Բանակցային տրամաբանության վերանայման հրամայականը

MM for media
Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ
Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ
Ստեփանակերտ

 

2016թ. ապրիլյան պատերազմն աննախադեպ էր՝ 1994թ. մայիսի 12-ին[1] ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին եռակողմ և անժամկետ համաձայնագրի ստորագրման պահից ի վեր։ Ադրբեջանի նախաձեռնած լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը շատերին ստիպել է վերանայել հակամարտության նկատմամբ վերաբերմունքը։Ապրիլին և հաջորդ ամիսներին Հայաստանում քաղաքական և հասարակական շատ գործիչներ ու փորձագետներ վերաիմաստավորել են իրենց նախկխին մոտեցումները։ Հետաքրքիր էր կարդալ ավելի իրապաշտական դիրքերից հանդես գալ սկսած հայկական վերնախավի ներկայացուցիչների հրապարակումները։ Հայկական վերնախավվի ճկունությունը հուսադրում է և որոշակի հույսեր ներշնչում։ Օրինակ,՝ եթե նախկինում շատ հայ ինտելեկտուալներ հնարավոր էին համարում խաղաղության դիմաց փոխանակել ԼՂՀ որոշ տարածքներ, ապա ապրիլին գիտակցվել է, որ Ադրբեջանին որևէ տարածք հանձնելը նոր պատերազմի և ցեղասպանական գործողությունների աղբյուր է դառնալու։ ԼՂՀ քաղաքացիական անձանց և զինծառայողների նկատմամբ ադրբեջանցի զինվորականների կատարած ռազմական հանցագործությունները չնչին իսկ կասկածների տեղ չեն թողել այս հարցում։[2].

Իհարկե, բոլորին դեռ չի հաջողվել ձերբազատվել նախկին կարծրատիպերից։ Դեռ կարելի է լսել այն դիրքորոշումը, թե հակամարտության աղբյուրը Արցախի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ հակառակ կողմին որոշ տարածքներ հանձնելու անպատրաստությունն է։ Պետք է նշեմ, որ տվյալ դիրքորոշումը երկար տարիների ընթացքում շահարկվում է ադրբեջանական քարոզչության կողմից՝ հակամարտության էությունն աղավաղելու նպատակով։ Իրականում, հիմնական խնդիրն այն է, որ Բաքվում չեն կամենում ճանաչել Արցախի քաղաքացիների և ԼՂՀ գոյության իրավունքը։ Կենտրոնացնելով միջազգային դիտորդների ուշադրությունը տարածքների խնդրի վրա՝ Ադրբեջանը փորձում է ոչ միայն աղավաղել հակամարտության էությունը, այլև առաջին իսկ փուլում զրկել ԼՂՀ քաղաքացիներին սեփական անվտանգությունն ապահովելու բոլոր առավելություններից  ու հնարավորություններից, իսկ երկրորդ փուլում՝ տեղաբնիկ հայ բնակչությունից արդեն զրկված Լեռնային Ղարաբաղի վրա հաստատել բացարձակ ադրբեջանական վերահսկողություն։

Հասկանալու համար, որ 1992-1994թթ. ԼՂՀ Պաշտպանության բանակի հսկողության ներքո անցած տարածքները հակամարտության պատճառը չեն, բավական է հիշել, որ Արցախյան հակամարտությունը վերսկսվել էր 1988թ., երբ այդ տարածքների խնդիրը դեռ գոյություն չուներ։ Այդ իսկ պատճառով, անհեթեթ է կարծել, որ Արցախյան հակամարտությունը կարելի է կարգավորել Ադրբեջանին տարածքներ հանձնելու միջոցով։ Հակառակորդին տարածքներ հանձնելով՝ կարելի է հասնել ոչ թե խաղաղությանը, այլ՝ հետաձգված պատերազմի։ Եվ այս պատերազմն իրեն երկար սպասել չի տա՝ վերսկսվելով հակառակորդի համար ավելի նպաստավոր դիրքերից։ Պատահական չէ, որ ադրբեջանական կողմը նախ պահանջում է հանձնել Արաքս գետի երկայնքով ձգվող տարածքները (Ապրիլյան պատերազմի ընթացքում դա ադրբեջանական հարվածի հիմնական ուղղություններից էր), որոնք արևելքից սահմանակցում են ՀՀ Մեղրու շրջանին, իսկ Մեղրուն արևմուտքից հարող Նախիջևանի տարածքում թուրք դաշնակիցների հետ համատեղ մեծացնում և ուժեղացնում է ռազմական խմբավորումը։ Ադրբեջանա-թուրքական տանդեմի այս և այլ գործողությունները գոյաբանական վտանգ են ստեղծում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության համար։

