոն, քանի որ ներկայիս պատմական ժամանակն ունի իր կանոններն ու պայմանականությունները, որտեղ պաշտոնական գաղափարախոսական փաթեթավորմամբ ազգայնականությունն օգտակար և անվտանգ չէ, թեև որպես քաղաքական գործիք շատ հարմար է՝ կոնկրետ նպատակները լուծելու համար։

Հարկ է խոստովանել, որ արդի պատմական փուլում ազգայնական գաղափարախոսությունները նոր վերելք են ապրում. մեծաթիվ հանրային հարցումներ հաստատում են հիշյալ երևույթը։ Եվ եթե Եվրոպայում այն բնական պատասխան է մշակութապես օտար տարրերի ներթափանցման նոր ալիքի հանդեպ, ապա ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած մի շարք նոր պետական կազմավորումներում այն ավելի շուտ վերջին 20-25 տարիների բազմաթիվ պատմական, քաղաքական, տնտեսական և մինչև իսկ մշակութային վայրիվերումների արձագանքն է։

Սակայն, բոլոր ազգայնականությունները չի կարելի միօրինակաբար գնահատել. կա կայսերական ազգայնականություն, ինչպես նաև՝ փոքր, անհետացող ազգերի պարտադրված ազգայանականություն։ Տարբեր տեսակետների ջատագովները տարաբնույթ ապացույցներ և փաստարկներ են բերում իրենց դիրքորոշումը հիմնավորելու համար։ Երբեմն դրանք հենվում են լուրջ գիտական ուսումնասիրությունների տվյալների վրա. երբեմն էլ «մենք ժողովուրդ ենք» թեզը պաշտպանվում է շատ արտասովոր՝ էկզոտիկ հնարքներով։ Ժամանակակից աշխարհում էթնիկական գործոնի դերն, ի հեճուկս շատ կանխատեսումների, չի նվազում, այլ ընդհակառակն՝ աճում է։ Ազգայնական գաղափարախոսությունը քաղաքականության և հասարակական գիտությունների մեջ կրկին ծանրակշիռ է դարձել։

Եթե դիտարկենք Հայաստանը և իր աշխարհագրական ու քաղաքական շրջապատը, ապա ազգայնականության թրենդն ինքնին սնուցվում է տարածաշրջանում հակասությունների և հակամարտությունների առկայության փաստով։ Այդ հակամարտությունների՝ միջէթնիկական, միջկրոնական կամ այլ տեսակի լինելու շուրջ բանավեճը տևում է ցայսօր։ Սակայն, ամենուր ընթանում են ամուր ազգային ինքնության և «բացառիկության» որոնումները՝ թե՛ ազգային պետության վարկանիշի կայացման և ամրապնդման, և թե՛ ազգային հավակնությունները և հարևանների նկատմամբ պահանջատիրությունը հիմնավորելու նպատակով։ Այս որոնումներն ունեն նաև «կիրառական» սոցիալական նշանակություն. մարդկանց՝ հանուն բացառիկ ընդհանրական հանրույթի զոհաբերվելու պատրաստակամությունը սնուցելու համար։ Անհնար է չհամաձայնվել հայտնի պատմաբան և ազգայնականության տեսաբան Էռնեստ Գելների այն խոսքերի հետ, թե «ազգայնականությունն է ձևավորում ազգեր, ոչ թե ազգերն՝ ազգայանականություն»։

Նշված նպատակներից բացի, ազգային արտաքին քաղաքականության կայացման մեկնարկին զուգահեռ, պահանջվում էր գաղափարական հենք՝ «պիտանի» և «օգտակար» գերտերությունների հետ շահավետ կապեր ու ընդհանրություններ ստեղծելու համար։ Եվ, ընդհակառակը, որոշ ազգերի համար՝ էթնիկապես բազմազան, ազգայնակերտումը վաղուց սկսած և ազգայնականության մի քանի փուլ ու մոդել անցած ավելի խոշոր և հզոր պետությունների (օրինակ՝ Ռուսաստան, Թուրքիա) հետ մրցակցությամբ, հակամարտությամբ կամ ընդահակառը՝ եղբայրական համագործակցությամբ ուղեկցվող հարևանությունը մեծ մարտահրավեր կամ խթան է հանդիսանում։

