Ճգնաժամային իրավիճակները ստիպում են հստակեցնել

լրագրողների աշխատանքին առնչվող շատ հարցականներ

 

Anna Israelyan

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Առցանց «Առավոտ»-ի խմբագիր
Երևան

 

Հազիվ կես տարում երկու արտակարգ իրավիճակ՝ ապրիլին ռազմական գործողությունների վերսկսում եւ հուլիսին «Սասնա ծռեր» զինյալ խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակակետային գնդի գրավում, որոնք երկուսն էլ օրախնդիր դարձրեցին նաեւ տեղեկատվության միջավայրի որոշ խնդիրների եւ անվտանգության հավելյալ կանոնակարգումները:

Ապրիլյան պատերազմից հետո լրագրողական աշխատանքի մասով հարցականներին պատասխան տալու փորձ արդեն արվել է: Պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Ուղեցույց հակամարտության գոտում մարտական գործողությունները լուսաբանող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար»: Այստեղ կարող ես գտնել ռազմական գործողությունների ժամանակ լրագրողի աշխատանքին առնչվող հարցականների շատ պատասխաններ, որոնք վերաբերում են եւ անվտանգության ապահովման կանոնների պահպանմանը, եւ միջազգային պայմանագրերով սահմանված կարգավորումներին, եւ գործածվող սահմանումներին:
Ուղեցույցի հեղինակներն անգամ հստակեցրել են, թե ինչ հագուստ ու կոշիկներ արժե կրել առաջնագիծ մեկնելիս, ինչ պետք է լինի լրագրողի պայուսակում եւ այլն:

Հստակեցված է նաեւ, թե ինչ չի կարելի հաղորդել: Ասենք, ուղեցույցի 4-րդ կետն է. «Խուսափեք հաղորդումների ժամանակ նշել զորամասերի իրական անվանումները, տեղակայման վայրերը»:

Իրական անվանումներ չնշելու հորդորը փաստացի չի՞ նշանակում կեղծելու առաջարկ: Տվյալ դեպքում զորամասերի անվանումները հրապարակելու արգելքն ավելի ազնիվ կլիներ, քան առաջարկը, որ ստեն: Սակայն տեղեկատվական պատերազմում մամուլի դերակատարության մասին խոսողները լրագրողների գործունեությունը, ըստ էության, հիմնականում այսպես էլ պատկերացնում են, որ պետք է տեղեկատվությունը խեղաթյուրվի կամ կոծկվի, քարոզչություն ու հակաքարոզչություն տարածվի եւ այլն:

Մինչդեռ ուղեցույցի հրապարակումից հետո էլ «Եղնիկներ» զորամասը մամուլում շարունակվում է ներկայացվել հենց այդպես, եւ ոչ ասենք որեւէ այլ կենդանու անունով:

Նույն կերպ խախտվում է նաեւ ուղեցույցի 10-րդ կետը. «Խուսափեք խոշոր պլանով նկարել ծառայությունը շարունակող զինծառայողին, ով խոցել է հակառակորդի ռազմական տեխնիկան, մարտի դաշտում ցուցաբերել բացառիկ հերոսություն: Հակառակորդի համար թիրախ չդարձնելու համար, զինծառայողին նկարել ոչ թե խոշոր պլանով, այլ հեռվից և կողքից»: Լրատվամիջոցները շարունակում են դիմանկարներ ու հարցազրույցներ հրապարակել ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում տանկեր խոցած զինվորների հետ, եւ սա արվում է ակնհայտորեն՝ ոչ առանց հրամանատարական կազմի թույլտվության: Այսինքն՝ ՊՆ-ում խնդիր կա, որ առաջնահերթ հենց իրենք հետեւեն ուղեցույցի նման դրույթների պահպանմանը:

Այսուհանդերձ, դրական է, որ լրագրողների առաջարկները նման ուղեցույցի անհրաժեշտության մասին անարձագանք չմնացին, ու հիմքը ստեղծված է, իսկ կատարելագործելու ու լրամշակելու հնարավորություն միշտ կա:

Մինչդեռ երկրորդ ճգնաժամային իրավիճակի՝ «Սասնա ծռերին» առնչվող իրադարձությունների լուսաբանմանն առնչվող հարցականների պատասխանը առաջին հայացքից անհնարին է թվում տալ մի ձեռնարկով: Նման իրավիճակներում հասարակության պես՝ մամուլն էլ է բեւեռանում, եւ լուսաբանումները թելադրվում են ըստ այն հարցի պատասխանի, թե կո՞ղմ ես կամ դե՞մ տվյալ գործողություններին: Հունիսյան իրադարձությունների ընթացքում գրեթե չեղան ԶԼՄ-ներ, որոնց հաջողվեց պահպանել զուտ լրագրողական կեցվածք ու կատարվածը չլուսաբանել ըստ տվյալ խմբի նկատմամբ համակրանքի ու հակակրանքի:

Սակայն այս դեպքում նաեւ դժվար էր մատուցել զուտ տեղեկատվություն՝ առանց վտանգի, թե կարող ես խախտել ինքնակարգավորման կամ Քրեական օրենսգրքի դրույթները:

Սկսենք ինքնակարգավորումից։ «ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնի» 5.4 կետն է. « Զգույշ լինել ահաբեկչական գործողությունների վերաբերյալ տեղեկություններ տարածելիս, բացառել ահաբեկիչների նկատմամբ համակրանք առաջացնող սյուժեները եւ հաղորդագրությունները, նրբանկատ լինել իրադարձությունների ականատեսների նկատմամբ` որպես տեղեկատվության աղբյուրների, խուսափել պատանդների եւ հնարավոր զոհերի հարազատների եւ ընկերների բացահայտումից` առանց իրենց համաձայնության»:

Խախտվե՞ց, արդյոք, այս կետը: Մինչ «Սասնա ծռերի» հանձնվելը եւ հետո, երբ նրանց վերաբերյալ դատարանները կայացրեցին կալանման առաջին որոշումները, ու նախաքննական մարմինը մեղադրանքներ առաջադրեց՝ ահաբեկչության հոդվածը դրանց շարքում չէր:

Սակայն այն պահից, երբ ՊՊԾ գնդում զինյալների վերահսկողության ներքո հայտնվեցին քաղաքացիական անձինք (բժիշկները), իրավաբանները սկսեցին չբացառել, որ ահաբեկչության այդ մեղադրանքը եւս կարող է առաջադրվել: Եթե այդ կանխատեսումներն իրականության դառնան՝ արդյոք, խնդրահարույց չե՞ն լինի վարքականոնը ստորագրած այն ԶԼՄ-ների գործողությունները, որոնք  իրենց սյուժեներով նպաստում էին «Սասնա ծռերի» նկատմամբ համակրանքի խորացմանը:

Հիշեցնենք, որ խմբավորման 31 անդամներից հազիվ 7-ն էին հայտնի՝ Վարուժան Ավետիսյանը, Պավլիկ Մանուկյանը, Արա Խանդոյանը («Միայնակ գայլ»), Վարդան Գերավետյանը, Գագիկ Եղիազարյանը, Արամ Հակոբյանը եւ նկարիչ Աշոտ Պետրոսյանը: Սակայն խմբին համակրող լրատվամիջոցները բոլոր 31-ին հռչակեցին հայտնի դեմքեր ու պատերազմի հերոսներ: Մինչդեռ անգամ մեկ անուն չկարողացան հավելել ոստիկանության հրապարակած պնդմանը խմբի վերաբերյալ. «Զինված ուժերում ծառայել եւ ազատամարտին մասնակցել են միայն 10-ը, մյուսները զուտ քաղաքացիական անձինք են»: 

Պատանդների հետ նրանց վարմունքի վերաբերյալ ակտիվորեն շրջանառվում էին բացառապես «Սասնա ծռերից» ստացած լուրերը: Գրեթե ոչ մի լրատվամիջոց չխուսափեց ձեռնպահ մնալ այդ՝ գուցե նաեւ ինքնապաշտպանական բնույթ ունեցող լուրերի հրապարակումից առնվազն մինչեւ դրա հաստատումը կստանային երկրորդ աղբյուրից՝ կխոսեին իրենք, պատանդները:

Եվ առավել եւս ոչ մեկի մտքով չէր անցնում պահպանել վարքականոնի այն նորմը, որ վերաբերում է պատանդների բացահայտումից խուսափելուն ու ականատեսների նկատմամբ նրբանկատ լինելուն:

Իրավաբանների մեկնաբանության կարիք կա՝ արդյո՞ք լրատվամիջոցները չէին խախտում «Քրեական օրենսգրքի» 301 հոդվածի դրույթները, երբ հնչեցնում էին զինված ապստամբության վերաբերյալ «Սասնա ծռերի» կոչերը: Միայն մի օրինակ՝ լրագրողների հետ ասուլիսի ժամանակ, որն ուղիղ եթերով հեռարձակում էին մի շարք կայքեր՝ Սեդրակ Նազարյանը կոչ էր անում ճեղքել ՊՊԾ գնդի շրջափակումը. «Թող ճեղքեն, բենզինի շշերով, քարերով, մանդիրովկեքովհայերը լավ կռվել գիտեն: Թող չնստեն լոփոլոփո պատերի տակ խոսան, բենզինի շիշը վերցնեն, տան իր ճանապարհը փակողի գլխին»: Նաեւ լրագրողներին էր կոչ անում. «Կամերան շպրտեք էն յան՝ ելեք փողոց: Բենզինը վերցրեք՝ ելեք վառեք, ելեք ջարդեք, ելեք, փշրեք»: «Սասնա ծռերի» անդամները գրեթե ամեն հարցազրույցում էին հնչեցնում համանման՝ զինվելու ու փողոց դուրս գալու կոչեր: Արդյոք, այս ամենը չե՞ն կարող որակվել իբրեւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր, որոնք, ի դեպ, ՔՕ 301 հոդվածի համաձայն պատժվում են տուգանքով կամ կալանքով. «Կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Որեւէ երկրում նման գործողություն կատարած զինյալ խմբին դժվար թե ուղիղ եթեր տրամադրեր, «Ալ Ջազիրայից» ու նման կայաններից բացի, որեւէ լուրջ լրատվամիջոց: Սակայն Հայաստանում «Սասնա ծռերի» ասուլիսին լրագրողների մասնակցությունը լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները համարեցին արդարացված՝ հանրությանը տեղեկություններ փոխանցելու ԶԼՄ-ների առաքելությունը հաշվի առնելով:

Գուցե եւ այդպես է: Այսուհանդերձ, ասուլիսի ողջ ընթացքում «Սասնա ծռերի» անդամները զենքերը մի կողմ չտարան, ոմանք անգամ լրագրողների հետ շփվելիս մատը ատրճանակի ձգանից չէին հեռացնում, ոմանց ավտոմատի ապահովիչն էր բացված, ու ի վերջո Աշոտ Պետրոսյանը սկսեց օդ կրակել՝ ինչպես նախապես զգուշացրեց լրագրողներին, ցանկանալով ի պատիվ խոսքի ազատության «լուսավորել երկինքը»: «Հասկանո՞ւմ են, արդյոք, էն ջահել երեխեքը, որոնք այսօր այնտեղ էին, և իրենց խմբագիրները, թե ինչ քյալակից են պրծել»,- «Մեդիագրագիտություն» խմբում այդ օրը գրել էր «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

Սա նման իրադարձություն լուսաբանելու մեր առաջին փորձն էր: Եվ հաշվի առնելով, որ զենքի միջոցով քաղաքական հարցեր լուծելու այս փորձը լեգիտիմացվեց հանրության մի զգալի հատվածի կողմից՝ վախենամ, թե սա նաեւ վերջին փորձը չէր: Ըստ այդմ, ինչպես ռազմական գործողությունների պարագայում ստեղծվեց ԶԼՄ-ների համար ուղեցույց, թերեւս անհրաժեշտություն կա նաեւ նման մի ձեռնարկի այսօրինակ իրավիճակների համար, որտեղ նույնպես կլինեն խորհուրդներ գործածվելիք բնորոշումների վերաբերյալ, եւ էլի՝ թե անվտանգության ինչ միջոցներ պետք է ձեռնարկի լրագրողը եւ զինյալների, եւ ոստիկանական ուժերի հնարավոր վնասները չեզոքացնելու կամ գոնե նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Իսկ եթե հնարավոր չէ նման ընդհանրական մի փաստաթուղթ մշակել՝ խմբագրությունները գոնե կարող են ստեղծել սեփական ուղեցույցներ:

Share

Comments are closed.