Վստահությունը մեծ ու թանկ կապիտալ է

Հարցազրույց ԼՂՀ Ազգային Ժողովի փոխնախագահ, ՙՀայրենիք՚ խմբակցության անդամ Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ

 

-Պարոն Թովմասյան, ինչպե՞ս եք գնահատում աշխարհասփյուռ  հայության հետ հայկական երկրորդ պետականության համագործակցության ներկայիս մակարդակը: 

– Նախ նշեմ, որ ՙԱզատ հայրենիք՚ կուսակցության ծրագրի դրույթներից մեկն էլ հենց Հայաստանի եւ Սփյուռքի հետ համակողմանի կապերի ընդլայնումն է, քանի որ Սփյուռքի հետ համագործակցությունը եւ կապերի ամրապնդումն ու սերտացումը լուրջ խթան են մեր կողմից իրականացվող պետականաշինության ճանապարհին: Մասնավորապես, այդ տեսանկյունից հարկ է նշել ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող  ամենամյա դրամահավաքի մասին, որը, նախ եւ առաջ, վկայում է Հայաստանի ու արտերկրի մեր ազգակիցների վստահության մասին` առ Արցախի ձեւավորված եւ կանխատեսելի պետականությանը: Իսկ իմ կարծիքով` վստահությունը մեծ ու թանկ կապիտալ է: Ուրեմն եւ` ներկայիս համագործակցությունը եւս հարիր է Հայրենիք-Սփյուռք բնականոն հարաբերություններին: Բայց եղածով չպետք  է բավարարվել. այդ ուղղությամբ աշխատանքները պետք  է լինեն անդադար, եւ ոչ միայն ֆինանսական օժանդակություն ստանալու եւ ներդրումների տեսքով. Սփյուռքի միջոցով մենք պետք է ներկայացնենք Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ մեր դիրքորոշումը, Սփյուռքը մեզ աշխարհին կապող կամուրջ է` քաղաքական, մշակութային եւ այլ առումներով: Մենք պարտավոր ենք ըստ արժանվույն օգտվել դրանից:

-Ըստ Ձեզ, ինչպե՞ս է օգտագործվում Սփյուռքի ներուժը ԼՂՀ ճանաչման գործընթացին նպաստելու ուղղությամբ:

-Վերջերս, Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն, Հայաստան-Ուրուգվայ միջխորհրդարանական բարեկամական հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովի ժամանակ նշել է, որ  Ղարաբաղյան հիմնախնդրի միակ արդարացի լուծումն անկախ պետականությունն է կամ ժամանակավոր կցումը Հայաստանին`  ընդգծելով, որ Արցախը Հայաստանի պատմական տարածքն է: Դա նաեւ  Սփյուռքի մեր հայրենակիցների արմատացած դիրքորոշումն է: Բազմաթիվ պետություններում  Սփյուռքն` ընդհանրապես,  եւ Հարավային Ամերիկայի Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը` մասնավորապես,  ցեղասպանության ճանաչման գործընթացին  զուգընթաց սկսել են աշխատանք տանել  նաեւ ԼՂՀ միջազգային ճանաչման  գործընթացն ակտիվացնելու  եւ վերջնական արդյունքի հասնելու նպատակով: ՙԱզատ հայրենիք՚ կուսակցությունը Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ  հետեւյալ դիրքորոշումն ունի` հիմնախնդրի կարգավորման գործընթացն անհրաժեշտ է առանձնացնել ճանաչման գործընթացից: Կարգավորման գործընթացով պետք է զբաղվեն հայկական երկու պետությունների նախագահները` կառավարության մակարդակով, իսկ ճանաչման գործընթացով` խորհրդարանականները, քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները, ինչպես նաեւ այդ նպատակին պետք է ծառայեցվի  Սփյուռքի ներուժը:

-Սփյուռքից մենք հիմնականում ֆինանսական օգնություն ենք ակնկալում, իսկ ինչո՞ւ պահանջված չէ սփյուռքահայության ինտելեկտուալ ներուժն Արցախում: 

