Ժողովրդավարությունը ինքնություն չի ձևավորում

Արդյո՞ք Արևմուտքի մոդելն արդեն սպառված է։ Զրույց՝ ամերիկացի քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույամայի հետ

Միխայել Թուման (Michael Thumann), Թոմաս Ասհոյեր (Thomas Assheuer)

«Այնտեղ, ուր գործում է արդիականությունը, այն ստեղծում է իր սեփական լեգիտիմացումը»  (Ֆրենսիս Ֆուկույամա)

Fukujama-photo

Ամերիկացի քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման ողջ աշխարհում հայտնի էր դարձել 1992 թ. իր «Պատմության վախճանը» գրքի լույս տեսնելուց հետո։ Ֆուկույամայի համար մի բան պարզ էր. բեռլինյան պատի և Արևմուտքի հաղթանակից հետո ազատական ժողովրդավարությունն անայլընտրանք է դարձել, որն այնուհետև պետք է հաղթանակեր ողջ աշխարհով մեկ։ Ֆուկույամայի հետ հանդիպեցինք Բեռլինում, որտեղ նա եկել է Գերմանիայի Ամերիկյան ակադեմիայի հրավերով։

DieZeit. Պարոն Ֆուկույամա, Դոնալդ Թրամփից մինչև «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ պոպուլիզմն ամենուր բարդ իրավիճակի մեջ է դնում ավանդական քաղաքական գործիչներին։ Որքա՞ն վտանգավոր է տվյալ երևույթը։

Ֆրենսիս Ֆուկույամա. Սա լուրջ վտանգ է։ Պոպուլիստական կուսակցություններն ունեն ընդհանուր սոցիալական հենք իրենց դիրքերն ամրապնդելու համար։ Խոսքը ոչ այնքան ստորին շերտերի մասին է, քանի որ առաջին հերթին հենց հին բանվորական դասակարգի ներկայացուցիչներն են իրենց ոտքերի տակ հողը կորցրել և մտավախություն ունեն սոցիալական աստիճանով շարունակաբար ներքև գլորվել։ Մյուսները վախենում են ամբողջովին ընկղմվել աղքատության կացության մեջ։ Նրանք միասնաբար կազմում են Ամերիկայում՝ Թրամփի, Լեհաստանում՝ Կաչինսկու, Հունգարիայում՝ Օրբանի և Ֆրանսիայում՝ Մարին Լե Պենի օգտին քվեարկողների մարդկանց խումբը։

— Բայց չէ՞ որ Եվրոպայի և Ամերիկայի միջև տարբերություն կա։

— Եվրոպացիներն ավելի զարգացած պետության և համընդհանուր բարեկեցության շնորհիվ ավելի լավ են պաշտպանված, բայց բազմաթիվ սոցիալական խնդիրներն ամենուր դժգոհություն են հարուցում։ Պոպուլիստական կուսակցությունների կողմնակիցները համոզված են, որ համաշխարհայնացումն իրենց անշահավետ դրության մեջ է դրել։

— Ի՞նչ է կատարվելու Ամերիկայի հետ, եթե դոնալդ Թրամփը դառնա  ԱՄՆ նախագահ։

-Եթե պետք է կանխատեսում անեմ, ապա, ըստ իս, ԱՄՆ հաջորդ նախագահը լինելու է Հիլարի Քլինթոնը։ Սակայն որոշակի պայմաններում Թրամփը նույնպես կարող է հաջողության հասնել։ Ներկայումս Հիլարի Քլինթոնը բավական խոցելի է։ Էլեկտրոնային փոստի օգտագործման պատմության մեջ կարող են նոր մանրամասներ բացահայտվել. նույնը կարելի է ասել նրա անցյալի այլ տհաճ դրվագների մասին։ Մարդիկ Հիլարի Քլինթոնին չեն վստահում. վերջինիս հեղինակազրկումը կարող է հաջողություն ունենալ։

-Ենթադրենք, որ Դոնալդ Թրամփը դարձել է  ԱՄՆ նախագահ. Ձեր կանխատեսումների համաձայն դրանից հետո և՞ս ազատականությունը երկարաժամկետ հեռանկարում կշարունակի հաղթանակել ողջ աշխարհում։