Ապրիլյան իրադարձությունները հաստատեցին, որ ադրբեջանական կողմը պայմանավորվելու ունակ չէ և անվստահելի կողմ է։ Վերսկսելով նախահարձակ գործողությունները՝ Ադրբեջանը ոչ միայն խախտել է իր իսկ կողմից ստորագրված 1994-1995թթ. անժամկետ համաձայնագրերի պահպանման մասին ստանձնած միջազգային պարտավորությունները, այլև փորձել է չեղարկել այդ փաստաթղթերը՝ ԵԱՀԿ[3] և ՄԱԿ համապատասխան դիվանագիտական նոտաներ հղելով։ Ի հեճուկս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարությունների այն մասին, որ 1994-1995թթ. փաստաթղթերը շարունակում են ընկած մնալ հրադադարի[4] հիմքում, հրադադարի իրավական հենքը տարակուսելի է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն հետ չի կանչի իր նոտաները։

Ապրիլին փոփոխված հանգամանքները պետք է արմատապես փոխեն բանակցային գործընթացի տրամաբանությունը։ Ակնհայտ է, որ նախկին հունով բանակցությունների շարունակությունը վնասակար է թե՛ ղարաբաղյան հակամարտության հայկական կողմերի, և թե՛ տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար։ Ապրիլի 28-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար Հայաստանի նախագահի ներկայացրած անհրաժեշտ երեք պայմանները կարելի է գնահատել որպես բանակցային տրամաբանությունը փոխելու փորձ։ Այս նախնական պայմաններն են՝ վստահության միջոցների ձևավորումը և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը, միջազգային հանրության հասցեական հայտարարությունները հակամարտության գոտում առկա իրավիճակի մասին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի նոր ագրեսիայի և ահաբեկչության բացառման երաշխիքները։[5]

Դատելով Վիեննայում[6] և Սանկտ֊Պետերբուրգում[7] կայացած երկու հետապրիլյան գագաթնաժողովների արդյունքների հիման վրա արված հայտարարություններից՝ նախապատվություն է տրվում հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և ապա միայն՝ բանակցային գործընթացի առաջխաղացմանը։ Այսինքն, միջնորդները և ՀՀ ու ԱՀ նախագահներն առնվազն հայտարարությունների մակարդակով կարծում են, որ առանց կրակի դադարեցման ռեժիմի հուսալի ամրապնդման և վստահության միջոցների իրականացման անհնար է ակնկալել քաղաքական հարցերի շուրջ համաձայնություն։ Սանկտ-Պետերբուրգում ընդունված երեք նախագահների Համատեղ հայտարարության մեջ խոսվում է հակամարտության գոտում դիտորդների թվի ավելացման վերաբերյալ կողմերի համաձայնության մասին։ Այս քայլը դրական է, թեև՝ միանգամայն անբավարար։ Ակնհայտ է, որ առանց հրադադարի ռեժիմի մշտական վերահսկողության և սահմանային միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրման անհնար է ակնկալել ադրբեջանական կողմի սադրանքների դադարեցում։

Գագաթնաժողովից հետո Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ դիտորդների թիվը կարող է ավելանալ միայն 6-8 հոգով։ Ակնհայտ է, որ ԵԱՀԿ աշխատակիցների այդչափ փոքր թվով հնարավոր չէ կազմակերպել հրադադարի ռեժիմի հարատև մշտադիտարկում։ Շարունակվում են նաև վերահսկողության միջազգային մեխանիզմների ներդնումը սուբստանտիվ/առարկայական բանակցությունները վարելու հետ շաղկապելու փորձերը, որոնց միջոցով Ադրբեջանը տենչում է որոշ տարածքներ ստանալ։

Այսպիսով, ադրբեջանական կողմը փաստացիորեն խոչընդոտում է կրակի դադարեցման ռեժիմի վերահսկողության արդյունավետ մեխանիզմի հաստատմանը և հրաժարվում է քննարկել առաջնագծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը։ Դա նշանակում է, որ Բաքվում մտադիր են շարունակել իրենց ռազմական դիվանագիտությունը կամ ուժային քաղաքականությունը։

Թեև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները կարծում են, որ հրադադարի պահպանումն առաջնահերթային խնդիր է, նրանք չեն շտապում հրաժարվել իրենց հնացած մոտեցումներից։ Սա, օրինակ, հստակորեն արտացոլվել է Հայաստանի կառավարությունում Արցախի ճանաչման օրինագծի քննարկման շրջանում։ Համանախագահները դրա մեջ տեսել են ԼՂՀ վերջնական կարգավիճակի որոշման հարցում իրենց «մենաշնորհի» նկատմամբ ոտնձգություն և Հայաստանին կոչ են արել հրաժարվել միակողմանի գործողություններից։[8]

