Քաղաքակրթությունների համագործակցությունը՝ համաշխարհային անվտանգության գրավական

A.Barseghyan

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Վերլուծաբան

Երևան

 Արդի աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները կրկին օրախնդիր են դարձրել դեռևս նախորդ դարի 90-ական թվականներին համաշխարհային նշանավոր տեսաբանների կողմից առաջ քաշած հարցերի շրջանակը: Խորհրդային Միության փլուզումից հետո գլխավոր հարցը, որին փորձում էին պատասխանել հայտնի քաղաքագետները, հետևյալն է. ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից աշխարհը գաղափարական պատերազմի յոթանասունամյա պայքարից հետո: Այս հարցին, թերևս, առաջինը պատասխան փորձեց տալ ճապոնական արմատներով ամերիկյան քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման, ով դեռևս 1989-ին «National Interest» ամսագրում ներկայացրեց «Պատմության ավարտը» խորագրով իր էսսեն: Հետագայում այդ հրապարակման մեջ տեղ գտած դրույթները 1992-ին ավելի խորը ներկայացվեցին «Պատմության ավարտը և վերջին մարդը» գրքում: Երիտասարդ հետազոտողը վստահ կերպով հայտարարեց, որ գաղափարական պատերազմն ավարտին է մոտեցել, և ԱՄՆ-ն ու նրա լիբերալ արժեքները հասել են կատարյալ հաղթանակի:
Նա նշում էր, թե հնարավոր է, որ սա ոչ թե սառը պատերազմի կամ համաշխարհային պատմության որոշակի փուլի ավարտն է, այլ գաղափարախոսության էվոլուցիայի վերջնակետը, որի հետևանքով Արևմուտքի լիբերալ–դեմոկրատական մոդելը դարձել է համընդհանուր կիրառելի և մարդկային հասարակության կառավարման վերջնական ձևը:
Ֆուկայաման բազմիցս փաստել է, որ պատմության ավարտ ասելով նկատի չունի մարդկային պատմության մեջ իրադարձությունների ավարտ, այլ գաղափարական հակասությունների ավարտ: Այս կերպ նա փորձում էր հակազդել Մարքսի գաղափարներին, ով կումունիստական կառավարման ձևը հասարակության կառավարման բարձրագույն ձևն էր համարում: Այն ժամանակահատվածը, երբ Ֆուկույաման ներկայացրեց իր գիրքը, համընկավ սոցիալիստական ճամբարի անկման և երկրներից յուրաքանչյուրում հեղափոխությունների ալիքի հետ, որից հետո այդ երկրներում փորձում էին հաստատել դեմոկրատական կառավարման ձև և շուկայական տնտեսություն: Ֆուկույամայի գաղափարները կարծես լեգիտիմացնում էին ԱՄՆ-ի գործողությունները, որի հովանու ներքո գունավոր հեղափոխությունների շքերթ էր սկսվել Արևելյան Եվրոպայում:

 

Հայտնի հետազոտողի այս գիրքը բազմաթիվ քննարկումների և քննադատությունների տեղիք տվեց, սակայն գիտական մակարդակում նրա քաշած հիմնադրույթներին փորձեց հակադարձել ամերիկյան մեկ այլ նշանավոր քաղաքագետ, սոցիոլոգ Սամուել Հանդիգտոնը: Վերջինս 1993-ին «Foreign Affairs» ամսագրում հրապարակեց «Քաղաքակրթությունների բախում» հոդվածը, որն էլ ավելի ուշ ընկավ նույնաբովանդակ գրքի հիմքում: Ի հեճուկս Ֆուկույամայի՝ Հանդիգտոնը նշում էր, որ Խորհրդային Միության փլուզումն ամենևին էլ պամտության ավարտը չէ, պարզապես գաղափարական ժամանակաշրջանի պայքարն իր տեղը զիջում է քաղաքակրթական պայքարին: Հեղինակը գտնում է, որ համաշխարհային քաղաքականության հիմքում առավել նշանավոր հակամարտությունները կծավալվեն ազգերի միջև, որոնք պատկանում ենք տարբեր քաղաքակրթությունների: XVII-XIX դարերում հակամարտությունները ծավալվում էին հիմնականում պետությունների միջև, ավելի ճիշտ՝ պետությունների ղեկավարների միջև, ովքեր փորձում էին ավելացնել իրենց ռազմական ու տնտեսական հզորությունը և նոր հողեր զավթել: Սակայն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թագավորների միջև պատերազմն իր դիրքերը զիջեց ազգերի միջև պատերազմին: Այնուհետև հաջորդեց գաղափարական պատերազմի փուլը, որին էլ հաջորդում է քաղաքակրթական պատերազմի ժամանակաշրջանը:

