«Արևմուտքը ռազմաքաղաքական նոր գործընկերներ է փնտրելու Արևելքում»

Հարցազրույց Կովկասի հարցերով անկախ փորձագետ Սոլոմոն ԼԵԲԱՆԻՁԵԻ հետ

Սոլոմոն ԼԵԲԱՆԻՁԵ

Սոլոմոն Լեբանիձե


-Ինչպիսի՞ն են, ըստ Ձեզ, նոր մարտահրավերները թե՛ ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի և թե առանձին երկրների համար մասնավորաբար։

-Տարածաշրջանը չափազանց պայթյունավտանգ է։ Ամեն երկիր ունի իր խնդիրները։ Վրաստանի համար դրանք տարածքային ամբողջականության հարցերն են և Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Խորհրդարանական ընտրությունների նախօրեին կորոշվի երկրի արտաքին-քաղաքական կողմնորոշումը։ Վերջին ժամանակներս հանրությունում ուժեղանում են ռուսաստանամետ տրամադրությունները, ինչը սպառնում է եվրատլանտյան կառույցներում Վրաստանի ինտեգրման ուղեգծին։Հայաստանն աշխարհաքաղաքական լուրջ փակուղում է գտնվում։ Հիմնական էներգետիկ հոսքերը շրջանցել են երկրի տարածքը, ինչը երկիրն ուժեղ կախվածության մեջ է դրել Ռուսաստանից։ Հայստանը փորձում է ինչ-որ կերպ դիվերսիֆիկացնել իր արտահանումն իրանական ուղղությամբ, բայց թե դա որքանով է լուրջ՝ ժամանակը ցույց կտա։ Ադրբեջանի հետ պարբերաբար տեղի ունեցող ռազմական ընդհարումները հայկական կողմին հուշում են, որ Լեռնային Ղարաբաղի հարցը վերջնականորեն կարգավորված չէ և որ նոր մոտեցումներ են պետք դրա լուծման համար։

2015 թվականի նոյեմբերի ռուս-թուրքական սրացումը ձեռնտու էր Հայաստանին։ Հայ հանրությունը և Ռուսաստանում հայկական լոբբին հիացմունքի մեջ էին։ Ռուսաստանյան ԶԼՄ-ներում հրապարակայնորեն քննարկվում էին հօգուտ Հայաստանի Թուրքիայի մասնատման հարցերը, այսինքն՝ բանավեճեր էին ընթանում այսպես կոչված Վիլսոնյան Հայաստանի կամ 1920 թվականի Սևրի պայմանագրի Հայաստանի վերականգնման մասին։ Բայց, ավաղ, Ռուսաստանը որոշեց փոխել ռազմավարությունը և հաշտվել Թուրքիայի հետ։

Ադրբեջանի գլխավոր կողմնորոշիչը  Լեռնային Ղարաբաղի և դրա շուրջ 7 շրջանների վերադարձն է։ Սակայն իրականությունը համոզել է պաշտոնական Բաքվին, որ Ադրբեջանը չի կարողանա ուժով վերադարձնել այդ տարածքները։ Բաքուն բացահայտորեն ձեռնպահ է մնում եվրատլանտյան կամ եվրասիական ինտեգրումից և փորձում է մանրևել այս երկու աշխարհաքաղաքական նախագծերի միջակայքում։

“Իսլամական պետություն” ծրագիրն ընդունելի չէ Հարավային Կովկասի ոչ մի երկրի համար։ Վրաստանն ու Հայաստանը քաղաքակրթապես հանդիսանում են արևելաքրիստոնեական աշխարհի մասը, իսկ Ադրբեջանը, չնայած իր առավելապես թյուրքական բնակչությաւնը, շիական աշխարհի մաս է կազմում։

-Թուրքիայում տեղ գտած անհաջող ռազմական հեղաշրջումն ինչրե՞ս կարող է անդրադառնալ անվտանգության տարածաշրջանային համակարգի վրա։ Նորերս ձեռնարկված խռովությունն արդյո՞ք խոսում է այն մասին, որ Հարավային Կովկասի երկրները կարող են հայտնվել միանգամայն նոր մարտահրավերների առաջ։

– Վտանգավոր գործընթացներ են կատարվում Թուրքիայում։  Վախենամ՝ Թուրքիան հրաժարվի եվրատլանտյան ուղեգծից։ ԱՄՆ-ի ներկայացուցիչներն արդեն իսկ ակնարկել են թուրքերին, որ ժողովրդավարությունից հրաժարման դեպքում Թուրքիան տեղ չի ունենա ՆԱՏՕ-ում։

Ոչ միայն զինվորականների, այլև դատավորների զանգվածային ձերբակալություններ…Ըստ շրջանառվող լուրերի՝ թուրքական բուհերի բազմաթիվ ղեկավարների իշխանությունները “խորհուրդ են տվել” թողնել իրենց պաշտոնները։