-Այդ տարբերակն, անկասկած, մի քայլ հետ կհանդիսանա։ Ամերիկայի պարագայում կարծում եմ, որ ամերիկյան հավատը հաստատությունների հանդեպ բավականաչափ զորեղ է, և Թրամփն ի վիճակի չի լինի քանդել ողջ համակարգը։ Ինձ լավատեսություն է ներշնչում այն հանգամանքը, որ Թրամփը պատեհապաշտ է և չունի խորը գաղափարախոսական համոզմունքներ։ Նա գործարար է. եթե նա գա իշխանության, ապա կզբաղվի գործարքներով։ Այսուհանդերձ, պետք է գիտակցել, որ երկրի ղեկավարի պաշտոնում նմանատիպ մարդու հայտնվելը կարող է կործանարար լինել։

-Արդյո՞ք Թրամփի հաջողությունը վկայում է  մշակույթի ճգնաժամի առկայության մասին։

-Բոլորովին էլ՝ ո՛չ։ Նրա կողմնակիցները գերազանցապես հին սպիտակ բանվորական դասակարգի ներկայացուցիչներն են։ Նրանց եկամուտն այսօր ավելի փոքր է, քան իրենց հայրերի սերնդինը։ Նրանք իրենց զգում են նոր ստորին դասակարգի անդամներ, ճիշտ այնպես, ինչպես աֆրոամերիկացիները 20-30 տարի առաջ։ Իսկ երբ Թրամփը նրանց խոստանում է, թե. «Մենք վերստին Ամերիկան մեծ կդարձնենք», նրա խոսքերն իրենց համար հստակ սոցիալական ուղերձ են պարունակում։ Նրանք կկամենային վերադառնալ 50-60-ական թվականներ։

-Այն Ամերիկայի ոսկե դարաշրջանն էր։

-Այո՛, այն ժամանակ Ամերիկայում կային աճի բարձր ցուցանիշներ, բարձր եկամուտներ, բարձր զբաղվածություն և, նախ և առաջ, հարստությունը համեմատաբար հավասարաչափ էր բաշխված։ Ե՛վ ժողովրդավարները, և՛ հանրապետականները կամենում են վերադառնալ հին բարի ժամանակներ, որովհետև իրենց կարծիքով այն ժամանակ զգացվում էր «Նոր ուղու» մեծ ազդեցությունը, մեծ սոցիալական քաղաքականություն կար, իսկ կառավարությունն այն ժամանակ դեռ վճռորոշ դեր ուներ։ Իսկ հանրապետականներն այդ ժամանակաշրջանը փառաբանում են, որովհետև այն ժամանակ Ամերիկան և հայրենասիրությունը նշանակալից էին։ Բայց հնարավոր չէ ոսկեդար վերադառնալ։

-Թվային տեխնոլոգիաները նույնպես աշխատատեղեր են խժռում …

-… դրանք ոչ միայն չպահանջված են դարձնում ցածր որակավորման աշխատանքը, այլ անընդհատ աճող ծավալով նվազեցնում են միջին դասակարգի աշխատատեղերի քանակը։ Մինչ օրս կորցրած աշխատատեղերը փոխարինվում էին նորերով։ Նախ՝ մարդը գյուղատնտես էր, ապա՝ գործարանի բանվոր, ապա՝ ծառայությունների մատուցման կենտրոնի աշխատակից։ Բայց այս ժամանակն արդեն անցել է։ Մենք այլևս չենք կարող ելնել այն բանից, որ տեխնոլոգիական գործընթացը նոր աշխատատեղեր է ստեղծում։ Այս օրինաչափությունն արդեն չկա։ Այսպիսով՝ տեխնոլոգիաները ժողովրդավարության համար բեռ են դառնում, ճիշտ այնպես, ինչպես՝ կլիմայի համաշխարհային տաքացումը և աճի մյուս սահմանափակումները։ Ժողովրդավարության և կապիտալիզմի կայունությունն էապես կախված է անընդհատ աճից։ Առանց աճի՝ բաշխելու բան չի մնում։ Առաջանում է զգալի անհավասարություն, որն ինքնին մարտահրավեր է համակարգի օրինավորության նկատմամբ։ Արդյունքում՝ պոպուլիստները գործելու հնարավորություն են ստանում։

