Մենք պետք է ունենանք Սփյուռքի մասին հստակ պատկերացում

Հարցազրույց ԼՂՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի  նախագահ, ՙԺողովրդավարություն՚ խմբակցության անդամ
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ հետ:

 

 

-Պարոն Աթանեսյան, ինչպե՞ս եք գնահատում աշխարհասփյուռ հայության հետ հայկական երկրորդ պետականության համագործակցության ներկայիս մակարդակը: 

-Որպես քաղաքական ուժ, որը 2007 թվականին պաշտպանել է ԼՂՀ գործող նախագահի թեկնածությունը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը կիսում է նախագահ Բակո Սահակյանի պատկերացումները` Արցախ-Սփյուռք-Հայաստան եռամիասնության վերաբերյալ: Բայց դիրքորոշումը` դիրքորոշում, ցանկությունը` ցանկություն, մենք պետք է ունենանք Սփյուռքի մասին հստակ պատկերացում:  Սփյուռքը շատ բազմաշերտ, սոցիալապես, մշակութապես, նույնիսկ լեզվական առումով, էլ չեմ խոսում քաղաքականի մասին, շատ բարդ օրգանիզմ է, որին, դժբախտաբար, մենք վերաբերում ենք որպես մեկ ամբողջականություն: Մենք այսօր ելնում ենք այն կանխադրույթից, որ կա Արցախի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն, եւ կա Սփյուռք` որպես մեկ ամբողջական միասնական մարմին:  Մենք պետք է ելնենք ոչ թե այն կանխադրույթից, որ Սփյուռքը պետք է մեզ աջակից լինի այսօր, այլ որ մենք ինքներս պետք է աջակից լինենք, որպեսզի Սփյուռքը մնա` գոնե այնքանով, որքանով, որ կա:

-Ըստ Ձեզ` ինչպե՞ս է օգտագործվում Սփյուռքի ներուժը ԼՂՀ ճանաչման գործընթացին նպաստելու ուղղությամբ:

– Սփյուռքից պետք չէ ավելին պահանջել: Գործընթացին պետք է մենք նպաստենք, ոչ թե Սփյուռքը, այսինքն մենք ինքներս պետք է գաղափար առաջարկենք ֆրանսահայությանը, ամերիկահայությանը եւ այլն, թե ինչպես պետք է գործեն: Պետք է հաշվի առնենք, որ, դիցուք, պարսկահայը պատգամավոր է մի պառլամենտում, որը իսլամական երկիր է, կրոնապետություն, եւ այդ երկրում մի քանի հայ պատգամավորներ չեն կարող միանշանակ ոտքի կանգնել եւ ասել, որ Իրանի կառավարությունը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը:  Խնդրի լուծումը պետք է սկսել ոչ թե հայկական մաքսիմալիզմով, այլ` նվազագույնից: Դա հետեւյալն է` ինչպես կարող ենք նպաստել, որպեսզի ԼՂՀ-ն 20 տարի հետո լինի դարձյալ ԼՂՀ` ճանաչված, չճանաչված: Դարձյալ լինի, մնա: Սփյուռքի օժանդակությունը լոբբիստական է: Դա էլ իր հերթին պետք է ճիշտ իրականացնել, ոչ թե Բրայզայի Ադրբեջանում դեսպան նշանակելուն խոչընդոտելու տրամաբանությամբ: Պե±տք էր, արդյոք, այդքան էներգիա ծախսել եւ ի վերջո գալ հերթական ֆիասկոյի` առնվազն քարոզչական մակարդակով, երբ ամբողջ թուրքական  եւ ադրբեջանական մամուլում ծաղրուծանակի էին ենթարկվում հայկական Սփյուռքի հնարավորությունները:

-Սփյուռքից մենք հիմնականում ֆինանսական օգնություն ենք ակնկալում, իսկ ինչու՞ պահանջված չէ սփյուռքահայության ինտելեկտուալ ներուժն Արցախում: 

