Հարավային Կովկասը՝ ռուս-թուրքական շահերի «հակամարտության գոտի»

 

Gevorg-photo-nb
Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թուրքագետ
Երևան

 

2015 թվականի նոյեմբերին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները խոցեցին Սիրիայում մարտական առաջադրանք կատարող ռուսաստանյան օդուժի Սու-24 գրոհիչը: Միջադեպը հիմնովին փոխեց դրական դինամիկայով ռուս-թուրքական հարաբերությունների բնույթը: Բացվեց Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների բազմադարյա պատմության հերթական խնդրահարույց էջը, որը, սակայն, միջադեպից մի քանի ամիս անց կողմերը փորձում են թերթել, անցնել: Մոսկվան և Անկարան երկուստեք վնասաբեր ճգնաժամից (տնտեսական առումով ավելի լուրջ տուժողը Թուրքիան է) դուրս գալու քաղաքական կամք են ցուցաբերում, որի հրապարակային կողմը սկսվեց ուրվագծվել 2016 թվականի մայիսից, երբ Թուրքիայի նախագահն ու վարչապետը շնորհավորեցին իրենց ռուսաստանցի գործընկերներին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Շաբաթներ անց հետևեց Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Ռուսաստան ուղարկված նամակը, որը տեղի աղբյուրները մեկնաբանեցին որպես «ներողություն»: Այս քայլին էլ արդեն հաջորդեց հունիսի վերջին կայացած Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը:Կարգավորման գործընթացը շարունակվում է, իսկ կողմերը հաշտության դեռ չեն հասել: Ակնհայտ է, որ և Անկարայի, և Մոսկվայի համար հարաբերությունների ներկայիս բնույթը շահեկան չէ, էմոցիոնալ փոխճակատմանը գալիս են փոխարինելու ռացիոնալ, պրագմատիկ մոտեցումները: Կրկին վեր է բարձրանում տնտեսական համագործակցության հարցը. գործոն, որը վերջին տարիներին ունակ էր ստվերելու Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում առաջացած ճեղքերը, որոնք առնչվում էին մի շարք միջազգային հարցերի, այդ թվում՝ Սիրիայի հակամարտությանը, Ուկրաինայի դեպքերին: Կողմերը եղել են, կան և շարունակելու են լինել ռազմաքաղաքական մրցակիցներ, մրցակցություն, որի մի մասը տարածվում է նաև Հարավային Կովկասում՝ դարեր շարունակ ռուսների և թուրքերի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում: Ներկայում էլ այն իր կարևորությունը չի կորցրել:

Ռուս-թուրքական հարաբերությունները՝ «գործընկե՞ր», թե՞ «մրցակից»

Վերջին շրջանում Հայաստանում հաճախ տրվող հարցերից է՝ ի՞նչ սպասել ռուս-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներից մեր երկրի և մեր տարածաշրջանի համար: Մինչ մերօրյա զարգացումների վերլուծությունը կարևոր է պատմական տեսանկյունից գնահատել օսմանյան-ցարական, ինչպես թուրք-խորհրդային, ապա և Թուրքիայի Հանրապետություն-Ռուսաստանի Դաշնություն հարաբերությունները, որոնց ընդհանրական բնորոշումն է՝ խնդրահարույց, մրցակցային, իսկ պատմական զգալի ժամանակահատվածում՝ թշնամական: Ի՞նչն է յուրահատուկ վերջին տարիներին Մոսկվա-Անկարա հարաբերություններում՝ տնտեսական համագործակցության գերակայությունը: Կողմերը միմյանց համար կարևորագույն առևտրատնտեսական գործընկերներ են. տարեկան ապրանքաշրջանառությունը հատում է 30 մլրդ ամերիկյան դոլարի շեմը: Ռուսաստանը կարևոր դերակատարում ունի Թուրքիային գազ (ՌԴ-ն Թուրքիա գազի գլխավոր մատակարարն է), զբոսաշրջիկներ և շինարարական պայմանագրեր առաջարկելու հարցում, իսկ հակառակ ուղղությամբ թուրքական կողմն արտահանում է գյուղատնտեսական արտադրանք, հագուստ, ինչպես և իրականացվում են էներգետիկ նախագծեր, ինչպիսիh են Թուրքիայի առաջին ատոմակայանի կառուցումը, «Թուրքական հոսք» նոր գազատարի նախագիծը և այլն:

Իսկ ահա աշխարհաքաղաքաղական և ռազմաքաղաքական կարևոր հարցերի մեծամասնության դեպքում Մոսկվան ու Անկարան բարիկադների հակադիր կողմերում են: Հարավային Կովկասը, ինչպես վերը նշեցինք, քաղաքական, տնտեսական և ռազմական տեսանկյունից Ռուսաստանի և Թուրքիայի շահերի ու հետաքրքրությունների բախման շրջան է: Իհարկե, վերջին տարիներին ոչ այնքան սուր, ինչքան, օրինակ, Սիրիան: Այնուամենայնիվ, պատմական կտրվածքով և ավելի լայն հեռանկարում Հարավային Կովկասը մնալու է հանգուցային և Թուրքիայի, և Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունում:

Հայաստանի ու տարածաշրջանի դերը Ռուսաստանի և Թուրքիայի համար

Ինչպես 10 կամ 5 տարի առաջ, այսօր էլ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը չի տեղավորվում Ռուսաստանի տարածաշրջանային շահերի ծիրում: Մոսկվան մշտապես ցուցադրում և ընդգծում է, որ Հարավային Կովկասն իր քաղաքական ազդեցության գոտիներից է: Եվ իրավամբ, ռուսաստանյան ներկայությունն այստեղ ավելի շոշափելի է, քան Թուրքիայի ձգտումները՝ ընդլայնելու ազդեցության գոտիները մեր տարածաշրջանում: Իհարկե, Ռուսաստանը խնդիրներ ունի տարածաշրջանի երկրներից մեկի՝ Վրաստանի հետ, սակայն Թուրքիան էլ իր հերթին դիվանագիտական հարաբերություններ և փակ սահմաններ ունի Հայաստանի հետ, ինչը լուրջ խոչընդոտ է Անկարայի համար տարածաշրջանում ռազմաքաղաքական և տնտեսական ազդեցությունը խորացնելու և ընդլայնելու համար: Սրանք խոչընդոտներ են երկու պետությունների համար էլ:

Թեև Ադրբեջանի և Թուրքիայի միջև յուրահատուկ հարաբերություններ են հաստատված, սակայն Բաքուն իր հերթին փորձում է հավասարակշռված վիճակում պահել հարաբերությունները Մոսկվայի հետ՝ հասկանալով ռուսաստանյան ազդեցության նշանակությունը մեր տարածաշրջանում: Սա որոշակիորեն նվազեցնում է Թուրքիայի՝ Ադրբեջանի վրա ավելի լայն ազդեցություն ունենալու հնարավորությունները:

Ռուսաստանին էլ պետք չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումh այն պատճառով, որ Թուրքիան, որը շարունակում է ռազմաքաղաքական մրցակից մնալ Մոսկվայի համար, կարող է ուժեղացնել իր ներկայությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում: Միևնույն ժամանակ, հայ-թուրքական հարաբերություններj կարգավորումը Մոսկվայում դիտարկում են որպես պաշտոնական Երևանին արտաքին-քաղաքական ուղեգծի փոփոխությունների և ավելի անկախ գործելու հնարավորություն ընձեռում: Այս հարցում կարևոր է նաև Ադրբեջանի մոտեցումը, որը սկզբունքորեն դեմ է հայ-թուրքական կարգավորմանը:

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հետդավութօղլույան փոփոխությունների փուլում է՝ փորձում է խուսափել նոր խնդիրներ ստեղծելուց,  և տարածաշրջանային դերակատարների հետ խաթարված հարաբերությունների վերականգնմնան քայլեր են իրականացվում: Այս պարագայում Թուրքիայի՝ Հայաստանի հետ կարգավորման վերադարձը կնշանակի լուրջ բախում Ադրբեջանի հետ, ինչից Անկարան ներկա փուլում ամեն կերպ փորձելու է խուսափել: Հաշվի առնելով Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան՝ հայկական ուղղությամբ թուրքական քայլերն առավել սուր արձագանք կստանան մեր արևելյան հարևանների ճամբարում: Դժվար թե տնտեսական և քաղաքական առումով թուրքական կողմի համար զգալի արժեք ներկայացնող Ադրբեջանի հետ հարաբերությունները ստորադասվեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նոր գործընթացին: Այս և այլ զսպող գործոնների առկայությամբ հանդերձ Թուրքիայի արտաքին քաղաքականության վերջին փոփոխությունների տրամաբանությունն ու ընթացքը ցույց են տալիս, որ Անկարան փորձելու է ակտիվանալ նաև Հարավային Կովկասում, որտեղ, հատկապես Հայաստանի հետ հարցերում, ստիպված է լինելու առավել զգույշ գործել՝ չհանդիպելու Ռուսաստանի և Ադրբեջանի հակազդեցությանը: Այսպիսով, սպասելի է Թուրքիայի ակտիվացումը Վրաստանի և Ադրբեջանի՝ մասնակիորեն կախված պայմաններից և իրավիճակից, նաև Հայաստանի հետ քաղաքականությունում: Իմա՝ ներկայում Թուրքիայի՝ Հարավային Կովկասում ավելի ակտիվ գործելու հնարավորությունները սահմանափակ են, թեև թուրքական արտաքին-քաղաքական փոփոխությունների համապատկերում Անկարայի ցանկություններն աճում են:

Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի համար կարևոր է նաև Հայաստանի մուտքը ԵՏՄ, որով ևս մեկ անգամ ընդգծվում է Հայաստանի իշխանությունների վարած արտաքին-քաղաքական գիծը, որը ՆԱՏՕ-ի անդամ և Եվրամիության անդամակցությանը դիմած Թուրքիայի ընտրած գերակայություններից հիմնովին տարբեր է: Կարելի է ասել, որ Թուրքիայի և Հայաստանի ներկա իշխանությունների քաղաքականությունը, տարածաշրջանային զարգացումներն ավելի են հետաձգում հայ-թուրքական հնարավոր կարգավորումը, որին, սակայն, հակադրվում են թուրքական պետության նոր արտաքին-քաղաքական փոփոխությունները:

Ռուս-թուրքական գործընթացներն ու Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցությունը

Ռուս-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումները նոր հարցեր են առաջացնում՝ Հայաստանի և Արցախյան հակամարտության վրա դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ: Իհարկե, հայկական թեմատիկան կարևոր նշանակություն ունի և Անկարայի, և Մոսկվայի համար, սակայն հարաբերությունների վերականգնման այս փուլում դժվար է սպասել դրանց շուրջ ակտիվ քննարկումների: Կողմերը դեռ պետք է վերադառնան հարաբերությունների այն մակարդակին, որը մինչ 2015 թվականի նոյեմբերի 24-ն էր: Սրա համար բավական ժամանակ և ոչ քիչ ջանքեր են անհրաժեշտ: Ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության փուլում տեսանք, որ Ռուսաստանը Հայոց ցեղասպանության հարցը ոչ բարձր մակարդակով օրակարգ բերելով՝ Թուրքիային սպառնալու փորձեր կատարեց, սակայն դրանց լուրջ գործընթացներ և գործուն քայլեր չհաջորդեցին: Հարաբերությունների կարգավորման հետմայիսյան փուլում Ռուսաստանը պետք է խուսափի նման քայլերից՝ ավելորդ լարվածություն չստեղծելու համար: Կարող ենք արձանագրել, որ նախորդ ամիսներին ՌԴ-Թուրքիա առճակատումը քաղաքական առումով հայաստանյան շահերի վրա էական ազդեցություն չունեցավ:

Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների և դրանցում Հայաստանի տեղի ու դերի մասին խոսելիս կարևոր է վերհիշել պատմական ճշմարտությունն առ այն, որ Հայաստանն ու հայերը տուժել են ինչպես ռուս-թուրքական հարաբերությունների բացառիկ ջերմացումից, այնպես էլ հարաբերությունների կտրուկ վատթարացումից: Առաջին դեպքում Հայաստանը, ցավոք, դարձել է քաղաքական առուծախի առարկա (հիշենք՝ քեմալականների և բոլշևիկների համաձայնությունները), երկրորդ դեպքում՝ պատերազմի թատերաբեմ՝ իր բոլոր բացասական հետևանքներով: Այժմյան իրավիճակն այս ամենի միջակայքում է: 2015 նոյեմբերին հաջորդած ամիսները հնարավորությունների շրջան էին, սակայն թե որքանով հնարավոր եղավ օգտվել դրանից, արդեն առանձին քննարկման թեմա է:

Share

Comments are closed.