— Ի՞նչ կարող են անել կառավարությունները։

— Ժողովրդավարությունները պետք է լսեն այդ մարդկանց ձայնը։ Բացառված չէ, որ ժողովրդավարության գոյությունն իսկ սրանից է կախված։ Ամեն դեպքում, սա կենտրոնական հարց է, որին բախվելու է ժողովրդավարությունը։ Խնդրի մի մասն այն է, որ հին սոցիալ-ժողովրդավարական ձախերը սովորել են որպես պատասխան ստանալ սոցիալական երաշխիքներ ու վերաբաշխում։ Ինքս համոզված չեմ, որ այս համակարգը դեռ աշխատում է։

— Ինչո՞ւ։ Որովհետև խնդիրներն այլևս ազգային մակարդակով չե՞ն լուծվում։

— Սա շատ կարևոր կետ է։ Չափազանց բարդ է ստեղծել ինքնություն և ընդհանրության զգացմունք՝ առանց ազգային պետության մատուցած օգնության։ Եվրոպական Միության լուրջ խնդիրն այն էր, որ նրանում խնդիրների լուծումը չափազանց տեխնոկրատական էր։ Այնտեղ խոսվում էր տնտեսական ինտեգրման մասին, բայց ոչ ոք չէր մտահոգվում ավելի խորը եվրոպական ինքնագիտակցության ձևավորմամբ։ Հենց այդ պատճառով աջ պոպուլիստներին ճգնաժամի պայմաններում շատ հեշտ է օգտագործել երկրում առկա դժգոհությունը։ Կարճն ասած՝ զուտ տնտեսական ինտեգրումը բավարար չէ։

— Բայց ինքնությունը հնարավոր չէ  պարզապես ստեղծել։

— Իհարկե, կարելի է։ Միացյալ Նահանգներն այս իմաստով լավագույն օրինակ են։ Այդտեղ ինքնությունը հիմնված չէ էթնիկական կամ կրոնական ստորոգությունների վրա։ Այն հիմնված է սահմանադրության և ժողովրդավարության սկզբունքների հանդեպ հավատարմության վրա։
— Ինքնության պակասը Օրբանին և Պուտինին հնարավորությո՞ւն է  ընձեռում։

— Օրբանիզմն ու պուտինիզմը չեն կարող երկար գոյություն ունենալ։ Համաշխարհայնացման պայմաններում հասարակությունները գնալով ավելի բազմամշակութային են դառնալու։ Արևելյան Եվրոպան ներկայումս հենց այս գործընթացի միջով է անցնում։ Ազատականությունն ի հայտ էր եկել եվրոպական կրոնական պատերազմների ավարտին, երբ Եվրոպան հարկադրվել էր սովորել կրոնական բազմազանության պայմաններում ապրել։ Խնդրի բանական լուծումը՝ կրոնական հանդուրժողականության մասին ուսմունքն էր, որը կաթոլիկներին և բողոքականներին թույլ է տվել միասին ապրել։ Մերձավոր Արևելքում սունիների և շիաների միջև քաղաքացիական պատերազմը դադարեցնելու միակ հնարավորությունը կրոնը մասնավոր ոլորտի երևույթ հռչակելն է։ Պետական իշխանությունն այսուհետ չպետք է որևէ կրոնական խմբի թիկունքին կանգնի։ Ազատականությունը բազմազանության պայմաններում կառավարման իրականացման համար միակ բանական լուծումն է։ Մինչդեռ օրբանիզմն ու պուտինիզմը մերժում են բազմազանությունը։

— Ողջ աշխարհում ազատական հասարակությունների դիրքերը թուլանում են։ Արդյո՞ք ազատականության ժամանակաշրջանն իր ավարտին է  մոտենում։