Թեև ազգայնականության քաղաքական ազդեցությունն ու նշանակությունը դժվար է գերագնահատել, վերջինիս տեսաբանական բաղադրիչը ցայսօր աչքի է ընկնում աղքատիկությամբ, միակողմանիությամբ և անհետևողականությամբ։ Դա ոչ մեկին չի մտահոգում. առկա են ազգայնականության շահավետորեն կիրառելի հայտնի քաղաքական նպատակներ և գործադրման ավանդույթներ։ Պետական բյուրոկրատիաները մշակում են քաղաքական առասպելաբանություններ, այլևայլ գիտակարգերում և տեսություններում որոնում են առանձնահատուկ ինքնության վկայություններ, փնտրում և «գտնում» են ազգի բացառիկության հաստատումներ, ազգերի միջև ընդհանրության կամ անհաղթահարելի անջրպետների գոյության հիմնավորումներ։ Հայտնի է, որ ազգային ինքնության հիմքում ընկած են էթնիկության, տարածքի, խորհրդանիշների, առասպելների և լեզվի տարրերը, որոնց շուրջ ընթանում է անզիջում պայքար։ «Ազգային ինքնությունից ավելի ակներև ոչինչ չկա, բայց մարդիկ ամեն օր միմյանց սպանում են այս հարցերի պատճառով»,- ասութային ոճով արտահայտվում էր Իմաանուլ Վալերստայնը։ Այս հաստատմանն անհնար է չհամաձայնվել։ Ավտորիտար պետությունների միջև դիմակայության, հաճախ՝ պատերազմների դժնդակ պայմաններում գիտական հետազոտությունները և քաղաքական պայքարը հաճախ ունենում են ողբերգական, իսկ երբեմն էլ՝ տարօրինակ ու խեղկատակ դրսևորումներ։

Այսպիսի պայքարը մեզ հայտնի է Բալկաններից, որտեղ դաշնային պետության տրոհման և նոր պետությունների կայացման գործընթացը նշանավորվել է արյունահեղ պատերազմներով և կոշտ գաղափարախոսական պայքարով։ Նմանատիպ միտումները դիտվում են նաև մեր տարածաշրջանում, որտեղ և՛ փոքր ժողովուրդները, և՛ տիտղոսակիր ազգերը ջանում են ապացուցել իրենց քաղաքական և գաղափարական գերակայության իրավունքը՝ բնիկության, հնամենիության, քաղաքակրթության պատմության համար կարևորության (ըստ Անդերսենի՝ բոլոր կազմակերպված հասարակությունները կախված են անցյալի մասին պատկերացումներից) փաստարկների վկայակոչմամբ։ Որոշ ժողովուրդներ պնդում են, որ ջրհեղեղի ժամանակներից ի վեր նրանք միասնական ազգ կամ անգամ քաղաքակրթություն էին, իսկ մյուս էթնոսները՝ չձևավորված տրոհված հանրույթներ։ Մյուս ժողովուրդները, չկամենալով լինել սոսկ քոչվոր անասնապահ ցեղերի հետնորդներ, հավակնում են լինել միաժամանակ պարթևների, մարերի, կովկասյան ալբանացիների և խեթերի ժառանգներ, ինչն ինքնին տրամաբանազուրկ է։ Ուրիշները ժամանակ առ ժամանակ գիտական հանրության առջև պարծենում են ազգային պալեոնթոլոգիայի, մարդաբանության և հնագիտության բնագավառներում իրենց կատարած բացահայտումներով, որոնք իրենց ազգի գոյության ժամանակը մեծացնում են առնվազն կես միլիոն տարով։ Բնական է, որ ընդդիմախոսների գիտական և կեղծգիտական հետազոտությունները հերքելու համար գործի էր դրվում պատկառելի գիտական ներուժ։ Պայքարը՝ վավերագրական ֆիլմերի կամ աչքի զարնող գովազդի տեսքով դուրս է գալիս ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ամբիոններ։ ՄԱԿ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակների համար պայքարն ասվածի պերճախոս վկայությունն է։

