«Սասնա Ծռերի» գործողության արմատները

 

Armen
Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքագետ
Երևան

«Սասնա ծռեր» խմբի գործողությունները խորը ճգնաժամի առաջ է կանգնեցրել Հայաստանի ամբողջ կառավարման համակարգը։ Սերժ Սարգսյանից սկսած՝ պետական բոլոր կարևոր պաշտոն ունեցողները դեպքից հետո չորս օր անհետացել էին։ Միայն հունիսի 21-ին կառավարության նիստի պատճառով ստիպված եղավ խոսել Հովիկ Աբրահամյանը, այնուհետև հաջորդ օրը խոսել է Սերժ Սարգսյանը։

Զավեշտալի է, որ բազմաթիվ քաղաքացիների բռնության ու ծեծի ենթարկելուց հետո Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը և առողջությունը թանկ է իր համար։ Ավելին՝ նա հանձնարարել է իրավապահ մարմինների ղեկավարներին շարունակել գործունեություն իրականացնել օրենքի շրջանակներում։ Մինչդեռ անցած օրերին քաղաքացիական հագուստով ոստիկանները բռնություններ ու ձերբակալություններ էին իրականացնում։Չորս օր հանրության հետ չխոսելու՝ Սերժ Սարգսյանի և մյուսների գլխավոր պատճառն իշխանության հեղինակության շատ ցածր մակարդակն է։ Նրանք հասկանում են, որ շատ ցածր հանրային աջակցության պայմաններում իրենց խոսքը շատ վտանգավոր է դառնում։ Սա ներկայիս իշխանության ամենամեծ խնդիրներից է։

Սարգսյանի վարած ներքին և արտաքին քաղաքականության ձախողումները, քաղաքացիների նկատմամաբ պարբերական ճմշումները և իրավունքի համակարգային խախտումներն են, որ հանգեցրել են զենքի միջոցով քաղաքական հարցեր լուծելու փորձին: Ստեղծված ճգնաժամային իրավիճակի գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է։

Սարգսյանից հետո հայտարարությամբ հանդես են եկել Լևոն Տեր Պետրոսյանը, ՀՅԴ-ն և Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը։ Հետաքրքիր է, որ Տեր-Պետրոսյանը որևիցե բառ չի խոսել ոստիկանության կողմից քաղաքացիների դեմ կիրառած անօրինականությունների մասին։ Ինչպես Սերժ Սարգսյանը՝ Տեր Պետրոսյանը ևս նշեց, որ ստեղծված իրավիճակի պատճառների մասին պետք չէ խոսել։ Դեռ ապրիլին Տեր-Պետրոսյանը կոչ էր արել հանրությանը համախմբվել Սերժ Սարգսյանի շուրջ, որպեսզի վերջինս իրեն ուժեղ զգա Արցախի շուրջ բանակցություններում։ Միևնույն ժամանակ, նա կոչ էր արել իշխանությանը շրջվել դեպի հանրությունը և բարեփոխումներ կատարել։ Սակայն ապրիլի 17-ին Հրազդանի ընտրությունները և իշխանության վարքագիծը ցույց տվեցին, որ նրանք չեն պատրաստվում որևիցե բարեփոխում կատարել։

Այս ամենից հետո Տեր-Պետրոսյանը կոչ է անում բոլորին վարքագիծ դրսևորել՝ ելնելով Արցախի անվտանգության տեսանկյունից, և ստորադասել բոլոր հարցերն Արցախի անվտանգությանը։ Նմանատիպ հիմնավորումով էր ժամանակին հանդես եկել նաև Արթուր Բաղդասարյանը։ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիան նա հիմնավորել էր Արցախի անվտանգության տեսանկյունից, նշելով․ «Ես գիտեմ` ինչ կաներ Ադրբեջանը, եթե Հայաստանում 2008թ մարտի 1-ի դեպքերը ձգձգվեին: Այս մասին ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար»։

«Սասնա ծռերի» անդամները, ինչպես նաև այլ քաղաքացիներ  բազմիցս փորձել են խաղաղ միջոցներով հարցեր լուծել։ Սակայն ամեն անգամ իշխանությունը ուժ է կիրառել։ Երբ Ժիրայր Սեֆիլյանը իր թիմի հետ 2015 թվականին Արցախ է գնացել, Երևանի իշխանության հրահանգով Արցախի ուժային կառույցները նրանց ծեծի են ենթարկել, իսկ երբ նույն մարդիկ փորձել են 2015 թվականի ապրիլի 24-ին երթ կազմակերպել, իշխանությունը նորից ուժ է կիրառել և ձերբակալել Հիմնադիր խորհրդարանի անդամներից շատերին։ Այսինքն, որքան նրանք փորձել են երթերի ու ցույցերի միջոցով լուծել խնդիրներն, այնքան իշխանությունը բռնություն է կիրառել: Առհասարակ, խաղաղ հավաքները ցրելու, քաղաքացիներին բերման ենթարկելու, ցուցարարներին տարբեր մեղադրանքներով դատարանի առաջ կանգնեցնելու արատավոր պրակտիկան  դարձել է հայաստանյան իշխանությունների՝ հանրության հետ հաղորդակցվելու գործիքը: Իշխանության նման վարքագծի հետևանքով է, որ քաղաքացիներն իրենց հերթին տեսել են ուժի կիրառմամբ հարց լուծելու տարբերակը։

Սարգսյանն 8 տարիների ընթացքում ճգնաժամային կառավարում է իրականացրել։ Մարտի 1-ի իրադարձություններից հետո մինչև այսօր իշխանությունը ճգնաժամերի միջով է անցնում։ Սարգսյանը, մշտապես կեղծելով ընտրությունները, ավելի է խորացրել ճգնաժամը։ Նա իրականում ոչ թե փորձել է լուծել Հայաստանի առջև ծառացած խնդիրները, այլ իր սեփական անվտանգության մասին է ավելի շատ մտածել։