— Չեմ կարծում, որ ազատականության ժամանակաշրջանն, առհասարակ, երբևէ գոյություն ունեցած լիներ։ Ազատականությունը երբեք ինքնաբավ չէր. նա մշտապես գոյակցում է ժողովրդավարության և տնտեսության որոշակի տեսակի կողքին։ Անհրաժեշտ են որոշ շրջանակային մշակութային պայմաններ, որոնցից որոշները խնդրահարույց են դարձել։ Բացի դրանից, էլեկտրաէներգիայի արտադրությունը և ժողովրդավարության պակասը միմյանց հետ կապակցված են։ Հումքային պաշարներով հարուստ երկրները հարկային բեռը կարող են ցածր պահել։ Բայց հենց հումքային ապրանքատեսակների վաճառքից ստացվող եկամուտները նվազում են, այդ երկրները խորը ճգնաժամի մեջ են հայտնվում։ Այս երևույթը կարող ենք դիտել Ռուսաստանի օրինակով։ Ժողովրդավարությունների համար դա առավելություն է, քանի որ ավտորիտար երկրները գրավչություն են կորցնում և դադարում են դիտվել որպես ազատականության այլընտրանք։

— Սակայն Պուտինը սքանչելի տրամադրություն ունի։ Նա  իրեն մեծ և ուժեղ է համարում։ Նա  շատ կողմնակիցներ ունի։

— Ռուսաստանի դեպքում, ինձ, առաջին հերթին, ապշեցնում է այն, թե որքան կատարյալ են պուտինյան կառավարության գործողությունները, թե կառավարությանն ինչպես է հաջողվել ԶԼՄ-ների օգնությամբ վարպետորեն ձեռնածել հանրային կարծիքը։ Մի ժամանակ ես դոկտորական թեզ եմ գրել, որի առարկան Խորհրդային Միությունն էր. այն ժամանակ երկրի ներսում ոչ ոք խորհրդային կառավարության մեկ իսկ խոսքին չէր հավատում։ Մարդիկ միշտ հավատում էին «Պրավդա» թերթում տպագրվածի հակառակին։ Այսօր, ընդհակառակը, մարդկանց մեծամասնությունը, դատելով իրավիճակից, կուրորեն հավատում է ԶԼՄ-ների և համակարգի տարածած տեղեկատվությանը։ Նրանք հավատում են, որ ուկրաինացիները մանուկներին են խաչում և շատ այլ նմանատիպ բաների։ Նրանք շարունակում են այս ամենին հավատալ, թեև բոլորովին էլ աշխարհից կտրված չեն։ Ռուսաստանը Հյուսիսային Կորեա չէ. նրանք կարող են ազատորեն համացանցից օգտվել։

— Պուտինը բարեկամներ ունի «Ազգային ճակատի» և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունների կողմնակիցների շրջանում։ Ինչո՞վ է  բացատրվում հակաազատականության գրավչությունը։

— Այս կապակցությամբ ի՞նչ կարող եմ ասել։ Երկարաժամկետ հեռանկարում մարդիկ բավականին բանական էակներ են, բայց նրանք պարտադիր չէ այդպիսիք լինեն կարճաժամկետ հեռանկարում։ Ռուսաստանում վճռական նշանակություն է ունենալու տնտեսության վիճակը, իսկ այդ ասպարեզում նրան լուրջ խնդիրների տասնամյակ է սպասում։ Ցավոք, մարդիկ այնտեղ մի օր կզգան, թե ինչպիսի՞ քաղաքական համակարգի պայմաններում են ապրում։ Եվ արդեն սա բավական վատ է։ Իսկ միջազգային հարաբերությունների վրա այս ամենի ունեցած ազդեցությունն իսկապես վտանգավոր է. բարդ իրավիճակում Պուտինը կարող է ապաստան գտնել միայն ազգայնականության մեջ։ Ազգայնականությունն օրինավորեցնում է իր դերը։ Դա ինձ շատ է մտահոգում։

