Թուրքիայի «խնդրահարույց» ընկալումը ռուսաստանյան ԶԼՄ-ներում


Վերջին տարվա ընթացքում թուրք-ռուսական հարաբերությունները սրընթաց կերպով բարեկամությունից սառը պատերազմի և ապա սառը պատերազմից կրկին բարեկամության են վերափոխվել։ Վերջին փուլում՝ հուլիսի 16-ի գիշերը Պուտինի՝ Էրդողանին ցուցաբերած աջակցությունից հետո Ռուսաստանը ձևավորել է հարաբերությունների ռազմավարական վերականգնման մասին ընկալում։ Բայց արդյո՞ք այս ընկալումն իրականությունն է արտացոլում, թե՞ այն սոսկ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նկատմամբ նպատակահարմարային ռազմավարական քայլն էր։ Ժամանակը ցույց կտա։ Թեև օգոստոսի 9-ին երկու առաջնորդների կայացած հանդիպումը լավատեսական մթնոլորտ է ստեղծել՝ Թուրքիայում հեղաշրջման փորձի նկատմամբ Պուտինի դիրքորոշումն, ըստ էության, չի ազդել Էրդողանի հանդեպ ռուսաստանյան ԶԼՄ-ների դրսևորած վերաբերմունքի վրա։
Ռուսաստանյան ԶԼՄ-ները կարելի է բաժանել երկու հիմնական խմբի՝ իշխանամետ և ընդդիմադիր։ Առաջին խմբին են դասվում մեդիահսկաներին պատկանող և այլևայլ կերպով իշխող շրջանակների հետ կապված քաղաքական կամ օլիգարխիկ կառույցների ԶԼՄ-ները, որոնք ուղղակիորեն Պուտինի դեմ հանդես չեն գալիս։ Ընդդիմադիր ԶԼՄ-ները, որոնց թիվը մեկ ձեռքի մատների քանակը չի գերազանցում, կարելի է բնութագրել որպես արևմտամետ և ազատական։ Պետության կողմից վերահսկվող խոշոր մեդիամարմիններից հիշատակելի են «Sputnik»-ը, «RT»-ն, «ТАСС»-ը, 1-ին ալիքը, «Ռոսիա 24»-ը և գլխավոր քարոզչահարթակի դերում հանդես եկող «Life»-ը (թեև այն չի ներկայանում որպես առանձին պաշտոնական կազմակերպություն), մինչդեռ ընդդիմադիր ԶԼՄ-ների դերում առաջնահերթորեն աչքի են ընկնում «Դոժդ ՏՎ»-ն, «Նովայա գազետա»-ն, «Կավկազսկի ուզել»-ը, «Էխո Մոսկվի»-ն և «Մեդուզա»-ն։

Այս բոլոր՝ թե՛ իշխանամետ, և թե՛ ընդդիմադիր մեդիակազմակերպությունների համար ընդհանուրը իսլամատյացությունն է։ Սա ևս այն կետն է, որի շուրջ այս՝ Թուրքիայի հանդեպ սովորաբար հակադիր դիրքորոշումներով հանդես եկող երկու խմբերը միասնական տեսակետ են արտահայտում. դրանց միավորում է Էրդողանի նկատմամբ թշնամանքը։ Եթե իշխանամետ ԶԼՄ-ներն այս հարցում իրենց վերաբերմունքը մեծամասամբ համապատասխանեցնում են Կրեմլի վարած ընթացիկ արտաքին քաղաքականությանը, ապա Գեզիում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ և հետո ընդդիմադիր ռուսաստանյան ԶԼՄ-ներն առաջնորդվում էին իրենց արևմտամետ դիրքորոշումից բխող իսլամատյացությամբ։

