Հարավային Կովկասի վրա սիրիական հակամարտության ազդեցության որոշ հայեցակետերի մասին


4Միքայել ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հայաստան

Ներածություն

Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության խնդիրը մշտապես եղել է առանցքային հարցերից մեկը, որը կանխորոշում էր ողջ տարածաշրջանի և տարածաշրջանային առանձին միավորների զարգացումը։ Սակայն, եթե նախկինում տարածաշրջանը բավարարվում էր ներքին գործընթացներով, ապա ներկայումս արտաքին սպառնալիքների թիվն այնքան է աճել, որ հարց է ծագում. արդյո՞ք Հարավային Կովկասին անհրաժեշտ չէ անվտանգության ընդհանուր հայեցակարգ։Մի կողմից՝ ուկրաինական ճգնաժամը, անընդհատ աճող ռուսական ճնշումը և եվրաինտեգրման գործընթացները, մյուս կողմից՝ մերձավորարևելյան հակամարտությունը ստեղծում են էապես նոր իրավիճակ Հարավային Կովկասում, որից տարածաշրջանի բոլոր ճանաչված ու չճանաչված միավորները կարող են դուրս գալ ահռելի կորուստներով, կամ՝ ձեռք կբերեն լուրջ քաղաքական, տնտեսական և ինտեգրացիոն շահութաբաժներ։

Որպեսզի կարողանանք պարզել, թե որքան մեծ է Հարավային Կովկասի վրա սիրիական ճգնաժամի ազդեցությունը, առաջին հերթին հարկ է հասկանալ, թե ով և ինչու է ներքաշվել հիշյալ հակամարտության մեջ։ Հակամարտության վերլուծության հիմնական խնդիրը հակամարտության կողմերի մեծաթվությունն է՝ ներքին և արտաքին դերակատարների բազմությունը, որը դժվարություններ է ստեղծում նրանց միջև առկա հարաբերությունների նույնականացման համար, հատկապես՝ հաշվի առնելով այդ հարաբերությունների անկայունությունը։

Սիրիայի էթնոդավանական պատկերը և հակամարտության ներքին կողմերը

Հակամարտության առաջին օրերից հնչած և ցայսօր կրկնվող միջազգային փորձագետների, քաղաքական գործիչների և ԶԼՄ-ների բազմաթիվ հայտարարություններն այն մասին, թե Սիրիայում Բաշար Ասադի ղեկավարած ալավիական փոքրամասնությունը լիակատար միայնության մեջ պայքարում է սիրիական ընդդիմության դեմ, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում։

Սիրիան բազմազգ և բազմակրոն երկիր է, որտեղ երկար ժամանակ ապրել են սունի արաբները, քրդերը, ալավիները, դրուզները, հայերը, եզդիները, իսմայիլական արաբները, շիա արաբները, քրիստոնյա արաբները, թուրքմենները, չերքեզները և ուրիշներ։ Վերոթվարկյալ խմբերից միայն մի մասն է Ասադի վարչակարգի ոխերիմ հակառակորդը. մյուս խմբերը կա՛մ պաշտպանում են Ասադին, կա՛մ ինքնակազմակերպվում ու ստեղծում են ինքնապաշտպանական ուժեր՝ այլուստ եկող հարձակումներից պաշտպանվելու համար։ Այսպիսով՝ սիրիական հակամարտությունը ոչ թե երկու կողմերի դիմակայություն է, այլ՝ բազմակի հակամարտությունների բարդ կծիկ։

