Հարավային Օսիա. հանրաքվե և նստակեցության ցենզ

Կամ՝ քաղաքականություն առանց տնտեսության

OsetiaՄարիա ՊԼԻԵՎԱ
Անկախ լրագրող
Ցխինվալ

 

Ռուսաստանի կազմ նոր հանրաքվեի միջոցով մտնելը և նոր նախագահական ընտրությունները Հարավային Օսիայում վերջին ամիսներին քննարկվող երկու ամենաարդիական թեմաներն են։

Սկսեմ առաջին ու հին թեմայից։ Ընթացիկ տարվա ապրիլի սկզբներից օսական և ռուսական ԶԼՄ-ները գրում էին, որ Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը ապրիլի 11-ին հայտնել է մինչև 2016թ. օգոստոսը Հարավային Օսիան Ռուսաստանին միավորելու մասին հանրաքվե անցկացնելու ծրագրի վերաբերյալ։ Ապրիլի14-ին ՌԴ նախագահն՝ ի պատասխան Հարավային Օսիայում պատրաստվող հանրաքվեի մասին լուրերի, հայտարարել է, որ Հարավային Օսիայի ղեկավարության հետ այդ թեման չի քննարկվել։  12 օր անց Հարավային Օսիայի նախագահին կից քաղխորհրդի նիստում ստորագրվել է Տիբիլովի և խորհրդարանի խոսնակ Բիբիլովի համատեղ հայտարարությունը՝ 2017թ. նախագահական ընտրություններից հետո հանրաքվեի անցկացման նպատակահարմարության մասին։  Հուլիսի 4-ին Լեոնիդ Տիբիլովը կատարել է աշխատանքային այց Մոսկվա, որտեղ նա հանդիպել է Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի հետ։ Հարավային Օսիայի նախագահի խոսքերով՝ իրենք քննարկել են նախկինում՝ անցած տարվա մարտ ամսին Ռուսաստանի և Հարավային Օսիայի ղեկավարության կողմից կնքված Դաշնակցային պայմանագիրը։ Ընթերցողին հիշեցնենք, որ 2015թ. հայտարարվել է Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև դաշնակցության և ինտեգրման մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու մասին։ Փաստաթղթով նախատեսվում էր սահմանի բացում, աշխատավարձերի և թոշակների բարձրացում, ինչպես նաև առանց Ռուսաստանի կազմ մտնելու՝ Հարավային Օսիայի անվտանգության ապահովումը։

Տիբիլովը հայտնել է «Իզվեստիա» թերթի թղթակցին, որ նախագահին կից քաղխորհրդի հանձնարարությամբ հանրաքվեի անցկացումը հետաձգվել է 2017թ. ընտրություններից հետո ընկնող ժամանակահատված։

Դրանից մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 27-ին ռուսաստանյան «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում ելույթ է ունեցել Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ՝ իշխող «Եդինայա Օսեթիա» կուսակցության նախագահ Անատոլի Բիբիլովը։ Վերջինիս խոսքերով՝ իր ղեկավարած կուսակցությունը հետապնդում է Հյուսիսային և Հարավային Օսիաների միավորման նպատակը, քանի որ օս ժողովուրդն Իռլանդիայի և Կորեայի ժողովուրդների նման բաժանված ժողովուրդ է։

Բիբիլովի ելույթն ակտիվորեն քննարկվել է սոցիալական ցանցերում։ Ֆորումների օգտատերերը բացահայտ ծաղրուծանակի են ենթարկել նրա փաստարկումն՝ այն անվանելով «հզոր»։ Բիբիլովը վերոհիշյալ համագումարում իր հնչած ելույթում ընդգծել է, որ ահաբեկչության վտանգի առջև կանգնած Հարավային Օսիան պետք է միավորվի Ռուսաստանի հետ։ Նա համեմատել է հյուսիսկովկասյան ահաբեկչությունը 2008թ. օգոստոսի Հարավային Օսիայում տեղի ունեցած պատերազմի հետ, ընդգծելով, որ Վրաստանի «պետական ահաբեկչությունը» նույնքան վտանգավոր է, որքան հյուսիսկովկասյանը։

Սույն թվականի մայիսի վերջերին օսական ԶԼՄ-ները հայտնեցին, որ տեղի է ունեցել նախագահ Լեոնիդ Տիբիլովին կից քաղխորհրդի հերթական ընդլայնված նիստը՝ Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի կազմ մտնելու հարցի շուրջ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։

