Մեկ դիտանկյուն` արցախյան հիմնախնդրի շուրջ

Սարգիս ՀԱՑՊԱՆԵԱՆ 
Սփյուռքահայ
Երեւան

ՙՄեր չհասկացած բաները մերը լինել չեն կարող՚:

ԳՅՈԹԵ

Գերմանացի փիլիսոփայի արտահայտած մտքում առկա ճշմարտությունը եթե ոչ մեզ` հայերիս, ապա աշխարհի երեսում գտնվող տերություններից շատերի` Արցախյան հիմնախնդրի առթիվ որդեգրած կեցվածքի պատեհապաշտությունը բնութագրող սքանչելի բանաձեւ է: Մարդու իրավունքներ, ազատություն, հավասարություն, եղբայրություն, ժողովրդավարություն, ազգերի ինքնորոշում, եւայլններին անհարիր կեցվածքների հանրագումարը նկատի ունենալով կարելի է ասել, որ Արցախյան հարցը գյոթեական ասույթով հենց նրանց ՙչհասկացածն՚ է, որովհետեւ դա նրանցը չէ:

Թե ինչո±ւ է այդպես` երեւի մի այլ հոդվածի նյութ է, սակայն խնդրին նման կերպ մոտեցող հայության մեջ իսկ, իմ սփյուռքահայ հայրենակիցների մեծաթիվ լինելու հանգամանքն ինձ ստիպում է այդ մասին անկեղծանալ:

 

 

Սփյուռքահայության առաջացման եթե ոչ միակ, ապա բուն պատճառը 20-րդ դարասկզբին տեղի ունեցած ցեղասպանության զոհը դառնալն էր, որի ամենասարսափելի հետեւանքն ազգիս հայրենազրկությունն եղավ: 1915-1923թթ. մարդկության դեմ Արեւմտահայաստանում եւ Կիլիկիայում գործված հանցանքի հար եւ նմանը 1991-1994թթ. այդ ոճիրի հեղինակների հետ ոչ հեռու ազգակցական կապ ունեցող ադրբեջանական պետության կողմից փորձվեց նաեւ Արցախում, սակայն տեղաբնիկ հայությունն իր բնօրրանից հայրենազրկելու նրանց դավադիր ծրագիրը հայերիս սեփական անցյալից դասեր քաղած լինելու եւ զգոնության շնորհիվ անհաջողության մատնվեց: Պատմությունից դասեր քաղել հասկացողությունը կատարվածն ամբողջությամբ ընկալելու տեսանկյունից ամենալավ սահմանումը չէ հավանաբար, սակայն վերջին 17 տարիների մեր բացթողումները հասկանալու համար իրավիճակը բնութագրելուն բավարար է:

 

 

Հոգեբանությունում` նույն տեսակի հանցանքի զոհ դարձած մարդկանց միջեւ գոյություն ունեցող  բնական զորակցության մասին մեր գիտելիքները սակայն, հանցատեսակի նույնության պարագայում իսկ դրա զոհը դարձածների պատմական, ազգային, կրոնական, մշակութային, լեզվական եւ այլ արժեքները եւս նույնությամբ կրող հայության երկու հատվածների միջեւ հարկ եղած այդ բնական զորակցության բացակայությունը ընկալելուն չի բավարարում: Հայրենազրկված լինելու պատճառով Սփյուռքի տարբեր հատվածներում հայտնված հայության 1980-ականներին հասուն տարիքի եղածների` ցեղասպանության, որպես ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԳՈՐԾՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, լինելու անհերքելի փաստը գիտակցողների շարքերում Արցախյան հիմնախնդրի ողջ ցավը մարդկության գիտակցության եւ խղճին հասցնելու գործում ունեցած բացթողումը, իրոք, զարմանք է առաջացնում:

 

 