Պետք է հաշվի առնել նաև այն, որ հակամարտության ընթացքում ուժերի հավասարակշռությունը պարբերաբար փոխվում էր. եթե սկզբնապես կառավարական ուժերին դիմակայում էր Սիրիական ազատ բանակը, ապա 2013 թվականին այսպես կոչված աշխարհիկ ընդդիմությունից նախ անջատվեցին քրդերը, իսկ ապա՝ «Ջաբհատ ան-Նուսրա» խմբավորման իսլամիստները։ Այսպիսով՝ Սիրիական ազատ բանակի դերն ու գործընթացների վրա ազդելու կարողությունը միանգամայն զրոյացել են։ 2013 թվականից սկսած Ասադի գլխավոր հակառակորդներն են դարձել իսլամական կազմակերպությունները՝ Իսլամական պետությունը, Ջաբհատ ան-Նուսրան և Ահրար աշ-Շամը։

Սիրիական ճգնաժամում իսլամիստ ծայրահեղականների դիրքերի ուժեղացումը ոչ միայն շրջադարձային պահ էր՝ երկրի ներսում ահագնացող իրավիճակի փոփոխության, այլև՝ սիրիական հակամարտության հարևան երկրների, այդ թվում և՝ Հարավային Կովկասի վրա ունեցած ազդեցության տեսանկյունից։

Նախ՝ գերազանցապես սալաֆիական ուղղվածության իսլամիստ ծայրահեղականները, որոնց գաղափարախոսության մեջ գերիշխում է Մուհամեդ մարգարեի ժամանակաշրջանի իսլամի վերականգնման անհրաժեշտության գաղափարը, մոլեգնաբար պայքարում են կրոնական այլակարծության յուրաքանչյուր դրսևորման դեմ։

Առաջին հերթին այս պայքարն ուղղված է եզդիների դեմ, որոնք սալաֆիների կողմից ընկալվում են որպես կռապաշտներ, ուստի և՝ իսլամի համար ամենաատելի մարդիկ։ Եզդիներին հաջորդում են քրիստոնյաները, ապա՝ ալավիները, դրուզները, իսմայիլականները և շիա իսլամի այլ ճյուղերը։ Սալաֆիները դատապարտում են նաև այլ ուղղվածությունների սունիներին՝ նրանց համարելով չափավոր ու անթույլատրելիորեն մեղմ այլ կրոնների նկատմամբ։

Իսլամական սպառնալիքն ուղղակիոորեն առնչվում է նաև Սիրիայում բազմամարդ ու հզոր սփյուռք ունեցող Հայաստանի շահերին։ Սիրիահայերի կենտրոնն ավանդաբար համարվում է Հալեպը, որտեղ տարբեր տվյալներով ռազմական գործողությունների մեկնարկից առաջ ապրում էր 60-80 հազար հայ։

Հայերին կարելի է համարել ոչ միայն բազմամարդ, այլև շատ ինտեգրված՝ որոշ չափով երախտագետ համայնք։ Չէ՞ որ Սիրիան ցեղասպանությունից մազապուրծ եղած տասնյակ հազարավոր հայերի համար առաջին ապաստանն էր. շատ սիրիացիներ այն ժամանակ հայերին տվել էին օթևան և աշխատանք, ուստիև՝ վերապրելու հնարավորություն։

Ծայրահեղականները Սիրիայում

Անցած դարի 30-ականների վերջերին Եգիպտոսում հիմնված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը, որը գոյություն ունեցող բոլոր սունի ծայրահեղական կազմակերպությունների նախատիպ է, սկսել է ակտիվորեն մասնակցել Սիրիայի քաղաքական կյանքին 50-ական թվականներից սկսած։ Անցած դարի կեսերին «Մուսուլման եղբայրներն» մինչև իսկ Սիրիայի խորհրդարանում տեղեր են ստացել՝ որպես գործող իշխանություններին ընդդիմություն։ Կազմակերպության հռետորաբանությունն ու գործողությունները հետզհետե ավելի ծայրահեղական բնույթ էին ստանում, ինչը հանգեցրել է «Մուսուլման եղբայրների» և Հաֆեզ Ասադի վարչակարգի միջև կոշտ դիմակայության։

