Սփյուռք-Արցախ. չօգտագործված ներուժ հասարակական ոլորտում

Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ
ՙԱրցախի եվրոպական շարժում՚ ՀԿ նախագահ

 

 

Մեծ է հայկական Սփյուռքի դերը հետխորհրդային Արցախի կյանքում, մասնավորապես մարդասիրական եւ արտաքին լոբբինգի ոլորտներում: Հայկական Սփյուռքը հսկայական ներդրումներ է կատարել ենթակառուցվածքների վերականգնման, բարեգործական տարբեր ծրագրերում` մասնակցելով նաեւ երկրի գործարար կյանքին: Չնայած սրան, մենք հաճախ ենք լսում քննադատություններ Սփյուռքի ոչ բավարար ներգրավվածության մասին, լինում են նաեւ դժգոհություններ Սփյուռքից` իրենց տված միջոցների անարդյունավետ ծախսման, զույգ հայկական պետություններում առկա կոռուպցիայի մասին:

Թեեւ արդեն 17 տարի է, ինչ պատերազմ չկա, այնուամենայնիվ` շատ քիչ թվով սփյուռքահայեր են իրենց ապագան կապում Արցախի հետ կամ փորձում ոչ կարճաժամկետ հատվածում ինչ-որ գործունեություն ծավալել: Արցախը հայկական Սփյուռքում մեծ զգայական դաշտ է ապահովում, ինչն էլ ստիպում է արտերկրի մեր հայրենակիցներին իրենց հիսուն, հարյուր կամ հարյուր հազար եվրոն կամ դոլարը նվիրաբերել այս կամ այն ծրագրի իրականացման համար: Եթե մեկ տասնամյակ առաջ փողը կենսական նշանակություն ուներ Արցախի համար, ապա այսօր առավել կարեւորվում է մարդկային ներկայությունը. մեր հայրենիքի այս մասը խիստ կարիք է զգում նախաձեռնող, ձեռներեց, նոր հնարավորություններ ստեղծող մարդկանց, ովքեր ամեն տարի դրսից ստացվող տասնյակ միլիոնավոր դոլարները կարող են հենց տեղում ստեղծել: Սփյուռքի մարդկային կապիտալն էլ այն հսկայական ռեսուրսն է, որի վրա էլ ուղղված պետք է լինի հայկական պետությունների աչքը:

Եվրոպական միությունը սկսում է ավելի ու ավելի մեծ ուշադրություն դարձնել հետխորհրդային հակամարտություններին եւ դրանց լուծման ջանքերին: Ուշադրությունն ավելի ընդգծվեց Լեհաստանի եւ Շվեդիայի նախաձեռնությամբ ստեղծված ՙԱրեւելյան գործընկերության՚ ծրագրի շրջանակներում, սկսած 2009 թվականից:  Ծրագիրը ներառում  է հետխորհրդային տարածքի 6 հանրապետություններ` Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան: Բնականաբար, առաջանում է չճանաչված կամ մասամբ ճանաչված երկրների հետ փոխհարաբերվելու հարցը:

Արեւելյան գործընկերության իրականացման մեջ մեծ դեր է վերապահված քաղաքացիական հասարակության կազմակերպություններին: 2009 թվականին  ձեւավորվել է Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը (Eastern Partnership Civil Society Forum ), որն իր առաջին (16-17 նոյեմբեր, 2009թ.,Բրյուսել) եւ երկրորդ (18-19 նոյեմբեր, 2010թ., Բեռլին) հավաքների ժամանակ աշխատանքային խմբերի առաջարկներում խորհուրդ էր տալիս նաեւ ՙսառեցված հակամարտությունների՚ գոտիները ներգրավել ԵՄ ծրագրերի մեջ1: Խոսքը, մասնավորապես, վերաբերվում է Արցախին, Աբխազիային, Հարավային Օսիային եւ Մերձդնեստրին:

Վերլուծական շրջանակներում եւ հասարակական կազմակերպություններում շրջանառվող տեսակետները` վերոնշյալ երկրները եվրոպական տարբեր ծրագրերում ներգրավելու վերաբերյալ, շուտով ավելի համակարգային տեսք են ստանում` արտացոլվելով Եվրախորհրդարանի Հարավային Կովկասին եւ Արեւելյան գործընկերությանը վերաբերող բանաձեւերում:

2011թ. ապրիլի 7-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց իր ՙԵվրոպական հարեւանության ծրագրի վերանայման վերաբերյալ. արեւելյան ուղղություն՚ բանաձեւը, որի 48-րդ կետում, մասնավորապես, կոչ էր արվում ԵՄ գործադիր մարմիններին, պահպանելով չճանաչման եվրոպական քաղաքականությունը, իրագործել վստահությանն ուղղված ծրագրեր, մասնավորապես` կյանքի կոչել նոր առաքելություններ եւ հանրային հաղորդակցության ռազմավարություններ, այդ թվում` ՙպրագմատիկ նախաձեռնություններ եւ նորարարական մոտեցումներ, ինչպիսին են ոչ պաշտոնական շփումները եւ խորհրդակցությունները ՙսեցեսիոնիստ տարածքների՚ հասարակությունների հետ՚2:

Հրաշալի հնարավորություններ են բացվում մեր դեպքում Արցախի համար միջազգային ոչ կառավարական հատվածում ինտեգրվելու, ճանաչվելու տեսնակյունից: Միեւնույն ժամանակ` առաջանում է հզոր հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիական հասարակության այլ բաղադրիչներ ունենալու խնդիրը: Սրանք պետք է կարողանան ակտիվորեն համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ, ծրագրեր կազմեն ու ղեկավարեն, օտար լեզվով վարեն գրագրություն եւ ներկայացնեն զեկույցներ: Այժմյան արցախյան ՀԿ-ները բավականին թույլ են, դրանք հաճախ նմանվում են մարդ-կազմակերպությունների, քիչ թե շատ ակտիվություն ցուցաբերողներն առավելապես մեկ, լավագույն դեպքում երկու ծրագրի կազմակերպություն են:

Հետաքրքիր է, որ արցախյան քաղաքացիական հասարակության դոնորների մեջ Սփյուռքի դերը բավականին համեստ է: Արցախի քաղաքացիական հասարակության ֆինանսավորման անկախ ու անշահախնդիր  աղբյուր կարող է դառնալ հայկական Սփյուռքը, սակայն աշխատանք սփյուռքահայ կազմակերպությունների եւ առանձին անհատների հետ այս ուղղությամբ շատ քիչ է տարվում: Սփյուռքահայ կազմակերպությունները եւ անհատները հիմնականում ներգրավված են բարեգործական ծրագրերի մեջ եւ նախընտրում են աշխատել պետական կառույցների հետ:

Սակայն անհամեմատելի մեծ ներդրում կլինի, եթե ակտիվ, համապատասխան հմտություններ ունեցող եւ ոլորտին գիտակ սփյուռքահայերն ակտիվորեն մասնակցեն Արցախի հասարակական կյանքին` տեղում մասնակցելով տարբեր ծրագրերի իրականացմանը եւ այլ գործունեության: Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը, թափանցիկության ապահովումը հնարավոր են միայն ակտիվ քաղաքացիական հասարակության առկայության դեպքում: Միեւնույն ժամանակ, Արցախի հասարակական հատվածում նրանց ներկայությունն առկա կադրային սովը լրացնելու քայլ կլինի, իսկ հաջողված դեպքերն օրինակ կծառայեն շատ հայորդիների համար` իրենց ապագան երկարատեւ, միգուցե նաեւ մշտապես Արցախի հետ կապելու տեսանկյունից:

Հաշվի առնելով Արցախում մշտապես կամ երկարատեւ հաստատվելու օբյեկտիվ դժվարությունները (կրթության եւ առողջապահության ցածր որակ, ժամանցի վայրերի բացակայություն, ադապտացման խնդիր եւ այլն), գտնում ենք, որ դրա առաջին քայլը պետք է լինի արտերկրի մեր հայրենակիցների համար կարճաժամկետ ծրագրերը: Արցախի եվրոպական շարժման փորձը, Սփյուռքից կազմակերպություններում ստաժորների ընդունումը, ցույց է տալիս, որ բազմաթիվ հայ երիտասարդներ Մերձավոր Արեւելքից եւ Եվրոպայից պատրաստ են մեկ, երեք, վեց ամիս իրենց ստաժն անել Արցախում, նույնիսկ պատրաստ են հոգալ իրենց ծախսերը: Միեւնույն ժամանակ, պետք է հիշեցնել, որ կրթության, առողջապահության մակարդակը ցածր է, ժամանցի վայրեր չկան, քանզի այս ուղղությամբ քաղաքացիական ակտիվություն եւ նախաձեռնություններ չկան: Մի խոսքով, սա քո երկիրն է, արի° եւ ինքդ կառուցիր այն:

Ինչու± ենք հատկապես կարեւորում հասարակական կյանքին մասնակցությունը: Կարծում եմ, որ սփյուռքահայերի համար աշխատանքի ամենաիրական հատվածը հենց հասարակական սեկտորն է` հաշվի առնելով մասնավորի զարգացած չլինելն ու կախվածությունն իշխանություններից, ինչպես նաեւ պետական սեկտորում աշխատելու համար  քաղաքացիության հետ կապված խնդիրները: Միեւնույն ժամանակ, կոմպետենտ կադրերի ներկայությունն Արցախի հասարակական սեկտորում հնարավորություն կտա ներգրավել նոր ֆոնդեր եւ ռեսուրսներ, այդ թվում նաեւ` Սփյուռքի տարբեր հիմնադրամներ:

Կարծում եմ, որ այս ճանապարհին առաջին քայլը պետք է լինի սփյուռքահայ ուսանողների եւ այլ երիտասարդների համար ստաժների կազմակերպումն Արցախում, ինչի ֆինանսավորման հիմնական աղբյուրը պետք է հենց ինքը Սփյուռքը լինի: 3-6 ամիս Արցախում ստաժ անող սփյուռքահայն ավելի մոտիկից է ծանոթանում երկրում առկա խնդիրներին, փորձում է լուծումներ գտնել խնդիրների համար, իրականում կապվում է երկրի եւ ժողովրդի հետ` հնարավորինս հեռանալով մեկշաբաթյա զբոսաշրջային այցով ժամանածների զգայական պատկերացումներից ու մոտեցումներից:

Ամփոփելով վերը շարադրածը, փաստենք, որ Արցախ-Սփյուռք հարաբերություններում հսկայական չօգտագործված ներուժ կա հատկապես հասարակական ոլորտում: Սրան ավելացնենք նաեւ, որ Սփյուռքի մարդկային ռեսուրսներն այսօր երկրորդ պլան են մղվում, այնինչ Արցախը, Արցախի հասարակական կազմակերպությունները` հատկապես, ունեն դրա կարիքը: Մյուս կողմից` սփյուռքահայերի ակտիվ ներգրավումը Արցախի հասարակական կյանքին մեծապես կնպաստի մեր հայրենակիցների հայրենաճանաչողությանը, հաջողված դեպքերը լավ օրինակ կծառայեն հայրենադարձության համար: Դրա համար էլ գտնում եմ, որ առաջին փուլում պետք է գտնել ֆինանսավորման տարբեր աղբյուրներ, մասնավորապես` հայկական Սփյուռքում, գոնե կարճաժամկետ ստաժների ֆինանսավորման համար: Արցախյան կազմակերպություններն ու պետական մարմիններն էլ համապատասխան շահագրգռության դեպքում կարող են ներգրավել չվարձատրվող, որակյալ ստաժորների` կրճատելով իրենց ծախսերն ու ավելացնելով արդյունավետությունը:

 

Ամփոփ ձեւով ներկայացված այս առաջարկություններն ընդամենը խնդրի շուրջ դիսկուրս առաջացնելու միտում ունեն եւ  այս համատեքստում նոր գաղափարների ի հայտ գալը մեծապես կօգնի Սփյուռքի մարդկային ներուժն Արցախում օգտագործելուն:

 

1. Eastern Partnership Civil society forum, recommendations, working froup 1: Democracy, human rights, good governance and stability, http://eeas.europa.eu/eastern/civil_society/forum/working_group1_en.pdf)

 

2. Rռsolution du Parlement europռen du 7 avril 2011 sur la rռvision de la politique europռenne de voisinage – dimension orientale, http://www.europarl.europa.eu/sides/getDoc.do?pubRef=-//EP//TEXT+TA+P7-TA-2011-0153+0+DOC+XML+V0//FR

 

Share

Comments are closed.