Օգտակար և դժվարընկալ տարածաշրջան

avaz_gasanov
Ավազ ՀԱՍԱՆՈՎ
Հումանիտար հետազոտությունների հանրային միության նախագահ
Բաքու

Յուրաքանչյուր յոթ-ութ տարին մեկ  Հարավային Կովկասում տեղի են ունենում տարածաշրջանում խորը հետք թողնող իրադարձություններ։ Միգուցե դրանք պատահականություններ են, որոնց, ամեն դեպքում, հետաքրքիր կլիներ անդրադառնալ։ 1994թ. Ադրբեջանը ստորագրեց մեծ նավթային համաձայնագիրը։ Այս՝ հետագայում «դարի պայմանագիր» կոչված համաձայնագիրն արմատապես ազդել է կովկասյան երկրներ Վրաստանի և Ադրբեջանի տնտեսությունների վրա։Երկրորդ իրադարձությունը պետք է տեղի ունենար 2001թ.։ Եթե կայանար Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև Քի-վեստյան պայմանավորվածությունը, ղարաբաղյան հակամարտության լուծման շնորհիվ տարածաշրջանում կհաստատվեր որոշակի կայունություն։

Երրորդ իրադարձությունը՝ 2008 թվականի օգոստոսյան դեպքերն էին, երբ Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման և ռուսական զինված ուժերի կողմից վրացական տարածքներ ներխուժումից հետո պարզվեց, որ տարածաշրջանի կայունությունն ամենևին էլ մշտական չէ։

Հաջորդ իրադարձությունը՝ «ադրբեջանական և հայկական զորքերի շփման գծում ապրիլին բռնկված «քառօրյա պատերազմն» էր, որը կրկին ապացուցեց, որ անցած 20 տարիների ընթացքում կողմերի միջև համաձայնեցված հրադադարի ռեժիմը ոչ միայն հավերժ չէ, այլ, ընդհակառակը, տարածաշրջանը նմանեցրել է «վառոդի տակառի»։

Ապրիլից հետո տարածաշրջանը հայտնվել է ընտրության տարբեր և բարդ տարբերակների առջև։ Սա առանձնապես զգալի է հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Ինչպես 2008 թվականից ի վեր Կովկասն այլևս նախկինը չէր, այնպես էլ ապրիլյան իրադարձություններից հետո տարածաշրջանը թևակոխել է նոր ժամանակաշրջան։ Ասվածիս պատճառները մի քանիսն են։

Տարածաշրջանի շուրջ գտնվող երկրներում լուրջ գործընթացներ են տեղի ունենում և դրանք շարունակվելու են։ Ռուսաստանի քաղաքական մեկուսացումը հանգեցրել է վերջինիս կողմից իր ազդցեության ոլորտում գտնվող նախկին ԽՍՀՄ և Մերձավոր Արևելքի երկրների նկատմամբ ավելի կոշտ քաղաքականության։ Ռուսաստանը փոխհատուցում է միջազգային քաղաքականության ասպարեզում իրեն պարտադրված արգելքները հիշյալ երկրների խոցելի կետերի շահագործմամբ։ Առավելագույն ճնշման են ենթարկվում Հարավային Կովկասի երկրները։

2008թ. օգոստոսյան իրադարձություններից հետո Ռուսաստանի ուղերձը հարավկովկասյան երկրներին ավելի հստակ էր. «Ռուսաստանի շահերի անտեսմամբ տարածաշրջանում վարվող որևէ քաղաքականություն պատժվելու է»։ Հայտնի է նաև, որ այս տարածաշրջանում Ռուսաստանի շահերն անվերջանալի են։

Ներկայումս Ռուսաստանի խնդիրներից մեկը հարավկովկասյան տարածաշրջանում Թուրքիայի աճող դերը «զսպելու» հարցն է՝ վերջինիս ազդեցության ոլորտի ընդարձակումը կանխելու նպատակով։ Ադրբեջանը և Վրաստանն ՝ ի տարբերություն Հայաստանի և Ռուսաստանի, շահագրգռված են տարածաշրջանում Թուրքիայի ներկայությամբ, ուստի փոխադարձ լարվածությունն ու մրցակցությունն անխուսափելի են։ Տնտեսական կապերի տեսանկյունից Թուրքիային հաջողվել է Ադրբեջանի և Վրաստանի հետ խորը հարաբերություններ հաստատել։ Նավթային ու գազային հումքի փոխադրումը և հաղորդակցային միջանցքի ստեղծումը թույլ են տալիս ապահովել հիշյալ տնտեսական համագործակցության երկարատևությունը։ Այն արագորեն քայքայելը դյուրին գործ չէ, քանի որ անգամ շինանյութի և թեթև արդյունաբերության արտադրանքի շուկաները Թուրքիայի կողմից ակտիվորեն օգտագործվում են տարածաշրջանի բոլոր երեք երկրներում։ Ընդհակառակը՝ այդ հարաբերությունները շարունակաբար ընդարձակվելու միտում են արձանագրում։ Զգացվում է, որ անգամ Հայաստանում թուրքական արտադրանքի նկատմամբ լուրջ էմբարգո չի գործում։