1982 փետրվարին սիրիական կառավարական զորքերը նախագահ Հաֆեզ Ասադի հրամանով ռմբակոծել և հարձակվել են Համա քաղաքի վրա։ Այդ գործողության ժամանակ տարբեր տեղեկությունների համաձայն զոհվել է 2000-ից մինչև 40000 մարդ։ Այսպիսի կոշտ գործողության պատճառը Սիրիայում Մուսուլման եղբայրների շարժումն արմատախիլ անելու Հաֆեզ Ասադի ցանկությունն էր։ ԱՄՆ հետախուզական ծառայությունների տվյալներով՝ ոչնչացվել են Մուսուլման եղբայրներից մոտ 500 հոգի։ Կազմակերպության հազարավոր անդամներ դատապարտվել և բանտարկվել են։

Փաստորեն, Համայում տեղի ունեցած իրադարձությունները մոտ 20 տարով անհնարին են դարձրել հիշյալ կազմակերպության գործունեությունը Սիրիայի տարածքում։ Սակայն Ասադ-հոր մահից հետո կազմակերպությունը կրկին ակտիվացել է և մեծ դեր է ունեցել 2011թ. առաջին բողոքի ալիքի կազմակերպման մեջ։

Հակամարտության արտաքին դերակատարները

Ի հավելումն ներքին դերակատարների մեծ թվի՝ սիրիական ճգնաժամի մեջ ներքաշված են մի շարք տարածաշրջանային տերություններ և գերտերություններ,որոնց գործողություններով է զգալի չափով բացատրվում հակամարտության ձգձգված բնույթը։

Առանցքային արտաքին դերակատարներից առաջին հերթին պետք է նշել Թուրքիային, որը և՛ Ասադ-հոր, և՛ Ասադ-որդու կառավարման օրոք Սիրիայի հետ ունեցել է բարդ և ժամանակ առ ժամանակ լարված նախահակամարտային իրավիճակներին մոտեցող հարաբերություններ։ Հենց Թուրքիայի տարածքից ողջ հակամարտության ընթացքում Սիրիա են ներթափանցում աշխարհի բոլոր անկյուններից ժամանող գրոհայինները, մատակարարվում են սպառազինություններ և պարեն՝ Ասադի դեմ պատերազմող ուժերի համար։ Ասադի վարչակարգի տապալումն, առաջին հերթին, Թուրքիայի համար վաղուց ի վեր ակնկալած հնարավորություն է՝ տարածաշրջանում իր ազդեցության գոտին ընդարձակելու և տարածաշրջանային տերության կարգավիճակը վերահաստատելու համար։

Ի հակակշիռ Թուրքիայի՝ որպես այլաբևեռ տարածաշրջանային տերություն Սիրիայում գործում է Իրանը, որը նույնպես պայքարում է տարածաշրջանում ազդեցիկ ուժ և տարածաշրջանային առաջնորդ լինելու համար։ Իրանի իշխանություններն Ասադին աջակցում են ոչ միայն սպառազինությունների մատակարարման, այլև շիա Հըզբոլահ կազմակերպության և Իսլամական հեղափոխության պահապանների հատուկ ստորաբաժանման միջոցով։

Փաստորեն, սիրիական ճգնաժամի հիմնական տարածաշրջանային դերակատարները Հարավային Կովկասի անմիջական հարևաններն են։ Այս հանգամանքն, անտարակույս, վկայում է տարածաշրջանի համար սիրիական ճգնաժամի կարևորության մասին։

Այլ տարածաշրջանային դերակատարներ ևս կա՛մ ներգրավված են սիրիական հակամարտության մեջ, կա՛մ ուշարդությամբ հետևում են տեղի ունեցող զարգացումներին։ Նախ՝ նրանց շարքից են Պարսից ծոցի երկրները, առաջին հերթին՝ Սաուդյան Արաբիան, որը աջակցում է իսլամիստներին սպառազինությունների և գրոհայինների շարունակական մատակարարմաբ։

