Ուժային մարմինների պրոպագանդիստական տեռորը


Mesrop Harutyunyan
Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մեդիափորձագետ
Երևան


Համացանցի դարում, երբ գործնականում մարդկանցից համարյա գաղտնիքներ չեն մնում, երբ ցանկացած սուր իրավիճակում, անգամ Հայաստանում, ուղիղ եթեր են ապահովում ցանցային մի քանի լրատվամիջոցներ, օգտագործել նախորդ դարի գեբելսյան կամ կոմունիստական պրոպագանդայի տարրերը, ուղղակի ծիծաղելի է: Նման պրոպագանդան կիրառողները հայտնվում են խիստ զավեշտալի վիճակում, որովհետեւ նրանց տարածած «տեղեկություններին» թերեւս «հավատում են» միայն իրենք ու իրենց մերձավորները, եւ չեն հավատում անգամ ինտերնետից չօգտվողները, որովհետեւ վերջիններիս էլ այլ աղբյուրների ներկայացրածը, գուցե մի քիչ էլ չափազանցված, պատմում են ծանոթներն ու բարեկամները:Որպես ոստիկանական ձախողված պրոպագանդայի օրինակ, համեմատենք «Սասնա ծռերի» կողմից Երեւանի ՊՊԾ գունդը գրավելուն հաջորդած իրադարձություններից մեկի՝ հուլիսի 29-ի ուշ երեկոյան Սարի թաղում ոստիկանական վայրագությունների վերաբերյալ դրա անմիջական ականատես Լեւոն Բարսեղյանի նկարագրությունը եւ ոստիկանության լրատվականի տարածածը:

Հատված Լեւոն Բարսեղյանի գրառումից.«Սարի թաղում մոտ քսան րոպե խաղաղ ցուցարարների ու ոստիկանության առճակատված կանգնելու ընթացքում Երեւանի ոստիկանապետի հետ բանակցություններով որոշ հանդարտություն եղավ, բայց քաղաքացիական հագուստով սադրիչների պատճառով, որոնք քարեր էին նետում ցածից եւ Երանոսյանի ագրեսիվ պահվածքի ու հարձակման հրամանից հետո ոստիկանությունը գրոհեց խաղաղ ցուցարարների վրա, օգտագործելով խլացուցիչ եւ լուսաբռնկիչ պայթուցիկներ, մահակներ եւ այլ հատուկ միջոցներ։ Գրոհից առաջ սրանք փախցրին Արմեն Մարտիրոսյանին։ Ցուցարարներն սկսեցին նահանջել, նրբանցքներից նրանց վրա սկսեցին հարձակվել քաղաքացիական հագուստով անհայտ անձինք՝ զինված մահակներով եւ արմատուրաներով…» (https://www.facebook.com/levon.barseghyan/posts/10210082607211098):

Եվ ահա՝ հատված ոստիկանության տարածած հայտարարությունից.«Ոստիկանությունը բանակցություններ է վարել հավաքի փաստացի ղեկավարների հետ, մի քանի անգամ հորդորել է դադարեցնել բռնի գործողությունները և լքել նշված տարածքը՝ դրա համար տալով խելամիտ ժամանակ, սակայն հավաքի մասնակիցներն անտեսել են ոստիկանության պահանջները: Ավելին, իրենց սկզբական նպատակին հասնելու համար նրանք ձեռնարկել են նախահարձակ և սադրիչ նոր գործողություններ: Գնահատելով ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ հավաքի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների կյանքին և առողջությանը սպառնացող անմիջական վտանգի առկայությունը, ինչպես նաև հավաքի մասնակիցների կողմից ՊՊԾ գնդի տարածք ներխուժելու և այնտեղ գտնվող մեծ քանակի զենքին ու զինամթերքին տիրանալու իրական հնարավորությունը, ոստիկանությունն անկարգությունները կանխելու նպատակով ստիպված է եղել կիրառել հատուկ միջոցներ: Ընդ որում՝ գործողությունը սկսելուց առաջ հավաքի մասնակիցները նախազգուշացվել են դրա մասին, իսկ տեղում աշխատող լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ է արվել պահպանել անվտանգ միջնատարածք» (http://news.am/arm/news/339745.html):

Լեւոն Բարսեղյանի նկարագրածը շատերս ենք ուղիղ եթերով կամ տեսագրությամբ դիտել, իսկ, այ, ոստիկանության «վարկածը» («Ավելին, իրենց սկզբական նպատակին հասնելու համար նրանք ձեռնարկել են նախահարձակ և սադրիչ նոր գործողություններ» կամ՝ «լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ է արվել պահպանել անվտանգ միջնատարածք» եւ այլն) բացի այն տարածողներից ոչ մեկն էդպես էլ չի նկատել: Դուրս գանք փողոց եւ հարյուր հոգու հարցնենք, նույն իրավիճակի մասին այս երկու տեղեկություններից որի՞ն են հավատում: Պատասխանն ակնհայտ կլինի: Եվ ինչի՞ վրա են հույսը դրել նման պրոպագանդիստական հնարք կիրառողները. որ ժողովուրդը պիտի էսպե՞ս մտածի՝ «դե, եթե պաշտոնական է, ուրեմն ճիշտ է»… Անցել են այդ ժամանակները, պարոնայք, դուք շատ հետ եք մնացել:

Էլ ավելի ահավոր էր եւ բացասական արձագանքների արժանացավ հաջորդ «տրյուկը»՝ ոստիկան Յուրի Տեփանոսյանի զոհվելը պրոպագանդիստական նպատակներով շահարկելը: Դեպքից դեռ մի ժամ էլ չէր անցել, երբ ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել: Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986թ. ծնված Յուրի Տեփանոսյանը»:  Հետագա բոլոր հաղորդագրությունները նույն ոգով էին՝ նույն ձեւակերպումներով: Սովետական միլիցիայի պրոպագանդիստների «լավագույն» ավանդույթները շարունակողներին ստիպված ենք հիշեցնել, որ գոյություն ունի «անմեղության կանխավարկած» հասկացությունը, եւ ոչ ոք, կրկնում ենք՝ ոչ ոք, հատուկ օժտված ոստիկանական քարոզիչների համար երրորդում ենք՝ ՈՉ ՈՔ իրավունք չունի դեպքից րոպեներ անց, առանց համապատասխան փորձաքննության հայտարարելու, թե՝

ա) կրակել են ՊՊԾ գնդի տարածքից,

բ) կրակել է դիպուկահարը:

Այս դեպքում նույնպես ոստիկանական քարոզչական տեռորի հեղինակները հույսները դրել էին մարդկանց «միամտության» վրա: Կրկնենք՝ անցել են այդ ժամանակները, պարոնայք, դուք շատ հետ եք մնացել: Ավելացնենք, որ ոստիկանության հետագայում հրապարակած լուսանկարներն ու տեսանյութերը էլ ավելի խորացրին այս պրոպագանդիստական հնարքների նկատմամբ անվստահությունն ու անգամ համացանցում մեմեր տարածելու առիթ դարձան: Մինչդեռ մարդ էր զոհվել, ցավալի ու ցավակցելի է, ոչ թե սեփական ճղճիմ նպատակներով շահարկելի:

Վերջապես, այս ամբողջ պրոպագանդիստական տեռորի գագաթնակետը հուլիսի 31-ին ՊՊԾ գնդում գտնվող տղաների՝ զենքը վայր դնելուց եւ հանձնվելուց հետո տարածված պաշտոնական հաղորդագրությունն էր: Ահա այն.«ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ սույն թվականի հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է: ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին: Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է»(http://168.am/2016/07/31/669295.html): Նույն տեքստը՝ բառացի տարածել է նաեւ ՀՀ ոստիկանությունը:

Ինչո՞ւ ենք ասում, որ սա մաքուր պրոպագանդիստական տեքստ է: Որովհետեւ մինչ այդ ՊՊԾ գնդում գտնվող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարել էր բառացիորեն հետեւյալը. «Առաջացած իրավիճակում ունենք երկու տարբերակ՝ մարտի բռնվել ոստիկանության և այլ ծառայողների հետ, երկուստեք ծանր կորուստներ ունենալ, հեղելով այն մարդկանց արյունները, որոնք քիչ առնչություն ունեն այս ռեժիմի կայացրած որոշման հետ, մյուսը՝ չգնալ արյունահեղության և շարունակել պայքարը, մնալ ռազմագերու կարգավիճակում, շատ ծանր որոշում էր մեր համար, որոշեցինք ընտրել ռազմագերու կարգավիճակը:Մեր առաքելությունը համարում ենք կատարված:Ժողովրդական ընդվզումը համարում ենք կատարված, կա ժողովրդական շարժում, նոր զոհեր չտալու համար,մեր դեմ կանգնած են մարդիկ, որոնք պարտականություն են կատարում, որոշեցինք, որ այդ մարդկանց արյունը չենք ուզում, ռազմագերու կարգավիճակով շարունակում ենք պայքարել, մեր կյանքը ոչինչ ենք համարում»(http://blog.1in.am/blog/244718.html):

Համեմատենք երկու տեքստերը. Վարուժանն ասում է, որ իրենք արյունահեղությունից խուսափելու համար վայր են դնում զենքերը եւ հանձնվում, իսկ ուժային կառույցները հայտարարում են, թե իրենց գործողություններն են ստիպել վայր դնել: Ավելին, այս հաղորդագրության մեջ այդ օրերի ընթացքում երկրորդ անգամ օգտագործում են «ահաբեկիչ» եւ «հակահաբեկչան» բառերը (առաջին անգամ օգտագործել էին ՊՊԾ գնդի գրավման օրը, հետո դադարել էին այն կիրառել), որը նույնպես անմեղության կանխավարկածի խախտում է: Եվ վերջապես երրորդ պրոպագանդիստական ձեւակերպումը. «ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է»: Ումի՞ց…

Այս պրոպագանդիստական տեռորը ոչնչով չի տարբերվում ցուցարար ծեծող ոստիկանների գործողություններից: Երկուսն էլ մերժելի են:

Երեւի հարկ է հիշեցնել, որ նման հնարք կիրառողներին լավագույնս ծաղրել է չեխ գրող Կարել Չապեկը. «Թշնամին անպատկառորեն գնդակոծեց մեր ինքնաթիռները, որոնք խաղաղ ռմբահարում էին իր քաղաքները…»

Տեսա՞ք ձեզ էստեղ, պարոնայք պրոպագանդիստներ:

Share

Comments are closed.