Ուզում եմ մեկնել այստեղից

 

Նիկա Մուսավի, Բաքու

Ուզում եմ մեկնել այստեղից: Եվ հաճախ եմ ի պատասխան լսում. «Ես էլ, միայն թե ո՞ւր և ինչպե՞ս»

Ուզում եմ մեկնել այստեղից:

Դեռևս վերջերս այս արտահայտությունը նյարդայնացնում էր ինձ գրեթե զայրույթի աստիճան:

Սակայն հիմա ինչ լինում է, ասում եմ. «Ուզում եմ գնալ»:

Եվ հաճախ ի պատասխան լսում եմ. «Ես էլ: Բայց ո՞ւր և ինչպե՞ս»

Ազգը պարուրել է արտագաղթելու տրամադրությունը: Դե լավ, լավ: Չենք ընդհանրացնում. ոչ ամբողջ ազգին, այլ դրա մի մասին: Մեծ մասամբ դա 20-40 տարեկան բաքվեցիներն են, ովքեր միշտ չէ, որ ինչ-որ լուրջ խնդիրներ ունեն: Նրանց մեջ կան ապահովված, հաջողակ և բավականին երջանիկ մարդիկ, ովքեր այնուամենայնիվ մտովի աշխարհի քարտեզի վրա այն բաղձալի վայրերն են նշում, դեպի ուր երազում են մի օր միակողմանի տոմս գնել:

Ամենաքննարկվող թեմաներից մեկն այժմ էմիգրացիան է, և «Չե՞ս ուզում գնալ այստեղից» հարցը, որը միանգամայն առօրյա տոնով է արտասանվում՝ հռետորական հարցի նրբերանգներով, իր տարածվածության աստիճանով շուտով առաջ կանցնի ադրբեջանական ավանդական հարցից՝ «Ե՞րբ ես ամուսնանում»:

Փորձելով պարզել այս միտումի հիմքը՝ մենք ոտք ենք դնում բավականին փխրուն հողի վրա: Գոնե այն պատճառով, որ այստեղ ամեն ինչ ինդիվիդուալ է: Եվ ցանկության դեպքում կարելի է տասնյակ դրդապատճառներ գտնել:

Ինչ-որ մեկին վախեցրել է մանաթի նախորդ տարվա անկումն ու դրան հետևած ֆինանսական ճգնաժամը:

Մյուսի դեպքում ազատ հայացքները բախվում են ադրբեջանական հասարակության բավականանին պահպանողական բարքերին:

Ինչ-որ մեկը բացահայտ իրենից է փախչում՝ հույս ունենալով նոր վայրում նոր կյանք սկսել: Մեկն էլ պարզապես կարծում է, որ բնակության վայրը պարբերաբար պետք է փոխել, քանի դեռ այնքան չես համակերպվել սովարական դարձած դեկորացիաներին ու դարձել դրանց մի մասը:

Հարևան երկրներն էլ կարծես ընտրված լինեն՝ անհանգիստ են, մեկը նորոգում է բնակարանն ու աղմկում, մյուսը՝ ընտանեկան սկանդալներով… Եվ հետո՝ մեկ էլ տեսար սկսեցին իրար հետ հարաբերություններ պարզել և պարզվի, որ Ադրբեջանը մուրճի ու սալի արանքում է:

Սակայն հաճախ այդ ցանկությունը հիմնված է միանգամից մի քանի պատճառների վրա՝ սոցիալ-քաղաքական, անձնական և նույնիսկ՝ էզոթերիկ բնույթի:

Կարելի է հարցադրում անել, թե ինչու են նմանատիպ տրամադրություններ հայտնվել հենց հիմա, սակայն… Իրականում, դա բավականին տրամաբանական է: Դեռևս 25 տարի առաջ մեկնելու ձգտումն ինքնին հավասարեցվում էր քրեորեն պատժելի արարքի: Եվ իրականացնել դա տեխնիկապես բարդ էր: Ընդհանուր առմամբ, եթե մտածենք, այդպիսի մտքերն ադրբեջանցիներին սկսեցին այցելել 90-ականներին, այն պահից, երբ սահմանները բացվեցին, և արտագաղթը մեղսավոր և գրեթե անիրականանալի ցանկությունների կատեգորիայից վերածվեց իրական հնարավորության:

Երբ մեկնելու ցանկությունն, այնուամենայնիվ, հասնում է որոշակի եռման աստիճանի, ոմանք արտագաղթում են՝ դրա համար ընտրելով օրինականության տարբեր աստիճաններ: Ամերիկացի գրող Չակ Պալանիկը այսպիսի մի արտահայտություն ունի. «Հաճախ մարդիկ լքում են իրենց փոքր քաղաքը, որպեսզի երազեն վերադառնալ այնտեղ, մյուսները մնում են, որպեսզի երազեն այնտեղից հեռանալ»: 4 մլն բնակչություն ունեցող Բաքուն դժվար է փոքր քաղաք անվանել, սակայն թվում է, թե այդ կանոնը տարածվում է նրա վրա նույնպես: Համենայնդեպս, արտասահման տեղափոխված ծանոթներիս առյուծի բաժինը տանջվում է քրոնիկական կարոտախտով:

Ճիշտ է՝ վերադառնալ չեն ուզում: Սակայն, գրողը տանի, կարոտում են պատմական հայրենիքը, կամ այնտեղ մնացած մարդկանց, կամ իրենք իրենց:

Եվ «մեզ մոտ» արտահայտությունը նրանց համար առհավետ երկակի իմաստ է ձեռք բերում: «Մեզ մոտ Լոնդոնում արդեն ձյուն է», «Մեզ մոտ Բաքվում նման բան ընդունված չէ»: Ոչ մի հակասություն: Ամեն ինչ ճիշտ է: Դրանում նույնիսկ ինչ-որ շատ ճիշտ բան կա՝ գլոբալիզմի տեսանկյունից:

Իսկ ի՞նչ կլինի երկրի հետ, եթե բոլոր նրանք, ովքեր երազում են մեկնել, կարողանան իրականացնել այդ երազանքը:

Ոչինչ:

Գոնե այն պատճառով, որ այդպիսի բան ամեն դեպքում չի լինի: Արտագաղթն ու նոր միջավայրում ինտեգրվելը բարդ բան է: Ոչ բոլորն են կարող դա անել: Շատերը «դուրս են մնում»՝ այդպես էլ ակտիվ գործողությունների չանցնելով: Երեխաներ են ունենում, հիփոթեքներ վերցնում: Ավելի ամուր են կապվում Բաքվին՝ հարազատների համար պատասխանատվությամբ, ավելի լավ ապագայի հույսերով, բրուկլինյան ռեստորանում աման լվանալու վախով: Եվ ժամանակի ընթացքում վերածվում են նրանց, ովքեր «մնում են, որպեսզի երազեն հեռանալ»: Պալանիկն իրավացի էր:

Այնպես որ, ժողովրդագրական սակավաթվություն Ադրբեջանին չի սպառնում: Եվ ընդհանրապես՝ պատմությանը հայտնի չէ ոչ մի դեպք, որ մի երկիր դատարկվի բոլոր բնակիչների միանգամից հեռանալու պատճառով:

Ի՞նչ պատճառներ ունեմ ես ինքս: Այս հարցին պատասխանելն ավելի դժվար է, քան ենթադրվում էր: Հնարավոր է՝ բանն այն է, որ հանկարծ հասկանում ես. դու և հարազատ քաղաքդ այլևս նույն ուղղությամբ չեք ընթանում: Ուրեմն պետք է բաժանվել: Եվ պետք չէ դրանից ողբերգություն սարքել: Գոնե այն պատճառով, որ դրամատիկ լինում են բաժանումները սիրելիների և ընկերների հետ: Իսկ հայրենիքն, ինչպես հայտնի է, մայր է: Իսկ ո՞վ ասաց, որ ծնողների տանը պետք է ապրել մինչև թոշակի անցնելը:
Ուզում եմ մեկնել:

Հրապարակվել է 21.05.2016

http://jam-news.net/Publication/Get/hy-AM/1741

 

 

Share

Comments are closed.