Նիստի ժամանակ Հարավային Օսիայի նախագահը նշել է, որ հանրաքվե անցկացնելու գաղափարը հասարակության մեջ լիակատար աջակցություն է ստացել։ Սակայն, հարցը կես տարի շարունակ քննարկած սոցիալական ցանցերի օգտատերերը պնդում են, որ Տիբիլովի հավաստիացումները՝ հասարակության աջակցությունն ունենալու մասին, իրականությանը չեն համապատասխանում։ Ֆորումների շատ ակտիվ օգտատերեր համակարծիք են, որ Օսիաների միավորման մասին խոսակցություններն ու հանրաքվեները նախագահի և պատգամավորության թեկնածուների կողմից անընդհատ շահագործվող «քարտ» է՝ ընտրություններում հաղթելու համար։

«Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվեի հարցերի ձևակերպումները չեն ազդի Կրեմլի դիրքորոշման վրա, որը դեռ մտադիր չէ նոր տեղաշրջան ընդունել»,- հայտարարել են «Կավկազսկիյ ուզել» տեղեկատվական գործակալության կողմից հարցված ռուսաստանցի քաղաքագետները։

Հարկ է ընդգծել նաև այն, որ Հարավային Օսիայի ղեկավարության մոտ հանրաքվեի անցկացման հարցի առնչությամբ առկա են որոշ տարաձայնություններ։ Անատոլի Բիբիլովը հանդես է գալիս Ռուսաստանի կազմ Հարավային Օսիայի ուղղակիորեն մտնելու օգտին։ Նախագահ Լեոնիդ Տիբիլովն, իր հերթին, առաջարկում է փոփոխություն մտցնել Սահմանադրության 10-րդ հոդվածի մեջ, որտեղ ասված է, որ Հարավային Օսիան կարող է միավորվել այլ պետությունների հետ՝ փոխանցելով իր իրավասությունների մի մասը։ Տիբիլովը հույս ունի, որ Հարավային Օսիայի Սահմանադրության 10-րդ հոդվածի մեջ փոփոխություններ մտցնելուց և Ռուսաստանի ղեկավարության կողմից հաստատվելուց հետո Հարավային Օսիան կկարողանա մտնել Ռուսաստանի կազմ։

Լեոնիդ Տիբիլովը համոզված է, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցի շուրջ հանրաքվեի կարիք այլևս չկա, պարզապես Հարավային Օսիայի օրենսդրության մեջ հարկ է սոսկ ամրագրել Ռուսաստանի կազմի մեջ Հարավային Օսիայի մտնելն առավելագույնս դյուրացնող ընթացակարգ։

Նույնկերպ էին վարվում Կոկոյտին նախագահական և ամեն տեսակ իշխանամետ կուսակցությունները՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Նախկինում Կոկոյտիի կողմնակցի, ապա անձամբ Կոկոյտիի ղեկավարած իշխող «Եդինստվո» կուսակցությունն ընտրոություններում «հաղթել» է հենց այդ կարգախոսի շնորհիվ։ Այնուհետև իշխանության է եկել այլ՝ «Եդինայա Օսեթիա» անվամբ կուսակցությունը՝ խորհրդարանի ներկայիս խոսնակ Անատոլի Բիբիլովի ղեկավարությամբ։ Դեռևս 2014թ. հունվարին «Եդինայա Օսեթիան» (ներկայումս՝ խորհրդարանական իշխող կուսակցությունը)  իր կայքում նախագահ Լեոնիդ Տիբիլովին ուղղված դիմում է հրապարակել՝ խորհրդարանական ընտրություններին զուգընթաց պահանջելով անցկացնել ՌԴ կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվե։ Այն ժամանակ ևս սոցիալական ցանցերում խնդրո առթիվ լարված բանավեճ էր ծավալվել։ Հիշյալ ընտրություններում կուսակցությունը հաղթել է կրեմլյան պաշտոնյաների աջակցության, այլ ոչ թե մտածված քաղաքական ծրագրի շնորհիվ։

