Քաղաքակրթությունների՞, թե՞ մարդկանց բախում

M.Zolyan

 

Միքայել ԶՈԼՅԱՆ

Վերլուծաբան

Երևան

Տարիներ առաջ էր. գնում էինք Վրաստան` գիտաժողովի: Մեր խմբի անդամներից մեկը լիբանանահայ դասախոս էր, որն այդ պահին բնակվում էր Հայաստանում: Բնականաբար, նա ուներ լիբանանյան անձնագիր: Վրացի սահմանապահները հրաժարվեցին նրան թողել երկիր, չնայած նրա փաստաթղթերի մեջ ամեն ինչ կարգին էր: Վրացի սահմանապահները ասացին, որ “քրիստոնյաների և մահմեդականների միջև պատերազմ է սկսվել”, հետևաբար նրանք չեն կարող “արաբներին” ներս թողնել: Ասեմ, որ այդ ամենը տեղի էր ունենում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից մի քանի ամիս անց: Իհարկե, այն ընթերցողները, որոնք ծանոթ են նրան, թե ինչպես էին աշխատում վրացական պետական մարմինները Վարդերի հեղափոխությունից առաջ, թերևս արդեն հասկացան, որ սահմանապահներն ընդամենը կաշառք էին ուզում:

Ի վերջո, քաղաքակրթությունների բախման այս դրվագը հանգուցալուծվեց: Համոզվելով, որ ենթադրյալ ահաբեկիչը չի պատրաստվում կաշառք տալ, և փոխարենը սկսում է ավելորդ աղմուկ բարձրացնել, սահմանապահներն ի վերջո թույլ տվեցին սահմանն անցնել: Ինձ համար, որպես վերլուծաբանի, այս պատմության դասը հետևյալն է. ամեն անգամ, երբ գործ ունենք մի իրավիճակի, որը ներկայացվում է իբրև քաղաքակրթությունների բախում, պետք է առնվազն երկու հարց տալ. արդյո՞ ք այստեղ իրո՛ք բախվում են քաղաքակրթությունները, և երկրորդ, արդյո՞ ք կողմերից որևէ մեկն ինչ-որ շահ ունի այս իրավիճակում, որը նա փորձում է քողարկել քաղաքակրթությունների բախման մասին հռետորաբանությամբ:

Երբ արևմտյան որևէ քաղաքում իսլամական ծայրահեղականներն իրականացնում են ահաբեկչական գործողություն, ԶԼՄ-երը և որոշ վերլուծաբաններ սկսում են հիշել քաղաքակրթությունների բախման մասին թեզը, ամեն ինչ բացատրելով իսլամի և քրիստոնեության, կամ իսլամի և արևմուտքի միջև քաղաքակրթական բախումով: Ավելին, այդպիսի պահերին  տարբեր անկյուններից սկսում են լսվել ձայներ, որոնք կոչ են անում Արևմուտքի երկներից դուրս վռնդել բոլոր մուսուլմաններին: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ նման ձայներն առավել բարձր են լսվում ոչ թե հենց Արևմտյան Եվրոպայում, որտեղ, թվում է, թե պետք է ավելի շատ անհանգստացած լինեն սեփական անվտանգության հարցերով, այլ, ասենք, Արևելյան Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ բնակիչների շրջանում:

Եթե Արևմտյան Եվրոպայի բնակիչներն այդ կոչերն ընկալեն բառացիորեն և որոշեն դրանց հետևել, ապա կառաջանան մի շարք հարցեր: Անգամ եթե մի կողմ դնենք այն հանգամանքը, որ Եվրոպայի մուսուլմաններից շատերը եվրոպական երկրների քաղաքացի են, միևնույն է՝ բազմաթիվ հարցեր են առաջանում: Հատկապես ու՞մ պետք է դուրս վռնդել. բոլո՞ր մուսուլմաններին, թե՞ միայն որոշակի ուղղության ներկայացուցիչների: Օրինակ, միայն սալաֆիների՞ն, թե՞ ընդհանրապես սուննիներին: Իսկ շիաների՞ն, կամ, օրինակ, ալավիներին: Արյդո՞ք պետք է նաև նրանց, ովքեր ձևականորեն մուսուլման են, բայց առօրյա կյանքում չեն հետևում իսլամի կանոններին: Պե՞տք է, օրինակ, դուրս վռնդել քրդերին, որոնցից շատերը Եվրոպայում իրենց աշխատած դրամն ուղարկում են Իսլամական պետության դեմ պայքարող իրենց հայրենակիցներին: Իսկ, օրինակ, համշենահայերին պե՞տք է վռնդել որպես մուսուլմաններ, թե՞ ոչ: Վերջապես, պե՞տք է, օրինակ, վռնդել բրիտանացի երգիչ Քեթ Սթիվենսին, ով դեռ 1970-ականներին ընդունել է իսլամ և այժմ իրեն անվանում է Յուսուֆ Իսլամ: Կամ գրող Սալման Ռուշդիին, ում Իրանի առաջնորդ Խոմեյնին ժամանակին մահապատժի էր դատապարտել Սատանայական քառյակներ գրքի համար, որը մուսուլմաններից շատերն ընկալել էին իբրև անարգանք իսլամի նկատմամբ:

Իհարկե, այս կամ կրոնի ներկայացուցիչներին պատժելու կոչերը կա՛մ զուտ էմոցիանալ բնույթ ունեն, կա՛մ բնորոշ են մարգինալներին, համենայն դեպս՝ Եվրոպայում: Քաղաքակրթությունների բախման տեսության կողմնակիցների մեծ մասը նման կոչերով հանդես չի գալիս: Սակայն շարունակվում են խոսակցություններն այն մասին, որ  Եվրոպայի վրա կախվել է իսլամացման վտանգը: Ընդ որում, եթե Եվրոպայում այդպիսի դիրքորոշումները հիմնականում բնորոշ են մարգինալ կամ ծայրահեղական կուսացկություններին և գործիչներին, ետխորհրդային տարածքում, թերևս ռուսական ԶԼՄ-երի շնորհիվ, այս տեսակետը դարձել է գրեթե գերակշռող:

Մի քանի ամիս առաջ ես ուսանողներիս հետ լսարանում փոքր մաշտաբով կրկնեցի մի փորձ, որը կատարել էր բրիտանական հայտնի «Էկոնոմիստ» ամսագիրը: Ամսագիրն անցկացրել էր սոցիոլոգիական հարցում եվրոպական երկրներում, որի մասնակիցներին հարցնում էին, թե իրենց կարծիքով որքա՞ն է, ընդհանուր առմամբ, ԵՄ-ի և մասնավորապես առանձին եվրոպական երկրների մուսուլման  բնակչությունը: Պարզվել էր, որ գրեթե բոլոր եվրոպական երկներում մարդկանց մեծամասնությունը չափազանցված պատկերացումներ ունի մուսուլմանների քանակության մասին: Օրինակ, ամենամեծ մուսուլմանական համայնքը Ֆրանսիայում է, որտեղ մուսուլմանները կազմում են բնակչության մոտ 8 տոկոսը, բայց հարցման մասնակիցների կարծիքով նրանք պետք է որ կազմեին Ֆրանսիայի բնակչության 31 տոկոսը[1]:

Իմ լսարանի արդյունքները շատ չէին տարբերվում «Էկոնոմիստի»  արդյունքներից, իսկ եթե տարբերվում էլ էին, ապա հայաստանցի ուսանողներն ավելի խիստ էին չափազանցնում մուսուլմանների թիվը Եվրոպայում, քան իրենք՝ եվրոպացիները: Ի դեպ, ես մեկ հարց ավելացրեցրի հարցմանը՝ Ռուսաստանի վերաբերյալ, և ստացա բավականին հետաքրքիր արդյունք: Պարզվեց, որ Ռուսաստանի դեպքում իրավիճակը տրամագծորեն հակառակն է. հայաստանցի ուսանողները ավելի տրամադրված են նվազեցնել մուսուլմանների քանակը Ռուսաստանում, քան իրականում է: Մի խոսքով, անհամբեր կսպասեմ, որ մի օր նման սոցիոլոգիական հետազոտություն անցկացվի նաև Հայաստանում :