— Պուտինի առաջարկն այսպես է  հնչում. ես լավագույն Արևմուտքն եմ։ Ինձ մոտ եվրոպական քրիստոնեական արժեքներն ավելի լավ են պահպանվել։ Իսկ ի՞նչ է խոստանում Արևմուտքը։

— Մայդանի բողոքը ցույց է տվել, թե որքան գրավիչ են արևմտյան արժեքները։ Բայց ճիշտ է նաև այն, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում և՛ Ամերիկայի, և՛ Եվրոպայի վերնախավերն ուղղակի չեն արդարացրել մարդկանց սպասելիքները։ Ֆինանսական ճգնաժամը լուրջ հետևանքների է հանգեցրել, իսկ այն կարգավորելու փորձերը ողորմելի էին։ Այս ճգնաժամը մարդկանց մոտ մեծ մտավախություն է առաջացրել. շատերն աշխատանք են կորցրել, այժմ անվստահության և անկայունության զգացմունքն է տիրում։ Այսօր մենք տեսնում ենք, որ ժողովրդավարությունն ինքնըստինքյան չի գործում։ Մենք պետք է անընդհատ նորացնենք մեր հաստատությունները. սա ասելով՝ առաջին հերթին ԱՄՆ-ի մասին եմ մտածում։ Մինչև այս երկիրը չկարողանա կարգավորել իր քաղաքական համակարգը, նա պետք է հրաժարվի աշխարհում ժողովրդավարական արժեքների քարոզչությունից։

-Իսկ ո՞րն է Եվրոպայի խնդիրը։

-Այսօր Եվրոպան բախվում է երկու՝ եվրոյի և փախստականների ճգնաժամների։  Ճգնաժամի պայմաններում բոլորը վերադառնում են ազգային համերաշխությանը և գործում են ուրիշների հաշվին։ Համոզված չեմ, որ ինտեգրման ոլորտում Եվրոպան կկարողանա առաջ անցնել իր այժմյան մակարդակից։ Մյուս կողմից՝ ինքս շատ հոռետեսորեն չեմ տրամադրված, որովհետև կարծում եմ, որ եվրոպական հաստատությունները շատ դժվար է չեղարկել։ Եվրամիությունը հետագայում էլ ճգնաժամից ճգնաժամ է նավարկելու, բայց նա անպայման գոյություն կունենա։

-Իսկ Եվրամիությունում Գերմանիայի դե՞րը։

-Ամերիկացիները չեն հասկանում, որ գերմանացիները նախընտրել են օրդոլիբերալիզմի (Ordoliberalismus) տարբերակը։ Ամերիկայում ճգնաժամի սկզբից ի վեր մենք վերադարձել ենք տնտեսության քեյնսիանական տարբերակին։ Մեզ բաժանում է այն հարցը, թե ինչո՞ւ Գերմանիայում դա երբեք չէին հասկանում։ Ինձ համար սա առեղծված է, որը նույնքան վտանգավոր է, որքան 30-ական թվականների իրավիճակը։ Ես կիսում եմ Գերմանիայի առնչությամբ Ամերիկայում առկա համընդհանուր զարմանքը։

-Դաշնային կանցլեր Մերկելը ճի՞շտ է  վարվում փախստականների ճգնաժամի պայմաններում։

-Նա պետք է ավելի հաճախ խոսի գոյություն ունեցող խնդիրների մասին։ Եթե մարդիկ վախենում են հանցավորության աճից, ապա, այդ դեպքում, նա պետք է խնդիրը բաց քննարկի։ Շենգենը չի կարող գործել, եթե Եվրամիության արտաքին սահմանները պաշտպանված չեն։ Մերկելն ակնհայտորեն ինչ-որ ծրագիր ունի, բայց այն դեռ պետք է իրականություն դառնա։ Պետք է հստակ իմանալ, թե ո՞վ է ժամանում Եվրամիություն. Եվրոպան պետք է իրականացնի ավելի խիստ զտում՝ քաղաքական փախստականների ով լինելը որոշելու համար։

-«Պատմության վախճանը» գրքում Դուք կանխատեսել եք, որ կոմունիզմի փլուզումից հետո ազատական ժողովրդավարությունն այլևս այլընտրանք չունի։ Պարզվել է, որ այս կանխատեսումը մասամբ ճիշտ չէր։ Ինչո՞ւ է  վերադարձել պատմությունը։

