Ժողովրդավարության ինդեքսն ու խոսքի ազատությունը

համացանցի և սոցիալական ցանցերի տարածման  դարաշրջանում

 

admin-ajaxԱննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան


Վերջին տասնամյակում, առավել քան երբևէ, նոր տեխնոլոգիաները սրընթաց զարգացում ապրեցին և լայնորեն սկսեցին կիրառվել մեր կյանքի ամենատարբեր ոլորտներում: Այս ամենից անմասն չէր կարող մնալ նաև քաղաքականությունը, որի պարագայում գիտության զարգացումն ինչպես հնարավորություններ, այնպես էլ մարտահրավերներ է ստեղծում: Սույն հոդվածում կփորձենք հասկանալ, թե որքանով են տեխնոլոգիական առաջընթացն ու ինտերնետի տարածումը, սոցիալական կայքերի զանգվածային օգտագործումը շաղկապված աշխարհում ժողովրդավարության ինդեքսի բարձրացման և ազատ արտահայտվելու իրավունքի համար բարենպաստ պայմանների ստեղծման հետ:Հաղորդակցական տեխնոլոգիաների զարմանալի առաջընթացը, թվայնացումը, զանգվածային մուտքը տեսաձայնային հարթակներ, սմարթֆոնների տարածումը, սոցիալական ցանցերը միլիարդավոր մարդկանց հնարավորություն են ընձեռում տիրապետել տեղեկատվական մեծ հոսքերին և արտահայտվելու ավելի շատ հարթակներ ունենալ: Սակայն տեխնոլոգիական առաջընթացը միաժամանակ պարադոքսալ իրավիճակ է առաջացնում: Թվում էր` ստեղծված այս աննախադեպ պայմաններում, երբ յուրաքանչյուր քաղաքացի դրսևորվելու հնարավորություն ունի, խոսքի ազատության և ժողովրդավարության ցուցիչները տարբեր երկրների մասով պիտի բարձր արդյունքներ գրանցեին, սակայն թվերն այլ բանի մասին են խոսում:

Այսօր երկրագնդի բնակչության շուրջ 40%-ն օգտագործում է ինտերնետ, և այդ թիվը րոպե առ րոպե աճում է: Համեմատության համար նշենք, որ 1995-ին այդ ցուցանիշը չէր հասնում նույնիսկ 1%-ի: Ինտերնետային օգտատերերի թիվն աճեց 1999-ից 2013-ն ընկած ժամանակահատվածում: Համացանցից օգտվողների առաջին միլիարդն արձանագրվեց 2005-ին:[1] Ինտերնետի ընձեռած հնարավորություններն անսահման են, և ուրախալի է, որ գնալով ավելի շատ մարդիկ հնարավորություն ունեն օգտվելու տեխնոլոգիական այդ հրաշքից:

Չնայած այս փոփոխություններին` դեմոկրատիան, որպես քաղաքական համակարգ, որը հիմնված է անհատներին իշխանությամբ օժտելու գաղափարների վրա, այդպես էլ մեծ զարգացում և տարածում չգտավ, որ չափով որ ակնկալում էինք: Դեմոկրատական պետությունների քանակն ավելի շատ չէ, քան այս դարասկզբին: «Freedom House»-ի «Ազատությունն աշխարհում» 20-րդ դարի վերջին` 2000-ի զեկույցը վկայեց, որ աշխարհի 192 երկրներից 85-ը, այսինքն՝ մոտ 44 տոկոսն, ազատ էր` նկատի ունենալով քաղաքական և տնտեսական ազատությունների բարձր մակարդակը և հիմնական քաղաքացիական ազատությունների նկատմամբ հարգանքը: Աշխարհի երկրների 31 տոկոսը՝ 59-ը, մասամբ էր ազատ, այսինքն՝ ավելի քիչ քաղաքական և քաղաքացիական ազատություններ կան, օրենքի թույլ գերակայություն, կոռուպցիա, իսկ 48 երկիր՝ 25 տոկոսն, անազատ էր: Այսինքն՝ 2000-ին Երկիր մոլորակի բնակչության 38.9 տոկոսն ապրում էր ազատ հասարակությունում, 25.3 տոկոսը՝ մասամբ ազատ և 35.8-ը՝ ոչ ազատ պետություններում:[2]Իսկ ահա նույն կազմակերպության 2015-ի զեկույցի համաձայն՝ աշխարհի 195 երկրներից 89-ը (46%-ը) ազատ են, 55-ը՝ (28%-ը) մասամբ ազատ և 51-ը՝ (26%-ը) ոչ ազատ: Թվերը փաստում են, որ ինտերնետի տարածումը վերջին տասնամյակում ոչ միայն չի նպաստել դեմոկրատական պետությունների քանակի աճին, այլ նաև հակառակ միտումներն են նկատվում:

Անդրադառնանք նաև աշխարհում ժողովրդավարության ինդեքսին, որը որոշվում է «The Economist Intelligence Unit»–ի կողմից: Համաձայն 2015-ի զեկույցի՝ աշխարհում կա ընդամենը 20 երկիր, որոնք լիարժեք ժողովրդավարական են: Այնտեղ ապրում է աշխարհի բնակչության ընդամենը 8,9 տոկոսը, 59 երկիր իրենից ներկայացնում է ձևափոխված դեմոկրատիա, 37 երկիր հիբրիդային է, իսկ 51 երկիր, կամ մոլորակի բնակչության 34.1տոկոսն ապրում է ավտորիտար ռեժիմի պայմաններում:[3] Ցավալի է գիտակցել, որ տեխնոլոգիական թռիչքը, որը կարողանում է գրեթե բոլոր խնդիրների լուծումը գտնել, դեռևս չի նպաստել աշխարհում ավտորիտար ռեժիմներից ազատվելուն կամ թվակաքանակի կտրուկ նվազմանը:

Ինտերնետի համընդհանուր տարածման համապատկերում մեծ հանրաճանաչում գտան սոցիալական ցանցերը: 2016-ի հուլիսի տվյալներով՝ աշխարհում կան շուրջ 1,71 միլիարդ ակտիվ ֆեյսբուքյան օգտատերեր, որոնք ամսական ակտիվություն են ցուցաբերում[4], 320 միլիոն Թվիթերի օգտատեր, Ինստագրամի 400 միլիոն ակտիվ օգտատեր:[5]

Հասարակության քաղաքական կյանքում սոցիալական ցանցերի դերի մասին սկսեցին ակտիվորեն խոսել «արաբական գարնան» ալիքի ժամանակ` ֆենոմենը կապելով սոցիալական ցանցերի ծաղկման հետ: Բազմաթիվ ապացույցներ կան, որ հաղորդակցության նոր գործիքներն արաբական ապստամբությունների ժամանակ կիրառվել են ցույցեր կազմակերպելու նպատակով, սակայն հարկ չկա այդ դերը չափազանցնել: Օրինակ՝ ապստամբություններին վերաբերող թվիթերյան գրառումներն ավելի շատ ընթերցվում և տարածվում էին իրադարձությունների էպիկենտրոն համարվող երկրի սահմաններից դուրս, քան հենց ներսում: Սա, անշուշտ, կարող է նպաստել միջազգային հանրության իրազեկության բարձրացմանը և արտաքին ճնշումների ավելացմանը, սակայն նախ և առաջ հարկավոր է երկրի ներսում անաչառ տեղեկատվություն ապահովել: Օրինակ, «արաբական գարնան» եգիպտական ծաղկման ժամանակ՝ 2011-ի հունվարի 25-ին, ավելի շատ ցուցարարներ միացան ապստամբներին այն բանից հետո, երբ կառավարությունը երկրում անջատեց ինտերնետային հաղորդակցությունը: Թահրիրյան հրապարակում հավաքվածների միայն 13%-ն է վստահել Թվիթերին, և 92%-ի համար առավել վստահելի աղբյուր են եղել հեռուստատեսությունը և բերնեբերան հաղորդակցությունը:

Ժամանակը շատ արագ է հոսում, և վերջին շրջանի ցույցերի ժամանակ գնալով մեծանում է սոցիալական ցանցերի և ցանցային մեդիայի կիրառությունը: Ի տարբերություն հին մեդիա-խառնարանների՝ սոցիալական մեդիան ստեղծում է հսկայական հանգույցներ, որոնք ոչ միայն կապում են աշխարհի տարբեր մասերում գտնվող բնակչությանը, այլ նաև հնարավորություն են տալիս նվազագույն ծախսերով հանրայնացնել իրենց կարծիքը: «Facebook»-ը և «Twitter»-ը ի զօրու են հասնել միլիոնավոր մարդկանց և հենց դեպքի վայրից հաղորդելու, թե ինչ է կատարվում: Ավանդական մեդիա-խողովակներով տեղեկատվությունը բավականին դանդաղ է տարածվում, այդ պատճառով էլ արագ տեղեկատվության տարածումն օգնում է սոցիալական ցանցերի միջոցով արագ մոբիլիզացնել մարդկային ռեսուրսները և մեծացնել ընգրկվածության շրջանակը: Հաղորդակցության այս նոր մեթոդի առավելություններից է նաև ավանդական պաշտոնական տեղեկատվության շրջանցումը և հասարակ քաղաքացիներին ձայնի իրավունք և արտահայտվելու հարթակ տրամադրելը:

Այս ամենի հետ մեկտեղ խոսքի ազատության միջազգային ցուցանիշները բոլորովին այլ բանի մասին են խոսում: Համաձայն «Freedom House»-ի զեկույցի՝ խոսքի ազատությունը վերջին տասներկու տարիներին գտնվում է նվազագույն մակարդակի վրա: Այսպիսով, ներկա պահին աշխարհի բնակչության միայն 13%-ն է վայելում խոսքի ազատությունը, ինչը նշանակում է, որ քաղաքական լուրերի մեկնաբանությունը առողջ է, լրագրողների անվտագությունը երաշխավորվում է, պետական միջամտությունը մեդիայի գործերին նվազագույնս է, և լրագրողները չեն ենթարկվում քաղաքական և տնտեսական ճնշումների: Մոլորակի բնակչության 41%-ն ունի մասամբ ազատ մեդիա, իսկ ահա 46%-ի դեպքում մեդիան անազատ է:[6]

