Այս ամառ Աբխազիայում շատ շոգ է

 

Chanya
Իզիդա ՃԱՆԻԱ
«Նուժնայա գազետա» թերթի խմբագիր
Սուխում


Հուլիսի 10-ին Աբխազիայում անցկացվել է հանրաքվե, թեև ավելի ճիշտ կլինի ասել, որ այն չի կայացել, քանի որ հանրաքվեին մասնակցել է բնակչության շուրջ մեկ տոկոսը, և այսօր Աբխազիայում կատակում են, որ աբխազական հանրաքվեն կարող է մտնել Գինեսի ռեկորդների գիրքը։

Իհարկե, հարց է ծագում՝ ինչո՞ւ ռևանշիստական «Ամցախարա» կուսակցության նախաձեռնած հանրաքվեն արհամարհվել է հանրապետության քաղաքացիների կողմից։ Դրա համար կան բազմաթիվ պատճառներ, որոնցից ամենագլխավորն այն է, որ հանրաքվեին դրված հարցն արդիական էր միայն այդ կուսակցության մաս կազմող նախկին պաշտոնյաների համար։ «Անհրաժե՞շտ եք համարում Աբխազիայի Հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունների անցկացումը»,- ահա այս հարցին չեն կամեցել պատասխանել գործող նախագահի կողմնակիցներն ու հակառակորդները, թեև հանրաքվեից առաջ «Ամցախարա» կուսակցությունն իշխանության դեմ խոշոր գրոհ է ձեռնարկել, պետության ղեկավարին ներկայացնելով մի քանի վերջնագրեր, որոնցում պահանջում էր լուծել ավելի քան մեկ տասնյակ հարց, որոնց մեծ մասը նախագահի իրավասության մեջ չէր մտնում կամ ուղղակիորեն հակասում էր գործող օրենսդրությանը։

Հանրաքվեից հինգ օր առաջ, երբ արդեն աշխատում էին շրջանային և ընտրական հանձնաժողովները, գնվել էին մարկերներ և այլ անհրաժեշտ պիտույքներ, ԿԸՀ-ը ողջ ուժով էր գործում, իսկ պետական հեռուստատեսությամբ ցուցադրվում էին քվեարկության սկզբունքը և քվերակողների իրավունքները բացատրող հոլովակներ, «Ամցախարա» կուսակցությունը վերջին համագումարի ընթացքում նախագահին ներկայացված յոթ պահանջներին ավելացրեց ևս մի վերջնագիր։ Հիմնական պահանջները վերաբերում էին հանրաքվեի մինչև աշուն հետաձգմանը և Ներքին գործերի նախարար Լեոնիդ Ձապշբայի պաշտոնանկությանը։

Հնչեցնելով վերոնշյալ պահանջները՝ համագումարի մասնակիցներն, առանց սպասելու պետության ղեկավարի պատասխանին, ՆԳՆ շենքի դեմ գրոհ են ձեռնարկել, որը շարունակվել է անգամ այն բանից հետո, երբ լուր է ստացվել նախագահի կողմից նախարարի պաշտոնանկության մասին։ Ռեժիմային օբյեկտը գրոհելու ժամանակ վերջինիս տարածքում գտնվող կալանավորների և դատապարտյալների ժամանակավոր պահման մեկուսարանում (Աբխազիայում բանտեր չկան) ջարդվել են դեպի ՆԳՆ տարածք մուտքի պարիսպները, հրշեջ մեքենան և գրոհի պահին ՆԳՆ տարածքում կայանված ծառայողական ավտոմեքենաները։  Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են հասցվել ոստիկանության աշխատակիցներին, որոնց ուղղությամբ նետվել են աղյուսներ, քարեր և մոլոտովյան կոկտեյլներ։

Անվտանգության խորհրդի նախագահ Մուհամեդ Քիլբան, գնահատելով հուլիսի 5-ի իրադարձությունները, նշել է, որ ՆԳՆ շենքը գրոհել են ՆԳՆ նախկին ղեկավարները, ոստիկանության շրջանային բաժինների պետերն ու աշխատակիցները, որոնք վերջին տարիներին ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

