Սիրիական ճգնաժամի մարտահրավերները Հարավային Կովկասի համար. հայացք Ստեփանակերտից

 

Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լեռնային Ղարաբաղ

Շատ փորձագետներ սիրիական ճգնաժամի սկիզբը համարում են 2011թ. մարտ ամիսը, երբ Դերաա քաղաքում սիրիական իշխանությունների դեմ բողոքի տարերային ակցիաներ սկսվեցին։ Ժողովրդական պոռթկման պատճառ էին դարձել իրենց դպրոցի պատի վրա հակակառավարական կարգախոսներ գրած տեղի մի քանի դեռահասների ձերբակալությունն ու կտտանքները։ Ավելի շատ մարդիկ դուրս եկան փողոց և պահանջեցին նախագահ Բաշար Ասադի հրաժարականն այն բանից հետո, երբ սիրիական իշխանությունները խաղաղ ցուցարարների դեմ հրազենային կրակ բացեց՝ գնդակահարելով մի քանի հոգու։2011թ. հուլիսի դրությամբ ողջ Սիրիայի տարածքում հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան բողոքի ցույցերի։ Խաղաղ ցույցերն աստիճանաբար վերաճում էին զինված բռնության։ Նախագահ Ասադի ենթակայության տակ գտնվող բանակային ստորաբաժանումներին իրենց քաղաքներից և գյուղերից դուրս մղելու համար ողջ երկրի տարածքով ստեղծվում էին հակակառավարական զինված խմբավորումներ, որոնք նկատելի հաջողությունների էին հասնում։ 2012թ. կառավարական ուժերի և զինված ընդդիմության միջև ռազմական բախումները հասան Դամասկոսին և ըստ մեծության երկրի թիվ երկրորդ քաղաք՝ Հալեպ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2013թ. հունիսին սիրիական հակամարտությունը խլել է 90 հազար հոգու կյանք։ 2014թ. օգոստոսի դրությամբ զոհերի թիվը հասել էր 191, իսկ մեկ տարի անց՝ 250 հազարի։

Սիրիական ճգնաժամի հետևանքով ավելի քան չորս միլիոն մարդ՝ մեծամասամբ կանայք և երեխաներ, փախստական են դարձել՝ հանգեցնելով վերջին տասնամյակների ամենախոշոր մարդասիրական աղետներից մեկին։ 7.5 միլիոն սիրիացի դարձել են ներքին տեղահանված անձինք։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 11 միլիոն հոգի ունեն մարդասիրական օգնության կարիք, որոնցից 5.5 միլիոնը երեխաներն են։

2015թ. մարտին հրապարակված ՄԱԿ-ի զեկույցի գնահատմամբ՝ հակամարտության սկզբից ի վեր տնտեսական կորուստները կազմել են 202 միլիարդ դոլար։ Հինգ սիրիացիներից չորսն այժմ ապրում է աղքատության շեմից ներքև։ Երկրի կրթական, առողջապահական և սոցիալական ապահովության համակարգերը գտնվում են բացարձակապես քայքայված վիճակում։

Սիրիական հակամարտության գլխավոր առանձնահատկությունը դարձել է Ասադի վարչակարգի դեմ պայքարի վերաճումը միջդավանական հակամարտության։ Իսկ հարևան Իրաքում և Սիրիայի հյուսիսում ու հարավում ահռելի տարածքների տիրացած «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման ձևավորումից ի վեր Սիրիան ընկղմվել է լիակատար քաոսի մեջ, երբ հակամարտության մեջ ներքաշված բոլոր խմբավորումները ստիպված են միաժամանակ պատերազմել մի քանի հակառակորդների դեմ։