Գեզիում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ձերբակալվել է լրագրողական հավատարմագիր չունեցող ռուսաստանցի ընդդիմադիր լրագրող Արկադի Բաբչենկոն։ Բաբչենկոն, որն անկախ լրագրողի կարգավիճակով համագործակցում է Ռուսաստանի գրեթե բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցների հետ, Գեզիում պատահած դեպքերը ներկայացնում էր որպես «բռնակալ Էրդողանի դեմ ժողովրդավարության արշավ»։ Դեռևս 2013թ. հունիսի 17-ին «Էխո Մոսկվի»-ի ուղիղ եթերում Բաբչենկոն նշում էր, որ Էրդողանը ժամանակին ժողովրդականություն վայելող առաջնորդ էր, բայց Աթաթուրքի սկզբունքներից հեռանալուց հետո թուրք ժողովուրդն ըմբոստացել էր նրա դեմ, և որ նրա անկումն ընդամենը ժամանակի հարց է։ Բաբչենկոյի այդ խոսքերը լավագույնս արտացոլում էին Գեզիում ծավալված իրադարձությունների հանդեպ ռուսաստանյան ընդդիմադիր ԶԼՄ-ների ընդհանուր վերաբերմունքը։ Որպես ազատական հանդես եկող ռուսաստանյան ընդդիմադիր ԶԼՄ-ները Գեզիում տեղի ունեցած դեպքերը լուսաբանում էին CNN-ի, BBC-ի և այլ արևմտյան մեդիահսկաների որդեգրած տեսանկյունից։  Իշխանամետ ԶԼՄ-ները հիշյալ իրադարձություններին, թեև ավելի անկախ ու զուսպ, անդրադառնում էին ընդդիմադիր լրատվամիջոցների տեսակետին համանման։

Ռազմական օդանավի կործանման հետ կապված ճգնաժամից և Գեզիի իրադարձություններից հետո Թուրքիան մանրադիտակի տակ պահող ռուսաստանյան ԶԼՄ-ները վերջինիս դեմ սկսել եմ համապարփակ վարկաբեկիչ քարոզարշավ։  Պետության կողմից վերահսկվող ԶԼՄ-ները Թուրքիային մեղադրում էին Իսլամական պետությանն աջակցելու մեջ։ Այս արշավին մասնակիորեն միացել են նաև ընդդիմադիր լրատվամիջոցները։ Իսլամական պետության վերասկողության տակ գտնվող տարածքի ուղղությամբ զինյալների և սպառազինությունների տարանցման մասին փաստեր միահամուռ կերպով որոնող իշխանամետ և ընդդիմադիր ԶԼՄ-ների տարածած լրատվության միջև առկա միակ տարբերությունն այն էր, որ ընդդիմադիր լրատվամիջոցները Թուրքիայից բացի քննադատում էին նաև Պուտինին, որը մեղադրվում էր Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման մեջ։ «Էրդողանը քո միակ բարեկամն էր, և անգամ նա քեզ թիկունքից հարվածեց»։ Բացի դրանից, ընդդիմությունն ուշադրություն էր դարձնում Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից Ռուսաստանի կրած տնտեսական կորուստների վրա, ընդգծելով, որ Թուրքիան չի կարող Արևմուտքի այլընտրանքը դառնալ։

Ռուսաստանյան ընդդիմադիր ԶԼՄ-ները, որոնք դեկտեմբերի 17-25-ի հեղաշրջման փորձից հետո (2013թ. կոռուպցիոն մեծ սկանդալ. թարգմանչի ծանոթագրություն) հետևում էին Ֆեթուլահ Գյուլենի (Fethullah Gülen) ահաբեկչական FETÖ կազմակերպության հսկողության տակ գտնվող լրատվամիջոցների գծին և հիշյալ կազմակերպության դեմ Թուրքիայում իրականացվող միջոցառումները լուսաբանում էին որպես հակաժողովրդավարական գործողություններ, ռազմական օդանավի ճգնաժամից հետո միացան իշխանամետ ԶԼՄ-ներին։ Միաժամանակ, ընդդիմությունը կոշտ քննադատության էր ենթարկում Պուտինին և իշխանամետ ԶԼՄ-ներին, ասելով, թե «մենք զգուշացնում էինք»։ Ընդդիմադիր ԶԼՄ-ների մյուս թիրախը «Թուրքական հոսք» գազատարի նախագիծն էր։ 