 

Քաղաքակրթությունն, ըստ Հանդինգտոնի, երկրների մեծ կոնգլոմերատ է, որն ունի ընդհանուր բնորոշիչներ, ինչպիսին են մշակույթը, լեզուն, կրոնը և մարդկանց` տվյալ քաղաքակրթության հետ ինքնանույնականացումը: Հանդինգտոնն առանձնացրել է յոթ քաղաքակրթություն` արևտմյան, կոնֆուցական, ճապոնական, իսլամական, հնդուական, ուղղափառ-սլավոնական, լատինամերիկյան և աֆրիկյան: Յուրաքանչյուր քաղաքակրթություն իր հերթին էլ բաժանվում է ենթաքաղաքակրթությունների: Ըստ հեղինակի, աշխարհը դարձել է ավելի նեղ, տարբեր քաղաքակրթությունների միջև համագործակցությունը մեծանում է, որն էլ բերում է քաղաքակրթական ինքնագիտակցության աճի` հանգեցնելով տարբեր քաղաքակրթությունների միջև հակասությունների աճին:
Արևմուտքն օգտագործում է միջազգային կազմակերպությունները, ռազմական հզորությունը և ֆինանսական ռեսուրսներն աշխարհի կառավարման համար: Արևմուտքի և այլ քաղաքակրթությունների միջև հակասությունների աղբյուրներից առաջինը ռազմական, տնտեսական և քաղաքական գերակայության համար պայքարն է, իսկ մյուս աղբյուրը մշակույթի և հիմնարար արժեքների միջև եղած տարբերություններն են: Հանդինգտոնի աշխատությունն ավելի իրատեսական էր, սակայն ուներ մի շարք թերություններ, որոնցից ամենակարևորը քաղաքակրթությունների բաժանման հիմքում ընկած չափանիշներն էին: Բացի այդ, «բախում» հասկացությունը բազմաթիվ ընդդիմադիրներ գտավ, որոնք կողմ էին արտահայտվում քաղաքակրթությունների երկխոսության գաղափարների սերմանմանը:
1998 թվականի սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 53-րդ նիստի ժամանակ հանդես եկավ Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամին, ով, ի հեճուկս Ֆուկույամայի և Հանդինգտոնի, առաջարկեց միջազգային հարաբերությունների զարգացման մի նոր տեսլական, որը կոչվում էր քաղաքակրթությունների երկխոսություն: Նույն թվականի նոյեմբերի 4-ին ՄԱԿ-ում ընդունվեց Խաթամիի կողմից առաջ քաշված բանաձևը, որով առաջարկվում էր 2001 թվականը հռչակել «Քաղաքակրթությունների միջև երկխոսության» տարի: Խաթամիի հիմնական գաղափարը հետևյալն էր՝ երկխոսություն հնարավոր էր միայն պետությունների հավասարության դեպքում: Երկխոսությունը նա ներկայացնում  էր որպես գլոբալ խնդիրների լուծման այլընտրանքային եղանակ:

 

Խորհրդանշական է, որ քաղաքակրթությունների միջև երկխոսություն հռչակված տարում՝ 2001-ի սեպտեմբերի 11-ին, աշխարհը ցնցվեց ԱՄՆ-ում տեղի ունեցող ահաբեկչությունից, որի կատարման պատասխանատվությունն իր վրա վերցրեց «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը: Սույն հոդվածի շրջանակներում չենք քննելու այն հարցը, թե ովքեր էին այդ ահաբեկչության հիմնական կազմակերպիչները, սակայն փաստ է, որ այս դիպվածը կանաչ լույս վառեց ԱՄՆ-ի համար՝ զորքեր մտցնելու Աֆղանստան: ԱՄՆ-ն գործնականում փորձում էր ապացուցել, որ քաղաքակրթությունների երկխոսություն հնարավոր չէ, քանի դեռ որոշ քաղաքակրթությունների ներկայացուցիչ երկրներում չեն տարածվել արևմտյան արժեքները:

 

