«Թթվածին՝ հրեշի համար». Գարրի Կասպարով

«Թթվածին՝ հրեշի համար». Գարրի Կասպարով

Ռուսաստանցի քաղաքական գործիչ, շախմատի աշխարհի չեմպիոն, «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամի» միջազգային խորհրդի ղեկավար Գարրի Կասպարովն «Ազատություն» ռադիոյի կայքէջում հրապարակած իր «Թթվածին՝ հրեշի համար» հոդվածում, մեկնաբանելով Ռուսաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունները, գրում է.

Ռուսաստանում այսպես կոչված խորհրդարանակն ընտրություններին մնացել է երկու շաբաթից պակաս, այնպես որ արդեն իսկ կարելի է որոշ եզրահանգումներ անել մեր աչքի առաջ կատարվածից։ Այն, ինչ տեսնում ենք հիմա, ի ցույց է դնում «ընտրություններին» ընդդիմության մասնակցության ոչ միայն անիմաստությունը, այլև կոնկրետ վնասը՝ պուտինյան վարչակարգին դիմակայելու տեսանկյունից։Առաջին տարին չէ, որ բացարձակ ակնհայտ է՝ Ռուսաստանում ընտրություններ անվանվող ընթացակարգը ոչ մի առնչություն չունի իշխանության մասին հարցի որոշման հետ, այլ պարզապես հանդիսանում է վարչակարգին լեգիտիմության երևութականություն հաղորդող իմիտացիոն մեխանիզմ։ Չնայած դրան, իրենց ընդդիմադիրներ հորջորջող քաղաքական գործիչները նորից ու նորից ձգտում են մասնակցել այդ գործընթացին, չհասկանալով կամ չհասկանալու տալով, որ դրանով իսկ իրենք կամա թե ակամա գործում են Կրեմլի օգտին, նպաստելով ռուսաստանյան քաղաքացիների ներգրավմանը մի քաղաքական գործընթացի, որի արդյունքը կանխորոշված է։ Այդկերպ վարվելով՝ նրանք իրենց մակաբույծի պես են պահում, շահարկելով հանրության մարդկայնորեն հասկանալի ձգտումը՝ հավատալու անցնցում բարեփոխումներին։ Խնդիրը, սակայն, կայանում է նրանում, որ Ռուսաստանը վաղուց է անցել անշջելիության այն կետը, որից հետո անցնցում բարեփոխումները (այդ թվում՝ ընտրական գործընթացների միջոցով) արդեն անհնար են, ավելին՝ որքան երկար տևի ներկայիս վարչակագրի հոգևարքը, այնքան ավելի մասշտաբային ցնցումներ են սպասվում Ռուսաստանին։ Ընտրություններին մասնակցելու կարևորության մասին իրնց դատողություններով «ընդդիմադիրները» թեժացնում են մարդկանց մոտ առկա արհեստական հույսերը, դրանով իսկ խոչընդոտելով այս կամ այն իրական բարեփոխմանը։

Ընտրական խաղերին ընդդիմության մասնակցության կողմնակիցների փաստարկները լիովին անտեսում են երկրում առկա քաղաքական իրողությունները և հատկապես այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել վերջին մի քանի տարում։

Հարկ է փաստել, որ պուտինյան վարչակարգը գործնականում ավարտել է փոխակերպումը՝ այսպես կոչված հիբրիդային տիպի վարչակարգից լիարժեք ամբողջատիրության (տոտալիտարիզմի)։ Հասկանում եմ, որ սույն թեզիսը կարող է կասկածամտորեն ընդունվել, քանի որ ամբողջատիրությունն առօրյա ընկալման մեջ ասոցացվում է առաջին հերթին զանգվածային ռեպրեսիաների հետ։ Սակայն իրականում ամբողջատիրության հիմնական բնորոշիչ հատկանիշը հանդիսանում է իշխանություների ձգտումը՝ վերահսկելու քաղաքացիների ոչ միայն գործողությունները, այլև նրանց մտքերը։ Բավական է ծանոթանալ այնպիսի «մտահանցագործությունների» համար դատավճիռների վիճակագրությանը, որպիսին են հրապարակումները և «լայքերը» սոցիալական ցանցերում, ինչպես նաև հետևել քարոզչամեքենայի կողմից իրականացվող «ուղեղների լվացման» հաճախականությանը, համոզվելու համար, որ ամբողջատիրությունը Ռուսաստանում դաժան իրականություն է։ Իսկ քաղաքական պայքարում որպես գործիք ընտրությունների օգտագործումը սկզբունքորեն անհնար է ամբողջատիրության պայմաններում։

Ավելին՝ այն դեպքերում, երբ համակարգն այս կամ այն պատճառով անսարքություն է դրսևորում և չի զտում իր համար իրական վտանգ ներկայացնող մարդուն, ապա գոպծի են դրվում ավելի արմատական մեթոդներ՝ պատգամավորական մանդատից զրկված Գենադի Գուդկովի, Իլյա Պոնոմարյովի և Լև Շլոսբերգի օրինակները, ինչպես նաև Յարոսլավլի քաղաքապետ Եվգենի Ուշակովի ողբերգական ճակատագիրն ի ցույց են դնում «վարչակարգի վրա ներսից ազդելու» խոսակցությունների բացարձակ անիմաստությունը։