Գոյություն ունի և շատ պահանջված է մեկ այլ հետաքրքիր թրենդ՝ պայքար եվրոպացի լինելու համար, արևելք-արևմուտք առանցքի համար։ Անգամ բացահայտ ավտորիտար վարչակարգերն են անընդհատ ապացուցում իրենց կառավարած երկրների ժողովրդավարական հաստատությունների և ավանդույթների հնամենիությունը՝ ներկայանալով որպես սուր մրցակցությամբ լի տարածաշրջանում ժողովրդավարության «կղզյակներ» կամ «առաջատարներ»։ Փորձը ցույց է տալիս, որ նրանց ջանքերը հաճախ գնահատվում են տարածաշրջանի ճակատագրի վրա ազդեցություն ունեցող որոշումների համար պատասխանատու եվրոպական (և ոչ միայն) քաղաքական շրջանակներում։ Բազմաթիվ օրինակներ վկայում են, որ այդպիսի ջանքերն, ավաղ, նաև հաջողության են հասնում։

Պայքարը, որպես կանոն, ղեկավարում են իշխող կուսակցությունները, բայց դրանից չի բխում, որ քաղաքական սպեկտրը հեռու է ազգային-հայրենասիրական գաղափարներից, ընդհակառակը՝ դրանք միանգամայն ազդեցիկ են։ Ազգային առասպելի տարրերի և ամբողջության ձևավորմանը մասնակցում են բոլոր հանրորեն ակտիվ տարրերը՝ քաղաքական կուսակցությունները, ԶԼՄ-ները (Անդերսոնը կարծում է, որ ազգայնականությունն առաջացել էր մամուլի լայն տարածման շնորհիվ, որի օգնությամբ հնարավոր էր դարձել միմիյանց չճանաչող, բայց իրադարձություններն իրար նման ընկալող մարդկանց ընդհանրության ձևավորումը), նորություններ ստեղծողները, դերասանները, մարզիկները։ Ավելին, պետական աջակցությամբ ստեղծվում են նպատակային հիմնադրամներ, թանգարաններ և անգամ արտադրության ու արվեստի ողջ ոլորտներ՝ նոր/հին առասպելներն ապացուցելու համար։ Այս ջանքներն ունեն թե՛ ներքին, թե՛ արտաքին՝ վարկանիշային սպառում։ Ներքին սպառման դեպքում ազգայնականության մշակութային արտադրանքը՝ գեղարվեստական արձակը, պոեզիան, երաժշտությունը, գեղանկարչությունը և ճարտարապետությունը նպաստում են քաղաքացիների ոգևորությանը և հասարակության մեջ նրանց ինտեգրմանը։ Արդյունքում, հասարակությանը ցույց է տրվում հաջողությանը հասնելու կոնյուկտուրային ուղի՝ արտահայտել հանրորեն ընդունելի տեսակետներ, ստեղծել արվեստի «հայրենաշունչ» գործեր, հեռուստահաղորդումներ և քաղաքացիական շարժումներ։ Հետևաբար, լուրջ ազդեցության է ենթարկվում նաև քաղաքացիական հասարակությունը. այս փաստը պետք է նույնպես հաշվի առնել՝ ծրագրելով վերջինիս հեռանկարները։

Ազգայնական հայրենասիրությունը ստեղծում է ոչ միայն գաղափարախոսություն, այլև քաղաքական լեզու, իսկ յուրաքանչյուր քաղաքական լեզվին հատուկ են մեղմասացությունների /էվֆեմիզմների շարքեր։ Ուշագրավ է, որ թեև հետխորհրդային երկրներում ազգայնականությունը, որպես կանոն, ունի դրական ընկալում և՛ հանրային գիտակցության, և՛ լեզվի մեջ, այնուամենայնիվ՝ հանրային գիտակցության մեջ անընդհատ ներարկվում են նոր և մասամբ մոռացված մեղմասացություններ/էվֆեմիզմներ, օրինակ՝ «մշակութային կոդ», «մտայնություն», «արժեհամակարգ»։ Արդյո՞ք դա չի բացատրվում այն իրողությամբ, որ ազգայնականության իրական և իդեալական պատկերները հակասում են միմյանց, ինչը չի կարող չմտահոգել առնվազն քաղաքական գործիչներին։ Ազգային հպարտությունն, ավա՜ղ, չի կարող մնալ խաղաղասեր զգացմունք. այն անկասելի միտում ունի վերածվելու ազգային և մշակութային անհանդուրժողականության։