-Ինձ թույլ եմ տալիս ասել, որ նախ ինքը` Սփյուռքը որպես այդպիսին ինտելեկտուալ հնարավորություններ չունի` զուտ որպես ազգային ինտելեկտ: Դա ռուսական, ամերիկյան, պարսկական կամ այլ ինտելեկտ է: Այդ մարդիկ իրենց ինտելեկտը ձեւավորել են այն միջավայրում, որտեղ ծնվել են: Եւ երկրորդ, որ ամենակարեւորն է, եթե կա ինտելեկտ` դա կարելի է փոխակերպել դեպի ազգային նպատակ, բայց կարծում եմ, որ Ղարաբաղում ինտելեկտուալ պահանջվածությունը չի դրսեւորվում որպես պետական շինարարության համար հիմնակազմիչ: Այս դեպքում ո±վ պետք է իր ինտելեկտը ծառայեցնի, եթե դու չունես այդ ինտելեկտի պահանջվածությունը: Սա հետպատերազմական սինդրո՞մ է, թե՞ այլ բան, դժվարանում եմ գնահատել: Գտնում եմ, որ մեր թիվ մեկ խնդիրը` էքսպանսիան, էքսպանսիվ մտածողությունը կառուցողական, ուտիլիտար-մենեջերային մտածողության փոխակերպումն  է: Այս տրանֆորմացիան մեր մտածողության մեջ պետք է լինի, այսինքն մենք պետք է ունենանք սերունդ, որը քաղաքակիրթ է, արտաքին աշխարհի հետ հարաբերվում է առանց բարդույթների, պաշտպանում է իր տնտեսական շահը` հանուն իր ազգային տնտեսության կայացման: Մենք կամ մեկը ունենք կամ մյուսը, գուցե դա ժամանակի կամ հնարավորությունների համատեղման խնդիր է, բայց, կարծում եմ, ժամանակը կարող ենք գտնել` հաճելին եւ օգտակարը համատեղելու համար:

Ինտելեկտը եւ էքսպանսիվ հայրենասիրությունը, տնտեսական պրագմատիզմը եւ մշակութային կոլորիտի ստեղծումը չենք կարողանում համատեղել, մենք առանձին-առանձին ունենք այդ ամենը: Մենք ունենք էքսպանսիվ հայրենասիրական սերունդ, բայց քաղաքականապես կազմակերպումը մեզ պակասում է: Եթե ունենանք այդ ինստիտուցիոնալացված պրագմատիզմը, էքսպանսիվ հայրենասիրությունը, տնտեսական ուտիլիտարիզմը եւ համընդհանուր միջավայրի ընկալումը, որը ունեն, ասենք, ամերիկացիները, այստեղ Սփյուռքի կարիքն արդեն չի զգացվելու, որովհետեւ ինքը` Սփյուռքը, ներգրավվելու է: Մենք չպետք է արհեստականորեն կազմակերպենք համահայկական ինչ-որ ֆորում, որպեսզի ինչ-որ մարդու Սիդնեյից բերենք այստեղ, կամ այստեղից մարդուն կապենք Սիդնեյում ապրող մարդու հետ: Ինֆորմացիոն այս դարում, որտեղ ոչ մի գաղտնիք չկա, եթե մարդը Սիդնեյում զգա, որ Լեռնային Ղարաբաղում ունի գործընկեր, ապա անկախ նրանից ավստրալացի է, անգլիացի է, թե հայ` գտնելու է այդ մարդուն: Այդ ինտեգրացիան տեղի է ունենալու, եւ սխալ է ասել, որ անպայման հայը հայի հետ պետք է ինտեգրվի: Մենք պետք է, լինելով հայ, կարողանանք մեր մեջ հայտնագործել աշխարհաքաղաքացիության տարրեր, որպեսզի այդ մարդկանց հետ կարողանանք քննարկել մեզ հուզող հարցերը: Հակառակը չկա: Եթե մենք ուզում ենք մեր ազգայնականությունը, ինքնուրությունը պահպանել` դրանք պետք է ձեւակերպենք այստեղ` Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, եւ այդ խնդիրը որպես աշխարհաքաղաքականության մաս ներկայացնենք աշխարհաքաղաքացի դարձած Սփյուռքին, որը դեռ իր խորքում կարողացել է պահպանել ազգայնականության եւ ազգային ինքնագիտակցման  գաղափար:

-Ի՞նչ եք կարծում` ինչու՞ Սփյուռքն Արցախում բավարարվում է իշխանությունների հետ հումանիտար բնույթի համագործակցությամբ եւ համագործակցության եզրեր չի որոնում հանրային ոլորտում, գործուն քայլեր չի ձեռնարկում Արցախում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության արմատավորման ուղղությամբ: 