Ռուսաստանյան ընդդիմադիր ԶԼՄ-ները, որոնք Պուտինին ուղղված Էրդողանի նամակից հետո կրկին իրենց ուշադրությունը դեպի հարավ են ուղղել, նամակը ներկայացրել են որպես ցավակցության, այլ ոչ թե ներողության արտահայտություն։ Այն պահերին, երբ թուրք-ռուսական հարաբերությունները կարգավորման միտում էին արձանագրում, ռուսաստանյան ԶԼՄ-ներում անմիջապես նկատելի էր դառնում FETÖ-քարոզչությունը։ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները ռուսաստանյան ԶԼՄ-ները լուսաբանում էին որպես «ավտորիտար վարչակարգի հաստատմանն ուղղված շարժ»։ Միաժամանակ, առարկայական նկատվելու համար, նրանք խոստովանում էին, որ Արդարության և զարգացման կուսակցության ղեկավարության ներքո Թուրքիան դարձել է տնտեսապես և քաղաքականապես ավելի զարգացած երկիր։ Այսուհանդերձ, Էրդողանը մեղադրվում էր «ավտորիտարիզմն ուժեղացնելու» ընդհանուր միտման մեջ։ ԶԼՄ-ների երկու խմբերն էլ FETÖ-ի առաջնորդ Գյուլենին ներկայացնում էին որպես «չափավոր կրոնական առաջնորդ»՝ ի հեճուկս վերջինիս կազմակերպության Ռուսաստանում արգելված լինելու հանգամանքի։ Ռուսաստանյան լրատվամիջոցների այս դիրքորոշումը պահպանվում էր ընդհուպ մինչև հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը։ Այն պահից, երբ սկսվել է թուրք-ռուսական հարաբերությունների վերանայումը, իշխանամետ ԶԼՄ-ները սահմանափակվում էին Թուրքիային սոսկ սիրիական հարցում ունեցած դիրքորոշման համար քննադատելով, իսկ ընդդիմադիր ԶԼՄ-ները շարունակում էին արևմտամետ ոճով քննադատությունը։
Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ռուսաստանյան ԶԼՄ-ները ողջ աշխարհի հետ միասին հետևում էին Թուրքիայում ընթացող իրադարձություններին։ Հաջորդ իսկ օրը ռուսաստանցի լրագրողներն ամենատարբեր ճանապարհներով սկսել են ժամանել Ստամբուլ։ Հեղաշրջմանը և հետագա զարգացումներին հետևելու համար Թուրքիա ժամանած մամուլի ներկայացուցիչներն, ընդհանուր առմամբ, հեղաշրջումը ներկայացնում էին որպես «քեմալական ուժերի դեպի ժողովրդավարություն վերադարձ ապահովելու փորձ»։ Ռուսաստանի ազատական ԶԼՄ-ները, որոնք հուլիսի 16-ի առավոտն արդեն գիտակցում էին, որ հեղաշրջման փորձը տապալվել է, հեղաշրջմանը դիմած զինվորականների տանկերի դեմ կանգնած խաղաղ բնակիչներին կամ ռմբակոծված խորհրդարանի շենքը նկարահանելու փոխարեն, նախընտրել են առաջին պլան մղել սեփական մտահղացումներն այն մասին, թե «այժմ Էրդողանը Թուրքիան խալիֆայություն կդարձնի» կամ «Թուրքիայում ավարտվել է աշխարհիկ պետության ժամանակաշրջանը»։ Ռուսաստանյան ԶԼՄ-ների լայնորեն լուսաբանած հեղաշրջման փորձի մասին այնուհետև գրվել են շատ վերլուծականներ, բայց դրանցից ոչ մեկում չի գտնվել «Թուրքիայում  ժողովրդավարությունն է հաղթել» արտահայտությունը։

Հուլիսի 16-ին Թուրքիա ժամանած «Նովայա գազետա» թերթի թղթակից Իրինա Գորդիենկոն Մոսկվա վերադառնալուց հետո երկու հոդված է գրել։ Այդ հոդվածների բովանդակությունը հասկանալու համար բավական է հպանցիկ հայացք նետել դրանց վերնագրերին։ «Բռնապետ. հիստերիկայի նմանակում» վերնագրված հոդվածում նա գրում է, որ «Թուրքիայում ժողովրդավարության ժամանակաշրջանը խավարի մեջ է խորասուզվել»։ Իրինայի պես այլ ընդդիմադիր լրագրողներ, կարծես թե, նույնպես ցավում են, որ Թուրքիայում հեղաշրջման փորձը ձախողվել է։ Զարմանալի է, որ ազատական ԶԼՄ-ները և իրավապաշտպան-ակտիվիստները, որոնք իրենց ձեռնտու ժողովրդավարության հայեցակարգն արդարացնելու համար միտված են յուրաքանչյուր հեղաշրջում և քաոսային իրավիճակ լեգիտիմ դիտել, չեն ճանաչում թուրք ժողովրդի իրավունքը՝ պաշտպանել իր կողմից ընտրված օրինական կառավարությունը և հեղաշրջման մասնակիցներին անզեն դիմադրություն ցուցաբերել։