Այնպես որ, լուրերն առ այն, որ Եվրոպան մուսուլմանների կողմից գրավման վտանգի առջև է հայտնվել, մեղմ ասած՝ չափազանցված են: Իհարկե, սա չի նշանակում, որ խնդիրներ գոյություն չունեն: Ավելին, եթե ոմանք փորձում են չափազանցնել առկա խնդիրները, ոմանք էլ, ընդհակառակը, փորձում են այդ խնդիրները չտեսնելու տալ, ինչը հանգեցնում է բավականին տհաճ իրավիճակների, իսկ երբեմն՝ պարզապես  ողբերգական հետևանքների: Իրականում խնդիրներ գոյություն ունեն թե՛ փախստականների հետ կապված, թե՛Եվրոպայի քաղաքացի հանդիսացող իսլամական ծայրահեղականների հետ կապված: Բայց արդյո՞ք այդ խնդիրները կարելի է բացատրել քաղաքակրթությունների բախման տեսության օգնությամբ:

Նախ, խնդիր կա ինքին “քաղաքակրթության” հասկացության հետ կապված: Սովորաբար մենք որևէ “քաղաքակրթության” անվան տակ միավորում ենք բազմաթիվ կրոնական ուղղություններ, ժողովուրդներ, մշակույթներ, որոնք միմյանցից կարող են շատ խիստ տարբերվել: Օրինակ, մուսուլմանական քաղաքակրթության մասին խոսելիս կարող է ստացվել, որ մենք միևնույն կաղապարը տարածում ենք իրարից այնքան խիստ տարբերվող ժողովրդների վրա, ինչպիսին են, ասենք, բոսնիացի մուսուլմանները, ղազախները և ինդոնեզացիները: Իհարկե, նրանց բոլորին էլ ինչ-որ բան միավորում է, բայց միևնույն ժամանակ շատ բան միմյանցից տարբերում է, և միաժամանակ կապում է իրենց տարածաշրջանի ոչ- մուսուլման ժողովուրդների հետ: Արդյո՞ք բոսնիացիները, ղազախներն ու ինդոնեզացիները քաղաքկրթությունների բախման մի կողմում են, իսկ, օրինակ, խորվաթները, կոլումբիացիները և ֆիլիպինցիները այդ հակամարտության մեկ այլ կողմում:

Սա, իհարկե, չի նշանակում, որ պետք է անտեսել իսլամական ծայրահեղականության խնդիրը: Կամ ժխտել, որ թեև ծայրահեղականության միտումներ կան բոլոր կրոնների մեջ, այսօրվա աշխարհում ամենաազդեցիկը և վտանգավորը հենց իսլամական ծայրահեղականներն են: Կամ մոռանալ այն ծանր կացությունը, որում իսլամիստների գործունեության հետևանքով հայնտվել են ոչ-մուսուլմանական փոքրամասնությունները մի շարք մուսուլմանական երկրներում: Այո, իսլամական աշխարհի տարբեր անկյուններում կան ուժեր, որոնք առաջ են քաշում իսլամիզմի գաղափարները, ամենատարբեր ձևերով՝ խաղաղից մինչև ծայրահեղական: Բայց արդյո՞ք այդ գաղափարների կրողներին պետք է նույնացնել իսլամի հետ ընդհանրապես՝ որպես կրոն և քաղաքակրթություն: Թե՞ դա ընդամենը քաղաքական գաղափարախոսություն է, որն օգտագործվում է որոշակի քաղաքական նպատակների հասնելու համար, ինչպես, օրինակ, ԽՍՀՄ-ը իր շահերից ելնելով օգտագործում էր համաշխարհային բանվոր դասակարգի միավորման գաղափարը:

Իհարկե, Եվրոպան այսօր ունի բազմաթիվ խնդիրներ, և դրանցից առնվազն երկուսն այսօր առավել սուր են դրված՝ միգրացիա և ահաբեկչություն: Այո, փախստականների ինտեգրման խնդիրն առայժմ չի կարելի ասել, որ շատ հաջող է լուծվում: Եվ այո, նրանց մեծամասնությունը մուսուլման են: Բայց արյդո՞ք նրանց հետ կապված խնդիրները քաղաքակրթությունների բախման արդյունքն են: Թե՞ պարզապես խնդիրն այն է, որ Եվրոպայի միգրացիոն քաղաքականությունը լի է անտրամաբանական դրույթներով, որոնք բարդացնում են Եվրոպա մեկնող օրինապաշտ արտասահմանցիների կյանքը, բայց լայն հնարավորություն են բացում նրանց համար, ովքեր պատրաստ են օրենք խախտել, օրինակ՝ կեղծ փախստական ձևանալ: Եվ, իհարկե, նման կեղծ փախստականների մեջ ամենևին էլ միայն մուսուլմանները չեն:

Եթե խոսում ենք ինտեգրման մասին, գուցե խնդիրն այն է, որ միգրանտներից շատերը, մահմեդական թե այլ կրոնի ներկայացուցիչ, գալով աշխարհի բոլոր առումներով ամենահետամնաց երկրներից, հայտնվում են աշխարհի ամենազարգացած պոստինդուստրիալ հասարակություններում: Բնական է, նրանց համար ամեն ինչ խորթ է, նրանք չգիտեն ինչպես իրենց պահել, իսկ շատ բան եվրոպական կենսակերպի մեջ նրանց համար անընդունելի է: Երբ խոսք է գնում կենցաղային և բարոյական նորմերի անհապատասխանության մասին, ապա արդյո՞ք խնդիրը կրոնն է, թե՞ պարզապես սոցիալական պահպանողականությունը, որը բնորոշ է ոչ միայն մահմեդականներին՝ ի վերջո, միջին վիճակագրական հայի կամ վրացու վերաբերմունքը շատ խնդիրների քիչ է տարբերվում միջին վիճակագրական ալժիրցու կամ մարոկացու մոտեցումներից:

Ինչ վերաբերում է կրոնական ծայրահեղականությանը և ահաբեկչությանը, ապա, բնականաբար, անիմաստ է ժխտել, որ այսօր այս առումով առավել ակտիվ և վտանգավոր են հենց իսլամիստները: Բայց արդյո՞ք այստեղ ևս խնդիրն իսլամն է որպես կրոն կամ քաղաքակրթություն: Թե՞ մենք գործ ունենք մի շատ որոշակի գաղափարախոսության հետ, որը տարածվում և հովանավորվում է կոնկրետ շրջանակների կողմից: Քաղաքագետները վաղուց են նկատել, որ 1960-1970-ականներին Մերձավոր Արևելքում բողոքի շարժումներն իրականացվում էին ձախ գաղափարախոսության ներքո: Այսօր ձախ գաղափարախոսությունն այնտեղ գրեթե ոչնչացված է, փոխարենը տարածվում են իսլամիզմի զանազան տարբերակներ: Ընդ որում 1970-ականների երկրորդ կեսից սկսվում է նավթային գերշահույթների ժամանակաշրջանը, որից առավելապես օգտվում են Սաուդյան Արաբիայի և Պարսից Ծոցի մի քանի այլ երկրներ: Ինչպես կասեր ռուսական հեռուստատեսության հայտնի դեմքերից մեկը. զուգադիպությու՞ն է՝ չեմ կարծում: Եթե դրան գումարենք այն հանգամանքը, որ Մերձավոր Արևելքի շատ երկրներում, այդ թվում, օրինակ, Թուրքիայում, իշխանությունը դաժան պայքար էր մղում ձախերի դեմ, պարզ է դառնում, որ իսլամիզմի հզորացումն ուներ շատ կոնկրետ պատճառներ, որոնք ամենևին էլ հնարավոր չէ հանգեցնել զուտ քաղաքակրթական գործոնների:

Եվ, վերջապես, խոսելով իսլամական ծայրահեղականության և ահաբեկչության մասին՝ պետք է ևս մի հանգամանք հաշվի առնել: Հիշենք Սիրիան և Իրաքը, որտեղ շիա և սուննի իսլամիստները կռվում են միմյանց դեմ: Ավելին, միմյանց դեմ են կռվում են նաև սուննի իսլամիստների տարբեր կազմակերպությունները: Հիշենք նաև քրդական ջոկատները և Իսլամական պետության դեմ նրանց տարած հաղթանակները: Հիշենք, վերջապես, այն հազարավոր խաղաղ մուսուլմաններին, որոնք սպանվել են Սիրիայի և Իրաքի իսլամականների կողմից: Այնպես որ, ի վերջո, այսօր թե՛ իսլամիստների ամենաբազմաթիվ զոհերը, թե՛ իսլամիզմի դեմ պայքարի առաջամարտիկները ևս մուսուլմաններ են: Թերևս, սա ևս պետք է հաշվի առնել, և հասկանալ, որ ներկայումս իսլամական աշխարհում տեղի ունեցող գործընթացները հնարավոր չէ բացատրել սոսկ քաղաքակրթությունների բախման տեսության օգնությամբ:

M.Zolyani njuti hamar

[1]http://www.economist.com/blogs/graphicdetail/2016/03/daily-chart-15

Share

Comments are closed.