-Իմ թեզը դուք պետք է ընկալեք Հեգելի և Մարքսի ոգով։ Ես նկատի ունեի արդիականացման գործընթացը, երբ, օրինակ, երկրներն ագրարայիններից վերածվում են արդյունաբերական հասարակությունների։ Ինտրիգային հարցն այսպես է հնչում. ի՞նչ է լինելու արդիականացման վերջում։ Առաջադեմ ինտելեկտուալները պնդում էին, որ պատմության վերջում կոմունիզմ է լինելու։ Նրանց համար այն մարդկային զարգացման բարձրագույն ձևն էր։ Իմ կարծիքով, պատմական զարգացումն ավարտվում է կապիտալիստական ազատական ժողովրդավարության ձևով։ Ես նախկինի պես կարծում եմ, որ ճիշտ եմ։

– Իսկ ի՞նչ կասեք Չինաստանի մասին։

-Չինաստանն, իրոք, իմ թեզին լուրջ մարտահրավեր նետող միակ երկիրն է։ Չինաստանն իսկական թեստային դեպքն է։ Չինաստանն ազատական կապիտալիստական ժողովրդավարության միակ այլընտրանքն է։ Այս երկիրն առաջադիմում է տեխնիկական և տնտեսական ոլորտներում, բայց այնտեղ արդիականացումն իրականացվում է առանց ժողովրդավարության։ Ինչո՞ւ է այսպես։ Արդյո՞ք սրա հիմքում հարկ է մշակութային պատճառներ փնտրել։ Արդյո՞ք Չինաստանը կայուն և երկարաժամկետ համակարգն է։ Ես այսպես չեմ կարծում։

-Պատմությունն ունի՞ նպատակ։

– Իհարկե, ունի։ Բայց այն ավտոմատացված գործընթաց չէ։ Շարժումը հաճախ հետ ու առաջ է լինում։ Բայց հասարակությունը չի կարող անընդհատ վերադառնալ սեփական զարգացման նախորդ փուլ։

– Առաջընթացը՝ որպես դիալեկտիկ գործընթաց. Ձե զ այն այդպիսի՞ն է թվում։

-Մարքսիստները կարծում էին, որ տեխնոտնտեսական զարգացումն, ամեն դեպքում, նպաստում է արդիականացմանը՝ անկախ պատմական դերակատարներից։ Ես այդպես չեմ կարծում։ Առանց մարդկային կամքի, առանց ժողովրդավարության և ճիշտ անձնավորությունների համար պայքարի՝ ոչինչ չի հաջողվի։ Ինձ համար գործող անձինք նախկինի պես ունեն վճռորոշ դեր։

– Արդյո՞ք պատրանք էր այն հավատը, թե  զարգացման ժամանակակից ձևերը (die Moderne) կտարածվեն ողջ աշխարհով մեկ։

– Արդիականացումն ինքնին վտանգված չէ։ Նայեք ասիական երկրներին։ Չինաստանում, Կորեայում և այլ պետություններում կրոնամոլ ծայրահեղականներ չկան։ Այնտեղ մարդիկ ստացել են աշխատանք և տեխնոլոգիական առաջընթացի առավելություններից օգտվելու հնարավորություն։ Ծայրահեղ արմատական շարժումներն ուժեղ են այնտեղ, որտեղ մարդիկ կամենում են արդիականացում իրականացնել, բայց հաջողության չեն հասնում։ Մերձավոր Արևելքում մարդիկ ունեն հեռուստացույցներ և համացանց. նրանք տեսնում են, որ աշխարհի այլ մասերում մարդիկ իրենցից լավ են ապրում։ Զարգացած աշխարհում խնդրահարույց են այն մարդիկ, որոնք համաշխարհայնացման գործընթացից առավելություններ չեն ստանում։ Որտեղ գործում է արդիականացումը, այն ստեղծում է իր սեփական օրինավորումը՝ լեգիտիմացիան։