-Դա Սփյուռքի ի±նչ գործն է: Ես չեմ միջամտում, թե ինչպես է ապրում պարսկահայը, բացարձակապես: Հարգում եմ այդ մարդու իր երկրում ապրելու իրավունքը, եւ մտածել, որ սփյուռքահայը պետք է գա  ու ասի, թե ինչպես պետք է ապրեմ իմ երկրում, հայրենիքում` ես դա չեմ ընդունում: Դա շատ վտանգավոր երանգ է, որ փորձում ենք դնել Սփյուռք-Հայրենիք հարաբերություններում: Եթե սփյուռքահայությունը դոնորական օժանդակություն է ցուցաբերել ՀՀ-ին եւ ԼՂՀ-ին, ապա դա չի նշանակում, որ Սփյուռքը կարող է այստեղ որոշել քաղաքական համակարգը կամ վերագրել, որ ես ազատ չեմ ապրում, կամ ինչ-որ գնահատականներ տալ այն երեւույթներին, որ այստեղ կատարվել են: Այսօր Հայաստանի քաղաքական դաշտի, ՀՀ եւ ԼՂՀ իշխանության մարմինների ձեւավորման իրավասությունը պատկանում է այս երկու հանրապետություններում ապրող 3-3.5 մլն հայությանը: Սա չի նշանակում, որ մենք սփյուռքահայերին զրկում ենք ինչ-որ բանից: Հայաստանը ունի, դժբախտաբար ԼՂՀ-ն դեռեւս չի հասել այդ մակարդակին, երկքաղաքացիության օրենք. այն մարդիկ, ովքեր լինելով այլ երկրի քաղաքացի,  ընդունել են նաեւ ՀՀ քաղաքացիություն, ազատ են մասնակցելու Հայաստանի քաղաքական կյանքին եւ կայացնելու որոշումներ որպես քաղաքացիներ:

-Սփյուռքի հետ հարաբերությունները դիտարկելիս սովորաբար խնդրո առարկան այն է լինում, թե ինչ կարող է այն տալ ԼՂՀ-ին: Իսկ երկրորդ հայկական պետականությունն ի՞նչ կարող է տալ Սփյուռքին:

-Կարծում եմ` ոչինչ: Ոչինչ, եթե իհարկե քնարական չլինենք եւ չասենք, որ ղարաբաղյան շարժումը ընդհանրապես ամբողջ հայությանը ներարկեց արժանապատվություն: Ասել, որ դա միայն Ղարաբաղում ապրող մարդկանց պոռթկումն էր, այս էլ, իմ կարծիքով, իրականությանը չի համապատասխանում: Եթե չունենայինք Սփյուռքի մեծ հոգեբանական եւ հումանիտար օժանդակությունը, ընդհանրապես այստեղ կմեռնեինք, կհանձնվեինք: Այս էլ պետք է խոստովանենք: Մեր օգնությունը Սփյուռքին այստեղ մեր ապրելն է: Եթե չենք համալրում Սփյուռքը, նրա համար հոգս չենք դառնում, ապա դա արդեն մեծագույն նվեր է: Մենք չպետք է անհանգստացնենք Սփյուռքին ու համալրենք որբերի, ողորմելիների, հումանիտար օգնության սպասողների հերթերը: Սա արդեն մեր արժանապատվության խնդիրն է:

-Ինչպիսի՞ն եք պատկերացնում Արցախ-Սփյուռք հարաբերություններն ապագայում:

– Եթե արժանապատիվ գտնվենք եւ հասնենք ճանաչման, մենք կլինենք բաց բոլորի, եւ հատկապես սփյուռքահայերի համար: Եթե լինենք արժանապատիվ պետություն, ապա կընդունենք քաղաքացիության մասին օրենք եւ մեր հարաբերությունները սփյուռքահայերի հետ կկարգավորենք օրինական դաշտում: Այսինքն, այն մարդիկ, ովքեր ցանկություն կունենան լինել ԼՂՀ քաղաքացի` կլինեն մեր երկրի քաղաքացիները եւ, բնականաբար, սա կլինի իրենց նաեւ քաղաքացիական հայրենիքը:  Գուցե ուրիշներն ասեն, որ ինչ-որ բան կարող ենք տալ կամ հայրենասիրություն, ես չեմ կիսում: Ի±նչ հայրենասիրություն է քո սեփական տունը պահպանելը:

Share

Comments are closed.