Հարավկովկասյան երկրների սպառազինությունների շուկայում սեփական դիրքերի պահպանումը Ռուսաստանի ազդեցության հիմնական լծակներից է։ Թեև ռուսաստանյան արտադրության զինտեխնիկայի նկատմամբ պահանջարկը մեծ չէ,  դրանից ամբողջապես հրաժարվելն իրատեսական չէ։ Այժմյան տնտեսական պատժամիջոցների համապատկերում Ռուսաստանի համար տարածաշրջանի երեք երկրների շուկայի կորուստը չի կարող խելամիտ քաղաքականություն դիտվել. ռուս քաղաքական գործիչները դա գերազանց հասկանում են։ Սեփական արտադրանքը վաճառելու համար շուկա ունենալու անհրաժեշտությունից բացի Ռուսաստանն ունի նաև Հայաստանից, Ադրբեջանից և Վրաստանից գյուղատնտեսական արտադրանք գնելու մշտական կարիք։ Հենց այս կարգի գործոններն են ձևավորելու Ռուսաստանի զգուշավոր վարքագիծը Հարավային Կովկասի երկրների նկատմամբ։ Այս իմաստով՝ Ռուսաստանը զերծ է մնալու միակողմանի դիրքորոշում արտահայտելու գայթակղությունից։

Միևնույն ժամանակ, Հարավային Կովկասի երկրները երկար տարիներ տևած մեկուսացումից դուրս եկած Իրանի համար գլխավոր տարանցիկ հաղորդակցային նպատակն են։ Թեև Իրանը հնարավորություն ունի նավթային հումքը միջազգային շուկա մատակարարել Պարսից ծոցի միջոցով, երկրի տնտեսությունը թարմացնելու և եվրոպական շուկա դուրս գալու համար Ադրբեջանն ու Հայաստանն անփոխարինելի գործընկերներն են։ Վերջին տարիներին երկու երկրների հանդեպ Իրանի ցուցաբերած զգուշավոր մոտեցումն ապացուցում է, որ Իրանը նախապատվություն է տալիս հավասարակշռված քաղաքական և տնտեսական հարաբերություններ կառուցելու մարտավարությանը։ Իրանի հիմնական առաջնահերթություններից է երկրի ենթակառուցվածքների նորացումն ու իր արդյունաբերական արտադրանքի արտահանումը հարևան երկրների շուկաներ։ Խոսքն այն արտադրանքի մասին է, որը երկար տարիներ արտադրվում էր ներքին շուկայի կարիքների համար։ Այս պայմաններում Իրանին ձեռնտու չէ որևէ անկայունություն և անորոշություն։ Ուստի, Իրանը նույնպես շահագրգռված է միմյանց հետ բազում խնդիրներ ունեցող հարևան հարավկովկասյան երկրներում ստատուս-քվոյի պահպանմամբ, չէ՞ որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Թուրքիան և ո՛չ էլ Իրանը չունեն ամեն վայրկյան բռնկվելու պատրաստ տարածաշրջանային հակամարտության կարգավորման շահավետ դեղատոմս։

Տարածաշրջանի համար ամենալուրջ մարտահրավերը երեք անկախ պետությունների ապագայի և չճանաչված կամ մասնակիորեն ճանաչված սուբյեկտների հեռանկարների հարցն է։ Հենց այս սուբյեկտների միջև առկա չլուծված խնդիրներն են նպաստում տարածաշրջանի ապակայունացմանը։ Ապրիլյան իրադարձություններից հետո պարզ է դարձել, որ անկախ այն հանգամանքից, թե որքան անկախ քաղաքականություն են վարում կամ որքան տնտեսապես ամուր են այդ երկրները, ամեն մի սադրանք կարող է նրանց քաոսի մղել։ Ոչ ոք այս սպառնալիքից ապահովագրված չէ։ Տնտեսական հզորությունը, անվտանգության գոտիները կամ հզոր տեղեկատվական աջակցությունն անզոր են այդ քաոսի առջև։

Թեև Հարավային Կովկասի երկրների անկախացումից անցել էր 25 տարի, նրանց լիակատար ձևավորման գործընթացը դեռ չի ավարտվել։ Կայանալու ճանապարհին այս երեք երկրները կրել են բազմաթիվ կորուստներ։ Սակայն մարդկանց գիտակցության մեջ դեռևս լրջորեն արմատացած են մի շարք պատրանքներ։

Տարածաշրջանի երկրների միջև գոյություն ունեցող խնդիրների համապատկերում փոխադարձ հարաբերությունների հաստատման կամ վերականգնման ուղղությամբ ակտիվություն և ջանքեր են գործադրում գերազանցապես միջազգային միջնորդները, որոնց գործունեության հետ են կապվում կարգավորման հիմնական հույսերը։  Հենց 2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո ակնհայտ դարձավ, որ դժվար է ապահովել կայուն և ապահով կյանք՝ առանց լուծելու սեփական և միևնույն տարածաշրջանում գտնվող հարևանների խնդիրները, կամ էլ՝ գոնե չձգտելով դրան։

Share

Comments are closed.