Եթե ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ Կրեմլի հրահանգներով առաջնորդվող իշխանամետ ԶԼՄ-ները, որոնք փաստացի կերպով բանակային ստորաբաժանումներից մեկի գործառույթ են կատարում, նույնպես իսլամատյաց են, կարելի է հասկանալ, թե ինչու են նրանք այսպես են գործում։ Բայց ընդդիմադիր և ժողովրդավարամետ հայացքներով հանդես եկող ազատականների միևնույն կեցվածքն անկեղծորեն զարմացնում է։ Էրդողանի գործողությունները FETÖ-ի և արևմտյան ԶԼՄ-ների պես մեկնաբանող ընդդիմադիր լրագրողները պետք է իմանան, որ Թուրքիայում, որի մասին նրանք գրում են, նախագահը դատարաններին կամ ոստիկանությանն ուղիղ հրամաններ չի տալիս։  Այս լրագրողները պետք է իմանան, որ մեր երկրում ընտրություններն անցնում են արդար և օրինական ճանապարհով՝ միջազգային դիտորդների հսկողության ներքո։ Նրանք պետք է իմանան, որ Թուրքիայում քաղաքական գաղափարները մարդկանց ուժով չեն պարտադրվում։ Հանցագործություն չկատարած անձանց ոստիկանությունը չի կարող կամայականորեն ձերբակալել։ Թուրքիայի մասին ճշմարտության փոխարեն նրանք տարածում են FETÖ-ի և արևմտյան ԶԼՄ-ների հակաթուրքական և հակաէրդողանական քարոզչությունը։ Նրանք որպես բարձրագույն մակարդակի ճշմարտություն են ընդունում միջազգային բրենդ դարձած մեդիահսկաների յուրաքանչյուր խոսքը՝ բազմիցս կատարելով աններելի սխալներ։ Երբ նրանք Թուրքիայում են աշխատում, նրանք միտումնավորապես որոնում են տեղեկատվության այնպիսի աղբյուրներ և այնպիսի մարդկանց, որոնք իրենց անհրաժեշտ ոճով կհաստատեն իրենց իսկ համոզմունքները։

Թուրք լրագրողներից մեկը, գնահատելով Ռուսաստանյան ԶԼՄ-ների դիրքորոշումներն ու վարքագիծը, ասել է. «Եթե Թուրքիայում սրընթաց զարգացող իրադարձությունների մասին Կրեմլի գնահատականն ուշանում է, ապա նորությունները լուսաբանելու ժամանակ իշխանամետ ԶԼՄ-ները շարունակում են հանդես գալ հակամարտությունից առաջ գերիշխած դիրքորոշումներով, մինչդեռ այսպես կոչված ազատական և ժողովրդավարական ԶԼՄ-ներն իրենց ընտրած նախագահին և կառավարությանը պաշտպանելու համար սեփական կյանքը վտանգի ենթարկելով փողոց դուրս եկած մարդկանց անվանում են «հարբեցող» և «թափառական»։ Այս կեցվածքը կարելի է բացատրել միայն լայնորեն տարածվող իսլամատյացությամբ։

Այն, որ Թուրքիայի մասին ռուսաստանյան իշխանամետ և ընդդիմադիր ԶԼՄ-ների պատկերացումները խաթարված են իսլամատյացությամբ, կարելի է տեսնել հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին նվիրված վերլուծականներից։ ԶԼՄ-ների իշխանամետ և ընդդիմադիր խմբերի միջև գլխավոր տարբերությունը մենք դեռ հոդվածի սկզբում ենք նշել. պետությանը պատկանող մեդիակազմակերպությունները Կրեմլի հրահանգով խուսափում են Թուրքիայի և Էրդողանի հանդեպ քննադատությունից։ Միաժամանակ, հայտնի է, որ վերադասի հրահանգով այդ նույն ԶԼՄ-ներն ընդունակ են ամենալկտի հարձակումների, ինչը լավագույնս ի ցույց է դրվել Sputnik-ի սանձազերծած հակաթուրքական արշավի ժամանակ։

Թևֆիկ ՇԱՄԻԼ

«Անադոլու» գործակալություն (Թուրքիա)

 

Inosmi.ru

 

 

Share

Comments are closed.