Արցախ-Սփյուռք հարաբերությունների հիմնական ուղղությունները

Արտակ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Անկախ փորձագետ
Լոնդոն

 

Եթե ԽՍՀՄ տարիներին Խորհրդային Հայաստան-Սփյուռք կապը որոշ չափով առկա էր, ապա խորհրդային Ադրբեջանի արհեստական սահմաններում բանտարկված Արցախն ամբողջությամբ չեզոքացված էր Սփյուռքի երեսը տեսնելուց անգամ: Վիճակը փոխվեց արցախյան շարժումից եւ այնուհետեւ Արցախի Հանրապետության (ԱՀ) անկախության հռչակումից հետո:

Սփյուռքյան մի շարք կազմակերպություններ ու անհատներ գործի դրեցին իրենց նյութական եւ ոչ նյութական ռեսուրսները Արցախին օգնելու եւ միջազգային հարթությունում նրա պայքարին սատարելու համար: Անգնահատելի է նաեւ սփյուռքահայ նվիրյալ մարտիկների ներդրումն արցախյան ազատամարտի ռազմական հաջողություններում: Զինադադարի կնքումից հետո Սփյուռքը լծվեց հետպատերազմյան Արցախի տնտեսության, ենթակառուցվածքների, կրթության եւ այլ ոլորտների վերականգնման ու զարգացման գործին` միաժամանակորեն շարունակելով արտաքին աշխարհում քաղաքական աջակցության ցուցաբերումը: Այսպիսով, Արցախ-Սփյուռք կապը կարող ենք բաժանել հետեւյալ հիմնական հայեցակետերի`

1. Սոցիալ-տնտեսական հայեցակետ: Հետպատերազմյան տարիներին Սփյուռքը խոշոր ներդրում ունի Արցախի սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման գործում: Բազմաթիվ են թե° անհատական, թե° հավաքական հանգանակությունները Արցախի համար: Եթե նույնիսկ դրանցից շատերի մասին մեծամասնությունս տեղյակ էլ չենք, ապա գոնե ամենամյա հեռուստամարաթոնին ազգովի հետեւել ենք, եթե ոչ մասնակցել, որտեղ հանգանակված միլիոնավոր դոլարների  առյուծի բաժինը մինչ այժմ ուղղվում է Արցախի այս կամ այն վերքը փակելուն: Սակայն դրանից առավել ես կարեւորում եմ սփյուռքահայերի կողմից Արցախի բիզնես դաշտում ներդրված կամ ներդրվելիք գումարները, որոնցով բացված աշխատատեղերը  տեղի բնակչության համար դառնում են ապրուստի կայուն աղբյուրներ: Շրջանառության մեջ դրված գումարը չի սպառվում կոնկրետ արդյունքի (ասֆալտ, շինություն) ապահովումից հետո, այլ խթանելով որեւէ ապրանքի կամ ծառայության զարգացումը` ներդրողին բերում է տնտեսական շահույթ, իսկ աշխատողներին` եկամուտ իրենց ընտանիքների  կարիքները հոգալու համար:

ԱՀ (Արցախի Հանրապետության) կառավարության կողմից գյուղատնտեսությունը հայտարարվել է տնտեսության առաջնային ոլորտ, եւ խրախուսվում են ներդրումները տնտեսության այդ ճյուղում: Վերջին տարիներին նկատվում է ներքին կապիտալի հոսք դեպի այդ ոլորտ, սակայն փաստ է, որ Արցախի գյուղատնտեսական ներուժի մի զգալի մաս մնում է չօգտագործված: Այս պայմաններում կարելի է խրախուսել արտաքին կապիտալի ներդրումները եւս, սակայն հատկապես արցախյան հակամարտության պատճառով տնտեսապես ռիսկային գոտի համարվելու արդյունքում օտարերկրյա ներդրողները հիմնականում խուսափում են Արցախում գումարներ ներդնելուց: Նույնը հնարավոր չէ ասել սփյուռքահայ ներդրողների մասին, քանի որ նրանք գործում են ոչ միայն բիզնես շահույթ ստանալու մոտիվացիայով: Այնուամենայնիվ, բարենպաստ հարկային դաշտն ու արտոնությունները լրացուցիչ խթան կհանդիսանան սփյուռքահայ ներդրողների համար` գալ ու գործունեություն ծավալել ԱՀ գյուղատնտեսությունում: Բոլորս էլ հասկանում ենք, թե ինչպիսի ռազմավարական նշանակություն ունի գյուղատնտեսության ներուժի ճիշտ օգտագործումը մեզ համար: Այն ոչ միայն կապահովի երկրի` առաջնային մթերքների ինքնաբավությունը, այլ նաեւ հատկապես գյուղական շրջանակներում կլուծի գործազրկության խնդիրը, գյուղացուն վերստին ամուր կերպով կկապի հողի հետ` զսպելով նաեւ նրանց դեպի քաղաք կամ արտերկիր հոսքը: Հարկային եւ այլ տիպի արտոնությունների միջոցով սփյուռքահայ ներդրողներին խրախուսելու մեթոդը կարող է գործել ԱՀ ողջ տնտեսական դաշտում:

Արցախ-Սփյուռք տնտեսական կապեր ստեղծելու եւ ներդրումներ բերելու ուղղությամբ արդյունավետ մեթոդ դարձավ նաեւ վերջին շրջանում ԱՀ պետական այրերի այցերը սփյուռքահայ ակտիվ համայնքներ: Օրինակ` Մերձավոր Արեւելքի համայնքներ  կատարած այցից հետո ԱՀ վարչապետ Արա Հարությունյանը հայտարարեց, որ մի քանի միլիոն դոլար ներդրման համաձայնություն է ձեռք բերվել իր հանդիպումների արդյունքում: Իհարկե, սա ողջունելի ձեռքբերում է, սակայն տնտեսական բարենպաստ պայմանները կարեւորագույն գործոնն են ներդրումներ ապահովելու համար:

2. Քաղաքական հայեցակետ: Արցախյան շարժման սկզբից ի վեր սփյուռքահայ կազմակերպությունները տարբեր երկրներում քաղաքական աջակցություն են ցուցաբերում մեր պայքարին: Վառ օրինակներից կարող է համարվել այն, որ ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունների ջանքերի շնորհիվ տարիներ շարունակ ԱՄՆ-ը ֆինանսական օգնություն է տրամադրում ԱՀ-ին: Բնականաբար, դրա սոցիալ-տնտեսական նշանակությանը զուգահեռ առկա է նաեւ լուրջ քաղաքական համատեքստ: Քիչ չեն դեպքերը, երբ սփյուռքահայ ուժեղ համայնքների հյուրընկալ երկրներում կանխվել են հակաարցախյան բանաձեւերի ընդունումը կամ ընդունվել են հակաադրբեջանական բանաձեւեր: Սփյուռքի` քաղաքական ճակատում Արցախին ցուցաբերված աջակցության վերջին հզոր քայլերից մեկը  Ուրուգվայի արտգործնախարարի հայտարարությունն է ԱՀ անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին: Ավելին, սա կարող ենք համարել ԱՀ անկախության հռչակումից ի վեր Սփյուռքի մեծագույն նվաճումներից մեկը Արցախին քաղաքական ճակատում սատարելու գործում: Այդ հայտարարությունը սկիզբ է դնում արցախահայության իրավունքները (անկախություն կամ միացում ՀՀ-ին) միջազգայնորեն ճանաչելու գործընթացին: Մնում է մեր բոլոր ռեսուրսները գործի դնել շարժված սայլին թափ հաղորդելու համար: Այդ գործում սփյուռքահայ կազմակերպություններն առանցքային դերակատարում կարող են ունենալ` փորձելով այլ պետություններից եւս կորզել արցախահայության փաստացի իրավունքները պաշտոնապես ճանաչելու պատրաստակամության կամ ուղղակիորեն ճանաչելու հայտարարություններ: Այդպիսի թեկնածու-պետություններ հեշտությամբ կարող են համարվել այնպիսիները, որտեղ հայկական ազդեցությանը զուգահեռ առկա չէ թուրք-ադրբեջանական հակազդեցություն: Այս տեսանկյունից կարծես թե հարավ-ամերիկյան որոշ երկրներ հաջող թիրախներ կարող են լինել տեղի հայկական համայնքների համար:

Պետք է փաստել, որ Սփյուռքի համայնքներն իրենց հյուրընկալ երկրներում հսկայական ծավալի աշխատանք են կատարում նաեւ Արցախի վերաբերյալ ճանաչողական-քարոզչական ուղղությամբ: Նշվածի ապացույցներ կարող են համարվել եվրոպական երկրներում ու ԱՄՆ-ում պարբերաբար կազմակերպվող Արցախի թեմատիկայով գիտաժողովները եւ տարբեր պետությունների սենատոր-պատգամավորների Արցախ այցելությունները, որոնք ուղեկցվում են ադրբեջանական ջղաձգումներով: Անտարակույս, այդ մեթոդները թույլ են տալիս տվյալ երկրների քաղաքական դեմքերին ծանոթանալ արցախյան հակամարտության իրական պատկերին, ինչը դառնում է նաեւ Արցախի յուրահատուկ փիար ակցիա իրենց երկրների քաղաքացիների աչքում:

Եթե եվրոպական ու ամերիկյան սփյուռքահայ կառույցների աշխատանքում առաջնահերթություն է համարվում ցեղասպանության միջազգային ճանաչումը, ինչն ազդում է արցախյան ճակատում նրանց ակտիվության վրա, ապա մտահոգիչ է ռուսահայ կազմակերպությունների պասիվությունը եւ° ցեղասպանության ճանաչման, եւ° արցախյան ուղղություններով: Ուշագրավ է, որ ռուսահայ համայնքներում քիչ չեն արցախյան ծագմամբ հայերը, ինչը ենթադրում է ավելի բուռն պայքար նրանց կողմից: Հավանաբար, հիմնական պատճառը Ռուսաստանում հայերի ցրվածությունն ու ոչ կուռ կազմակերպվածությունն է: Կարծում եմ` ահա այս ուղղությամբ պետք է լրջորեն մտածել ու հնարավոր մեթոդներով խթանել ռուսահայ կազմակերպությունների ակտիվ աշխատանքը ռուսական հասարակության եւ իշխանությունների շրջանում, հատկապես որ ՌԴ-ն արցախյան հակամարտության լուծման գործընթացում առաջատար միջնորդի դերում է: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ սփյուռքյան կազմակերպությունները բավականին լուրջ գործունեություն են ծավալում արցախյան ճակատում` մեծապես աջակցելով  հատկապես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատանքին:

3. Հոգեւոր-մշակութային հայեցակետ: Արցախը, որպես հայկական ազգային մշակույթը դարեր շարունակ պահպանող բնօրրան Հայաստանի  մի հատված, Սփյուռքի համար կարող է դառնալ ազգապահպանության հենասյուներից մեկը: Նկատվում է Արցախի նկատմամբ Հայաստան այցելած սփյուռքահայերի մշակութազբոսաշրջային հետաքրքրությունների աճ: Վերջերս հաճախացել են Արցախում սփյուռքահայ երիտասարդների ճամբարները, որոնք կազմակերպվում են ինչպես պետության, այնպես էլ տարբեր կուսակցությունների կամ կազմակերպությունների կողմից: Դա արդյունավետ միջոց է սփյուռքահայ նոր սերնդին տեղում ծանոթացնելու հայրենիքին ու ազգային արժեքներին` նրանց մոտ կենդանի կերպով ստեղծելով Արցախի նկատմամբ սեփականության զգացում: Այս տեսանկյունից դիտարկելով խնդիրը` պետք է նշել նաեւ, որ սփյուռքահայության ռեսուրսները (մարդկային եւ նյութական) անհրաժեշտ է օգտագործել ազատագրված տարածքը վերաբնակեցնելու եւ ծաղկեցնելու համար: Որոշ դեպքեր կան, երբ սփյուռքահայության ֆինանսական աջակցությամբ ստեղծվել կամ զարգացվել են նոր բնակավայրեր, սակայն դրանք կանոնավոր ու ուղղորդված բնույթ չեն կրել: Նյութական աջակցությունից բացի ինչու սփյուռքահայերին չխրախուսել գալ ու վերաբնակեցնել ազատագրված տարածքը: Օրինակ, երբ իրաքյան պատերազմի հետեւանքով իրաքահայության հարյուրավոր ընտանիքներ ժամանակավորապես տեղափոխվեցին Հայաստան, այնուհետեւ մեկնեցին արտասահման, նրանց հարմար պայմաններ առաջարկելու դեպքում, կարծում եմ, մեծամասնությունը սիրով կվերաբնակեցներ իր հայրենիքի ազատագրված հատվածը:

 

Ամփոփելով վերոշարադրյալը` փաստեմ, որ այո’, վիթխարի աշխատանք է կատարված եւ կատարվում Սփյուռքի կողմից Արցախին բազմակողմանի աջակցության համար, սակայն ջանքերն ավելի համակարգված ու արդյունավետ դարձնելու կարիք կա: Եվ կուզենայի վերջում ահազանգել, որ պետք է Սփյուռքի հետ հարաբերություններում հնարավորինս խուսափել Արցախը որպես առանձին միավոր ներկայացնելուց, քանի որ վերջիվերջո մենք մեկ ազգ, մեկ մշակույթ ենք, իսկ ներկայիս փաստացի Հայաստանը` մեկ պետություն:

Share

Comments are closed.