Օրինակ, ո՞ւր։

– Լատինական Ամերիկայում կան դրական զարգացման օրինակներ. Էկվադորում, Վենեսուելայում և Արգենտինայում ձախ շարժումները փորձում են օգտագործել պոպուլիստական քաղաքականությունը։ Այդ փորձերի մեծամասնությունը կատարելապես ձախողվում է։ Արգենտինայում, Վենեսուելայում և Բոլիվիայում վերջերս կայացած ընտրություններում մարդիկ ընտրել են ժողովրդավարական կենտրոնի կառավարությունները։

Որպես Հեգելի հետևորդ՝ կարո՞ղ եք ասել, որ աշխարհն, այնուամենայնիվ, ճիշտ ուղղությամբ է  շարժվում։

– Արդիականացումն ապահովում է աճը, իսկ աճի ընթացքում առաջանում է միջին դասակարգը։ Այն ավելի լայն քաղաքական մասնակցություն է պահանջում։ Այդ իսկ պատճառով՝ հարուստ երկրները, որպես կանոն, ավելի ժողովրդավարական են։ Գոյություն ունի այդ ուղղությամբ շարժում, բայց այն անշրջելի չէ։ Վերջինիս ապագան կախված է նաև քաղաքական գործիչներից և իրենց ընդունած որոշումներից։


Ասիայի քաղաքական գործիչները ճի՞շտ որոշումներ են ընդունում։

– Ասիան, ընդհանուր առմամբ, սխալ ուղղությամբ է ընթանում։ Չինաստանը, Ճապոնիան և Կորեան այսօր զգալիորեն ավելի ազգայնական են. Հնդկաստանը նույնպես ավելի ազգայնական է դառնում։ Ես մտահոգված եմ, որ Ասիան կարող է ավելի լայնածավալ հակամարտությունների բախվել։ Ասիան այդպես էլ չի սերտել Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը։

Արդյո՞ք զարմանալի չէ, որ հենց Եվրոպայում, ի հեճուկս նրա  սերտած պատմության բոլոր դասերի, ծագել է ռուսուկրաինական ճգնաժամը։

– Ասիան դույզն իսկ ավելի լավը չէ։ Ռուսաստանի կողմից Ղրիմի գրավումից հետո Չինաստանում շատերն ասում էին, թե. «Ինչո՞ւ մենք Թայվանի հետ նույնը չենք անում։։
Ձեր «Պատմության վախճանը» գրքի լույս տեսնելուց հետո մենք էթնիկական և կրոնական հակամարտությունների վերադարձի ականատես ենք եղել։ Դուք դրանք թերագնահատե՞լ եք։

– Իմ գրքում ես հղում էի անում «վերջին մարդու» մասին Նիցշեի խոսքերին…

-… սա  այն մարդն է, որն ապրում է առանց հակամարտության, բայց և առանց ոգեշնչման…

– … և այն ժամանակ գրել եմ, որ ժամանակակից ազատական ժողովրդավարությունն ունի սկզբունքային խնդիր. նա առաջարկում է տնտեսական հաջողություն և անվտանգություն, բայց հպարտություն, հասարակություն կամ ինքնություն չի արարում։ Սա ազատական ժողովրդավարության առջև ծառացած արմատական մարտահրավերն է։ Ովքե՞ր են Իսլամական պետության կողմում պատերազմող երիտասարդները։ Նրանք ինտեգրված չեն և համերաշխ են իրենց հանրույթների հետ։ Դա շատ գրավիչ է։

-Չարժե՞
հետաձգեք պատմության վախճանի գալը։

— «Պատմության վախճան» ասելով՝ նկատի ունեմ այն, որ ես ազատական ժողովրդավարությանը որևէ ավելի հաջող այլընտրանք չեմ տեսնում։ Պատմության վախճանը չի հետաձգվում, բայց այն, իհարկե, շատ մարդկանց համար դեռ իրականություն չէ։ Ներկա պահին մենք սխալ ուղղությամբ ենք գնում։

http://inosmi.ru/politic/20160320/235774459.html

Share

Comments are closed.