Երբ պարզվում է, որ քո սիրելին…մարդասպան է

ANDERSON_PHOTO-01

Բենեդիկտ Անդերսոն

2015 թվականի դեկտեմբերի 13-ին Ինդոնեզիայի Ճավա կղզում 79 տարեկան հասակում մահացավ հայտնի սոցիոլոգ և քաղաքագետ, նեոմարքսիստ Բենեդիկտ Ռիչարդ Օ Գորման Անդերսոնը։ Անդերսոնը նշանակալից ավանդ է
ունեցել ազգայնականության՝ մեր ժամանակների ամենաօրախնդիր երևույթներից մեկի մասին հարացուցային (պարադիգմային) բանավեճում, դրանով իսկ փոփոխելով սոցիալական գիտությունների գաղափարա-մեթոդաբանական պատկերը։ Նա, ըստ էության, փոխեց հենց լեզուն, որով էլ այսօր հնարավոր դարձավ խոսել ազգերի և ազգայնականության մասին։ Նրան համաշխարհային հռչակ բերած գիրքը, նրա magnum opus-ը, որ լույս է տեսել 1983 թվականին, կոչվում է «Երևակայական հանրություններ. ազգայնականության ակունքների ու տարածման մասին»։ Իր զարմանահրաշ ուժով այս գիրքը սոցիալական գաղափարների աշխարհի հիմնական միտումների վրա իր ազդեցությամբ չի զիջում մյուս երկու հանրահայտ գրքերին՝ 2000 թվականին լույս տեսած «Ավանդույթի հայտնագործումը» (Էրիկ Հոբսբաումի և Թերենս Ռեյնջերի խմբագրմամբ) և 1991 թվականին հրատարակված Էրնեստ Գելների «Ազգերն ու ազգայնականությունը»։ Սույն անկյունաքարային տեքստը մարտահրավեր է նետում 18-րդ դարի եվրոպական պատմույթներին (նարատիվներին), կյանքի կոչելով «տպագրական կապիտալիզմ» և մի շարք այլ բազմեզր հասկացությունների։ Դրանով նա արձագանքում էր այն անզորությանն ու բացթողումներին, որոնք ուներ մարքսիստական տեսությունը ազագայնականության հարցում, միաժամանակ՝ փորձելով ստեղծել գործուն, ոչ հակասական տեսություն ազգերի և ազգայնականության մասին։

Փաստորեն Անդերսոնը գրել էր 1980-ականների ամենատարածված հումանիտար տեքստը, որը հիմնափոխել էր ազգայնականության մասին պատկերացումները որպես ա) անդրենածին ու հինավուրց, բ) ծայրահեղ խավարամիտ և գ) նախապաշարմունքներից ու կանխակալություններից տարերայնորեն ծագող երևույթ։ Բենեդիկտ Անդերսոնը ցույց տվեց, որ ազգայնականությունն արարիչներ, քարոզիչներ ու մարտիկներ ունի՝ երկրաբանները, քարտեզագիրները, գրողները, թանգարանային աշխատողները, պատմության ուսուցիչները և նույնիսկ մարդահամար անցկացնողները։ Ու նրա այդ հայտնագործությունը, թվում է՝ այդքան ակնհայտ ու մակերևույթին գտնվող, ընկալվեց որպես պայծառամտություն, իմա՝ ազգայնականությունը հնարավոր է դառնում միայն արդի աշխարհում, ուր իշխանությունն այլևս չի կարող հիմնավորվել աստվածային ծագմամբ, և որ ազգայնականությունը դառնում է ինչպես մեծ խմբերի սոցիալական հարաբերություների արարման, այնպես էլ ավերման աղբյուր հանդիսացող բարձրագույն արժեք, և որ, ընդսմին, ազգայնականությունն առնչված է կապիտալիզմին, շուկաներին, գրագիտության տարածմանը և թերթերին։ Ահա այսպիսի ամփոփ պատկեր է հառնում՝ եթե հանրագումարի բերելու լինենք։

Անդերսոնի ընտանիքն ունի ոչ քիչ անդրազգային հուզիչ չափումներ, ինչը Անդերսոնների բոլոր երեք զավակների՝ Բենեդիկտի, Փերրիի ու Մելանիի փայլուն կրթությանը հաղորդել է մտածողության յուրահատուկ ծավալապատկերային որակ։ Նրա եղբայրը՝ Փերրի Անդերսոնը, երկար տարիներ լոնդոնյան Նյու լեֆթ ռեվյու (New Left Review) պարբերականի խմբագիրն էր, պարբերական, որի էջերում ինքը մի առիթով փոքրիկ հոդված տպագրեց՝ «Քեմալից հետո» (առօրյա ազգայնամոլության ու ֆաշիզմի տեղանվանական դրսևորումների մասին)։ Նա ուշադրություն դարձրեց փողոցների անվանմանը ժամանակակից Թուրքիայի քաղաքներում. մարտնչող ազգայնամոլների ու ֆաշիստների անուններ՝ Թալեաթ, Էնվեր և այլն։ Ու դա համեմատեց Գերմանիայի հետ՝ կարո՞ղ եք պատկերացնել, որ այնտեղ պողոտաներն անվանեն Ադոլֆ Հիտլերի և նրա զինակիցների պատվին (Գերմանիայիում իրականում միանգամայն հակառակն է՝ Հիտլերի ազգանվանակիցները գոնե մի տառ փոխում են իրենց ազգանվան մեջ, որպեսզի ոչ մի առնչություն չունենան նրա հետ)։

Ինքը՝ Բենեդիկտը, Ինդոնեզիայում ավելի քան երկու տարվա դաշտային հետազոտություններից հետո, ինչպես ինքն էր ասում՝ անհուսորեն սիրահարվել էր ճավայան ավանդական մշակույթին և սիրային կապի մեջ մտել նրա հետ։ Բայց հիասթափությունը պատեց նրան, երբ Ջակարտայում 1965 թվականի հեղաշրջումից հետո Սուխարտոն արյունահեղություն կազմակերպեց Ինդոնեզիայում՝ «բնիկ» ազգությունների ներկայացուցիչներից կազմված ջարդարարներին քսի տալով էթնիկ չինացիների և այլ «օտարածինների» վրա։ Անդերսոնն այն ժամանակ խորապես ճնշված էր և նորից փոխաբերությամբ գրեց իր տպավորությունների մասին՝ այն վշտի մասին, երբ հանկարծ պարզվում է, որ քո սիրելին մարդասպան է։ Դժվար թե այս զգացական հռետորաբանությունը պատահականորեն ծագած լիներ։ Ըստ Անդերսոնի՝ ազգերին մղում են նվիրական սիրո, հաճախ էլ՝ մատաղացու սիրո, իսկ ազգային արձակը, պոեզիան, մշակույթը, երաժշտությունը կոչված են պատկերելու այդ սերն իր բազմազան ձևերով ու ոճերով։
Անդրադառնալով Բենեդիկտ Անդերսոնի կորստին՝ «Անալիտիկոն» հանդեսն իր հերթական համարը նվիրում է ազգայնականությանը, դրա ակունքներին ու դրսևորումներին։

«Անալիտիկոնի» խմբագրակազմ

Share

Comments are closed.