Սակայն, համաշխարհային (ոչ տեղային) գիտությունը վերջին շրջանում ազգայնականության տեսաբաններին և ազգային ինքնության ճարտարապետներին հաճախ տհաճ անակնկալներ է մատուցում։Դրա մեջ ներդրում են ունենում նաև գենետիկները։ Լոնդոնի University College համալսարանի կենսաբանների հետազոտությունները վկայում են, որ Մեծ Բրիտանիայի բնակչության կեսն ունի գերմանական արմատներ։ Միաժամանակ, բոլոր գերմանացիներից հայրական գծով ընդամենը 6%-ն ունի գերմանական ծագում. մնացածը՝ Արևելյան Եվրոպայից եկվորների հետնորդներն են։ Ֆրանսիայի կայացման միջուկ հանդիսացած ֆրանկներն արևմտագերմանական մերձավոր ցեղախմբեր էին ներկայացնում։ Ըստ այլ ուսումնասիրությունների՝ իսպանացիների ԴՆԹ-ի հետազոտությունը վկայում է, որ նրանցից յուրաքանչյուր հինգերորդը հրեաների հետնորդ է։ Պարզվել է, որ էստոնացիները գենետիկորեն ավելի մոտ են ռուսներին, հունգարացիներին և հյուսիսային գերմանացիներին, քան իրենց մշակութապես հարազատ ֆիններին, իսկ ռուսներն ավելի մոտ են նրանց քաղաքականապես դիմակայող ֆիններին ու լեհերին, քան արյունակից եղբայր դիտված ուկրաինացիներին։ Թուրքերի մասին խոսելն առհասարակ ավելորդ է, քանի որ նրանց ազգային «կոնստրուկտն» ընդհանրապես արդարացված չէ՝ ոչ գենետիկորեն, ո՛չ էլ մշակութապես։

Այսպիսի հետազոտություններն ու փաստերը լուրջ մարտահրավեր են կառավարող վերնախավերի և ազգային ինքնության ճարտարապետների համար, որոնք հենց այդ պատճառով ջանում են չնկատել դրանք։ Մեր տարածաշրջանի ապագան, իհարկե, մինչ օրս մտավախություն է հարուցում, քանի որ նրա շրջանակում գոյակցում են չափազանց տարբեր ավանդույթներ, պատմություն և տրամագծորեն հակառակ հավակնություններ ունեցող պետություններ։ Կատարելապես անհիմն է ակնկալել, որ այն ապագայում կարող է ձեռք բերել միասնական մշակութային, տնտեսական, քաղաքական և սոցիալական «շարունակականություն»։ Մյուս կողմից, անհնար է չնկատել, որ ազգայինի վրա մտասևեռումը հաճախ սահմանափակում է ժողովրդի՝ իր պատմական հեռանկարների վրա ավելի լայն հայացք նետելու և արատավոր շրջանակից դուրս գալու ունակությունը։

Օգտագործված գրականություն

Бромлей Ю.В. Очерки теории этноса. Москва, изд. Наука, 1983
Benedict Anderson. Imagined Communities, Reflections on the origin and …,Verso Editions, London, 1983
Хабермас Ю. Европейское национальное государство: его достижения и пределы. О прошлом и будущем суверенитета и гражданства // Нации и национализм / Б. Андерсен, О. Бауэр, М. Хрох и др.; М., 2002.
Балибар и Валлерстайн – Раса, нация, класс – двусмысленные идентичности, М., изд. Логос, 2004
Майлз Р., Браун М. Расизм. Москва, 2004
Альтерматт У. Этнонационализм в Европе. М., 2000
Тишков В.А. Реквием по этносу. Исследования по социально-культурной антропологии. М., Наука, 2003
Huntington S. The Clash of Civilizations and the Remaking of World Order. New York, 1997. (или Хантингтон С. Столкновение цивилизаций. М., 2003)
С.В. ЛУРЬЕ. Национализм, этничность, культура. Категории науки и историческая практика.

Share

Comments are closed.