2014թ. սեպտեմբերին ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան քրդական ցամաքային ուժերին աջակցելու նպատակով սկսել է օդային հարվածներ հասցնել «Իսլամական պետության» դիրքերին և ենթակառուցվածքներին։ 2015թ. հակամարտության մեջ Ռուսաստանի ներքաշվելուց և ՌԴ օդատիեզերական ուժերի կողմից սիրիական ընդդիմության և Իսլամական պետության դիրքերի զանգվածային ռմբակոծություններից հետո իրավիճակը ծայրաստիճան խառնաշփոթ ու պայթյունավտանգ է դարձել։ Սիրիական ճգնաժամը, որն «Արաբական գարնան» շրջանակներում սկսվում էր որպես ավտորիտար ղեկավարի դեմ հերթական ապստամբություն, վերածվել է դաժան միջնորդավորված (proxywar) պատերազմի՝ բազմաթիվ տարածաշրջանային տերությունների և համաշխարհային գերտերությունների ներգրավմամբ։

Միանգամայն ակնհայտ է, որ վերոնշյալ ողբերգական հանգամանքներն ու աշխարհաքաղաքական զարգացումները չէին կարող շրջանցել Մեծ Մերձավոր Արևելքի մաս կազմող Հարավային Կովկասի տարածաշրջանը։ Այս նյութի շրջանակում ես կփորձեմ թվարկել և կանոնակարգել սիրիական ճգնաժամի ամենանշանակալից այն գործոններն ու մարտահրավերները, որոնք վերջին տարիների ընթացքում ազդել կամ ազդելու են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների վրա։

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար սիրիական ճգնաժամի գլխավոր մարտահրավերներից էր երբեմնի ծաղկուն սիրիահայ համայնքի ամբողջական քայքայումը։ Սիրիան ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ փախստականներին ընդունած առաջին երկիրն էր։ Վերջին տասնամյակների ընթացքում Սիրիայի հայկական համայնքը սփյուռքի կարևորագույն մշակութային օջախներից էր։ Նախքան պատերազմի սկիզբը Սիրիայում բնակվում էին ավելի քան 100 հազար հայեր։ Դամասկոսում, Հալեպում և Լաթակիայում լույս էին տեսնում հայալեզու թերթեր և ամսագրեր, գործում էին եկեղեցիներ, ազգային դպրոցներ և մշակութային կենտրոններ։

Տարբեր գնահատականներով՝ հակամարտության բռնկումից ի վեր Հայաստան են տեղափոխվել շուրջ 30 հազար սիրիացի փախստականներ, որոնցից շատերը հետագայում արտասահման են մեկնել՝ հիմնականում ԱՄՆ կամ Կանադա։ Ներկա պահին Հայաստանում բնակվում են 17 հազար սիրիահայեր։ Հեղինակավոր The

Economist պարբերականը Հայաստանը՝ որպես սիրիացի փախստականների ընդունած պետություն, եվրոպական բոլոր երկրների մեջ երրորդ տեղում է զետեղել։

2012 թվականից ի վեր 12 000 սիրիահայի շնորհվել է ՀՀ քաղաքացիությունը.1650 հոգի ստացել են ՀՀ-ում կեցության իրավունք։ ՀՀ Սփյուռքի նախարարությունը ընդունել է աշխատանքի տեղավորման համար աջակցություն ստանալու 2 200 սիրիահայ փախստականների դիմում։ Մանր և միջին ձեռներեցության զարգացման ազգային կենտրոնը ֆինանսավորել է 85 սիրիահայի գործարար նախաձեռնությունները։ Սիրիահայ փախստականներին աշխատանքով ապահովելու նպատակով ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համագործակցել են առավել քան 200 հասարակական և պետական կազմակերպություններ։ Հայաստանի կառավարությունը, համագործակցելով հայակական սփյուռքի «Գալուստ Գյուլբենկյան» և «Համահայկական Ընդհանուր Բարեգործական Միություն» (AGBU) հայտնի հիմնադրամների հետ, սիրիահայ ուսանողներին կրթաթոշակ է տրամադրում։

Սակայն, Հայաստանի իշխանությունների գործողությունները շարունակում են հարուցել երկրի քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության դժգոհությունը։ Հայ հասարակությունը համոզված է, որ ՀՀ իշխանություններն անհրաժեշտ չափով չեն կարողացել կազմակերպել դեպի պատմական Հայրենիք սիրիահայերի հայրենադարձությունը և օգտագործել նրանց ահռելի ներուժը՝ երկրի տնտեսության և մշակույթի զարգացման համար։ Կարելի է պնդել, որ շատ սիրիահայեր կարողացել են աշխատանք գտնել կամ սեփական բիզնես սկսել ոչ թե պաշտոնական Երևանի ջանքերի շնորհիվ, այլ ի հեճուկս իշխող վարչակարգի հարուցած խոչընդոտների կամ անգործության։