Միաժամանակ՝ տեխնոլոգիական առաջընթացը կարող է նաև հակադարձ արդյունքն ունենալ: Եթե խոսքը գնում է արտահայտվելու ավելի շատ հարթակաների մասին, ապա դրանք կարող են կիրառվել ինչպես առողջ գաղափարների և դեմոկրատական արժեքների տարածմանն, այնպես էլ խտրականության, քսենոֆոբիայի և այլ ծայրահեղական գաղափարների հանրայնացման համար: Օրինակ, Ռոուանդայի ցեղասպանության իրականացման ժամանակ մեծ նշանակություն են ունեցել «ատելության ռադիոյի» հաղորդումները: Այսօր կան արտահայտվելու ավելի շատ հարթակներ, ըստ այդմ էլ աճում են նաև գաղափարական մրցակցության  և մարդկանց վրա ներազդելու հնարավորությունները: Չպետք է մոռանալ մեկ այլ հանգամանք ևս՝ եթե  ինտերնետի  և սոցիալական ցանցերի տարածման նախնական փուլում ավտորիտար ռեժիմների մեծամասնությունը զգուշանում էր դրանցից, ապա այսօր  դրանք ևս փորձում են օգտագործել այդ հարթակներն` իրենց գաղափարներն ու արժեքները տարածելու համար:

Խոսելով սոցիալական ցանցերի և դրանց ընձեռած հնարավորությունների մասին` հարկ է անդրադառանալ ևս մի ֆենոմենի, որի ՝ տարիներ առաջ գցած սաղմերն այսօր արդեն բողբոջներ են տալիս: Չնայած այն ակնհայտ փաստին, որ «Facebook»-ը մարդկանց և լրատվամիջոցներին արտահայտվելու հնարավորություն է ընձեռում, այնուամենայնիվ՝ այդ հարթակը հետզհետե դառնում է վճարովի: Սոցիալական այս ցանցը պարբերաբար փոխում է իր ալգորիթմը՝ ավելի շատ հնարավորություններ ընձեռելով նորությունների պատին հայտնվելու այն լրատվամիջոցներին կամ ֆեյսբուքյան էջերին, որոնք ավելի շատ գումար են վճարում «Facebook»-ին իրենց տեսանելիությունն ապահովելու համար: Վերջին նման փոփոխության մասին «Facebook»-ը հայտարարեց 2016-ի օգոստոսի 4-ին՝ նշելով, որ այսուհետ խուսափելու են քլիքաբեր հոդվածները տեսանելի դարձնելուց: Սակայն խնդիրն այս պարագայում արդար չափանիշների բացակայությունն է: Այսկերպ  «Facebook»-ն օգտվում է իր մենաշնորհային  դիրքից՝ փորձելով ավելի շատ գումար աշխատել: Այսինքն, կիսադեմոկրատական և ավտորիտար ռեժիմների պարագայում սոցիալական ցանցերի նկատմամբ ոչ միայն պետական հսկողություն է առկա, այլ նաև «Facebook»-ն է արտահայտվելու ավելի շատ հնարավորություն տալու ռեսուրսներով ավելի հարուստ աղբյուրներին, որոնք սովորաբար պետական են լինում:

Այսպիսով, եթե ամփոփելու լինենք, ապա տեխնոլոգիական առաջընթացն աննախադեպ կերպով փոխել է կյանքի բոլոր ոլորտները, սակայն այն դեռևս նշանակալի դեր չի խաղացել ավտորիտար ռեժիմների տապալման, աշխարհով մեկ խոսքի ազատության իրավունքի ընդլայնման տեսանկյունից: Ապագայում տեխնոլոգիաները և դրանք պետք է ծառայեն նաև քաղաքական ազատությունների և քաղաքական կյանքի որակի բարելավմանը, ինչին քաղաքացիները և ժողովրդավարական արժեքներ կրող ուժերը պետք է հասնեն երկարատև պայքարի և թեժ մրցակցության միջոցով:

[1] http://www.internetlivestats.com/internet-users/

[2] https://freedomhouse.org/report/freedom-world/freedom-world-2015#.V6lnoWUddp8

[3] http://www.yabiladi.com/img/content/EIU-Democracy-Index-2015.pdf

[4] https://zephoria.com/top-15-valuable-facebook-statistics/

[5] http://www.statista.com/statistics/272014/global-social-networks-ranked-by-number-of-users/

[6] https://freedomhouse.org/report/freedom-press/freedom-press-2016

 

Share

Comments are closed.