Եվրոպայից և ԱՄՆ-ից Թուրքիայի դրեյֆի պարագայում ուժերի հարաբերակցությունը լիովին կփոխվի մեր տարածաշրջանում։ Արևմուտքը ռազմաքաղաքական նոր գործընկերներ է փնտրելու Արևելքում, գործընկերներ, որոնք ի զորու կլինեն փոխարինելու Թուրքիային։

Աթաթյուրքի ժողովրդավարական իդեալներից հրաժարվելու պարագայում մենք նոր իրողություններ կստանանք տարածաշրջանում՝ հարևանների և մասնավորապես Հարավային Կովկասի հանդեպ Թուրքիայի աշխարհաքաղաքական դոկտրինը կփոխվի։ Թուրքիան Արևմուտքից երես կթեքի և կշրջվի դեպի Արևելք, կվերածնվեն նորացված Օսմանյան կայսրության իդեալները։

-Իսկ ինչքանո՞վ է հնարավոր իրավիճակի նոր ապակայունացումը Ղարաբաղում՝ այս տարվա ապրիլի այսպես կոչված քառօրյա պատերազմից հետո։

Ըստ իս, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակն առկայծելու է բավականին հաճախ։ Բաքուն շահագրգիշ է Երևանին և համայն աշխարհին հիշեցնելու, որ ինքը չի հաշտվելու իր տարածքների կորստի հետ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կարո՞ղ են, արդյոք, հայերը պաշտպանել իրենց շահերն՝ առանց Ռուսաստանի վրա հույս դնելու։ Ռուսաստանը չի պարտավորվել պաշտպանելու հայկական տարածքային ձեռքբերումները։ Իսկ եթե Երևանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա Մոսկվային փակուղու մեջ կգցի…

-Որքա՞ն մեծ են այսպես կոչված “Իսլամական պետության” սպառնալիքները մեր տարածաշրջանին։ 

“Իսլամական պետությունն” ամբողջ աշխարհին է սպառնում…Պատմականորեն Հարավային Կովկասը Խալիֆայության կազմում էր։ Արաբ նվաճողները Կովկասում ստեղծել են «Արմինիա» էմիրություն, որում ներառված էին հայկական, վրացական ու աղվանական տարածքներ։ Այսպիսով, բնական է, որ համաշխարհային հավակնություններ ունեցող ԻՊ-ն Կովկասը դիտարկում է որպես իր շահերի գոտի։

-Ի՞նչն է ավելի մեծ վտանգ ներկայացնում Հարավային Կովկասի երկրներին՝ Մոսկվայի աշխարհաքաղաքական նկրտումնե՞րը, թե՞ ԻՊ-ն։

-Այսօր Ռուսաստանն առանց այն էլ վերահսկում է Հարավային Կովկասը։ Ռուսաստանը ռազմական հանգրվաններ ունի Հայաստանում։ Վրաստանի տարածքի մեկ երրորդն էլ է Ռուսաստանը լիովին վերահսկում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Բաքուն առայժմ չի կատարել իր աշխարհաքաղաքական ընտրությունը, և Մոսկվան այս առումով մտահոգվելու առանձնապես բան չունի։

ԻՊ-ի կողմից կա միայն ահաբեկչական վտանգ Հարավային Կովկասի երկրների համար։ Իսլամական այդ պրոյեկտը քիչ աջակիցներ ունի մեր երկրներում։ Նույնիսկ Վրաստանի սալաֆիական համայնքները համակրանք չունեն դրա նկատմամբ։

-Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Տիբիլովը նորերս հայտարարել է, որ Վրաստանի հետ դե ֆակտո սահմանը մոտ ապագայում ամրացվելու է Ռուսաստանի հետ միասին։ Դա չի՞ հանգեցնի իրավիճակի սրման։ 

-Ցխինվալիի դե ֆակտո իշխանություններն արդեն 10 տարի խոսում են այսպես կոչված սահմանազատման մասին։ Կարծում եմ, ոչ մի սրում էլ չի լինի։ Առավելագույնն, ինչ կարող է լինել, այն է, որ նախընտրական շրջանում Վրաստանի քաղաքական ուժերը կարող են օգտագործել այդ խնդիրը։

-Մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի շահերի բախումը որքանո՞վ կարող է իրենից վտանգ ներկայացնել Հարավային Կովկասի երկրների համար։ 

-Ըստ էության, նման «փափուկ» ընդհարում արդեն իսկ տեղի է ունեցել 2008 թվականին։ Վարշավյան գագաթնաժողովից հետո ՆԱՏՕ-ն սկսել է ամրացնել իր ռազմական դիրքերը Բալթիայի և Սևծովյան տարածաշրջանի երկրներում։ Ռուսաստանը զգոնությամբ հետևում է դրան։ Դիմակայության վտանգ, ինչ խոսք, կա, բայց հարկ է ամեն ինչ անել, որպեսզի այդ գործընթացը լինի առավելս փափուկ և ոչ հիվանդագին։

Հատուկ “Անալիտիկոնի” համար զրուցեց Իրակլի Ճիխլաձենirakly

Share

Comments are closed.