Աշխատատար համաձայնագիր՝ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև

 Սիրիայում հրադադար հաստատելու համար

John Kerry et Sergueï Lavrov à Genève, le 9 septembre 2016. FABRICE COFFRINI / AFP

Շատ դժվար էր այս փոխզիջմանը գալը, և նույնիսկ եթե այն հարգվի երկուշաբթի՝ սեպտեմբերի 12-ին սկսվող Էյդի տոնակատարությունների առաջին օրերին, ոչ մի երաշխիք չկա, որ այն մի քանի շաբաթից ավել կտևի և թույլ կտա Սիրիայում վերսկսել խաղաղ կարգավորման գործընթացը: Ժնևում 10 ժամ տևած ծանր բանակցություններից հետո՝ սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին և նրա ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովին հաջողվել է հասնել համաձայնության, որը նրանք համարում են «խոշոր», քանի որ այն կնքվել է հուլիսի կեսերից սկսած կես տասնյակ հանդիպումների և ամերիկացի դիվանագետի Մոսկվա այցի քննարկումների արդյունքում:

Համաձայնագրի տեքստը մասնավորապես ենթադրում է հրադադարի հաստատում երկուշաբթի օրվանից սկսած, և եթե մարտերի այդ դադարեցումը 7 օր ձգվի, մարդասիրական գործողությունների համար անվտանգ միջանցքները, ինչպես նաև տեղեկատվությամբ փոխանակվելուն ծառայող «ընդհանուր հրամանատարական կենտրոնի» միջոցով իսլամիստական խմբավորումների դեմ համակարգված գործողությունները թույլ կտան սահմանազատել նախկին Ալ Նոսրա ճակատի և ընդդիմության տարածքները:

«Մենք կոչ ենք անում սիրիացի բոլոր շահագրգիռ կողմերին՝ աջակցելու Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կողմից կազմված ծրագրին, որպեսզի (…) քաղաքական գործընթացի միջոցով հնարավորինս շուտ վերջ դրվի այս աղետալի հակամարտությանը», – մեկնաբանել է Ջոն Քերրին: Նրա ռուսաստանցի գործընկերը հայտարարել է, որ, չնայած տևական անվստահությանը, երկու կողմերը 5 փաստաթուղթ են մշակել՝ համակարգված կերպով պայքարելու ահաբեկչության դեմ և վերահաստատելու փետրվարյան հրադադարը՝ բարելավված տարբերակով: Կողմերի համաձայնությամբ պահպանվում է այս տեքստերի բովանդակության գաղտնիությունը: «Սա անհրաժեշտ նախապայմաններ է ստեղծում վերսկսելու քաղաքական գործընթացը, որ երկար ժամանակ է՝ դադարեցվել է», – նշել է Լավրովը՝ ընդունելով, որ 100%-ով չի կարող երաշխավորել, թե այս նոր ծրագիրը հաջողություն կունենա:

Առանց մանրամասներն իմանալու դժվար է գնահատական տալ երկու երկրների կողմից ստանձնած պարտավորությունների բովանդակությանը, երբ նրանք միաժամանակ հովանավորում են 2015 թվականի աշնանը մեկնարկած խաղաղության հաստատման գործընթացը և աջակցում դիմակայության հակադիր կողմերին: Հատկապես կարևոր է հրադադարի մշտադիտարկման հարցը: «Վտանգն այն է, որ այս համաձայնագիրը կարող է մնալ միայն թղթի վրա», – զգուշացնում էր Փարիզը դեռ քննարկումների արդյունքները հայտարարելուց առաջ:

 

«Սա պետք է վերջ դնի բարելային ռումբերին» 

Փետրվարի 27-ին ուժի մեջ մտած «Ընդհարումների դադարեցումը», որը թույլ էր տվել վերսկսել բանակցությունները Ժնևում, ընդամենը 1 ամիս էր տևել: Բանակցությունների գերագույն խորհրդում հավաքված ընդդիմությունը որոշել էր լքել բանակցությունների սեղանը՝ դատապարտելով շարունակվող կոտորածները. վարչակարգի ավիացիան, փաստորեն, շարունակում էր ապստամբների տարածքներում ռմբակոծել քաղաքացիական անձանց, իսկ ռուսներն իրենց զանգվածային հարվածները բոլոր ընդդիմադիր ուժերի, այդ թվում՝ Արևմուտքից և արաբական մայրաքաղաքներից աջակցություն ստացողների ուղղությամբ:

«Օբամայի վարչակազմը՝ Միացյալ Նահանգները, ընդառաջ քայլ են անում, քանի որ կարծում ենք, թե Ռուսաստանը և իմ գործընկերը հնարավորություն ունեն ճնշում գործադրելու Ասադի վարչակարգի նկատմամբ՝ վերջ դնելու հակամարտությանը և վերադառնալու բանակցությունների սեղան՝ խաղաղություն հաստատելու համար», ցանկանում է հավատալ պրն. Քերրին՝ հավելելով, որ համաձայնագրի «հիմքում» ընկած է ռեժիմի խոստումը՝ զերծ մնալ ապստամբների գոտիներում ռմբակոծություններից, նույնիսկ նախկին Ալ Նոսրա ճակատում ջիհադիստներին ոչնչացնելու համար: «Պետք է վերջ դնել բարելային ռումբերին, վերջ տալ ռմբակոծություններին առանց խտրականության, և սա կարող է փոխել հակամարտության բնույթը», – հույս է հայտնում ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, ով հրավիրում է չափավոր ընդդիմության մարտիկներին բաժանվելու ջիհադիստական խմբերից, հակառակ դեպքում՝ նրանք կդառնան հետագա հարվածների թիրախը:

Բազմաթիվ կասկածներ են մնում, քանի որ Փարիզը և հայտնի որպես «մերձավորություն» խմբի անդամ երկրների մեծամասնությունը, այսինքն՝ արևմտյան երկրները, որոնցից Միացյալ Նահանգները և արաբամուսուլմանական մայրաքաղաքներն ի սկզբանե կանգնած էին սիրիական հեղափոխության կողքին, սեպտեմբերի 7-ին հավաքվել էին Լոնդոնում, շեշտելով «ամուր համաձայնության» անհրաժեշտությունը:

Տարբեր պատճառներից ելնելով՝ ՎաշինգտոնըՄոսկվայից ավելի շատ է ցանկացել արագորեն հասնել արդյունքի: Օբամայի վարչակազմը, որի արդյունքները Սիրիայում դառնում են պակաս համեստ, ցանկանում էր որպես սեփական բրենդ ներկայացնել այս պլանը սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ: Կրեմլը, որն սկսել է Սիրիա իր ռազմական միջամտությունը 2015 թվականի սեպտեմբերին, դրանով իսկ հաջողացրել է վերականգնել առաջատարի դերը Մերձավոր Արևելքում: Տարածաշրջանն առանցքային նշանակություն ունի Ռուսաստանի՝ միջազգային ասպարեզ մեծ վերադարձի համար, և երկիրը, ինչպես ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ, անմիջական շփման մեջ է մտնում ԱՄՆ-ի հետ: Սակայն Պուտինը, կարծես, նաև տեղյակ է սիրիական ճահճում խորտակվելու վտանգի մասին:

«Ռուսաստանն իրականացնում է պատերազմող կողմի իր դերը»

Պրն. Օբամայի մոտ հարցերն առավել հրատապ են՝ նույնիսկ եթե նա ճգնաժամից դուրս գալու ելքեր է փնտրում: Այստեղից է գալիս այս բանակցությունների անհավասարակշիռ բնույթը: «Ռուսաստանը լիարժեք կերպով իրականացնում է պատերազմող կողմի իր դերը՝ ռազմական աջակցություն ցուցաբերելով ռեժիմին իր բոլոր հակառակորդների դեմ պայքարում, մինչդեռ Միացյալ Նահանգները ցանկանում է գլխավոր բանակցողը լինել Իսլամական Պետություն կազմակերպության և Ալ Քաիդայի դեմ պայքարում», – ընդգծում է արևմտյան դիվանագետներից մեկը: Բացի այդ, Վաշինգտոնի համար կարևորագույն է Ւրաքի, քան թե Սիրիայի հարցը: Ինչպես սիրիական ընդդիմությունը, այնպես էլ շատ պետություններ վրդովվում են Ջոն Քերրիի որոշակի ճարպկությունից, ով չափազանց հաճախ հակված է երերուն փոխզիջումներ ընդունելուն: «Չենք կարող բանակցել՝ ասելով, թե «մեզ ամեն գնով գործարք է պետք», նույնիսկ եթե այդպես ենք կարծում», – դժգոհում է ֆրանսիացի մի դիվանագետ: Այս տեսակետը կիսում են պետդեպարտամենտի շատ դիվանագետներ, որոնք զայրացած են պրն. Լավրովի հետ անընդհատ դեմ առ դեմ անարդյունավետ հանդիպումներից:

Ողջունելով համաձայնագիրն իր բոլոր անհայտ կողմերով հանդերձ՝ բոլորը զգուշավորություն են պահպանում. սկսած Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Իշտաֆան դե Միստուռայից, ով հույս ունի, որ «այն քաղաքական կամքը, որը հանգեցրել է այս համաձայնագրին, կլինի կայուն»: Նույնիսկ եթե պահպանվի, ամենաբարդն է սկսվում. Ժնևում վերսկսել խաղաղության համար բանակցությունները, չնայած Մոսկվայի՝ ռեժիմի գոյատևումն ապահովել ցանկանալուն և Բաշար ալ Ասադի իշխանության պահպանմանը վստահելի այլընտրանքի պակասին, երբ սիրիական ընդդիմությունը պահանջում է նրա անմիջապես հեռացումը, իսկ Արևմուտքը շարունակում է հիշեցնել, որ «դա ոչ մի կերպ չի կարող արտացոլել Սիրիայի ապագան», նույնիսկ այն դեպքում, եթե նրանք համաձայնեն, որ գործընթացի սկզբում նա իր պաշտոնին մնա:

Հատուկ «Անալիտիկոնի» համար ֆրանսերենից թարգմանեց Աննա Սեթաղյանը

Բնօրինակը՝ Le Monde

 

Share

Comments are closed.