21-րդ դարի սկզբում Ֆուկույամայի տեսությունը գործնական կիրառություն էր գտնում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության իրականացման մեջ: ԱՄՆ-ն ստանձնեց ոչ միայն «համաշխարհային ոստիկանի», այլ նաև «համաշխարհային դաստիարակի» դերը, ով պարտավորություն էր ստանձնել աշխարհի այս կամ այն կետում բացատրել տեղի բնակչությանը և քաղաքական էլիտային, թե որոնք են «ճիշտ» արժեքները, որոնցով պետք է առաջնորդվի երկիրը քաղաքական տնտեսական և այլ ոլորտներում: Աֆղանստանից բացի օպերացիա սկսվեց նաև Իրաքում, իսկ  այնուհետև արաբական գարնան ալիքը տարածվեց Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում և ցայսօր շարունակվում է նաև Սիրիայում: ԱՄՆ-ն հայտարարում էր, որ այդ երկրներում երկար տարիներ իշխում էին բռնապետեր, և հայտնվում էր որպես «փրկիչ»` տարածելու ժողովրդավարական արժեքները: Ի՞նչ ստացվեց արդյունքում. այդ երկրները դարձա՞ն ավելի ժողովրդավարական, կամ բնակչության կենսամակարդակը բարձրացա՞վ: Ամենևին էլ՝ ոչ, և գուցե այս ամենի հիմքում ընկած էր այն հանգամանքը, որ հաշվի չէին առել այդ երկների քաղաքական մշակույթի և քաղաքակրթական առանձնահատկությունները: Արաբական գարնան համատեքստում Ֆուկույամայի տեսությունը բացարձակ պարտություն կրեց` հերքելով համընդհանուր կիրառելի արժեքների գաղափարը, որը կարող է հանգեցնել համընդհանուր երջանկության:
Սակայն ԱՄՆ-ի դիվանագիտության քերթողահայր Հենրի Քիսինջերը տեսական հիմնավորում տվեց նաև ԱՄՆ-ի այս գործնական քայլերին: Վերջինս իր նոր «Աշխարհակարգ» գրքում անդրադարձ է կատարում արժեքային հիմքով արտաքին քաղաքականության իրականացմանը: Ամերիկացի նշանավոր դիվանագետը ժամանակակից աշխարհակարգը տեսնում է ոչ թե ինչ-որ մեկ ուժի հեգեմոնիայի հաստատմամբ, այլ մի քանի ուժերի հավասարակշռման հիման վրա:
Ուժի հավասարակշռությունը նա կապում է բարոյական չեզոքության և յուրաքանչյուր ազգին հնարավորություն ընձեռելու հետ՝ հետևելու իր հիմնարար արժեքներին: Իսկ հեգեմոնիան նշանակում է լուսավորչի դեր կատարել և ստիպել ընդունել այն արժեքները, որոնք ընդունելի են քեզ համար: Քիսինջերի կարծիքով, ուժերի հավասարակշռության ռազմավարությունը թույլ չի տա հասնել պատմության ավարտին:
Այսպիսով, տեսնում ենք, որ տեսաբանների այն խումբը՝ Ֆուկույամայի գլխավորությամբ, ովքեր սոցիալիստական ճամբարի փլուզումից հետո շտապել էին ազդարարել լիբերալ-դեմոկրատական գաղափարների հաղթանակը, պարտություն կրեց: Յուրաքանչյուր պետություն, քաղաքակրթություն ունի իր առանձնահատկությունները, և դրանք հաշվի չառնելու դեպքում հնարավոր չէ ցանկալի արդյունքների հասնել: Արժեքների պարտադրումը կարող է հանգեցնել հակադարձ ռեակցիայի, ինչպես որ ականատես եղանք աշխարհի շատ երկրներում:

 

Աշխարհը գեղեցիկ է բազմազանության մեջ, և պետությունները պետք է հասնեն այս բարձրագույն գիտակցությանը, որպեսզի կարողանան հարգել այլ պետությունների ազգերի, քաղաքակրթությունների առանձահատկությունները և գնան համագործակցության ճանապարհով: Միայն քաղաքակրթությունների համագործակցության և երկխոսության դեպքում հնարավոր կլինի խոսել համաշխարհային անվտանգության երաշխիքների մասին: Իսկ մինչ այդ մոլորակի տարբեր անկյուններում քաղաքակրթական բախումների շքերթ է հնարավոր:

A.Barseghyani njuti hamar

Share

Comments are closed.