Անցած դարի 90-ական թվականներին ընդունվել է մի մոտեցում, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի իրավաքաղաքական կարգավիճակը պետք է որոշվեր ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ՝ կողմերի միջև բանակցությունների հիման վրա։ Հայտնի է, որ ԼՂՀ կարգավիճակը հանրապետության քաղաքացիների կողմից որոշվել է 1991թ.։ Արցախի անկախ կարգավիճակը վերջին 25 տարիների ընթացքում ուղղակի կամ անուղղակի կերպով ավելի քան տասն անգամ վերահաստատվել է համահանրապետական տարբեր քվեարկություններում։ Փոփոխված հանգամանքները, այսինքն՝ երկու պատերազմները, հազարավոր զոհերը, տարածաշրջանում կայացած էթնոտարածքային տարանջատումը և այլ իրադարձությունները շարունակում են անտեսվել միջազգային միջնորդների կողմից։ Հասկանալի չէ, թե ինչո՞ւ Ադրբեջանը պետք է ունենա մասնակցության իրավունք Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցում։ ԼՂՀ քաղաքացիները մասնակցո՞ւմ էին Ադրբեջանի կարգավիճակի որոշմանը։

Ղարաբաղյան հակամարտության հայկական կողմերն ունեն Ադրբեջանին արդյունավետորեն զսպելու հնարավորություն և բանակցային տրամաբանությունը փոխելու ներուժ։ ՀՀ և ԼՂՀ միջև ռազմավարական դաշինքի և փոխադարձ անվտանգության մասին պայմանագրի հնարավոր ստորագորւմը և Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ իրավաբանական ճանաչումը կարող են դրականորեն վերափոխել ներկայիս ստատուս-քվոն ավելի մեծ կայունության ուղղությամբ։ Նախկինում Երևանի ունեցած այն մտավախությունները, թե ԼՂՀ ճանաչումը հանգեցնելու է պատերազմին կամ վիժեցնելու է բանակցային գործընթացը՝ չեն արդարացել։ Ապրիլի 2-5-ի իրադարձությունները ցույց են տվել, որ ադրբեջանական կողմը, անտեսելով հայկական իշխանությունների կառուցողականությունն ու փոխզիջումների գնալու պատրաստակամությունը, կարող է լայնածավալ պատերազմ սկսել և վիժեցնել բանակցային գործընթացը։

Ի հեճուկս ԼՂ շուրջ միջազգային հանդիպումների և քննարկումների հաճախակիացման՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շարունակում է մնալ դժվար լուծելի խնդիր, թեև երկու հարևան ժողովուրդների խաղաղ համակեցության հնարավորությունը դեռ լիովին սպառված չեն։

 

[1]                      Համաձայնագրի ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղմամբ՝ http://www.vn.kazimirov.ru/doc10.htm

[2]                      В НКР завершено расследование дел по фактам убийства и глумления над телами военнослужащих в ходе апрельской войны, http://news.am/rus/news/334702.html

[3]                      КАРТ-БЛАНШ. Карабах: из прошлого и нынешнего ради будущего, http://www.ng.ru/cis/2016-04-15/3_kartblansh.html

[4]                      МИД РФ: соглашения о прекращении огня в Нагорном Карабахе бессрочны,
http://tass.ru/politika/3230167

[5]                      Президент Армении озвучил три условия возобновления переговоров по Карабаху, http://newsarmenia.am/news/politics/prezident-armenii-ozvuchil-tri-usloviya-vozobnovleniya-peregovorov-po-karabakhu/?sphrase_id=16998

[6]                      Joint Statement of the Minister of Foreign Affairs of the Russian Federation, Secretary of State of the United States of America and State Secretary for Europe Affairs of France, http://www.osce.org/mg/240316

[7]                      Совместное заявление президентов Азербайджанской Республики, Республики Армения и Российской Федерации по нагорнокарабахскому урегулированию, http://kremlin.ru/supplement/5093

[8]                      ԱՄՆ-ի կոչը` ԼՂ հակամարտությանկողմերին, http://www.amerikayidzayn.com/a/3317397.html

                Ереван заверяет, что статус Карабаха не будет определен в одностороннем порядке – Лавров,http://newsarmenia.am/news/nagorno_karabakh/erevan-zaveryaet-chto-status-karabakha-ne-budet-opredelen-v-odnostoronnem-poryadke-lavrov/?sphrase_id=17438

Share

Comments are closed.