Կարևոր է նաև հասկանալ գալիք ընտրությունների միջազգային-իրավական նշանակությունը։ Ռուսաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ դաշնային ընտրություններ են անցկացվալու զավթված տարածքներում՝ Ղրիմում և Սեվաստոպոլում։ Արդեն իսկ հիմա է ակնհայտ, որ Կրեմլը փորձելու է այդ ընտրություններն օգտագործել որպես իրականացված անեքսիայի լեգիտիմացման գործիք։ Ընտրությունների արդյունքների ճանաչման մասին ինչպես առանձին պետությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների կողմից ցանկացած հնարավոր հայտարարություն ռուսաստանյան իշխանությունները հանրային հարթությունում մեկնաբանելու են որպես Ռուսաստանին Ղրիմի և Սեվաստոպոլի պատկանելության անուղղակի ճանաչում։ Տրամաբանությունը միանգամայն պարզ է՝ ընտությունների լեգիտիմության ճանաչումը նշանակում է դրանց լեգիտիմության ճանաչում անցկացված ողջ տարածքում, ներառյալ Ղրիմն ու Սեվաստոպոլը, իսկ Ղրիմի և Սեվաստոպոլի տարածքում ռուսաստանյան Պետդումայի ընտրությունների լեգիտիմության ճանաչումը կնշանակի այդ տարածքների ճանաչում որպես Ռուսաստանի Դաշնության մաս։

Հետևաբար, ծայրահեղ անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը չճանաչի առաջիկա ընտրությունները։ Նման իրավիճակում ընտրական գործընթացներին մասնակցելը հավասարազոր է գողոնի օրինականացման հանցակցության։ Իսկ մի քանի ընդդիմադիր պատգամավորների հայտնվելը Դումայում (ինչը հնարավոր է միայն իշխանության արտոնությամբ) իրավիճակն ավելի կվատթարացնի, քանի որ, ամեն ինչից զատ, Կրեմլին թույլ կտա այս՝ ոչնչի վրա չազդող «ընդդիմությունը» միջազգային ասպարեզում օգտագործել որպես վարչակարգի ամբողջատիրական բնույթը քողարկող կեղծ-ժողովրդավարական շիրմա։

Այն պայմաններում, երբ ռուսաստանյան իշխանությունը պատժամիջոցների ու խաբեությունների օգնությամբ ի չիք է դարձրել բոլոր ներքին սպառնալիքները, իրավիճակի փոփոխման գրեթե միակ եղանակը դառնում է դրսի ճնշումը։ Այստեղ կարևոր դեր են խաղում ինչպես ամբողջությամբ վերցրած Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ պուտինյան Ռուսաստանում առանցքաիյն դեր խաղացող անձանց ու կազմակերպությունների նկատմամբ միջազգային պատժամիջոցները։ Պե՞տք է բացատրել, որ հակապուտինյան պատժամիջոցներն ընդունվել և երկարաձգվում են ոչ թե ինքնաբերաբար, այլ Արևմուտքում իսթեբլիշմենթի և հանրային կարծիքի հետ տարվող լուրջ ու պլանաչափ աշխատանքի արդյունք են։ Այս աշխատանքի ընթացքում հարկ է լինում հաղթահարել պուտինյան բազմաթիվ լոբբիստների ահռելի դիմադրությունը։

Կրեմլում քաջ հասկանում են, որ հենց Արևմուտքում է տեղի ունենում վճռորոշ մարտը, որի արդյունքից է կախված վարչակարգի գոյատևումը։ Պուտինը և նրա մերձավոր շրջապատը դասեր քաղել են պատմությունից, այդ թվում ամենագլխավոր դասը՝ երբ դիկտատորական վարչակարգերն արտաքին-քաղաքական ցավոտ պարտություն են կրում (ընդ որում, պարտադիր չէ՝ ռազմական), ապա դա գրեթե միշտ հանգեցնում է ինքնին վարչակարգի փլուզմանը։ Ահա թե ինչու են արդեն գործող և նոր, ավելի կոշտ պատժամիջոցների դեմ պայքարի համար նետված բոլոր ռեսուրսները՝ թե նյութական և թե քաղաքական։ Պամֆիլովային հանձնարարել են ղեկավարել Կենտրոնական ընտրական հաձնաժողովը ոչ թե նրա համար, որպեսզի Բարվիխայում անցկացված ընտրությունների արդյունքները չեղյալ համարեն, այլ որպեսզի բարձրացնեն Արևմուտքում պուտինյան ագենտուրայի քաղաքական կապիտալացումը։ Երկրի ներսում ժողովրդավարական ընթացակարգերի իմիտացիան կոչված է արտաքին-քաղաքական ասպարեզում ազդեցիկություն հաղորդել վարչակարգին։ Նրանք, ովքեր նվազագույն պատկերացում անգամ չունենալով այս արտաքին-քաղաքական դիմակայության մասին, «իսկ մենք գոնե ինչ-որ բան անում ենք» տիպի ճիչերով ներգրավվում են ընտրախաղերին, այդպիսով անգնահատելի նվեր են մատուցում Կրեմլին և Արևմուտքում նրա ազդեցության գործակալներին։

Այսօր չափազանց դժվար է մի այնպիսի հստակ ալգորիթմ ձևակերպել, որի իրականացումը ունակ կլիներ տեսանելի ապագայում հանգեցնել պուտինյան վարչակարգի վերացմանը, բայց սկզբի համար հարկ է առնվազը հրաժարվել այդ վարչակարգն ամրապնդող գործողություններից։

 

Հատուկ «Անալիտիկոնի» համար ռուսերենից թարգմանեց Գ.Բաղդասարյանը

 

Радио Свобода

Share

Comments are closed.