Սիրիահայ փախստականների խնդրին բախվել են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները։ Որոշ տվյալների համաձայն՝ սիրիական ճգնաժամի մեկնարկից ի վեր Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության է տեղափոխվել 35 սիրիահայ ընտանիք, որոնց մեծ մասը բնակություն է հաստատել Քաշաթաղի շրջանի Բերձոր և Կովսական քաղաքներում։ Մի քանի տարի առաջ Ղարաբաղում մեկնարկել է սիրիահայերին բնակարաններով ապահովելու ծրագիրը, որի շրջանակներում ծախսերի առյուծի բաժինն ստանձնել է ԼՂՀ կառավարությունը։ Հիշյալ ծրագրին աջակցել են նաև բարեգործական «Թուֆենկյան» և «Քաշաթաղ» հիմնադրամները։

Սիրիահայ փախստականների խնդրից բացի երկու հայկական պետություններն ու հասարակությունները 2014թ. մարտին լուրջ երկընտրանքի առջև հայտնվեցին, երբ «Ջաբհատ ալ-Նուսրա» և «Իսլամական ճակատ» ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինները Թուրքիայի կողմից հարձակվեցին հայաբնակ զբոսաշրջային Քեսաբ ավանի վրա։

Քեսաբում հայերը բնակվում էին վերջին երկու հազար տարիների ընթացքում՝ դեռևս Տիգրան Մեծի նվաճումների ժամանակներից։ Քեսաբը նաև11-14-րդ դարերում. գոյություն ունեցած Կիլիկիայի հայկական թագավորության մաս էր։ Վերջին տասնամյակների ընթացքում Քեսաբը Սիրիայի հայ համայնքի կարևոր մշակութային կենտրոնն էր։ Այստեղից էին սերում շատ հայտնի հայ գործիչներ և գործարարներ, որոնց մեջ ամենահայտնին, անկասկած, Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսն էր։ Հենց այս պատճառով՝ Քեսաբի դեմ հարձակումը և տեղի հայ եկեղեցու պղծումը ՀՀ և ԼՂՀ հասարակությունների որոշ շրջանակներն ընկալել են որպես ազգային նվաստացում։

ՀՀ-ում, ԼՂՀ-ում և սփյուռքում ի հայտ են եկել կամավորական խմբեր, որոնք ցանկություն են հայտնել մեկնել Սիրիա և օգնել հայ ինքնապաշտպանական ուժերին և սիրիական բանակին Քեսաբն ազատագրելու հարցում։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ իշխանությունները նմանատիպ նախաձեռնությունները «տխմարություն» և «արկածախնդրություն» են որակել՝ կոչ անելով չներքաշել Հայաստանը սիրիական քաղաքացիական պատերազմի մեջ։ Հայաստանի ԱԱԾ-ն ամեն կերպ խոչընդոտում էր կամավորական խմբերին Քեսաբ մեկնել, սակայն ղարաբաղյան պատերազմի վետերանների փոքրաթիվ խմբին, այնուամենայնիվ, հաջողվել է հասնել Սիրիա և տեղում զբաղվել հայ ինքնապաշտպանական ուժերի մարտական գծով վերապատրաստմամբ, ինչն, ամենայն հավանականությամբ, հետագայում որոշակիորեն նպաստել է հիշյալ բնակավայրի ազատագրմանը։

Վերջին տարիների ընթացքում տասնյակ հազարավոր հայեր լքել են հակամարտության գոտին, սակայն սիրիահայ համայնքի նշանակալից մասը դեռևս տեղում է մնացել։ Դեպի պատմական Հայրենիք նրանց հայրենադարձությունը մինչ օրս երկու հայկական պետությունների առջև ծառացած կարևորագույն մարտահրավերներից է։ Այս խնդիրն, անկասկած, մեծապես լրջանալու է՝ Սիրիայում հակամարտության հետագա ծավալման և հարևան երկրների վրա տարածվելու պարագայում։