ՊՊԾ գնդի տարածքից «Սասնա ծռերի» հրապարակած նկարները ցույց են տալիս, թե ինչպիսի զենք ու զինամթերք, ինչպես նաև պաշտպանական միջոցներ կան ոստիկանների համար։ Մինչդեռ ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորներն ու կամավորները բավարար սաղավարտներ չեն ունեցել։ Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանն իր կառավարման շրջանում ընդամենը 2.2 անգամ է բարձրացրել պետական բյուջեն, բայց մոտ 5 անգամ բարձրացրել է ոստիկանության բյուջեն։ Ի դեպ, նույն ժամանակահատվածում ռազմական բյուջեն աճել է մոտ երկու անգամ։

Սարգսյանի համար ավելի կարևոր է եղել ոստիկանության բյուջեի ավելացումը, քան պաշտպանության համակարգի ուժեղացումը, ինչի արդյունքում մենք ստացել ենք ապրիլյան պատերազմը։ Սարգսյանը փորձել է ոստիկանական ուժերի միջոցով ուժեղացնել ավտորիտար ռեժիմը։

Հայաստանի անկախության 25 տարիները ցույց են տվել, որ ավտորիտար ռեժիմի կառուցումը անհաջողության է մատնվում։ Իշխանությունը որևիցե փուլում չի կարողացել բավարար վերահսկողություն ունենալ, որպեսզի կայուն կառավարում իրականացնի։ Նման ճգնաժամերից խուսափելու լավագույն տարբերակը ազատ և արդար ընտրությունների կազմակերպումն էր, որի հնարավորությունը Սարգսյանը բաց է թողել։

Բռնապետական համակարգերում հաճախ կառավարիչներին թվում է, որ նրանք լուծել են իրենց ամենակարևոր խնդիրը՝ վերացրել են քաղաքական պայքարի բոլոր խողովակները, և կարող են հանգիստ կառավարել։ Իրականում փորձը ցույց է տալիս, որ հենց դա էլ հանդիսանում է նրանց հեռացման պատճառը։

Հաճախ բռնապետերը ինչ-որ պահի մեծ ցանկություն են սկսում ունենալ բարեփոխումներ կատարել կամ խաղաղ հեռանալ, սակայն արդեն ուշ է լինում։ Մուբարաքը, Չաուշևսկին, Բեն Ալին ցանկացել են զիջումների կամ այլ միջոցներով հանդարտեցնել հանրությանը, բայց արդեն ուշ է եղել, հետո ստիպված են եղել կամ բանտ նստել, կամ մահապատժի են ենթարկվել, կամ լքել երկիրը։

Իրականում՝ ուժային ցանկացած լուծում ճգնաժամն ավելի է խորացնելու։ Հասկանալի է, որ Սարգսյանը բազմաթիվ քայլեր է ձեռնարկել իր իշխանությունը երկարաձգելու համար՝ սահմանադրական կեղծիքներից մինչև քաղաքական ուժերի հանդեպ ահաբեկչությունը կատարվել է այդ նպատակի համար, սակայն «Սասնա ծռերի» մի քանի անդամ ամբողջովին հարցականի տակ են դրել Սարգսյանի այդ մտադրությունը։

Հուլիսի 23-ին «Սասնա ծռեր» խմբի անդամները ազատել են բոլոր պատանդներին, և իրենք մնացել միայնակ ՊՊԾ-ի տարածքում։ Նրանց այս գործողությունը նոր իրավիճակ է ստեղծել։ Այս քայլով նրանք ցույց տվեցին, որ կյանքի հանդեպ որևիցե վախ չունեն, և չեն պատրաստվում գերիներին որպես պատնեշ օգտագործել։

Արդյունքում ստեղծվել է բարդ մի իրավիճակ, երբ պատանդ չկա, սակայն անհրաժեշտ են ուժային կառույցի ներկայացուցիչներ, որոնք Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման համար իրենց կյանքը կտան՝ հարձակում գործելով ՊՊԾ-ի տարածքի վրա։ Այս պահին դժվար է պատկերացնել նման բան։

Բազմաթիվ փորձերից հետո Սարգսյանը չի կարողացել հասկանալ, որ նրա հանգիստ կառավարման համար անհրաժեշտ է, որ մոտ 2 մլն մարդ ձերբակալվի և պահվի բանտում, հակառակ դեպքում նա պետք է լքի քաղաքականությունը։ Սարգսյանը բազմաթիվ անգամներ կարողացել է ճգնաժամից դուրս գալ, սակայն երբեք ամբողջական հաղթանակած դուրս չի եկել։ Նա չի կարողացել ամբողջական լուծել իր կառավարման հարցը, այդ իսկ պատճառով շատ կարճ ժամանակ հետո հայտնվել է հաջորդ ճգնաժամում։

Նա կարող է ուժով լուծել հարցը, սակայն այդ դեպքում Հայաստանը կգլորվի անդունդ։ Բոլոր հարցերում ձախողած, Արցախյան հաղթանակն ապրիլյան պատերազմում մսխած գործիչը պետք է մտածի իր հեռացման ճանապարհային քարտեզի մասին, հակառակ դեպքում երկրին նոր ավերածություններ է բերելու։

Ստեղծված իրավիճակի լավագույն լուծումն արտահերթ ազատ և մրցակցային ընտրություններն են, որոնց միջոցով հնարավոր կլինի կատարել խաղաղ իշխանափոխություն, որն էլ ժողովրդին հնարավորություն կտա ձևավորել իր իշխանությունը։

Share

Comments are closed.