Տարածաշրջանային դերակատարներից բացի սիրիական ճգնաժամի մեջ ներգրավված են համաշխարհային գերտերությունները՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Ռուսաստանը։ Վերջինիս համար այս հակամարտությունը հնարավորություն է տալիս վերականգնել գերտերության երբեմնի կարգավիճակը։ Զարգացումների բարեհաջող ընթացքը Ռուսաստանին թույլ կտա ավելի մեծ վստահությամբ հավակնել խորհրդային «ժառանգությանը»։

Սառը պատերազմի շրջանում Սիրիան Մերձավոր Արևելքում խորհրդային հիմնական հենակետերից էր։ Երկրում խորհրդային ներկայությունը շատ զգալի էր և

հիմնավոր։ Դրա մասին է վկայում գեթ այն փաստը, որ Սիրիայում գործած ԽՍՀՄ դեսպանատունն ամենամեծն էր՝ թե՛ տարածքով, թե՛ անձնակազմի թվով։ Դեսպանատնից բացի Սիրիայում գործում էին մի քանի խորհրդային զինվորական և ինժեներական ավաններ, առևտրային և մշակութային կենտրոն, խորհրդային դիվանագետների, զինվորականների և ինժեներների մեծ խմբեր։

Այս իմաստով՝ Ռուսաստանի ակտիվ ներգրավումը սիրիական հակամարտության մեջ ոչ միայն մեծապես կարևոր է ռուսաստանյան արտաքին քաղաքականության համար, այլև բխում է որոշակի պատմական նախադրյալներից։

ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար սիրիական հարցը Մերձավոր Արևելքի «վերաձևման» նախագծի եզրափակիչ փուլն է, հատկապես՝ Իրան-Արևմուտք հարաբերություններում արձանագրվող առաջընթացի համապատկերում։

Վերոշարադրյալից երևում է, որ սիրիական հակամարտությունը ոչ միայն և ոչ այնքան երկրի ներքին խնդիրների հետ կապված գործընթաց է, որքան և առաջին հերթին՝ գերտերությունների և տարածաշրջանային պետությունների բախման թատերաբեմ։ Սիրիական հակամարտությունը յուրօրինակ ցուցադրական մարտ է, որը կբացահայտի, թե ով և ինչպես է կառավարելու ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային գործընթացները։

Սիրիական հակամարտությունը և Հարավային Կովկասը

Սիրիական հակամարտության՝ Հարավային Կովկասի վրա ազդեցության գործոնների հանրագումարը բավականին ստվար է։

Տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի համար Սիրիայում ծավալված հակամարտության ուղիղ հետևանքներից է փախստականների հոսքը։ Հայաստանի պարագայում ավելի ճիշտ է օգտագործել «հարկադրված հայրենադարձներ» ձևակերպումը, քանի որ սիրիացի ներգաղթյալների ճնշող մեծամասնությունը էթնիկ հայեր են։ ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀՀ Միգրացիոն ծառայության վերջին տվյալներով Հայաստան են ժամանել մոտ 15-18 հազար սիրիահայեր, որոնցից Հայաստանում են մնացել 8-10 հազար հոգի։ Հայաստանի պես երկրի համար այս ծավալի փախստականների հոսքն արտակարգ և, առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի պայմաններում՝ բավականին խնդրահարույց երևույթ է։ Սիրիահայերի սոցիալական, տնտեսական և մշակութային ինտեգրման հարցը Հայաստանում բավականին արդիական է։ Բացի դրանից, պետք է հաշվի առնել, որ Սիրիայում հզոր և հիմնավորապես ինտեգրված սփյուռքի առկայությունը Հայաստանի համար նույնպես շատ կարևոր էր։ Այս իմաստով՝ Հայաստանի շահը համընկնում է Սիրիան լքած բազմաթիվ սիրիահայերի՝ խաղաղության հաստատումից հետո նախկին բնակության երկիր վերադառնալու ցանկությանը։