Աշխարհաքաղաքական տեսանկյունից Հարավային Կովկասի համար սիրիական ճգնաժամի հարուցած գլխավոր մարտահրավերը թուրքական ռազմաօդային ուժերի կողմից թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ռմբակոծչի ոչնչացումն էր։ Սիրիայում Մոսկվայի նախաձեռնած օդային արշավը լուրջ հարված էր Անկարայի համար, որը վերջին տարիների ընթացքում ճնշում էր գործադրում Ասադի վարչակարգի վրա և սատարում սիրիական կառավարական ուժերի դեմ մարտնչող զինված խմբավորումներին։ Սիրիայում ռուսական ռազմաօդային գործողությունների մեկնարկից սկսած Անկարայի և Մոսկվայի միջև մինչ այդ գործընկերային բնույթ կրած հարաբերությունները սկսել են կայծակնորեն վատթարանալ։ Ռուսական ռազմական օդանավի ոչնչացումը ռուս-թուրքական հարաբերությունների թերևս անդառնալի սրման գագաթնակետն էր։

Ռուս-թուրքական հակամարտությունն, անկասկած, հղի է ողջ տարածաշրջանի համար լուրջ վտանգներով։ Հարավային Կովկասը Ռուսաստանի և Թուրքիայի միջև տեսականորեն հնարավոր պատերազմի հավանական թատերաբեմերից մեկն է։

Ակնհայտ է, որ նման պատերազմն իսկակակ աղետ կլինի, քանի որ կներքաշի մեր տարածաշրջանը խավարի և քաոսի տասնամյակների մեջ։

Ակնհայտ է նաև, որ ռուս-թուրքական դիմակայությունը զգալի չափով նպաստելու է Հարավային Կովկասում առկա լարվածության աճին և նոր զարկ է հաղորդելու տարածաշրջանի հետագա ռազմականացմանը։ Մոտ ապագայում Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, էապես ուժեղացնելու է իր ռազմական ներկայությունը Հայաստանում և, հավանաբար, մեծացնելու է Երևանին մատակարարվող սպառազինությունների ծավալները։ Հայաստանի իշխանություններն, իրենց հերթին, պետք է անեն ամեն հնարավոր բան՝ սադրանքներին չտրվելու և Անկարայի ու Ռուսաստանի միջև ծավալվող դիմակայությունում Մոսկվայի գործիք չդառնալու համար։

Ռուս-թուրքական հակամարտության սկզբից արևմտյան և ռուսաստանյան մամուլում լույս են տեսել շատ հոդվածներ, որոնց մեջ ենթադրություններ էին արվում ռուս-թուրքական հակամարտության՝ ղարաբաղյան ճակատին անցնելու հավանականության վերաբերյալ։ Նմանատիպ եզրահանգումների մասնակի պատճառը թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հարձակողական հռետորաբանություն էր։ Այսպես, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 3-ին Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և նշել, որ «Ադրբեջանի բռնազավթված տարածքները պետք է ազատագրվեն»։

Թուրք պաշտոնատար անձանց այսպիսի հռետորաբանությունը նոր կամ հազվագյուտ երևույթ չէ։ Բայց տվյալ հայտարարության համար ընտրված ժամանակահատվածը գրավել է միջազգային մամուլի ուշադրությունը՝ առիթ տալով այլևայլ շահարկումների։ Սակայն Հարավային Կովկասում իրադարձությունների զարգացմանը հետևող փորձագետները պետք է հասկանան, որ Ղարաբաղի՝ ռուս-թուրքական դիմակայության թատերաբեմ դառնալու հավանականությունը չափազանց փոքր է։

1) Պետք չէ գերագնահատել Ռուսաստանի դերը ղարաբաղյան հակամարտության մեջ։ Իրականում, Ռուսաստանն ունի շատ ավելի քիչ թվով լծակներ՝ հակամարտության կողմերի վրա ազդելու համար, քան սովորաբար համարվում է։

2) Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի կարող բացահայտ միակողմանիությամբ սատարել ռուս-թուրքական դիմակայության կողմերից մեկին։ Ի տարբերություն Թուրքիայի՝ Ռուսաստանը երբեք չի սատարել և չի սատարում հակամարտության կողմերից որևէ մեկին։ Մոսկվայի համար կարևոր է գործընկերային հարաբերություններ պահպանել թե՛ Երևանի և թե՛ Բաքվի հետ։ Վերջին 20 տարիների ընթացքում Մոսկվան, օրինակ, սպառազինություններ էր վաճառում և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։ Անգամ 2014թ. օգոստոսյան միկրոպատերազմի ժամանակ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը և ՀԱՊԿ-ն Հայաստանին սատարող որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել։ Նույնպիսի լռություն է տիրում նաև հակամարտության գոտում հրադադարի խախտման այլ խոշոր դեպքերի ժամանակ։

3) Ղարաբաղյան ճակատում լարվածության աճը, որի մասին շատերը սկսել են գրել Անկարայի և Մոսկվայի միջև լարվածության առաջանալուց հետո, գոյություն է ունեցել ռուսական ռմբակոծչի ոչնչացման հետ կապված միջադեպից շատ ավելի վաղ։ Ականանետներ և այլ խոշոր տրամաչափի զենքեր հակամարտության կողմերն օգտագործել են ողջ 2015թ. ընթացքում։ Առնվազն վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանը կիրառում է դիվերսիոն պատերազմի մարտավարությունը։

Հայեցակարգային մոտեցման տեսանկյունից՝ Սայքս-Պիկոյի համակարգի հնարավոր ու հավանական վերջնակետը լինելու է Սիրիայի դե ֆակտո կամ դե յուրե բաժանումն՝ ըստ էթնոդավանական սահմանների։ Այն կարող է լրջորեն անդրադառնալ համաշխարհային ուժի կենտրոնների մոտեցումներին՝ Հարավային Կովկասի հետ հարաբերություններում։ Սիրիան այն փաստի վառ օրինակն է, որ տարածքային վեճերի ժամանակ էթնոդավանական գործոնների անտեսումը կարող է ընդամենը ժամանակավորապես հետաձգել հակամարտության գոտիներում նոր պայթյուններն ու սրացումները։

Աշխարհի հզորների ձեռքով գծած արհեստական սահմանները վաղ թե ուշ վերանում են։ Այս իմաստով՝ սիրիական ճգնաժամը պետք է լավ դաս դառնա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ասպարեզում միջնորդական առաքելություններով զբաղվող պետությունների համար։ «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա խաղաղության պայմանագիրը դառնալու է միմիայն հակամարտության գոտում նոր սրացման պատճառ։ Այդ իսկ պատճառով, նախքան գոյություն ունեցող անվտանգության մեխանիզմների ոչնչացումը պետք է մտածել, թե ինչը կարող է դրանց փոխարինել։

Բացի դրանից, Իսլամական պետության դեմ սիրիացի քրդերի հաջողակ պայքարը և քրդական ինքնապաշտպանական ուժերի հետ արևմտյան դաշինքի հետ հաստատած ակտիվ համագործակցությունը կարող են ստիպել համաշխարհային և տարածաշրջանային դերակատարներին և արտաքին քաղաքական հայեցակարգերը մշակող փորձագետներին վերաիմաստավորել, օրինակ, տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դերը։ ԼՂՀ Պաշտպանության բանակն այն ուժն է, որը վերջին 22 տարիների ընթացքում ապահովում է տարածաշրջանային կայունությունը։ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար, որտեղ օրըստօրե շատանում են քաոսի և անարխիայի օջախները, սա բավականաչափ կարևոր հանգամանքն է, որը կարող է նպաստել ներկայումս գերիշխող տեսակետների փոփոխմանը և տարածաշրջանի չճանաչված պետությունների հետ համագործակցության հանդեպ առկա կարծրատիպերի հաղթահարմանը։

Share

Comments are closed.