Հարավային Օսիայի սոցիալական ցանցերի օգտատերերը, որոնք մեծամասամբ ակտիվ երիտասարդությունից են բաղկացած, գրում են, որ թեկնածուներից ոչ ոք չի առաջարկում աշխատատեղեր ստեղծել, ոչ ոք Հարավային Օսիայի տնտեսության վերականգնման և ռուսական տարադրամն ազգայինով փոխարինելու ծրագիր չի ներկայացնում, ոչ ոք չի մտածում, թե ի՞նչ է լինելու, երբ Ռուսաստանը կդադարի Հարավային Օսիայի մեջ ներդրումներ կատարել։ Սակայն Հարավային Օսիայի պաշտոնյաները համոզված են, որ Ռուսաստանի կազմ մտնելուց հետո Հարավային Օսիան կդառնա Ռուսաստանի ևս մի դոտացիոն տարածաշրջան, ինչի շնորհիվ բոլոր խնդիրներն իբր ինքնաբերաբար կլուծվեն։

Գալիք նախագահական ընտրությունների և «ՀՕՀ նախագահի ընտրության մասին» օրենքում փոփոխությունների մասին

Երկրորդ ամենաքննարկվող թեման Հարավային Օսիայի նախագահի գալիք ընտրություններն են և «ՀՕՀ նախագահի ընտրության մասին» օրենքում կատարված փոփոխությունները։ Ընտրությունները կայանալու են 2017 թվականին։ Որոշ կարծիքներով՝ դրանց կարող է մասնակցել նախկին նախագահ Կոկոյտին, ինչը մի շարք փորձագետների և Հարավային Օսիայի քաղաքացիների համար անհանգստության լուրջ պատճառ է դարձել։

Հունիսի 10-ին ԶԼՄ-ները հայտարարել են, որ ՀՕՀ ԿԸՀ-ը խորհրդարանի քննությանն է ներկայացրել ընտրական օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելու նախագիծը։ Մասնավորապես, ՀՕՀ ԿԸՀ-ը առաջարկել է մեծացնել նախաձեռնող խմբի կողմից նախագահի թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ հավաքագրվելիք ստորագրությունների քանակը։ Նախկինում պահանջված 1000 մարդու ստորագրության փոխարեն ԿԸՀ-ն առաջարկել է 5000-ը։ Ավելի ուշ, մի քանի նիստերից հետո, պատգամավորները սահմանել են 3500 ստորագրություն ներկայացնելու պահանջը։

Օսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նոր փոփոխություններն առնչվում էին նախագահի ապագա թեկնածուների համար սահմանվող նստակեցության ցենզին։ Միաժամանակ, լրագրողները չէին կարող հստակորեն հասկանալ, թե ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում նստակեցության ցենզի կետին։ Չէ՞ որ 2011թ. այդ կետն այնքան խստորեն է խմբագրվել, որ Հարավային Օսիայի տարածքում 10 տարի անընդմեջ չապրած թեկնածուն զրկվում էր հանրապետության նախագահի պաշտոնին հավակնելու հնարավորությունից։ Հենց այս արգելիչ սահմանափակումների «շնորհիվ» է Հարավային Օսիան 2011թ. նախագահական ընտրությունների ժամանակ հայտնվել քաղաքացիական պատերազմի շեմին։

Սույն թվականի հունիսի 24-ին խորհրդարանում պետք է նոր նիստ գումարվեր։ Սակայն, ավելի ուշ պարզ է դարձել, որ սպասված նիստը չի կայացել։ ԿԸՀ ներկայացուցիչները և Հարավային Օսիայի խորհրդարանի պատգամավորներն օրակարգի շուրջ չեն կարողացել պայմանավորվել։ Լրագրողները հայտնել են, որ, հրաժարվելով նիստից, պատգամավորները, նախագահի և ԿԸՀ ներկայացուցիչները փակ դռների հետևում փորձում էին փոխզիջման հասնել։

Երկու օր անց՝ հունիսի 26-ին, ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Հարավային Օսիայի նախագահը և խորհրդարանի խոսնակը նախապես պայմանավորվել են նախագահի թեկնածուների համար նստակեցության ցենզի հաշվարկման բանաձևի շուրջ։ Խորհրդարանի պատգամավորները որոշել են խորհրդարանական մոտակա նստաշրջանում քննարկել նստակեցության ցենզի այն բանաձևի հաստատման և ընդունման հարցը, որի շուրջ նախապես պայմանավորվել էին նախագահն ու խորհրդարանի խոսնակը։