Սփյուռքահայության` Արցախյան հիմնախնդրի կարեւորության մասին աշխարհին ճիշտը հենց իր տխուր օրինակով պատմելու առաքելության առավել քան անհրաժեշտ գործոնը դառնալու ուղղությամբ հակառակորդի կողմից մեզ պարտադրված ետհրադադարյան քարոզչական պատերազմում  կրավորական դիրք ընդունելու փաստը հասկանալի չէ: Այդ դաշտի, հատկապես ԱՄՆ, ՌԴ. եւ Ֆրանսիայի հանրությունների եւ էլ ավելի կարեւորը` պետական-քաղաքական շրջանակներում հայանպաստ աշխատանքներ չկատարելու պատճառով հայկական կողմի տոտալ անհաջողության մատնվելու փաստերին վկայելուն զուգահեռ, ընդհանրապես Սփյուռք չունեցող հակառակորդ կողմի` աշխարհի բոլոր քարոզչամիջոցներից լավագույնս օգտվելու շնորհիվ իրականության հետ աղերս չունեցող իր ստերը տարածելու մեծ վարպետությանն ականատեսն ու մեզ տված դասերից ոչինչ քաղող էլ ենք դառնում: Սրանք մեր տխուր ու դաժան, բայց իրական վիճակն արտացոլող փաստեր են:

 

 

Վան, Մուշ, Բիթլիս, Կարս ու Կարին կորցրած հայազգիների իրենց հայրենիքից դուրս ծնվելու ստիպված այսօրվա սերունդների համար համայն մարդկության ուշադրությունը նույն վտանգին դեմ հանդիման գտնվող մեր փոքրիկ Արցախ աշխարհի Ստեփանակերտ, Հադրութ, Մարտունի, Ասկերան եւ Մարտակերտի շրջանների հայության ճակատագրի վրա հրավիրելու եւ մեզ պարտադրված պատերազմական գործողություններում բռնագրավված Շահումյանի շրջանի հարցը` ինչպես 20-րդ դարասկզբին, այդպես էլ 20-րդ դարավերջում հայության դեմ կատարված հայրենազրկության իբրեւ աղաղակող օրինակ` հարցերի հարցը դարձնելու շատ կարեւոր գործում անընդունակ գտնվելը տխուր, շատ տխուր իրողություն է: Բարձրաձայնվածն ինչպիսի գնահատականի էլ արժանանա, հարկավոր է այս դիտարկումը փորձել մերօրյա դաժան իրականության իբրեւ ազնիվ խոստովանություն լուրջ ընդունել: Եւ դա կարող է ինքներս մեր թերությունները հասկանալու եւ դրանցից հրաժարվելուն միտված ջանքերը գործադրելու դեպքում մեզ վերջապես ճիշտն ընկալելուն հասցնել, ինչը գտնում եմ սեփական պատմությունից դասեր քաղելու համար շատ կարեւոր է:

 

 

Այժմյան իրավիճակից դուրս գալու ուղղությամբ կատարելիք տարաբնույթ աշխատանքների հիմքում, ըստ իս, պետք է արեւմտահայության արժանացած ճակատագրի հետ մեկը մեկին զուգահեռներ անցկացնելու եւ առաջարկված այս բաղադրատոմսում եղածը դնել: Դրա գործնական կիրառումը, համոզված եմ, 21-րդ դարասկզբին հայության կողմից քաղաքակիրթ աշխարհին ՈՉ ԵՐԲԵ°Ք ՍԱ – Never again!-Plus jamais ջa! ճիչն արտահայտող առողջ մտքի աշխարհով մեկ համընդհանուր տարածումը կապահովի, եւ սա էլ մեզ իր հերթին մեկ քայլ առաջ կհասցնի: Իսկ սա էլ հայության միայն աշխարհագրորեն իրարից տարբեր վայրերում գտնվող երկու հատվածների տարբեր ժամանակաշրջաններում ունեցած նույնպիսի խնդիրների նմանությունն ի ցույց դնելով մարդկության կողմից դրանց համընդհանուր ընկալմանը կնպաստի: Մեզ քաջածանոթ աշխարհը, իմա` մարդկությունը եղած անհերքելին կատարվողի հետ համեմատելու պարզագույն քարոզչամիջոց-գործիքից հաճախ անհիմն ու անհարկի օգտվողների պակաս գիտենք, որ չի զգում, այս առումով սփյուռքահայության անելիքները կարող են Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծմանն անհրաժեշտ նպաստն ու միջազգային օժանդակությունն ապահովել: Սա պետք է սփյուռքահայության քաղաքականապես հասուն շրջանակների առօրյա աշխատանքային օրակարգի առաջնահերթ եւ կարեւորագույն բաղկացուցիչը դառնա վերջապես, որը եւ իր հետ կարճ ժամանակ հետո բաց թողնված հնարավորությունների տեղ բազմազան այլ հանգամանքի ու իրողությունների քննարկման կհանգեցնի: Դրա շնորհիվ` այսինքն մեր պակասները լրացնելու գործընթացում անհրաժեշտ քայլերը անելիս, համոզված եմ, լճացած հայ քաղաքական մտքի առողջացման համար նախ բարենպաստ մթնոլորտ, ապա եւ լավ պայմաններ կստեղծվեն:

 

 

Յուրաքանչյուր անձի, ժողովրդի, ազգի թե պետության գոյատեւման ընթացքում տեղի ունեցող վայրիվերումների, ամենատարբեր ժամանակահատվածների` լավ կամ վատ, անաչառ գնահատման ամենավստահելի չափորոշիչը նրանց ցույց տված օգտակար գործողությունների գործակիցը ճիշտ հաշվարկելն է: Այս հիմքով մեր պատմության մեզ հայտնի մութ թե լուսավոր որեւէ ժամանակաշրջանն անկողմնակալ ուսումնասիրելու պարագայում, մեր ստացած տեղեկությունները կշեռքի վրա դնելով, ծանր ու թեթեւ անելը հաջողացնելու պարտականությունն ունենք: Եթե ինքներս մեզ հետ ազնիվ լինենք, ապա առավել քան վստահ եմ, որ մեր առողջացման գործընթացի ամենաանհրաժեշտ գործոնը` Օ.Գ.Գ.-ն լուրջ ընկալելն ու ճիշտ գնահատելու առաքելությունն արժանվույնս կատարած կլինենք:

 

 

Դրա համար, սակայն, Արցախի եւ Սփյուռքի հայության առողջ ուժերի միջեւ ստեղծվելիք կապերի մնայուն արժեքներ դառնալուն միտված քայլեր եւ դրանց տեւականությանն ու զարգացմանը նպաստելու համար էլ հասարակական-քաղաքական գիտակցության բարձրացումն ու ժողովրդականացումը պետք է ապահովել: Արցախյան հիմնախնդրի շուրջ հազարումեկ հարցերի հաղթահարման նպաստող պայմանների գոյությունն ապահովելու գործի հաջողությունը նախ առողջ դատողության տեր յուրաքանչյուր անհատի, ապա նրա շրջապատում գտնվող մարդկանց հայանպաստ տարբեր ծրագրերը միասնաբար եւ համատեղ իրականացնելու միջավայրի ստեղծումից է կախված: Իսկ սա էլ նշանակում է, որ այդ միայն մեզնից` հայերից է կախված, ու այստեղ օտար ուժերի` հակառակորդի առկայությունը, ըստ իս, եթե ոչ դրական, ապա որեւէ բացասական դեր չի կարող խաղալ: Մոտ ապագայում մեզ կհաջողվի±, արդյոք, մեր մյուս կեսի` ես-ի հետ ամենամարդկային լեզվով խոսել, իրար հասկանալով միասին գործել` ցույց կտա ամենազոր ժամանակը: Քանի դեռ մենք տեսնում ենք, թե հոսող ժամանակը ինչպես են օգտագործում հակառակորդ ճամբարում գտնվողները, մենք այդ նույն ժամանակն իզուր վատնելով կորցնելու իրավունքը չունենք այլեւս…

Share

Comments are closed.