– Թույլ տվեք չհամաձայնել ձեզ հետ: Սփյուռքահայության ներդրումներն ու ֆինանսական օժանդակությունն, իրոք, անգնահատելի են մեր երկրի համար, հենց դրանց միջոցով են լուծվում Արցախի համար ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք  խնդիրներ, բայց  կա մի հայտնի ճշմարտություն. աշխարհացրիվ ազգին  համախմբելու անփոխարինելի միջոց է մշակույթը: Չի կարելի անտեսել համահայկական բազմաբնույթ միջոցառումները, որոնք պարբերաբար անց են կացվում Արցախում: Դրանցից հարկ է առանձնացնել ՙԿարոտ՚ միջազգային համահայկական փառատոնը, որի միջոցով հայ երգ-երաժշտությանը  հնարավորություն տրվեց եւս մեկ անգամ հնչելու աշխարհի բեմերում` ճանաչելի դառնալով տարբեր ազգերի: ՙԿարոտ՚-ն ու նմանատիպ այլ միջոցառումներ, իրոք, համայն հայության համար վերածվում են խոշոր իրադարձության: ՙՄեկ ազգ, մեկ մշակույթ՚ ծրագրի շրջանակներում  Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում անց են կացվում բազմաբնույթ միջոցառումներ` հավաքների, համերգների, ցուցահանդեսների, խորհրդաժողովների տեսքով:  Անցած տարվա հոկտեմբերին Ստեփանակերտում կայացավ համաժողով` 25 երկրներից ժամանած  հայ  լրագրողների մասնակցությամբ:  Համաժողովը հենց Արցախում անցկացնելու հիմնական նպատակը դրսի հայ լրագրողներին Ղարաբաղյան հիմնահարցին մոտիկից ծանոթացնելն էր, որպեսզի նրանք ինչպես հարկն է կարողանան խնդիրը  ներկայացնել աշխարհին:  ՙԲար-Քամփ Արցախ 2011՚ համաժողովը, որը տեղի ունեցավ բոլորովին վերջերս, եւս Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի մեր հայրենակիցների շփման ու փորձի փոխանակման  լավագույն առիթ էր: Մի խոսքով, պարբերաբար Արցախ են ժամանում սփյուռքահայ մտավորականներ, գիտական եւ գրական գործիչներ. արցախցի գործընկերների հետ նրանց շփումները մի±թե լավագույն արդյունքով չեն անդրադառնում  տվյալ ասպարեզներում:

-Ի±նչ եք կարծում, ինչո՞ւ Սփյուռքն Արցախում բավարարվում է իշխանությունների հետ հումանիտար բնույթի համագործակցությամբ եւ համագործակցության եզրեր չի որոնում հանրային ոլորտում, գործուն քայլեր չի ձեռնարկում Արցախում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության արմատավորման ուղղությամբ: 

-Սփյուռքի մեր հայրենակիցները գտնում են, որ Արցախի ամբողջ ժողովրդի իրավունքներն են ոտնահարված`  Ադրբեջանի կողմից, եւ միջազգային ատյաններում բարձրաձայնում են այդ մասին: Միանգամայն համոզված եմ, որ ԼՂՀ ճանաչումից եւ երկքաղաքացիության մասին օրենքի ընդունումից հետո նրանք առավել ակտիվ մասնակցություն կցուցաբերեն ձեր նշած ոլորտներում եւս:  Բացի դրանից, մենք, որպես ժողովրդավարության ուղի ընտրած պետություն,  հպարտանալու առիթ ունենք. Արցախում չկան քաղբանտարկյալներ,  մեզ մոտ կա բավականին  ազատ քաղաքական դաշտ` առողջ ընդդիմության համար: Արցախում գործում է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, որը տարեկան հաշվետվությամբ հանդես է գալիս Ազգային ժողովում:  Բարեբախտաբար, գրանցված չէ գոնե մեկ դեպք, երբ ոտնահարվել են ընդդիմադիր քաղաքական կամ որեւէ տնտեսական գործչի իրավունքները: Եթե ձեզ  հայտնի են նման դեպքեր, օգտվելով Ազգային ժողովի փոխխոսնակի իմ լիազորություններից, խնդրում եմ ինձ գրավոր տեղեկեցնել դրանց մասին:

-Սփյուռքի հետ հարաբերությունները դիտարկելիս, սովորաբար, խնդրո առարկան այն է լինում, թե ինչ կարող է տալ ԼՂՀ-ին:  Իսկ երկրորդ հայկական պետականությունն ի՞նչ կարող է տալ Սփյուռքին: 

-Ամրապնդելով կապերը Սփյուռքի հետ` Հայաստանում եւ Արցախում ապրող հայերը մեծ աշխատանք են անում` մեր ազգակիցներին կապելով իրենց արմատներին ու հետ պահելով ուծացումից: Թերեւս, այդ առաքելության իրագործման նպատակով ծնունդ առավ  Հայաստանի Հանրապետության   Սփյուռքի նախարարությունը: Հայաստանում արդեն գործում  է երկքաղաքացիության մասին օրենքը,  որը կօգնի ցանկացած սփյուռքահայի` տուն դառնալու: Արցախի խորհրդարանում սույն օրենքի նախագծի շուրջ   քննարկումները դեռեւս  ընթացքի մեջ են: Համոզված եմ` օրենքի ընդունումը  կլինի ի շահ Սփյուռքի մեր հայրենակիցների: Եռամիասնության ամրապնդման գործում մեծ դեր ունի նաեւ  Համահայկական խաղերի անցկացումը: Եվ խորհրդանշական է, որ այս տարի Համահայկական  խաղերի ջահը վառվեց  հենց Արցախ աշխարհում, որը վերջին 20-ամյակի ընթացքում դարձել է համայն հայության համախմբման խորհրդանիշ: Այդ մարզական միջոցառման նպատակը Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի  երիտասարդության մերձեցումն է, ինչը, հիրավի,  ծառայում է դրան:  Հարկ է նշել նաեւ մեր Նախագահի եւ կառավարության ջանքերով կազմակերպվող ճանաչողական այցերի մասին, որոնք թույլ են տալիս սփյուռքահայությանը` Արցախ աշխարհը զգալ ներսից…

-Ինչպիսի՞ն եք պատկերացնում Արցախ-Սփյուռք հարաբերություններն ապագայում: 

-20-ամյա Արցախի Հանրապետության կարեւորագույն ձեռքբերումներից կարելի է համարել Արցախ-Հայաստան-Սփյուռք ամրակուռ եռամիասնությունը: Այդ անքակտելի կապի շնորհիվ  Արցախ-Ղարաբաղը կարողացավ  հաղթանակներ արձանագրել թե մարտի դաշտում, եւ թե պետականաշինության ոչ դյուրին ճանապարհին, վերականգնել տնտեսությունը, բարեկարգել քաղաքներն ու գյուղերը` տարեցտարի հասարակության համար  կերտելով ժամանակակից պահանջներին ու չափանիշներին համապատասխան երկիր:  Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ ապագայում էլ ավելի սերտանա այդ համագործակցությունը` հասկանալով, որ այն ներհայկական կապերի ամրապնդման  կարեւորագույն ուղղությունն է:

Անչափ կարեւորում եմ հայկական առեւտրական ցանց ստեղծելու գաղափարը, որը խթան կհանդիսանա առեւտրաարդյունաբերական պալատների, բիզնես խորհուրդների ձեւավորման համար` հայ գործարարներին ընդգրկելով դրանց մեջ: Այդ բնագավառում կարեւոր հանգամանք  է նաեւ Հայաստան-Արցախ-Սփյուռք գործարար կապերն ամրապնդելը, ներդրումային մթնոլորտի եւ նոր ներդրումային հնարավորությունների վերաբերյալ գործարար կառույցներին տեղեկատվության տրամադրումը: Այդպիսով, կստեղծվեն Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի գործարարների համագործակցության նոր հնարավորություններ` նպաստելով փորձի փոխանակմանը, ինչպես նաեւ հայրենիքում ներդրումներ կատարելուն:

Share

Comments are closed.