Ավելի ուշ՝ հունիսի 30-ին, լրագրողները հայտնեցին, որ Հարավային Օսիայի խորհրդարանը նախագահի ընտրությունների կարգը սահմանող օրենքում այնպիսի փոփոխություններ է կատարել, որոնք «նախագահի թեկնածուների համար նստակեցության ցենզի ավելի հստակ մեկնաբանություն էին ապահովում»։ Հարավային Օսիայի ԶԼՄ-ները ամբողջական մեջբերումներ են կատարել «Ընտրությունների մասին» օրենքի նստակեցության ցենզին վերաբերող հատվածից, թեև պարզվել է, որ այդ մանրակրկիտ «մեկնաբանության» մեջ ոչ մի նոր բան չկար։ Սոցիալական ցանցերի օգտատերերն, իրենց հերթին, նստակեցության ցենզի թեմայի շուրջ բանավեճ են ծավալել՝ առանց հասկանալու, որ խորհրդարանն իրականում ոչինչ չի փոխել։

«Էխո Կավկազա» տեղեկատվական հարթակում հրապարակվել են Օրենսդրության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Օլեսյա Քոչիևայի մեկնաբանությունները, որոնցում բավականաչափ հստակ ասվում է, որ  «նստակեցության ցենզին չեն դիպչել և այն չեն փոփոխել»։

«Էխո Կավկազա» տեղեկատվական հարթակի տեղեկություններով՝ Ժողովրդական կուսակցությունից պատգամավորները վրդովված էին 10 տարվա նստակեցության ցենզը սահմանող «փոփոխություններով» և դրանց դեմ են քվեարկել։ Ընթերցողին հիշեցնենք, որ հենց Ժողովրդական կուսակցության պատգամավորներն էին 2011թ. քվեարկել «Ընտրությունների մասին» օրենքում նստակեցության ցենզի խստացման օգտին՝ այդ թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին։

«Էխո Կավկազա» տեղեկատվական հարթակի փորձագետները կարծում են, որ Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներն ընտրական օրենսգրքում փոփոխություններին հանկարծակիորեն հակադրվել են միայն այն պատճառով, որ դրանք հարցականի տակ էին դնում գալիք նախագահական մրցավազքում նախկին նախագահ Կոկոյտիի մասնակցությունը։

Հասարակական գործիչ և լրագրող Թիմուր Ցխուրբաթիի խոսքերով՝ նստակեցության ցենզը պետք է հակառակ պատկերն ունենար. նախագահի թեկնածուն պետք է ստանձներ իր նախագահական ժամկետի ավարտից հետո ընտանիքի հետ միասին Հարավային Օսիայում 10 տարի բնակվելու պարտավորություն։ Այս առաջարկը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Հարավային Օսիայի վերջին երկու նախագահները՝ Չիբիրովը և Կոկոյտին, իրենց նախագահական ժամկետի ավարտից անմիջապես հետո ընտանիքներով հանդերձ մշտական բնակության են տեղափոխվել Հյուսիսային Օսիա։

Դեռևս 2012թ. նախագահական վերջին ընտրություններից հետո Օսիայի մշակութային ուղղվածության www.aranzeld.com կայքում հրապարակվել են մի շարք վերլուծական հոդվածներ, թե ինչո՞ւ նստակեցության ցենզը Հարավային Օսիայի ներկայիս քաղաքական պայմաններում ընդունելի չէ։ Մասնավորապես, Հարավային Օսիայի նախկին գերագույն դատավոր Յուրի Կակոևը հարցն այսպես է մեկնաբանել. «Ընտրությունների մասին» օրենքում նստակեցության ցենզի մասին կատարված փոփոխությունը հասարակության մեջ լարվածության խթանիչ է, այն հակասահմանադրական է և էապես սահմանափակում է քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները»։

Որոշ իրավաբաններ ֆորումներում գրում են, որ նստակեցության ցենզի դրույթում փոփոխությունները հակասահմանադրական են, քանի որ Հարավային Օսիայի Հիմնական օրենքի համաձայն՝ նախագահ կարող է դառնալ հանրապետության յուրաքանչյուր գործունակ քաղաքացի, մինչդեռ նստակեցության ցենզը հանրապետության տարածքից դուրս ապրող Հարավային Օսիայի քաղաքացիներին ինքնաբերաբար անգործունակ է դարձնում։ Ընդ որում՝ պատգամավորները դրա համար Գերագույն դատարանից արտոնություն չեն ստացել։

Share

Comments are closed.