Առասպելը հիմնովին փշրված է. սառը ռուսական ցնցուղ՝ ռուսամետ գլուխների վրա

Ruben-photoՌուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտի» ռուսական տարբերակի տնօրեն

Երևան

 

Քառօրյա կամ Երկրորդ արցախյան պատերազմն իր իսկ գոյության փաստով փշրել է հայ քաղաքացու համար մի բավականին վնասակար և ստորացուցիչ «դարավոր» հայ-ռուսական «բարեկամության« մասին առասպելը, որի «շնորհիվ» մենք իբր թե լուծում ենք մեր ազգային անվտանգության խնդիրը և գոնե փխրուն խաղաղություն ապահովում։ Ապրիլի 2-ի լույս  գիշերը Ադրբեջանի ռուսական սպառազինություններից արձակած առաջին իսկ կրակոցները գնդակահարել և փշրել են այս առասպելը։

Սույն առասպելը վնասակար է նրանով, որ այն ունի նաև սեփական՝ ներհայկական կողմը, որն այլ կերպ, քան ստոկհոլմյան բարդույթ անվանել չի կարելի, երբ մեր երկրում հանրային դաշտի ռուսամետ «կուսակցությունն» ի ցույց էր դնում մտավոր և հռետորաբանական ակրոբատիկայի հրաշքներ՝ «անգիտակից» և «անհասկացող» հայ քաղաքացուն բացատրելու համար, թե որքա՜ն հրաշալի է, որ Ադրբեջանին զենք է վաճառում հենց մեր «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանը։ «Չէ՞ որ զենքը կարող էին նաև մեր թշնամիները վաճառել»,- ասում էին նրանք, հավելելով, որ սա իբր թե «երաշխավորում» է այդ սպառազինությունները մեր դեմ չօգտագործումը։ Եթե ստոկհոլմյան բարդույթի վարքագիծը բացատրվում է մարդու առ կյանք ամեն գնով ունեցած ձգտմամբ, ապա մեր զինվորների կյանքը խլած պատերազմը ցույց է տվել մեր դեպքում նմանատիպ վարքագծի ողջ թերարժեքությունն ու չարդարացվածությունը։

Բայց ինչո՞ւ է 2010 թվականից ի վեր Ռուսաստանը սկսել Ադրբեջանին հարձակողական զինատեսակներ վաճառել։ Հետխորհրդային շրջանի համարյա 20 տարիների ընթացքում ծնվել, մեծացել և չափահաս է դարձել անկախ պետությունում ծնված առաջին ոչ խորհրդային սերունդը։ Մյուս հայտնի պատճառների հետ միասին սա բավարար պայման էր՝ հարցականի տակ դնելու տարածաշրջանում Ռուսաստանի ներկայիս՝ կայսերաքրեական տեսքով ներկայության նպատակահարմարությունը։  Տարածաշրջանում ձևավորված փխրուն հավասարակշռությունն արդեն չէր ապահովում մտադրվածը և պետք է փոփոխության ենթարկվեր։ Եվ ինչպես 1905թ. հետամնաց ու բոլորին նողկացրած ցարականությունը, այնպես էլ 2010թ. չեկիստական «նեոցարականությունը» օրինաչափորեն հենվել է իրեն ըստ ամենայնի հարազատ ու նման հակաազատական և հայատյաց նախապաշարմունքների մեջ գահավիժած ուժին, որը պատմության անիվը հետ շրջելու ամենահարմար գործիք է դիտվել։ Եվ սա, ի հեճուկս Երևանում պարոն Բորդյուժայի հավաստիացումների, «բիզնես» չէր. սա հենց քաղաքականությունն էր։ Այս քաղաքականությունը հիմնված է այն պատկերացման վրա, թե հայերն «այլ տեղ գնալու» հնար չունեն, իսկ Վրաստանը՝ Եվրոպայում Պուտինի «գործընկերների» շնորհիվ դեռ երկար ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա։ Տարածաշրջանային պատկերին վերջնական տեսք հաղորդելու համար պակասում էր ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոյի փոփոխությունը, որպեսզի Ռուսաստանի տարածաշրջանային գերակայությունն ամբողջանա ու դադարի հարցեր առաջացնել։

