Նոր մարտահրավերներ անվտանգությանը Հարավային Կովկասում

2 HaravayinԱվազ ՀԱՍԱՆՈՎ
Ադրբեջան

Նախքան այն մասին խոսելը, թե ինչ արտաքին և ներքին մարտահրավերների են բախվել հարավկովկասյան տարածաշրջանի երկրները, հարկ է անդրադառնալ քաղաքացիական հասարակության խնդրին և գնահատական տալ այդ ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությանը։Վերջին 10 տարիների ընթացքում Ադրբեջանում բավականին բան է արվել քաղաքացիական հասարակություն կերտելու համար։ Ադրբեջանը նախկինում էլ մեծ ուշադրություն էր դարձնում այս ոլորտի զարգացմանը։ Մեր երկրում ձևավորվել են պետության կողմից քաղաքացիական հասարակությանն աջակցելու հստակ մեխանիզմներ և կատարվել մի շարք օրենսդրական բարեփոխումներ՝ պետական բյուջեից քաղաքացիական հասարակությանը ֆինանսավորելու համար։

Պաշտոնատար շատ անձանց պնդմամբ՝ կառավարությունը ձգտում էր նվազեցնել ոչ կառավարական կազմակերպությունների կախվածությունը օտարերկրյա դրամաշնորհներից և պետությանը դարձնել ոչ կառավարական կազմակերպությունների գլխավոր սատարող։

Մինչև 2014թ. Ադրբեջանում գործող ոչ կառավարական կազմակերպությունները ֆինանսական օժանդակություն ստանում էին բացառապես օտարերկրյա աղբյուրներից՝ միջազգային կազմակերպություններից և հիմնադրամներից։ Բնականաբար, շատ կազմակերպություններ կախման մեջ էին հայտնվում օտարերկրյա դրամաշնորհատուներից, իսկ նրանց գործունեությունը կառավարության կողմից ոչ միշտ էր դրական դիտվում։ 2007թ. դեկտեմբերի 13-ին Ադրբեջանի նախագահի հրամանագրով ստեղծվեց Ադրբեջանի Հանրապետության նախագահին կից ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցության խորհուրդ։

Ոչ կառավարական կազմակերպություններին պետբյուջեից հատկացված միջոցների ծավալը վերջին տարիների ընթացքում նշանակալիորեն աճել է։ Այնուամենայնիվ, այդ միջոցները դեռ համեմատելի չեն մինչ այդ արտաքին աղբյուրներից ստացված ֆինանսական աջակցության չափին, որը տարեկան շուրջ 25 միլիոն դոլար էր կազմում։ Համեմատելու համար ասեմ, որ 2009 թվականին ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցության խորհրդի բյուջեն կազմել է 2 միլիոն դոլար, որը հետագա տարիներին հասել 4 միլիոնի։

Բացի այդ, լուրջ մտահոգություն է առաջացնում Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վիճակը՝ ոչ կառավարական կազմակերպությունների գրանցման և դրանց տրվող դրամաշնորհների ստացումը կարգավորող օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելուց հետո։ Օրենսդրության փոփոխությունից հետո Ադրբեջանի կառավարությունը սկսել է հարձակումներ գործել քաղաքացիական հասարակության վրա։ Եթե մինչ այդ կառավարությունը խուսափում էր իրավապաշտպանների նկատմամբ ուղղակի հալածանքներից, ապա այժմ դրանք սովորական և կանոնավոր են դարձել։

Հիմա փորձենք քննել, թե որ արտաքին գործոններն են ազդել մեր երկների ներքին և արտաքին քաղաքականության վրա։

Ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժելուց և Մոսկվայի կողմից նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հանդեպ ճնշման քաղաքականությունը շարունակելուց հետո մեր երկրի արտաքին քաղաքական ուղղվածությունը որոշակի փոփոխություններ է կրել։ Սա վկայում է այն մասին, որ հարավ-կովկասյան հանրապետությունները զգուշանում են ռուսալեզու բնակչություն ունեցող և ռուսական շահերի գոտի հանդիսացող իրենց տարածքներում ուկրաինական սցենարի կրկնությունից։

Եթե նախկինում հույս կար, որ մեր երկրներն Արևմուտքի հետ կարող են համագործակցել կոնկրետ ծրագրերի շրջանակում, ապա այսօր՝ ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժման համապատկերում ոչ ոք չի կամենում բացահայտ հարել որևէ դաշինքի։ Հարավային Կովկասի հանրապետությունները ներկայումս վախենում են Ռուսաստանից չափից շատ հեռանալ՝ Մոսկվայի ղեկավարությանը չբարկացնելու համար։

Պուտինի Կրեմլ վերադառնալուց հետո հասկանալի է դարձել, որ նա կամենում է մեկուսացնել այս տարածաշրջանը մնացած աշխարհից, մասնավորապես՝ Արևմուտքից և մեր երկրները տեսնել ԵՏՄ-ում։ Ռուսաստանի կառավարությունը Վրաստանում և Ուկրաինայում իր գործողությունների միջոցով ցույց է տալիս, որ ՌԴ սահմաններից դուրս ռազմական ուժի կիրառումը չի դիտվում միջազգային անվտանգության լուրջ խախտում։

Ցավոք, 2015 թվականը չի հանգեցրել Հարավային Կովկասում տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը, այլ, ընդհակառակը, ուրվագծել է դիմակայության նոր գծեր, որոնք սերտորեն առնչվում են ընդարձակվող սիրիական ճգնաժամի հետ, որին վերջերս հավելվել է ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացումը։

