Քաղաքակրթական գործոնը արդի զարգացումներում

Սուրեն Սարյան

Իսլամական աշխարհում սկիզբ առած վերջին զարգացումները վերստին արդիականացրեցին քաղաքակրթական գործոնի նշանակությունը:

Ժամանակակից աշխարհում քաղաքակրթական ընտրանքի հարցն աստիճանաբար ավելի մեծ սրությամբ է դրվում, ինչն, օրինակ, նշմարվեց անցած տարի Եվրոպայի երկրներում արմատական պահպանողական ուժերի` ընտրություններում արձանագրած հաջողությունների տեսքով. այդ հաջողություններն էապես պայմանավորված էին Եվրոպայում կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների, հատկապես` ներգաղթյալների նկատմամբ նշված ուժերի որդեգրած կոշտ դիրքորոշումներով: Դրան զուգահեռ, սկզբում Գերմանիայի վարչապետ Ա.Մերկելը, ապա Ֆրանսիայի նախագահ Ն.Սարկոզին եւ ավելի ուշ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դ.Կամերոնը ազդարարեցին տասնամյակներ շարունակ Եվրոպայում քարոզվող բազմամշակութայնության քաղաքականության ձախողման, ինչպես նաեւ ժողովրդավարական արժեքների պաշտպանության գործում ավելի կոշտ, հետեւողական եւ ակտիվ լինելու մասին: Կարելի է ասել, որ բազմամշակութայնությունը Եվրոպայում արժանացավ նույն ճակատագրին, ինչ «ժողովուրդների բարեկամությունը» ԽՍՀՄ-ում:

Հատկանշական է, որ Ն.Սարկոզիի եւ Դ.Կամերոնի հայտարարություններից անմիջապես հետո դրանց արձագանքեց Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդեւը` նշելով, որ Ռուսաստանը դատապարտված է ստեղծել բազմամշակույթ միջավայր, այլապես երկիրը կմասնատվի եւ կնետվի քաոսի մեջ: Այս առումով, փորձագետների շրջանում ներկայումս մտավախություններ կան, որ Եվրոպայում ամենամեծ մահմեդական ազգաբնակչություն ունեցող Ռուսաստանին (շուրջ 20 մլն մարդ) եւս կարող է հասնել իսլամական հեղափոխությունների շղթան:

Նաեւ այս համատեքստում պետք է ընկալել Ռուսաստանի ղեկավարների մոտ Լիբիայի դեմ ռազմական գործողությունների շուրջ առկա տարակարծությունը, ինչը, թերեւս, վկայում է Ռուսաստանի ներսում «արեւմտյան» եւ «արեւելյան» քաղաքակրթությունների կամ աշխարհընկալումների միջեւ պայքարի մասին: Հավանական է նաեւ, որ Դ.Մեդվեդեւը խուսափում է քաղաքակրթությունների բախման տերմինաբանությունն օգտագործելուց` զգուշանալով, առաջին հերթին, Ռուսաստանում սեփական «խաչակիրների» եւ «ջիհադականների» միջեւ թշնամանքի հնարավոր բռնկումից:

Պետք է նշել, որ միջնադարում Խաչակրաց արշավանքները կարեւոր դեր ունեցան Արեւմուտքի` դեպի աշխարհ դուրս գալու կամ բացվելու գործընթացում, նպաստելով եվրոպացիների` իրենց քաղաքակրթական միասնականության եւ ընդհանրական ինքնության գիտակցմանը: Ինքնին պատկերացումը Եվրոպայի, «Եվրոպական աշխարհի» մասին` որպես մշակութային եւ տարածքային ամբողջության, ձեւավորվեց հենց Խաչակրաց արշավանքների ընթացքուն` մահմեդական աշխարհին հակադրվելու արդյունքում:

Այսօր խնդիր է մնում նաեւ այն, որ Եվրոպայի` որպես քաղաքական տարածության, սահմանները հստակեցված չեն: Ընդունված է համարել, որ Եվրոպան գտնվում է ամենուրեք, որտեղ հետեւում են եվրոպական սկզբունքներին: Հենց դա են ենթադրում ԵՄ ճարտարապետները` որպես արժեքային նախագիծ ամբողջ մարդկության համար:

Սակայն վերջին տասնամյակում իսլամական աշխարհն ու Չինաստանը տվեցին արեւմտյան արժեհամակարգից տարբերվող զարգացման այլ մոդելների օրինակներ: Ս.Հանթինգտոնը 1990-ականներին կանխատեսում էր, որ իսլամական եւ չինական (կամ կոնֆուցիական) քաղաքակրթությունները վերելքի ժամանակաշրջան են մտնում: Սակայն եթե Չինաստանն ամեն կերպ խուսափում է քաղաքակրթական գործոնն առաջ տանելուց, ապա իսլամական աշխարհն այն միայն խորացնում է` ոչ առանց Արեւմուտքի «օգնության»:

Ահա այս պայմաններում, երբ Գերմանիան իրեն աստիճանաբար ավելի հեռու է պահում գլոբալ գործընթացներից` կենտրոնանալով սեփական զարգացման խնդիրների վրա, Ֆրանսիան սկսեց ռազմաքաղաքական ինտեգրումը Մեծ Բրիտանիայի հետ` վերակենդանացնելով XX դարի սկզբի Անտանտի մասին հիշողությունները: Եվ այս դաշինքի առաջին թիրախը դարձավ Լիբիան:

Այս առումով կարելի է ասել, որ Արեւմուտքի առաջնորդ ԱՄՆ-ը պարտադրում է եվրոպացիներին` ուժեղացնել իրենց ռազմական քաղաքականությունը: Անկախ Լիբիայում պատերազմի ելքից, ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները պարտադրված են լինելու հաստատել ուղղակի ռազմական հսկողություն Հյուսիսային Աֆրիկայից դեպի Եվրոպա տանող էներգետիկ մայրուղիների նկատմամբ, ինչպես նաեւ ուժային միջոցներով կանխել մահմեդական աշխարհից զանգվածային ներգաղթը:

Փորձագետները նշում են, որ արաբական աշխարհն ընկղմվում է անընդհատ խռովությունների հորձանուտի մեջ, ինչն, անպայման, հարվածելու է Եվրոպային: Իրոք, արաբական աշխարհում զարգացումներն էլ ավելի սրեցին Եվրոպայում ներգաղթյալների խնդիրը` առաջացնելով փախստականների մեծ հոսք դեպի Եվրոպա (տարբեր գնահատականներով` օրական հազար հոգի է հատում եվրոպական երկրների սահմանները Մերձավոր Արեւելքի եւ Հս. Աֆրիկայի երկրներից): Ընդ որում, եթե արաբական նախկին վարչակարգերը դեռ զսպում էին ներգաղթը դեպի ԵՄ, ապա այսօր Իտալիայի սահմանին ստեղծված իրավիճակը վկայում է, որ Եվրոպան շատ շուտով կանգնելու է իր սահմանները փակելու անհրաժեշտության առաջ: Հատկապես, որ այսօր մայրցամաքն իսլամական աշխարհից սահմանազատելու եւ ներգաղթի դեմն առնելու կոչերը Եվրոպայում շատ արդիական են:

Որոշ մասնագետներ նշում են, որ այն, ինչ կատարվում է այսօր իսլամական աշխարհում, իսկապես տեղավորվում է արեւմտյան քաղաքակրթության դեպի մահմեդական աշխարհ արշավանքի գաղափարի մեջ:

Իր հերթին Արեւմուտքը, իսլամական աշխարհի օրինակով` դարձնելով գլոբալ քաղաքական գործընթացներն անկանխատեսելի, ձեռք է բերում առավելություն այլ քաղաքակրթությունների նկատմամբ:

Այս առումով անկանխատեսելիությունը դառնում է ժամանակակից աշխարհի զարգացումների հիմնական բնութագիրը: Աշխարհակարգի ճգնաժամը շարունակաբար ուժգնանում է, եւ այլեւս անիմաստ է բացատրել այն «սառը պատերազմի» ժամանակաշրջանի մտապատճեններով: Բացարձակապես անորոշ է, թե ինչ է ծնվելու իսլամական աշխարհում տեղի ունեցող ցնցումների արդյունքում: Եթե 1989–1991թթ. Արեւելյան Եվրոպայում եւ նախկին ԽՍՀՄ-ում տեղի ունեցած հեղափոխությունների արդյունքում ծնվեցին պետություններ, որոնք ի սկզբանե ուզում էին դառնալ եվրոպական տիպի ժամանակակից համակարգեր, ապա ոչ մեկին պարզ չէ, թե ինչ են ուզում Լիբիայի ապստամբները կամ Սիրիայի ցուցարարները:

Այսօր Արեւմուտքում այնքան էլ չեն ժխտում, որ իսլամը պայքարի մեջ է արեւմտյան քաղաքակրթության հետ, սակայն խուսափում են այն Խաչակրաց արշավանք որակել: Այսպես, եվրոպացի փորձագետները նշում են, որ Խաչակրաց արշավանքների հետ Լիբիայի ռազմական գործողությունները կապ չունեն, քանի որ դրանք սկսելու համար ՄԱԿ-ին դիմել էր Արաբական պետությունների լիգան, իսկ օդային գրոհներին մասնակցում է Կատարի եւ ԱՄԷ-ի օդուժը:

Դրանով վերջին զարգացումները կրկին ի ցույց հանեցին իսլամական աշխարհի պառակտվածությունը: Այն պայմաններում, երբ Լիբիայում իրար դեմ կռվում են մահմեդականները, իսկ արաբական երկրները հավանություն են տալիս Տրիպոլիի կառավարության դեմ ռազմական գործողություններին, միեւնույն ժամանակ Սաուդյան Արաբիայի զորքերը մտնում են Բահրեյն եւ գնդակահարում բողոքող շիա ցուցարարներին, իսլամական միասնության մասին խոսակցությունները լուրջ չեն ընկալվում: Այս առումով, արաբական-մահմեդական աշխարհի ներսում ընթացող պայքարը գուցե ավելի մեծ կարեւորություն ունենա աշխարհի զարգացման համար, քան մահմեդական աշխարհի եւ Արեւմուտքի միջեւ բախումը:

Իսլամական աշխարհը զգալիորեն թուլանում է ներսից: Եթե Լիբիայի դեպքերը բոլորի աչքի առաջ են ծավալվում, ապա Բահրեյնում սուննիների եւ շիաների բախումների եւ այնտեղ սաուդյան զորքերի միջամտության մասին այնքան էլ չբարձրաձայնվեց: Կարելի է ասել, որ Բահրեյնում ընթանում է պայքար Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ, որոնք հանդիսանում են իսլամի երկու խոշոր ուղղությունների` սուննիզմի եւ շիիզմի քաղաքական եւ հոգեւոր կենտրոնները: Հետաքրքրական է, որ նրանց դեմ ուղղակի գործողություններ ձեռնարկելուց Արեւմուտքը դեռ ձեռնպահ է մնում, թեեւ որոշ փորձագետներ պնդում են, որ վերջին ամիսների զարգացումները, ներառյալ լիբիական պատերազմը, միայն նախապատրաստում են Արեւմուտքի հարվածներն այդ կենտրոններին: Դրանից հետո կանխատեսվում է, որ հիմնական թիրախ դառնալու է Պակիստանը` որպես Չինաստանի դաշնակից եւ միակ իսլամական միջուկային տերություն: Իսկ վերջում պետք է որոշվի Եվրոպայի եւ Մեծ Մերձավոր Արեւելքի միջեւ ընկած Թուրքիայի ճակատագիրը, որը 90 տարի առաջ «կոնսերվացվեց» քեմալական շարժման միջոցով:

Հենց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այս տարվա փետրվարին Գերմանիա կատարած այցի ժամանակ հակադարձելով Ա.Մերկելին` հնչեցրեց քաղաքակրթական եւ էթնիկական խնդիրներ. նա կոչ արեց Գերմանիայում բնակվող թուրքերին դիմադրել ձուլմանը` առաջին հերթին սովորելով թուրքերեն, հետո միայն գերմաներեն, կամ էլ վերադառնալ հարենիք: Ավելին, նա խոստացավ բաժանել Գերմանիայում բնակվող երեք միլիոն թուրքերին «կապույտ քարտեր», որոնցով նրանք համարվելու են Թուրքիայի Հանրապետության պաշտպանության տակ գտնվող քաղաքացիներ:

Սակայն պետք է նշել, որ մահմեդական համերաշխությունն, ի տարբերություն միասնական իսլամական աշխարհի, իսկապես քաղաքական իրողություն է: Մահմեդականները սուր կերպով են ընկալում, երբ իրենց դեմ սկսվում են թշնամական գործողություններ, ինչպես, օրինակ` ամերիկյան բողոքական քահանայի կողմից Ղուրանի այրման դեպքում: Այս առումով, իսլամը միակ կենսունակ գաղափարախոսությունն է Միջերկրական ծովից մինչեւ Չինաստանի սահմաններ ընկած տարածքում:

Եվ արաբական աշխարհի ներկայիս գործընթացներն ակնհայտորեն ուղղված են իսլամական քաղաքակրթության էական թուլացմանը: Այսօր Մեծ Մերձավոր Արեւելքում տարվում է պայքար ինչպես ռեսուրսների, այնպես էլ արժեքների համար: Փորձագետների կարծիքով, քաոսը Մեծ Մերձավոր Արեւելքում նպաստելու է նրա բնակչության քաղաքական, կրոնական եւ մշակութային սպասումների լիակատար ձախողմանը: Դրանով իսլամը կդադարի լինել փրկության օղակ այդ զանգվածների համար:

Ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա այստեղ եւս տեղի են ունենալու լրջագույն տեղաշարժեր: Իսլամական աշխարհի զարգացումների ազդեցության ներքո եւ ԱՄՆ ճնշմամբ ԵՄ-ը հարկադրված է լինելու գնալ իր քաղաքականության կոշտացմանն ինչպես ներքին կյանքում` մահմեդական երկրներից ներգաղթողների նկատմամբ, այնպես էլ արտաքին ոլորտում` էներգակիրների պակասի պայմաններում: Նմանապես, Եվրոպան ակտիվացնելու է քայլերը Ռուսաստանի եւ նախկին հետխորհրդային տարածքի նկատմամբ: Դրանով ԵՄ-ը դառնալու է ուժային կենտրոն, որին Միացյալ Նահանգները վստահելու է մասնակցություն հետխորհրդային տարածքի եւ Հյուսիսային Աֆրիկայի խնդիրների կարգավորմանը: Ֆրանկո-բրիտանական ռազմական դաշինքը դրան ուղղված առաջին քայլն էր, որին պետք է հաջորդի Գերմանիայի տրանսֆորմացումն ավելի ակտիվ տերության կարգավիճակի, դերակատարում, որին ներկայիս գերմանական քաղաքական դասը դեռ դիմադրում է:

Այսպիսով, մենք ականատես ենք համաշխարհային քաղաքականության օրակարգի փոփոխության միտումների, որտեղ արժեքային, քաղաքակրթական գործոնները մղվում են առաջնային պլան: Իսկ դա պահանջում է ժամանակակից աշխարհի պետություններից եւ ժողովուրդներից արժեհամակարգի դերակատարության եւ նշանակության լուրջ վերանայում եւ դրա դիտարկում որպես պետական եւ ազգային անվտանգության առանցքային բաղադրիչ:

Saryani njutyi hamar

http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=5717

Share

Comments are closed.