Ես եւ դու

Արամ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Գրող
Երեւան

1988 թվականին նույն տեղից, նույն շարժումն սկսած երկու հայրենակիցների մտքով չէր էլ ացնի, որ քսան տարի անց հայտնվելու են Սեւանի ափին ու նայելու են մակարդակը բարձրացող լճի ջրերին` մեկն իր դղյակի պատշգամբից, իսկ մյուսը` անտուն ու հուսահատ աղքատության մեջ, քարքարոտ ափին կանգնած: Տարիներ անց, երկուսն էլ հոգսաշատ մտածում էին` մեկը պարսպապատը հետ քաշելու մասին,  մյուսը` դեպի լճի խորքը հեռացող խեցգետնի: Իսկ Արցախ հայրենիքում տոն էր:

. . .

Անկախության քսանամյակին Արցախի Հանրապետության նախագահն ի լուր աշխարհի  բարձրաձայնեց եռամիասնության մասին: Զինանշան, դրոշ, բանակ ու էլի նման խորհրդանիշերը թողնելով մի կողմ, փորձենք մենք էլ հասկանալ ինչպես լճափին կանգնած այն երկուսին, այնպես էլ ընդհանրապես` Հայաստան, Արցախ, Սփյուռք ծավալները զբաղեցրած մարդկային զանգվածին միավարող բանաձեւր: Կասեք, որ կա հաստատված փոխկապակցվածություն, առավել եւս այն վաղուց կրում է համակարգված ու ինստիտուցիոնալ բնույթ, եւ հենց այդ եղածի վրա էր հիմնված Արցախի Հանրապետության  նախագահի խոսքը: Գուցե, գուցե: Ես հակված եմ ենթադրելու, որ մենք գտնվում ենք նոր հարաբերությունների հաստատման նախաշեմին:

 

Չէի կասկածի հաստատված հարաբերությունների որակի վրա, եթե Սեւանին նրա տարբեր ափերից նայող երկու հայրենակիցների ու մեր զգացումներն իրար նկատմամբ  մնացած լինեին 1988 թվականի փետրվարյան օրերի մակարդակի վրա:

 

Գուցե դրանք կգան ու կմոտենան ճշմարիտին նոր` սահմանային վիճակում, որակյալ մարդկային հարաբերություններ գուցե հաստատվեն նոր` մեծ աղետի ժամանակ: Իսկ հիմա, հիմա ավելի շատ կա հակադրություն, եթե չասենք թշնամանք:

 

Հակամարտությունը` բաց կամ թաքնված, միշտ էլ կա ցանկացած ազգի մեջ: Ունեւոր – չունեւորի հակասությունը թաքցնել հնարավոր չէ, ոչ մի քողի տակ:

 

Մեկ ազգ, մեկ մշակույթ, ազգային համերաշխություն եւ այլ սնամեջ կոչերը մեր դեպքում  կենսունակ չգտնվեցին: Միավորող այլ բաղադրիչներ է պետք որոնել: Օրինա°կ: Օրինակ` շահը, մարդկային պարզունակ շահը: Սփյուռքահային, հայաստանաբնակ հային, արցախաբնակ հային միավորել կարող է հայ լինելուց բխող կենսական շահը: Որպես նման օրինակ ասեմ, որ հրեականությունը հետապնդել ու գտել է հրեա լինելու շահը: Տարագրության իմ անցած ճանապարհին ինձ չի հանդիպել սեւագործ հրեա, չի հանդիպել հրեա, որն անարժանապատիվ կյանքով է ապրում: Բանկիր են, բժիշկ են, իրավաբան են կամ երաժիշտ, վատագույն դեպքում  էլ` մտածող` փիլիսոփայության մեջ ուղղության հիմնադիր: Այդպիսին դարձել են նրանք իրար ձեռք բռնելով, թե տանը, թե` առավել եւս դրսում:

 

 

Նրանց իրար ձեռք բռնելն էլ հիմնված է պարզ մի իրողության` հիշողության վրա, հիշողություն, որը պարտավորեցնում է:

 

Մերը, պարզվում է, չի պարտավորեցնում:

 

Մի դեպքում մարդուն վարկաբեկում է անցյալը, մյուս դեպքում` իմաստավորում: Զուտ բովանդակային է տարբերությունը: Եվ հենց այդ տարբերության պատճառով էր, որ ձախողեցինք երկքաղաքացիության հրաշալի գաղափարը: Գաղափար ծնողի միտքն ու վերջնանպատակն այն չէր, որ հայրենաբնակ հայը դառնար օտարահպատակ, այլ այն, որ օտարահպատակը վերագտներ իր պատմական հիշողությունը, իր ազգային պատկանելությունը, եւ ըստ այդմ էլ այդ հիշողության ու պատկանելության վրա էլ ձեւավորվեր հավաքական շահի հասկացությունը:

 

Հավաքական` հետո նոր միայն ընտանեկան ու անձնական շահ, սա է տարբերակում ազգը ցեղից: Հայաստանաբնակ, կամ արցախաբնակ ո±ր մի էլիտար մարդն է հիմա ապրում հավաքական շահով: Ի±նչ համերաշխության մասին կարող է լինել խոսքը մի երկրում, որտեղ սիմվոլներով քողարկված գերիշխում է ընտանեկան շահի գիտակցումը: Անձնագիրը, դրոշը, օրհներգը խորհրդանիշեր են, սիրելիներս: Եթե հազար յոթ հարյուրամյա քրիստոնյա ազգի հոգեւոր բարձր դասին շարժում է իր ու իր ընտանիքի շահը, ավելին աշխարհիկ էլիտայից սպասել չարժե:

 

Առանձին, այն էլ` դրսում ապրող անհատների մակարդակով թույլ արտահայտված, կա հավաքական շահի զգացումը, որը բավարար չէ համազգային որակ դառնալու համար: Ներդրումներ կատարվում են Հայրենիքում, բայց որտե±ղ ու ինչի± համար` պարզ չէ:

 

Դադարեցնել է պետք ինքնանպատակ եկեղեցաշինությունը: Եկեղեցին հավաքատեղի է, հայե°ր, ոչ ավել, ոչ պակաս, նույն  կարգի հավաքատեղի, ինչպես, ասենք, ծաղկաձորյան պանսիոնատը, որտեղ հայազգի երեխաներ էին հավաքվել աշխարհի բոլոր ծայրերից, ինչի ազգօգուտ լինելն ի դեպ շատ ավելի ակնառու է, քան եկեղեցական լիթուրգիաները:

 

Ներդրում պետք է կատարել շարքային մարդու վրա, ջահել սերնդի վրա: Հարգելի սփյուռքահայ բարերարներ, հայրենաբնակ քաղաքական էլիտային վստահված փողը համարեք, որ տվել եք առանձնատան պարսպապատ կառուցելու համար: Իսկ եթե տալիս եք ու գիտեք դրա ծախսման նպատակը, եթե փնտրել ու գտել եք ձեր տեսակը, ապա շարքային մարդուն մի պարտադրեք պետականամետ մտածողություն եւ մեկընդմիշտ ազատագրվեք ազգային համաձայնության պատրանքից: Հասկանում ենք` տեսակը տեսակին է գտնում: Բայց պետք է գիտակցել պարզ մի բան, որ դասակարգային բնազդներն են քանդում ու կաթվածահարում հավաքական օրգանիզմի կենսաֆունկցիան:  Քաջությամբ նայեք հայրենաբնակ իշխանավորի արատավոր բարքերի ու աշխարհի աղբանոցները ողողած համասփյուռ ձեր հայրենակիցների վրա:

 

Ակնարկեցի հրեաներին ու ամենուր հաստատված նրանց բարեկեցությունը: Հրեականության գովքը չեմ անում, սակայն ցույց տվեք ինձ աղբարկղ քրքրող,  ազգությամբ հրեա գոնե մեկ մարդ, եւ ես ամբողջապես կվերանայեմ հայ էլիտայի նկատմամբ իմ կարծիքը: Ինձ միշտ հիացրել է հատկապես այն փաստը, որ հիերարխիկ ամենացածր աստիճանին կանգնած հրեան կարող է լուծել աննկարագրելի բարձր մակարդակի հարցեր իր իսկ հայրենակիցների միջոցով: Հրեան հրեային երբեք չի նայում վերեւից:

 

Հայ հավաքական օրգանիզմը կսկսի նորմալ գործել միայն այն պարագայում, երբ հայը հային նայի ոչ թե հպատակի, այլ հավասարի պես: Երբ լճի հայելուն նայող այն երկու հայրենադարձներն ապրեն հավասարազոր հոգսով: Հավասարությունը կար Խորհրդային Հայաստանի հայրենադարձ հայի տեսակի մեջ, հավասարության մի շատ կարեւոր զգացում, որը չի պահպանվել արդի հայի մեջ: Բոլորը հավասար էին ու հարգարժան` այն տարիների հայրենադարձների մեջ: Դերձակն ու պրոֆեսորը հավասար էին` եւ սեղանի շուրջ, եւ հանրային կյանքում: Այդ հատկությունը մարդու մեջ մշակել էր համատեղ ճակատագիրը: Կարծում եմ, որ հենց այդ անցյալի վրա է պետք նոր հարաբերություն կառուցել, այդ անցյալից ծնված նոր սերնդի վրա է հնարավոր ապագա կառուցել:

 

Արցախի Հանրապետության նախագահն անկախության քսանամյակին բարձրաձայնեց Սփյուռք, Հայաստան, Արցախ եռամիասնության մասին: Ես չեմ տեսնում, հետեւաբար` առայժմ չեմ էլ հավատում այդ միասնությանը: Միասնություն կլինի այն ժամանակ, երբ կկապվեն մեր ճակատագրերը, երբ Սեւանա լճի ՙկապույտ՚ ափի առանձնատների փոխարեն մյուս` հակառակ ՙգորշ՚ ափին Ադրբեջանից փախած հայության համար կապահովվեն մարդավայել կենսապայմաններ: Հասնել միասնության` նշանակում է ապրելու ժամանակը դարձնել բոլորինը, այդ կերպ վերականգնելով կտրտված ժամանակի ամբողջականությունը:  Խորհրդային հայրենադարձ հայությունն ու հրեականությունն, անցնելով կյանքի նույն դպրոցը, ստացել են ճակատագրի նույն դասը: Մի ակնթարթում մի ճակատագրի մեջ խտանում ու ամբողջականանում է ժամանակը, եւ այդ թռուցիկ, չբռնվող պահն իր հզորությամբ մնում է մարդու մեջ որպես հատկություն: Պատերազմն ու աղետը կապում են մարդկանց տվյալ պահին, իսկ ընդհանրությանը կարող է կապել ընդհանուր շահը:

 

1988 թվականի ազգային-ազատագրական պայքարի առաջին օրերին միմյանց նկատմամբ ծնված սերը մարեց, ու այդ տեղից էլ, ամենայն հավանականությամբ, մենք ձեռքից բաց թողինք ազգային համաձայնության նախաձեռնությունը: Հիմա, ավաղ, պետք է որոնել միասնություն հաստատող այլ հիմքեր, ներքին այլ չափորոշիչներ: Մինչեւ չվերանա  հավաքական միջոցը խժռող բազմակուսակցական լոդրերի մեր հսկա այս բանակը` ոչ մի եռամիասանության մասին խոսք լինել չի կարող: Սփռվելու ենք անընդհատ, ինչպես որ սփռվել ենք:

 

Կա մարդկանց միավորող մի բան, մի չափորոշիչ` դա մարդկայինն է: Հիերարխիա ու դասակարգային շերտավորում կա նաեւ հրեականության մեջ, որին փորձում եմ որպես ազգային համաձայնության նախադեպ դիտարկել: Սակայն այնտեղ կա դաստիարակված հարգանք ազգակցի նկատմամբ: Մտածողություն, առավել եւս` ազգային մտածողություն կարող է ծնվել միայն դաստիարակված հանրության մեջ: Ես որպես ուշադրության արժանի օրինակ բերեցի հրեականության փորձը: Ուրիշի փորձի նկատմամբ հարգանք ծնում է նրա մտածողը: Բուբերի ՙԵս եւ դու՚ ստեղծագործությունն ուսուցանող կարող է լինել ազգային միասնության մասին մտածող ցանկացած անձի համար: Գրվածք, որը վերծանում է հարաբերությունների ալգորիթմը: Հարաբերություններ, որոնք դրված են մի հարթության վրա, լինի դա մարդ-մարդ, մարդ-բնություն կամ մարդ- Աստված հարաբերությունը:

 

ՙԵս եւ դու՚-հայ մարդ ու հայրենակից: Սա է հավասարություն ու միասնություն հաստատող բանաձեւը: Դա է միավորման միավորը: Անկախության մեր քսան տարիներին չմշակվեց մտածողի ինստիտուտը, անկախությունը չծնեց միավորող գաղափարի կրող իր մտածողին, մարդու մի տեսակ, ով կդառնար #ես – դու# միասնության բջիջը:

 

Հրեականությունը չի սկսել մտածել Բուբերի պատկերացուներով, այլ մտածողությունն է Բուբերի մոտ բխել հրեականությունից, ինչը Մարտին Բուբերին դարձրել է #ես եւ դու# միասնությունը  հաստատող այն հսկան, ով իր մեջ պարփակում է հրեականության թե° սփյուռքաբնակին, թե° հայրենաբնակին:

Share

Comments are closed.