Պուտինի երրորդ ժամկետից սկսած, երբ «հետխորհրդային տարածությունում ինտեգրացիոն գործընթացները» պաշտոնապես դարձան Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն, շրջանառության մեջ դրվեցին «ռուսական աշխարհի» զուտ ֆաշիստական գաղափարները։ Զուգահեռաբար՝ եղբայրական հռչակված էրդողանական Թուրքիայում տիրապետող դարձան «նեոօսմանականության» ու «թուրքական աշխարհի» համանման գաղափարները։ Երկու երկրներում էլ ընթանում էին նմանատիպ հակաարևմտյան և հակաազատական գործընթացներ։ Այս իրավիճակում Ռուսաստանը նոր ուժով սկսել է փայտ գցել Ալիևի վարչակարգի ինքնավստահությունը  սնուցող խարույկին՝ ներշնչելով նրան փոխզիջումների ավելորդության ու Մինսկի խմբի «անարդյունավետության» մասին մտքեր։ Մոսկվա-Բաքու-Անկարա «հրաշալի երրյակի» միասնական ջանքերով փորձ է արվել քայքայել Մինսկի խումբը, բայց, ինչպես ասվում է, շաբաթն ուրբաթից շուտ եկավ…

Ուկրաինական իրադարձությունները և դրանց հետևած Մոսկվայի դեմ պատժամիջոցները, նավթի գնի անկումը, Ռուսաստանում և Ադրբեջանում տնտեսական դրության վատթարացումը, Արևմուտքի, ապա և Թուրքիայի հետ սկսված հակամարտությունը խաթարել են Մոսկվայի մտադրությունները։ Միաժամանակ, այս ամենն արագացրել է իրադարձությունների ընթացքն ու էլ ավելի միավորել ադեկվատությունն ու համբերությունը կորցրած Պուտինի և Ալիևի վարչակարգերի «հարազատ հոգիները»։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի  խմբի շրջանակներում պատերազմի վերսկսման հնարավորությունը բացառելուն ուղղված միջոցների մասին (հրադադարի գծի մշտադիտարկում, միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմներ, դիպուկահարների հեռացում և այլն) ամերիկյան առաջարկները և՛ Բաքվում, և՛ Մոսկվայում նկատելի ջղաձգման պատճառ դարձան։ Այս առաջարկները երկրի ներսում Ալիևին զրկում էին «գաղափարախոսական հենքից», իսկ Մոսկվային՝ տարածաշրջանի կառավարելի ապակայունացման լծակներից։ Իսկ երբ այս առաջարկները համարյա վերջնագրային տեսքով հնչեցին Վաշինգտոնում կայացած միջուկային անվտանգության գագաթնաժողովում, Բաքուն և Մոսկվան, հասկանալով, որ սկսվել է ժամանակի հետհաշվարկը, որոշեցին «շրջել սեղանը»։

Սպառազինությունները նախապես տրամադրած Մոսկվան Ալիևին նաև ստատուս֊ քվոն էապես փոխելու համար անհրաժեշտ ժամանակ տրամադրեց։ Սա ռուսական «շնորհակալությունն» էր Վաշինգտոնում Սարգսյանի հետ հանդիպումից հրաժարվելու համար, ինչը Կրեմլին շատ է մտահոգել։ Միայն ապրիլի 4-ին, Ջ. Քերիի հեռախոսազանգից հետո մինչ այդ պերճախոս լռություն պահպանած ռուսական դիվանագիտությունը սկսեց խոսել «խաղաղության անհրաժեշտության» մասին։ Ինքնավստահ Ալիևը Մոսկվային Երևանի առջև յուրովի «արդարացում» ունենալու հնարավորություն է պարգևել. ապրիլի 2-5-ին Հայաստանի Հանրապետության տարածքը համարյա չի արկակոծվել։ Բաքուն կամեցել է «ավելի լավ» անել, բայց ստացվել է «ինչպես միշտ»։ Ապրիլի 5-ին, երբ պարզ դարձավ, որ ադրբեջանական բլիցկրիգը լիովին ձախողվել է, իսկ հայկական կողմը հակահարձակում է սկսել, ինչի պատճառով օպերատիվ խորությամբ խոցման միջոցների օգտագործման սպառնալիք է ծագել, այդ թվում և ռազմաճակատից հեռու գտնվող քաղաքներին և գյուղերին հարվածելու և պատերազմի՝ իսկապես լայնածավալ դառնալու վտանգը, Մոսկվան ստիպված եղավ քայլեր կատարել կրակի դադարեցման ուղղությամբ։