ՆԳՆ դեմ գրոհի մասին խոսելիս՝ գլխավոր դատախազ Ալեքսեյ Լոմիան ընդգծել է, որ գրոհի մասնակիցները մեծ հմտությամբ հաղթահարել են ոստիկանական պատնեշը։ «Շատ մտածված և հմուտ գործողություններն էին։ Տպավորություն կար, որ մարդիկ նախապես պատրաստված էին տեղի ունեցած իրադարձություններին։ Առաջին անգամ եմ տեսնում, որ այդչափ հմտորեն գործեն»,- ասել է դատախազը։ Նա նաև հաղորդել է, որ գրոհին մասնակցում էր շուրջ 50 հոգի։

Ուժային կառույցները գրոհած անձանց ցրելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկել, հատուկ միջոցներ չեն կիրառել, ինչը, դատախազի կարծիքով, ճիշտ ռազմավարական որոշում էր։ Գրոհի մասնակիցներին ցրելու ընթացքում կարող էին տուժել նաև շարքային քաղաքացիներ՝ ասում էին ուժայինները։ Նրանք համոզված են, որ ուժ չկիրառելու որոշումն արդարացված էր։

Վերջնագրի միակ կետը, որը հրաժարվել է կատարել Աբխազիայի նախագահը՝ հանրաքվեն մինչև աշուն հետաձգելն էր։ Սա «Ամցախարա» կուսակցության համար հերթական բողոքի պատրվակ դարձավ։ Կուսակցությունը հասկանում էր, որ իրենց նախաձեռնած հանրաքվեն կատարյալ ձախողմամբ է ավարտվելու, ուստի ընտրատեղամասերի բացումից մի քանի ժամ առաջ նրանք հայտարարեցին հանրաքվեին մասնակցելուց հրաժարվելու մասին։

Այսպիսով, հուիլիսի 10-ին անցկացված հանրաքվեն կարելի է գնահատել որպես գործող նախագահի հանդեպ վստահության մասին հարցում, որը չի հանգուցալուծել հանրապետությունում առկա ճգնաժամը և հանրապետության ղեկավարի ու «Ամցախարա» կուսակցության անդամ նախկին պաշտոնյաների միջև գոյություն ունեցող հակասությունների կնճիռը։ Վերջիններս, ի հեճուկս իրենց բոլոր օրինական և ապօրինի նախաձեռնությունների ձախողման, ծրագրում են հավաքել ժողովրդական ժողով, որի ժամանակ կրկին կբարձրացվի ձախողված հանրաքվեի հիմքում ընկած՝ գործող նախագահի հանդեպ անվստահություն հայտնելու հարցը։

Տրամաբանական է, որ «Ամցախարա» կուսակցության ձախողումից հետո նրա զբաղեցրած քաղաքական տարածությանը կփորձեն տիրել իր արբանյակները (կուսակցությունից ածանցված հասարակական շարժումները), որոնք արդեն իսկ սկսել են զբաղվել ինքագովազդով՝ իշխանություններին կոչ անելով չհարուցել քրեական գործեր ՆԳՆ դեմ գրոհի կապակցությամբ և վիճաբանության մեջ մտնելով «ծեծվող պատանու» դերում հայտնված լրագրողների հետ։ Նրանք կասկածամտորեն  քննում են լրագրողների արտաբերած յուրաքանչյուր խոսք։ Ընդդիմադիր լինելու հայտ ներկայացրած ուժերը լրագրողներին սպառնում են դատական հայցերով և լրատվամիջոցների դեմ ստորագրահավաքներով։ Ահա այսպիսին են մեր ժողովրդավարության կողմնակի դրսևորումները։

Իսկ Աբխազիայում շոգ ամառ է, և քաղաքական ամեն տեսակ գործիչների դեմ հասարակության համախմբումը, որը մարդիկ ի ցույց են դրել՝ հրաժարվելով հուլիսի 10-ի հանրաքվեին մասնակցելուց, արդեն ոչ մի նշանակություն չունի, քանի որ իրենց աթոռներն ամեն գնով վերադարձնել ձգտող պաշտոնանկ պաշտոնյաները լավագույն հիմքն են պետությունը ոչնչացնելու համար։

Share

Comments are closed.