Էներգակիրների գնի անկումը նպաստում է Ադրբեջանում տնտեսական դրության վատթարացմանը։ Հենց այս իրավիճակն է արագացրել իսլամի շիական հենքի վրա Մահմեդական միասնության շարժման ձևավորումը։ Կազմակերպությունը հայտարարել է բողոքի ակցիաներ սկսելու մասին։ Սա, իր հերթին, հանգեցրել է կառավարության կոշտ հակադարձությանը, որը նոյեմբերի 26-ին ոստիկանության միջոցով իրականացրել է կազմակերպության ղեկավարի ձերբակալությունը, որի

հետևանքով մի քանի հոգի զոհվել և վիրավորվել է։ Այն օրվանից ի վեր Բաքվի մերձակայքում գտնվող ավանը գտնվում է իշխանությունների խիստ հսկողության ներքո։ Կողմնակի անձանց մուտքն այնտեղ արգելված է, ինչը հարուցում է հիշյալ ավանի և երկրի բնակչության դժգոհությունը։

Մեր տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձություններն ապացուցում են, որ գերտերությունների տնտեսական շահերը ստորադասված են աշխարհաքաղաքական շահերին՝ որքան էլ գայթակղիչ լինեն տնտեսական հնարավորությունները։ Ասվածի օրինակն է վերջերս ծավալված ռուս-թուրքական հակամարտությունը, որը մեծ խնդիրներ է ստեղծել տարածաշրջանում գերիշխելու համար մրցակցող երկու հավակնոտ տերությունների միջև։

Կովկասում, փաստորեն, առկա է համագործակցության երկու գիծ՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան և Ռուսաստան, Իրան ու, թերևս, Հայաստան։ Երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններից երևում է, որ Ադրբեջանի և Վրաստանի, ինչպես և Թուրքիայի ապագան տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու հարցում կապված է ՆԱՏՕ-ի հետ։ Մյուս կողմից՝ ռուս-իրանական հարաբերությունները և Հայաստանի հետ համագործակցությունը ներկայումս հնարավոր են միայն եվրասիական հարթության վրա։

Այսօր բավականին մշուշոտ է նաև Ռուսաստանի և Թուրքիայի հետագա համագործակցության հեռանկարը տնտեսական ոլորտում։ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի երաշխիքներով Կովկասում իրականացվող տնտեսական նախագծերը ապահովագրված չեն քաղաքական ռիսկերից։

Առաջին հերթին՝ 2016թ. Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրները կարող են բախվել նաև ահաբեկչության սպառնալիքին։ Այսպես՝ Իսլամական պետությունն այդ երկրների համար լուրջ սպառնալիք է։

Ադրբեջանը, անկասկած, չի կարող ուղղակիորեն ներքաշվել Սիրիայի տարածքում Իսլամական պետության դեմ մղվող ռազմական գործողություններին, բայց նրա տարածքը կարող է օգտագործվել սպառազինություննրի, սարքավորումների և մարդասիրական օգնության տարանցման համար։

Այսօր Ադրբեջանը գրոհայինների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Երկիրը գտնվում է Իսլամական պետության աշխարհաքաղաքական անմիջական շահերի գոտում։ Իսլամական պետությունն Ադրբեջանի տարածքում համացանցի միջոցով ակտիվ քարոզչություն է վարում։ Իսլամական պետության գրոհայինների շարքերում ադրբեջանցիների թվաքանակը գնահատվում է 200-300 հոգու չափով։ Խոսվում է նաև Սիրիայի տարածքում առանձին «ադրբեջանական գումարտակի» գոյության մասին։

Երկրի իրավապահ մարմինները հետևողականորեն իրականացնում են ծայրահեղականների ձերբակալություններ և փակում նրանց մզկիթները։ Սակայն

իշխանությունների հակաահաբեկչական քայլերը չեն կարողանում բացառել ծայրահեղական տրամադրություններ ունեցող մարդկանց զինվորագրումն Իսլամական պետության գրոհայինների շարքերը։ Ադրբեջանցիներին կարելի է տեսնել իսլամիստներին նվիրված տեսանյութերում. լուրեր են ստացվում նաև սպանվածների մասին։

Եթե Ադրբեջանի սունի փոքրամասնության ներկայացուցիչները հարում են իսլամիստ գրոհայիններին, ապա շիա մեծամասնության որոշ ներկայացուցիչներ, ընդհակառակը, հայտնվում են նախագահ Բաշար Ասադի կառավարական զորքերում։

Երբ հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի ռազմածովային նավատորմի չորս նավեր Սիրիայում իսլամսիտների վերահսկողության տակ գտնվող տարածքի ուղղությամբ արձակեցին 26 թևավոր հռթիռ, հասկանալի էր, որ դրանք նախատեսված էին ոչ միայն հակաահաբեկչական պայքարի, այլև Կասպից ծովում Ռուսաստանի ռազմական ուժը ցուցադրելու համար։ Սա մերձկասպյան երկրների ահաբեկման տարր էր։

Ռազմական գործողություններով ուղեկցվող յուրաքանչյուր լարված իրավիճակ բացասաբար է ազդում տարածաշրջանային նախագծերի վրա։ Մենք արդեն զգացել ենք այդ ազդեցությունը, երբ Անկարայի և Քրդական բանվորական կուսակցության միջև հարաբերությունների լարման հետևանքով անցած տարվա օգոստոսին Թուրքիայի տարածքում երկու անգամ պայթեցվեց Ադրբեջանի գազն արտահանող խողովակաշարը։

Share

Comments are closed.