Այս բոլոր տարիներին հայկական օլիգարխիան գտնվում էր անսահման կոռուպցիայի և սեփական երկիրը թալանելու «երանության» մեջ։ Նրան չէր հուզում, թե ինչ է կատարվում իր գլխավերևում։ Նա վայելում էր «մոսկովյան տանիքի» հովանավորության խաբուսիկ պատրանքը, վստահ լինելով, որ այն ապահովում է իր դիրքերի ամրությունը։ Ռուսամետ «կուսակցության» համար այս ամենը բարենպաստ միջավայր էր ապահովում՝ անվայել աճպարարությունները շարունակելու և «դարավոր բարեկամության» ամենազորության մասին առասպելը նորովի ծամծմելու համար։ Անգամ 2013թ. սեպտեմբերի 3-ի աղետը, երբ ոչ միայն գործող իշխանությանը, այլև ողջ երկրին կոտրել և ուժով մտցրել են «եվրասիական» գոմը, 2015թ. «էլեկտրամայդանը»՝ որպես առաջին նշան, թե պաշարը սպառված է,  նրանց՝ տեղի ունեցողի կատարյալ արատավորության մասին մտորելու դույզն իսկ առիթ չի տվել։ Ո՛չ։ Նրանք շարունակում էին «բացատրել», որ Ղարաբաղում «ամեն ինչ հանգիստ» է, իսկ Ադրբեջան միլիարդներով վաճառված ռուսական սպառազինությունը գտնվում է «մեր ռազմավարական դաշնակցի ապահով վերահսկողության ներքո»։

Բայց այս ամենը ձախողվեց… Պարզապես ևս մի անգամ խոնարվեք հայ զինվորին և մի քանի անգամ ևս, որ ավելի վատթարը տեղի չունեցավ… Եվ պարզապես բերաններդ փակեք՝ ձեր «դարավոր բարեկամության» մասին ճամարտակություներով։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հովանու ներքո կայացած Վիեննայի հանդիպումն արձանագրեց հետևյալ դրույթները՝ հավատարմություն 1994-1995թթ. հրադադարի և հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնություններին, հակամարտության ռազմական լուծման անհնարինություն, միջադեպերի հետաքննության ԵԱՀԿ մեխանիզմներ, Ա. Կասպշիկի գրասենյակի ընդլայնում, հունիս ամսին նախագահների նոր հանդիպում։

Եվ ի՞նչ է տեղի ունենում հանդիպումից հետո։ Միևնույն նոտաներով ձանձրանալու աստիճան կրկնված նվագ. Ռուսաստանը չի խախտում Մինսկի խմբի կոնսենսուսը, բայց միաժամանակ խաթարում է ձեռք բերվածը։ Ռազմաարդյունաբերական համալիրի պատասխանատու «ընկեր» Ռոգոզինը Բաքվին նորից իր այցով է երջանկացնում. Ալիևը, ինչպես ժամանակին իր հայրը Լեոնիդ Իլիչի առջև, երդվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացմանը հավատարիմ լինելու մասին, իսկ նրա աշխատակազմի ղեկավարը հայտարարում է, որ Բաքուն Կասպշիկի առաքելության ընդլայնման հարցում ոչ մի պարտավորություն չի ստանձնել, մինչդեռ վիեննյան հայտարարության մեջ ասված է, թե ստանձնում է…

Եվ այս ամենից հետո դեռ կլինե՞ն «դարավոր բարեկամության» մասին անպարկեշտ «ռուսական շանսոն» երգողներ։ Այդ «բարեկամության» հիմքի համար քարը քարի վրա չի մնացել։ Ակնհայտ է, որ առջևում մեզ սպասում են ոչ ստանդարտ քայլեր՝ «դարավոր բարեկամության» այս արյունալի ճահճից դուրս պրծնելու համար։ Առասպելը հիմնովին փշրված է. ռուսամետ գլուխներին տեղացած սառը ռուսական ցնցուղն արդեն ստեղծել է նոր իրականություն, որից դուրս են մնացել միայն լրիվ «անգլուխները»։ Բայց նրանք հաշիվ չեն։ Ժամանակն է գործի լծվելու։ Մեր նպատակն է՝ կատարել սպառնալիքների և դրանց հաղթահարման ուղիների վերագնահատում, նորովի հասկանալ, թե ովքեր են մեր հակառակորդները, ովքեր կարող են լինել մեր դաշնակիցները և մեր հակառակորդների համար քաղաքականապես անընդունելի դարձնել նոր արյունահեղության գինը։

Եվ չպետք է մոռանալ, որ չեկիստների նկատմամբ կարող է լինել միայն մեկ վերաբերմունք՝ մի՛ հավատա, մի՛ վախեցիր, մի՛ խնդրիր, մի՛ համագործակցիր։ Այդ ժամանակ մարտահրավերը բոլորիս համար կարող է հնարավորության վերածվել։

Share

Comments are closed.