Սիրիական հակամարտության՝ հարավկովկասյան տարածաշրջանի վրա ներազդելու մյուս կարևոր գործոնը ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացումն է։ Այս իրավիճակը հավասարապես վերաբերում է տարածաշրջանի բոլոր երեք պետություններին։ Ուշագրավ է, որ տարածաշրջանային լարմամբ և այլ՝ ավելի մասնավոր գործոններով պայմանավորված ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը Հարավային Կովկասի բոլոր պետությունների համար ավելի շատ բացասական, քան դրական երևույթ է, ինչն, ինքնին, բացառիկ իրավիճակ է՝ ընդհանուր շահեր ունենալու նախադեպի առկայության տեսանկյունից։

Պետք է նշել և այն, որ, ցավոք, Հարավային Կովկասի երկրների շահերն այդ համատեքստում և, առավել ևս՝ նրանց ընդհանուր դիրքորոշումները ոչ ոք և ոչ մի կերպ չի շեշտադրում։

Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների վատթարացումն առավել գլոբալ գործոն է, որը պայմանավորված է ոչ միայն Սիրիայով, այլև՝ ուկրաինական ճգնաժամով։ Ռուսաստանի և Արևմուտքի միջև դիմակայության տնտեսական հետևանքներն ու պատժամիջոցները Հարավային Կովկասի երկրների վրա ազդում են նաև տնտեսական հարթությունում՝ հաշվի առնելով տարածաշրջանում ռուսական կապիտալի նշանակալից առկայությունը, նավթի գների անկումը, ռուբլու արժեզրկումը և հարավկովկասյան երկրներից աշխատանքային միգրանտների եկամուտների նվազումը։

Տարածաշրջանի վրա ներազդելու մեկ այլ կարևոր գործոն էլ քրդական հարցն է, որը հղի է մինչև իսկ նոր հարևան պետության առաջացման հնարավորությամբ։ Սիրիական հակամարտությունը դժգոհության նոր ալիք է բարձրացրել Թուրքիայի քրդաբնակ բնակչության շրջանում՝ հանգեցնելով երկրի արևելյան հատվածում իրավիճակի սրմանը։ Մյուս կողմից՝ Սիրիայի ու Իրաքի տրոհումը և էթնոդավանական որոշ խմբերի միավորման անհրաժեշտությունն, առաջին հերթին, վերաբերվում է Սիրիայում և Իրաքում հոծ բնակչություն ունեցող քրդերին։ Քրդերի համախմբումը կարող է տարբեր կերպով ընթանալ՝ կախված լինելով սիրիական հակամարտության հանգուցալուծման տարբերակից։

Եզրակացություն

Վերոշարադրյալից երևում է, որ Մերձավոր Արևելքում տիրող անկայուն իրավիճակն ամենալուրջ կերպով ազդում է Հարավային Կովկասի տնտեսական, քաղաքական և միգրացիոն իրադրության վրա։ Ուշագրավ է, որ տարածաշրջանի ոչ մի երկիր չունի սիրիական հակամարտությանը վերաբերող քիչ թե շատ ամբողջական հայեցակարգ. Հարավային Կովկասի երկրների արձագանքը, քաղաքական ուղղվածությունից ելնելով, կա՛մ իրադրային է, կա՛մ՝ հռչակագրային։ Այն, ամեն դեպքում, անկախ չէ և չի բխում ազգային շահերից։

Տվյալ իրավիճակում՝ խոսել տարածաշրջանային շահերի մասին, ցավոք, ավելորդ է. անգամ փորձագիտական տրամախոսության հարթությունում մերձավորարևելյան իրավիճակի հանդեպ միասնական տարածաշրջանային հեռանկար և համատեղ գործողություններ գործնականում չեն քննարկվում։

Share

Comments are closed.